Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-73
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/17
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «07» հուլիսի 1993 թ. Հ.Ն.-0894-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

 I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 73. Մաքսանենգություն

 

Մաքսանենգությունը, այսինքն` ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունը, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգությունը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

II. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Մաքսային մարմինները` մաքսանենգության գործերով»:

III. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենսգրքի 37 հոդվածի երրորդ մասը հանել, իսկ 202 և 203 հոդվածները վերացնել:

2. Օրենսգրքի 234 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 84-99 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեղակալները»:

3. Օրենսգրքի 283 հոդվածի չորրորդ մասում «ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերով:

4. Օրենսգրքի 306 հոդվածի չորրորդ մասը հանել:

5. Օրենսգրքի 310 հոդվածի վեցերորդ պարբերությունում «սույն օրենսգրքի 202 հոդվածի երկրորդ մասով, 203 հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 93-97 հոդվածներով» բառերով:

IV. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 18 օգոստոսի 1993 թ.
ՀՕ-73

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան