Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-25
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.1992-12.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.05.15/9(1013)
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ  Գերագույն խորհրդի կողմից
«21» ապրիլի 1992 թ.
Հ.Ն-0603-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են`

- արտակարգ և լիազոր դեսպան,

- արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,

- խորհրդական,

- առաջին քարտուղար,

- երկրորդ քարտուղար,

- երրորդ քարտուղար,

- կցորդ:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովը:

Որակավորման հանձնաժողովի կազմը և կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 4. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է դիվանագիտական ծառայության այն աշխատողներին, որոնք աշխատել են համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում` կցորդ, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար- առնվազն 3 տարի, առաջին քարտուղար, խորհրդական- առնվազն 4 տարի:

Դիվանագիտական ծառայության մեջ նշանակալից արդյունքների հասած աշխատողին կարող է նշված ժամկետից շուտ շնորհվել ավելի բարձր դիվանագիտական աստիճան:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանները շնորհվում են ցմահ:

Դիվանագիտական մյուս աստիճաններն ունեցող անձինք պահպանում են իրենց աստիճանները միայն այն դեպքում, եթե նրանք կենսաթոշակի են անցնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է զրկել արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճաններից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է զրկել խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճաններից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

5 մայիսի 1992 թ.

ՀՕ-25

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2001, ՀՕ-249 12.12.2001, ՀՕ-25
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան