Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

 

ԱՐԴ/0004/01/10
ԵԱՔԴ/0122/01/14

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի փետրվարի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Արեգ Էդուարդի Քամալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԱՐԴ/0004/01/10) Արեգ Քամալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Քամալյանը դատապարտվել է ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով՝ ազատազրկման՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Քամալյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի օգոստոսի 7-ից: Ա.Քամալյանի նկատմամբ պատժի հետ միաժամանակ նշանակվել է թմրամոլությունից բուժում բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Հակոբ Հովհաննիսյանը, Հարություն Ալահվերդյանը և Գեղամ Օհանյանը:

2. Ա.Քամալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի հունիսի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը` թողել անփոփոխ:

3. Վերոնշյալ որոշման դեմ Ա.Քամալյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ բավարարել է Ա.Քամալյանի դիմումը և վերանայել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված արարքներից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով արարքի որակումը թողել է անփոփոխ, իսկ մյուսները համապատասխանեցրել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին, 268-րդ հոդվածի 1-ին մասին, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, 266-րդ հոդվածի 1-ին մասին (19 դրվագ): Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշման դեմ Ա.Քամալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է: Այդ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0122/01/14) ամբաստանյալ Արեգ Քամալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռների համակցությամբ  նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Քամալյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի օգոստոսի 7-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Գրիգոր Գաբրիելյանը և Կարեն Դավթյանը:

Վերոնշյալ դատավճիռը Ա.Քամալյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չի բողոքարկվել:

6. Դատապարտյալ Ա.Քամալյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ա.Քամալյանը թիվ ԱՐԴ/0004/01/10 քրեական գործով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) նա դաշտերում վայրի ձևով աճած կանեփի բույսից 2008թ. սեպտեմբեր ամսին առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել է զգալի չափերի 0.511 գրամ չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, բացի դա, (…) առանց իրացնելու նպատակի, գործով չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի` 0.00334 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ դեղահատ և դրանք պահել իր տանը, որոնք էլ հայտնաբերվել է նրա բնակարանում կատարված խուզարկությամբ։

Այնուհետև, (…) Արեգ Քամալյանն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի 0.08 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, որոնք 2009թ. հունվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում, 19 տարբեր օրերի, յուրաքանչյուր 0.004 գրամը 25.000 ՀՀ դրամով, 1 անգամ` 0.008 գրամ և 18 անգամ 0.004 գրամ զգալի չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր է ապօրինի իրացրել Երևան քաղաքի բնակիչ Հարություն Նորիկի Ալահվերդյանին (…)»1:

8. Ա.Քամալյանը թիվ ԵԱՔԴ/0122/01/14 քրեական գործով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) նա ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում, բջջային հեռախոսակապով համաձայնության է եկել «Պոստտռավմատիկ էնեցեֆալոպաթիա» հիվանդությամբ տառապող և բժշկի նշանակմամբ հոգեմետ նյութ պարունակող «Տրամադոլ» տեսակի դեղահաբեր ստացող Գրիգոր Գաբրիելյանի հետ՝ հիշյալ հաբերից վերջինիցս ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ: Հոգեմետ նյութի ապօրինի ձեռք բերման վերաբերյալ նախնական պայմանավորվածության համաձայն, Կարեն Դավթյանը գործով չպարզված հանգամանքներում ստացել է Արեգ Քամալյանի կողմից ուղարկված 105.000 ՀՀ դրամ գումարը և ձեռնամուխ եղել հոգեմետ նյութի ձեռք բերման գործընթացին: Այնուհետև, 2014 թվականի ապրիլի 25-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի մոտակայքում Գրիգոր Գաբրիելյանին է հանձնել հոգեմետ նյութի վաճառքի արժեքը կազմող հիշյալ գումարը, որից հետո վերջինս Մասիս քաղաքի բժշկական կենտրոնին կից գործող պոլիկլինիկայի նյարդաբան Բելլա Խաչատրյանի ձևակերպած դեղատոմսով, իբր իր օգտագործման համար, իրացման նպատակով ձեռք է բերել «Տրամադոլ» տեսակի դեղահաբեր, որոնցից առանձնապես խոշոր չափերով 10.5 գրամ «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 210 հատ «Տրամադոլ» տեսակի հաբերը նույն օրն իրացման նպատակով ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա և վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Կարեն Դավթյանին՝ նրա միջոցով հոգեմետ հաբերը Արեգ Քամալյանին հանձնելու նպատակով, սակայն հանցագործության փաստը բացահայտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից (…)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արեգ Քամալյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 13-ի և 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումները վերանայելու համար:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

14. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:

15. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

16. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...) 2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ՝ 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ: Նույն հավելվածով «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանված եղել ավելի, քան 5.0 գրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ՝ 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ: Նույն հավելվածով «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանվել ավելի, քան 6.25 գրամը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արեգ Քամալյանը՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 0.511 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու համար6,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի, զգալի չափի՝ 0.00334 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ դեղահատ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է իրացնելու նպատակով խոշոր չափի՝ 0.08 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ դեղահատ ապօրինի ձեռք բերելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ) դատապարտվել է մեկ անգամ 0.008 գրամ և 18 անգամ 0.004 գրամ զգալի չափի՝ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է առանձնապես խոշոր չափով 10.5 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 210 հատ «տրամադոլ» տեսակի հաբեր ձեռք բերելու փորձի համար:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Քամալյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ) նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա.Քամալյանի կողմից կատարած՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի պատրաստման դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ նոր փոփոխությունները վերացնում են 0.511 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստելու արարքի հանցավորությունը: Ուստի այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Քամալյանի կողմից կատարված հանցանքի վրա:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով 0.511 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստելու մեղադրանքով Ա.Քամալյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արեգ Քամալյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 13-ի և 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումները վերանայելու համար։

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու  մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի հունիսի 11-ի որոշումը,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 11-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումները բեկանել և փոփոխել, Ա.Քամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Միևնույն ժամանակ դատապարտյալ Ա.Քամալյանի նկատմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել: Արեգ Քամալյանի նկատմամբ նշանակված 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ժամկետից պետք է հանել 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով: Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արեգ Էդուարդի Քամալյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 13-ի և 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը, այն անփոփոխ թողնելու  մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի հունիսի 11-ի որոշումը,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 11-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումները բեկանել և փոփոխել:

Արեգ Էդուարդի Քամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 

3. Դատապարտյալ Արեգ Էդուարդի Քամալյանի նկատմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը բեկանել և փոփոխել: Արեգ Քամալյանի նկատմամբ նշանակված 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ժամկետից հանել 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 501-502:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 73:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան