Գլխավոր տեղեկություն
Համար
N 1666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2019-06.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1108
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1666-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լիազոր մարմնի կողմից հաշվառված՝ Ադրբեջանից բռնագաղթած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարաններով ապահովման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման կապված հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայության) կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերված Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված այն ընտանիքները, ովքեր համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ ովքեր հաշվառվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2003 թվականի փոխարեն 2005 թվականին և 2008 թվականին):

3. Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:

4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնելու պայմանով՝ սույն կարգի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:

5. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման:

6. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:

7. Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

8. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), օտարվել այլ եղանակով կամ տրվել վարձակալության:

9. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:

10. Վկայագրի կորստի դեպքում վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա միգրացիոն ծառայության կողմից գործն ուսումնասիրելուց հետո տրամադրում է նոր վկայագիր՝ նախորդ վկայագրի գործողության մնացած ժամկետով:

11. Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկու ամսով:

12. Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի իր անունից կատարել բնակարանի (բնակելի տան) գնման գործողությունը:

13. Վկայագիրը ներառում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

1) վկայագրի թողարկման սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը:

14. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները 1 քառ. մետրի համար:

15. Վկայագիր ստանալուն հավակնող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետով սահմանված նորմերից:

16. Սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է՝ մեկ սենյականոց բնակարան` 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարան` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան՝ 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր:

17. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է միգրացիոն ծառայության պետի և անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա:

18. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

19. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով), սակայն համապատասխանորեն միայն մեկ սենյակ պակաս:

20. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:

21. Վկայագրի միջոցով, անձի ընտանիքի անդամների համաձայնությամբ, կարող է գնվել երկու բնակարան (բնակելի տուն): Ընդ որում, երկու բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերը կնքվում են միաժամանակ: Երկու բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացողը և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող են լինել վկայագրի միջոցով ձեռք բերված երկու բնակարանից (բնակելի տնից) միայն մեկի համասեփականատեր: Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն), որի չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 19-րդ կետում նշված չափերից:

22. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում վկայագիրը մարվում է և միգրացիոն ծառայության պետի կնքված պայմանագիրը համարվում է լուծված:

23. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վկայագիրը մարվում է, իսկ վկայագիր ստացած անձը դադարում է հանդիսանալ սույն կարգի 2-րդ կետի համաձայն շահառու:

24. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը միգրացիոն ծառայությունը ներկայացնում է Կադաստրի կոմիտե:

 

II. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

25. Միգրացիոն ծառայության կողմից սույն կարգի 2-րդ կետով սահմանված շահառու ընտանիքները՝ գրավոր ծանուցվում են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին: Միաժամանակ, միգրացիոն ծառայությունը պարտավոր է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկություններ:

26. Ծանուցումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձինք ընտանիքի չափահաս անդամների հետ համաձայնեցված դիմումը (ձևեր NN 2 և 3) ներկայացնում են միգրացիոն ծառայություն։

27. Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ժամանակավոր բնակության վայրի (ժամանակավոր կացարանի) մասին տեղեկանքներ: Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի վերաբերյալ նշում է կատարվում սույն որոշման 25-րդ կետով սահմանված ծանուցման մեջ:

28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Կադաստրի կոմիտե աջակցություն ստանալուն հավակնող անձանց անձնագրային հաշվառման (մշտական բնակության) և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին:

29. Միգրացիոն ծառայությունն ստացված դիմումներից և կից տեղեկատվությունից նվազագույնը 20 գործ ձևավորվելու դեպքում ձևավորված գործերի նախնական ցուցակը, վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրելու նպատակով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչները:

30. Նախնական ցուցակին կից ներկայացվում են՝

1) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.

2) աջակցություն ստանալուն հավակնող անձանց անձնագրային հաշվառման (մշտական բնակության) և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Կադաստրի կոմիտեի հետ ճշգրտված տեղեկատվությունը.

3) միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ իրականացված ուսումնասիրությամբ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկատվությունը:

31. Հանձնաժողովը նախնական ցուցակներում ներառված յուրաքանչյուր գործի վերաբերյալ այն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է և տրամադրում եզրակացություն՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ:

32. Հանձնաժողովի եզրակացությունները խորհրդատվական բնույթի են:

33. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է աջակցություն ստացող անձանց վերջնական ցուցակները, որի հիման վրա միգրացիոն ծառայության կողմից այդ մասին ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ժամկետում գրավոր ծանուցում է անձանց՝ նրանց առաջարկելով միգրացիոն ծառայության պետի հետ կնքել պայմանագիր վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին: Միգրացիոն ծառայությունը վերջնական ցուցակները հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նաև այն անձանց, ովքեր չեն ընդգրկվել վերջնական ցուցակներում։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ վերջնական ցուցակները հաստատելու մասին որոշումը կարող են բողոքարկվել դատական կարգով:

34. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք ծանուցումն ստանալուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում միգրացիոն ծառայության պետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր (ձև N 4): Միգրացիոն ծառայության պետի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ միգրացիոն ծառայության կողմից անձին տրամադրում է նաև վկայագիր՝ եռօրյա ժամկետում:

35. Ծանուցումն ստանալուց հետո սահմանված ժամկետում միգրացիոն ծառայության հետ պայմանագիր չկնքելու դեպքում դիմումատուները համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:

36. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է միգրացիոն ծառայություն: Միգրացիոն ծառայությունը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Երևանի քաղաքապետարան, ներկայացնելով ստացված դիմումը՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին հնգօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով:

37. Քաղաքապետարանի կողմից սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետում տրված սահմանված պահանջներին համապատասխանելու եզրակացությունն ստանալուց հետո վկայագիր ստացած անձը 10-օրյա ժամկետում կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն` նշելով առուվաճառքի պայմանագրի կողմերին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները: Ընդ որում, վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը:

38. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը միգրացիոն ծառայությանը ներկայացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում` միգրացիոն ծառայությանը կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով՝ վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելու միջոցով, իսկ մնացած 40 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից զբաղեցված ժամանակավոր բնակության վայրը կամ կացարանն ազատելու մասին ժամանակավոր կացարանի սեփականատերերի կամ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո: Սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում տեղեկանքի փոխարեն վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից ներկայացվում է կացարանը պետությանը նվիրատվության պայմանագրի պատճենը:

39. Պետական գույքի կառավարման կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է սույն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետով սահմանված պետական սեփականության իրավունքի գրանցում:

40. Միգրացիոն ծառայությունը վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

III. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

41. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է միգրացիոն ծառայություն՝ իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը խնդրանքով, որը միգրացիոն ծառայության կողմից եռօրյա ժամկետում ներկայացվում է քաղաքապետարան:

42. Միգրացիոն ծառայությունը վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և քաղաքապետարանի դրական եզրակացության դեպքում (36-րդ կետ) դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:

43. Բանկը, միգրացիոն ծառայության միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է միգրացիոն ծառայություն և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:

44. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն՝ նշելով բանկային վավերապայմանները: Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում` միգրացիոն ծառայությանը կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով՝ պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը:

 

IV. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

45. Միգրացիոն ծառայությունն իրականացնում է՝

1) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.

2) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.

3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.

4) միգրացիոն ծառայությունը գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց անձնական գործերի գրանցումը:

46. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու համար աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպվում է միգրացիոն ծառայության պետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

——————————————————————————————————

(քաղ. Երևան)

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստա-թղթի տվյալները

Նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թիվը

Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձանց թիվը

Ընդունված որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Հասանելիք բնակարանի սենյակների թիվը

Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը
(մլն դրամ)

Ծանո-թագրու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ձև N 2

 

 ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

-----------------------------------------------------------

(անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ Ադրբեջանից բռնագաղթած անձ

___________________________________________________________________________________

  (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________________

 (հաշվառման հասցեն)

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 (ընտանիքի անդամների կազմը և հաշվառման հասցեն)

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որի պայմաններից ելնելով, սակայն, համապատասխանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում:

 

 3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 Դիմող

 _____________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

  ___ __________ 20  թ.

 

Ձև N 3

 

Ընտանիքի անդամների համաձայնությունը

Մենք՝

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

_________________________________________________________________________ս

  ընտանիքի անդամների կազմը

 

Սույն փաստաթղթով տալիս ենք մենք համաձայնությունը բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում սահմանված կարգով ընդգրկելու համար։

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

________________________________________ ___ __________ 20  թ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N -----

 

 ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան

 ---- ---------------20  թ.

 

 Միգրացիոն ծառայությունը, ի դեմս ծառայության պետ

_____________________-ի, մի կողմից, և

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ադրբեջանից բռնագաղթած անձ

_______________________________________________________________________________________ը

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Ծառայությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ______________________________ դրամ:

  (գումարի չափը՝ թվերով և բառերով)

 

1.2. Բնակարանի գնման վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Ծառայությունը պարտավոր է՝

2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.

2.1.2. շահառուի (ընտանիքի անդամների) կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) ծառայություն ներկայացնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան վճարումները։

2.2. Ծառայությունն իրավունք ունի՝

2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող ծառայությանը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է՝

2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել ծառայություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել ծառայությանը.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին.

2.3.3. վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չվաճառել, չնվիրել, գրավ չդնել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), չօտարվել այլ եղանակով կամ չտրամադրել վարձակալության: Սույն կետի խախտմամբ կնքված պայմանագրերն անվավեր են:

2.4. Շահառուն իրավունք ունի՝

2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) ծառայություն ներկայացնելուց հետո պահանջելու ծառայությունից կատարելու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումները:

 

3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

4. Եզրափակիչ և այլ դրույթներ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված: