Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-91
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.1994-27.10.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/24
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «13» դեկտեմբերի 1993 թ. Հ.Ն-0966-I


ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է սպառողական կոոպերացիայի կազմակերպական-իրավական հիմունքները, սպառողական ընկերությունների և դրանց միությունների ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաև պետական մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:

 

Հոդված 1. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերացիան փայատերերի կամավոր միավորում է` իր անդամների կարիքները ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով:

2. Սպառողական կոոպերացիան, որպես միավորում, շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, որի եկամուտներն օգտագործվում են միայն իր կանոնադրական նպատակների իրականացման համար:

3. Սպառողական կոոպերացիայի կազմակերպական ձևերն են` սպառողական ընկերությունները և սպառողական ընկերությունների միությունները:

4. Սպառողական ընկերությունների, դրանց միությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև սպառողական ընկերությունների և դրանց միությունների կանոնադրություններով:

5. Սպառողական ընկերությունները և դրանց միություններն իրենց կանոնադրական նպատակներից ելնելով կարող են իրականացնել առևտրական, արտադրական, մթերման, արտաքին տնտեսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձեռնարկատիրական այլ գործունեություն:

 

Հոդված 2. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Սպառողական ընկերությունը 30-ից ոչ պակաս անդամների (այսուհետ` փայատերեր) կամավոր միավորում է, որը կազմավորվում է նրանց դրամական կամ այլ նյութական ներդրումների (այսուհետ` փայավճար) հիման վրա և հանդիսանում է իրավաբանական անձ:

2. Սպառողական ընկերության փայատեր կարող են լինել 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

Անդամությունը սպառողական ընկերությունում պայմանավորված չէ նրա գործունեությունում աշխատանքային մասնակցությամբ:

3. Փայատերն իրավունք ունի ազատ դուրս գալու սպառողական ընկերությունից` ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով` դրամական կամ այլ նյութական արտահայտությամբ ստանալով ընկերության գույքի իր բաժինը:

4. Սպառողական ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր անդամի ստանձնած պարտավորությունների համար, իսկ վերջինս պատասխանատվություն է կրում ընկերության պարտավորությունների համար միայն իր փայավճարի սահմաններում:

5. Սպառողական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը` փայատերերի կամ նրանց կողմից լիազորված անձանց (այսուհետ` լիազորներ) ընդհանուր ժողովն է, որը հաստատում է ընկերության կանոնադրությունը, որոշում փայավճարի չափը, ընտրում սպառողական ընկերության ղեկավար և վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում սպառողական ընկերությունների միության և այլ միությունների կազմի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու, միություններին որոշակի իրավունքներով և ֆունկցիաներով օժտելու, դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, վերակազմավորելու, լուծարելու հարցերը, ինչպես նաև, սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, լուծում է այլ հարցեր:

6. Սպառողական ընկերության ընդհանուր ժողովում ընկերության յուրաքանչյուր փայատեր` անկախ փայավճարի չափից, օգտվում է մեկ ձայնի իրավունքից:

7. Փայատերերի (լիազորների) ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են բոլոր փայատերերի (լիազորների) 50 տոկոսից ավելին:

Սպառողական ընկերության գործունեության դադարման (լուծարման), միությունների կազմի մեջ մտնելու և դրանց կազմից դուրս գալու մասին որոշումներն ընդունվում են փայատերերի (լիազորների) ընդհանուր ժողովի կողմից` գաղտնի քվեարկությամբ, եթե այդ որոշումների օգտին քվեարկել է փայատերերի (լիազորների) ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

8. Սպառողական ընկերության գործադիր մարմինը ընկերության վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` ընկերության վերստուգիչ հանձնաժողովը:

Սպառողական ընկերության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է ընկերության կանոնադրությամբ:

9. Սպառողական ընկերության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց և պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց, փայատերերի փայերը վճարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը սահմանվում է սպառողական ընկերության կանոնադրությամբ:

 

Հոդված 3. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Սպառողական ընկերությունների միությունը (այսուհետ` միություն) սպառողական ընկերությունների շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կամավոր միավորում է, որը կազմավորվում է այդ ընկերությունների դրամական կամ այլ նյութական ներդրումների հիման վրա, հանդիսանում է իրավաբանական անձ, գործում է իր կանոնադրությանը համաձայն` սպառողական ընկերությունների կողմից իրեն տրված լիազորությունների սահմաններում:

2. Սպառողական ընկերությունն իրավունք ունի դուրս գալու միության կազմից` միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ այլ նյութական արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:

3. Միությունը պատասխանատվություն չի կրում իր կազմում գտնվող սպառողական ընկերությունների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն են կրում միության պարտավորությունների համար միայն իրենց փայավճարի սահմաններում:

4. Միությունն իր անդամների, դուստր ձեռնարկությունների միջև ծագած տնտեսական վեճերը լուծելու նպատակով, իր կանոնադրությանը համապատասխան, ստեղծում է արբիտրաժային հանձնաժողով:

5. Միության կառավարման բարձրագույն մարմինը սպառողական ընկերությունների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը հաստատում է միության կանոնադրությունը, որոշում միության անդամների փայավճարի չափը, ընտրում միության ղեկավար և վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, վերակազմավորելու, լուծարելու հարցերը, ինչպես նաև, սույն օրենքով և միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, լուծում է այլ հարցեր:

6. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում սպառողական ընկերությունները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:

7. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են միության կազմի մեջ մտած բոլոր սպառողական ընկերությունների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելին:

Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր սպառողական ընկերությունների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

8. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` վերստուգիչ հանձնաժողովը:

Միության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնադրությամբ:

9. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց, սպառողական ընկերությունների փայերը վճարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ և ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական ընկերությունների, միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական ընկերությունների, միությունների զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Սպառողական ընկերություններն ու միությունները իրենց կանոնադրական գործունեության մեջ անկախ են պետական իշխանության և կառավարման մարմիններից, հասարակական, հասարակական-քաղաքական և այլ կազմակերպություններից:

Արգելվում է սպառողական ընկերությունների, միությունների գործունեությանը պետական իշխանության և կառավարման մարմինների միջամտությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Պետական իշխանության և կառավարման մարմինների անօրինական միջամտության հետևանքով սպառողական ընկերություններին, միություններին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական իշխանության և կառավարման մարմինները սպառողական ընկերությունների, միությունների պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Սպառողական ընկերություններն ու միությունները համարվում են հիմնադրված և ձեռք են բերում իրավաբանական անձի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական գրանցման օրվանից:

2. Սպառողական ընկերությունների, միությունների պետական գրանցման համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը` դիմում, փայատերերի (ներկայացուցիչների) հիմնադիր ժողովի որոշմամբ հաստատված կանոնադրությունը և հիմնադիր ժողովի արձանագրությունը:

3. Պետական գրանցման մասին որոշումն ընդունվում է վերոհիշյալ փաստաթղթերի հանձնման օրվանից 30 օրվա ընթացքում: Սպառողական ընկերությունները, միություններն իրենց գրանցման կամ գրանցման մերժման մասին պետք է տեղեկացվեն գրանցման (գրանցման մերժման) մասին որոշում ընդունելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

Գրանցման մասին որոշման ընդունումը կարող է հետաձգվել կամ գրանցումը մերժելու մասին որոշում կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ սպառողական ընկերությունների, միությունների հիմնադիր փաստաթղթերը հակասում են սույն օրենքի պահանջներին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում գրանցման մասին որոշում չստանալու կամ մերժման մասին որոշում ստանալու դեպքում սպառողական ընկերության, միության անդամներն իրավունք ունեն դատական կարգով գանգատարկելու պետական գրանցող մարմնի գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ և ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սպառողական ընկերության գույքը պատկանում է փայատերերին` կոլեկտիվ սեփականության իրավունքով:

2. Սպառողական ընկերությունների միության գույքը կոլեկտիվ սեփականության իրավունքով պատկանում է նրա կազմի մեջ մտած սպառողական ընկերություններին:

3. Սպառողական ընկերությունների և միությունների գույքը գոյանում է փայավճարներից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

4. Սպառողական ընկերությունների, միությունների գույքն անձեռնմխելի է և պաշտպանվում է պետության կողմից:

5. Սպառողական ընկերությունների, միությունների գույքը կարող է օտարվել միայն փայատերերի (լիազորների), ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է փայատերերի (լիազորների), ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերը մշակում են ինքնուրույն:

2. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց կանոնադրական խնդիրների իրականացման համար կարող են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հիմնադրել դուստր ձեռնարկություններ:

3. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են ստեղծել ուսումնական, գիտահետազոտական հաստատություններ, առևտրային բանկեր, ֆինանսավարկային հաստատություններ և այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ կամ մասնակցել դրանց:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԱՐԿՈՒՄԸ

 

1. Սպառողական ընկերությունների և միությունների եկամուտները կազմավորվում են փայավճարներից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից, պետական օժանդակությունից, բարեգործական մուտքերից, արժեթղթերի վաճառքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:

2. Սպառողական ընկերությունների, միությունների եկամուտների հարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Սպառողական ընկերություններում, միություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն օրենքով և սպառողական ընկերությունների, միությունների կանոնադրություններով:

2. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով կարող են, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքային պայմանագրով ներգրավել վարձու աշխատողներ, ինքնուրույն որոշել աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և աշխատանքային մասնակցությունը, աշխատանքի կազմակերպման ձևերն ու վճարման չափը և այլն:

3. Միության աշխատակազմի պահպանման ծախսերը կատարվում են միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Սպառողական ընկերություններում, միություններում ընտրովի պաշտոններ զբաղեցնող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սպառողական ընկերությունների, միությունների կանոնադրություններով:

Ընտրովի պաշտոն զբաղեցնող աշխատողներին վարչական տույժի ենթարկելու, ինչպես նաև զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցերը լուծում է նրանց ընտրող մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սպառողական ընկերությունները, միությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն` կապեր հաստատելով օտարերկրյա ձեռնարկությունների, կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

2. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց գործունեության մեջ միաժամանակ ղեկավարվում են Միջազգային Կոոպերատիվ Ալյանսի կանոնադրությամբ սահմանված կոոպերատիվ շարժման հիմնական սկզբունքներով:

3. Սպառողական ընկերությունների, միությունների արտաքին տնտեսական գործունեությունից ստացված արտարժույթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկերը վճարելուց և պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց հետո մնում է սպառողական ընկերությունների, դրանց միությունների տնօրինության տակ և օգտագործվում վերջիններիս կանոնադրություններով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 30 դեկտեմբերի 1993 թ.
ՀՕ-91

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2016, ՀՕ-34-Ն 04.02.2017, ՀՕ-91
11.09.2012, ՀՕ-184-Ն 27.10.2012, ՀՕ-91
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան