Գլխավոր տեղեկություն
Համար
N 1623-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 27.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 նոյեմբերի 2019 թվականի N 1623-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-328-28.10.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-328-28.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-328-28.10.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է քրեադատավարական կառուցակարգերում կատարել փոփոխություններ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կայացրած թիվ 1480 որոշման հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի վերաբերյալ ունի հետևյալ դիտարկումները:

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «կալանավորման փոխարեն» բառերը, իսկ նախագծի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ «Գրավը դատարանի որոշման հիման վրա դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է:»:

Նշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծի հեղինակներն առաջարկում են գրավը կիրառել միայն մեղադրյալի նկատմամբ և միայն դատարանի որոշմամբ: Պետք է նշել, որ, ՍԴՈ-1480 որոշման համաձայն, գրավն այլևս չի համարվելու կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ դիտարկվելու է որպես ինքնուրույն խափանման միջոց, և, պայմանավորված այդ հանգամանքով, անհրաժեշտություն է առաջանում գրավի կիրառությունը տարածել նաև կասկածյալի նկատմամբ: Բացի դրանից, գրավի՝ որպես ինքնուրույն խափանման միջոցի կիրառությունը բացառապես դատարանի իրավասությանը վերապահելը որևէ կերպ հիմնավորված չէ, այն չի կապվում անձին ազատությունից զրկելու կարևորագույն իրավունքի հետ, հետևաբար, վարույթն իրականացնող մյուս մարմիններին նման իրավունք չվերապահելը որևէ կերպ արդարացված չէ:

Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ խափանման միջոցով կալանքից ազատելու հնարավորության հարցը:»:

ՍԴՈ-1480 որոշման համաձայն՝ «7.4. (…) Օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների աստիճանակարգությունում կալանավորումն ամենախիստն է և միակը, որն անձին զրկում է անձնական ազատությունից: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանավորումը, որպես խափանման միջոցներից մեկը, անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն ժամանակ, երբ մյուս խափանման միջոցները թույլ չեն տալիս հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին: Ուստի, կալանավորումը, որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), միշտ և պարտադիր կերպով պետք է այլընտրանք ունենա: Քրեադատավարական օրենքում ամրագրվելիք այդ այլընտրանքը պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին փաստացի հնարավորություն ընձեռի և իրավաբանական պարտականություն դնի նրա վրա՝ ի սկզբանե ընտրություն կատարել տարբեր խափանման միջոցների միջև՝ իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրելով առավել պիտանի միջոցը: Միևնույն ժամանակ այն պետք է նաև պարտադիր կարգով լինի անձի հիմնական իրավունքները և ազատություններն առավել նվազ սահմանափակողը, այսինքն՝ անհրաժեշտ միջոցը: Ուստի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո: (…)»:

Նշված որոշման վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը կալանավորումը համարում է ամենախիստ խափանման միջոցը և դրա կիրառության համար անհրաժեշտ է համարում նախ բացառել մնացած բոլոր խափանման միջոցների ընտրության հնարավորությունը և, եթե դատարանը գտնի, որ այլ խափանման միջոցներով հնարավոր չէ հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին, ապա ընտրի կալանավորումը՝ որպես ամենախիստ խափանման միջոց: Սակայն, նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում փաստացի ստացվում է, որ դատարանը պետք է նախ կալանավորումն ընտրի որպես խափանման միջոց և նոր միայն որոշի այն այլ խափանման միջոցով փոխարինելու հնարավորության հարցը: Բանն այն է, որ նման կարգավորում նախատեսելու պարագայում գործնականում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից բարձրացված խնդիրը լուծում չի ստանում, և այս կարգավորումն ուղղակիորեն հակասում է ՍԴՈ-1480 որոշմամբ ամրագրված այն կարգավորմանը, որ անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո:

Պետք է նշել, որ նույն խնդիրն առկա է նաև նախագծի 4-րդ հոդվածում:

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է հետևյալ նորմը. « 2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի գրավի կիրառումը ճանաչելու անթույլատրելի՝ առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ խախտել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:»:

Նախագծով առաջարկվում է գրավի կիրառումն անթույլատրելի համարել տարբեր հիմքերով, որոնք օբյեկտիվորեն արդարացված չեն: Եթե գրավն այլևս չի համարվելու կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, ապա նման հիմքեր նախատեսելն ընդունելի չէ: Գրավը չկիրառելու կամ այն այլ ավելի ծանր խափանման միջոցով փոխարինելու համար պետք է հիմք հանդիսանա միայն անձի կողմից օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելը կամ գրավի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելը, օրինակ, գրավի գումարը չմուծելը և այլն:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ևս մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի հիմքում նույնպես դրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կայացրած թիվ 1480 որոշումը, սակայն այն պարունակում է առավել ընդգրկուն կարգավորումներ: Առաջիկայում նշված օրենքի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծի քննարկումը հետաձգել և դրանով նախատեսված դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակներում: