Գլխավոր տեղեկություն
Համար
N 1923-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-17.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.19/94(1547) Հոդ.1208
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2019 թվականի N 1923-Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հավելվածի 1-ին կետով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) առաջարկություններ է մշակում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հետևյալ բնագավառների օրենսդրության վերաբերյալ՝

ա. աշխատանքային հարաբերություններ և աշխատանքի վարձատրություն (բացառությամբ պետական մարմիններում), աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացում,

բ. աշխատանքային օրենսդրության միասնական կիրառության նկատմամբ պետական վերահսկողություն,

գ. բնակչության զբաղվածություն, զբաղվածության պետական ծրագրերի իրականացում,

դ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողի սոցիալական պաշտպանություն,

ե. սոցիալական փաթեթի տրամադրում,

զ. պետական կենսաթոշակներ, պետական նպաստներ, պատվովճարներ, պարգևավճարներ և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարներ, այդ դրամական վճարների նշանակում, հաշվարկում (վերահաշվարկում), վճարում,

է. հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, բռնության ենթարկված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի այլ անձանց սոցիալական պաշտպանություն,

ը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում,

թ. բժշկասոցիալական փորձաքննություն,

ժ. երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանություն,

ժա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) և սոցիալական աջակցություն,

ժբ. ինտեգրված սոցիալական ծառայություններ և սոցիալական դեպքի վարում.

2) ապահովում է պետական կենսաթոշակների, նպաստների, պատվովճարների, պարգևավճարների և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարների բնագավառների օրենսդրության միասնական կիրառումը.

3) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի օրենսդրության միասնական կիրառումը.

4) կազմակերպում և ապահովում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի և բնակչության զբաղվածության հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակին և ձևավորված պահանջներին համապատասխան, մշակում է զբաղվածության պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

5) կազմակերպում և ապահովում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողի սոցիալական պաշտպանության համակարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

6) կազմակերպում և ապահովում է սոցիալական փաթեթի տրամադրման կարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է սոցիալական փաթեթի տրամադրման կարգի կատարելագործման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

7) կազմակերպում և ապահովում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգի զարգացման համապատասխան պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

8) կազմակերպում և ապահովում է միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետության ստանձնած պարտավորությունները կատարելու աշխատանքների իրականացումը, ապահովում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող միջազգային պայմանագրերի մշակումը և գործող պայմանագրերից բխող աշխատանքների իրականացումը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցում է օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ, օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մշակում է համապատասխան ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

9) կազմակերպում և ապահովում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի կատարելագործման համապատասխան պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

10) կազմակերպում և ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի կատարելագործման համապատասխան պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

11) կազմակերպում և ապահովում է ժողովրդագրական իրավիճակի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ ժողովրդագրական հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

12) կազմակերպում և ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է այդ անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

13) կազմակերպում և ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է համապատասխան ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

14) կազմակերպում և ապահովում է թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի, սեռական բռնության ենթարկված, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է այդ անձանց սոցիալական վերականգնման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

15) կազմակերպում և ապահովում է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքները, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է փաստացի հավասարության խթանման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

16) մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված՝ գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

17) մշակում է սոցիալական ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչները.

18) մշակում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

19) մշակում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում՝ ժամանակավոր) պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

20) մշակում է տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային և շուրջօրյա խնամքի տրամադրման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

21) մշակում է որդեգրման, խնամատարության և երեխաների այլընտրանքային խնամքի ապահովման ընթացակարգերը, ուսումնասիրում է, ապահովում օրենսդրության միասնական կիրառությունը.

22) մշակում է խնամքի շուրջօրյա հաստատությունները բեռնաթափելու, այդ հաստատությունների և դրանցում խնամվող անձանց թվաքանակը կրճատելու և այդ անձանց խնամքն ընտանիքում կամ խնամքի այլընտրանքային ծառայությունների միջոցով կազմակերպելու պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

23) մշակում է տունայց կատարելու, անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելու և սոցիալական դեպքը վարելու մեթոդաբանությունը (մեթոդական ցուցումները) և ապահովում է այդ մեթոդաբանության (մեթոդական ցուցումների) կիրառությունը.

24) ապահովում է անձին (ընտանիքին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրելը (այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով).

25) սահմանում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը վերահսկելու հետադարձ կապի մեխանիզմները, ապահովում է այդ մեխանիզմների կիրառությունը.

26) վերահսկում է պետական կենսաթոշակների, նպաստների, պատվովճարների, պարգևավճարների և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարների նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման), վճարման գործընթացի, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի օրինականությունը (համապատասխանությունը օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին).

27) վերահսկում է զբաղվածության պետական ծրագրերի, սոցիալական պաշտպանության ոլորտի պետական այլ ծրագրերի և սոցիալական ծառայությունների կատարման ընթացքը, իրականացնում է այդ ծրագրերի ու ծառայությունների մոնիթորինգ (մշտադիտարկում) և գնահատում.

28) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է բյուջետային գործընթացին.

29) տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված դեպքերում կատարում է օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները.

30) կազմակերպում և ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև քանակական և որակական ցուցանիշների ամփոփ վերլուծությունների իրականացումը.

31) իրականացնում է կարգավորման սոցիալական ազդեցության գնահատումը հանրային վարքագծի էական փոփոխություն ենթադրող պետական նախաձեռնությունների և իրավական ակտերի մասով.

32) իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող հետազոտական աշխատանքներ՝ փաստարկված քաղաքականության մշակման շրջանակներում.

33) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։»։

2. Որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում՝

1) կենսաթոշակային ապահովության վարչությունն անվանափոխել կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության.

2) միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչությունն անվանափոխել արտաքին կապերի վարչության.

3) վերլուծության և մոնիթորինգի վարչությունն անվանափոխել ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության.

4) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունն անվանափոխել ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության.

5) իրավական ապահովման բաժինն անվանափոխել իրավաբանական բաժնի.

6) հասարակայնության հետ կապերի բաժինն անվանափոխել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.

7) գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժինն անվանափոխել գնումների համակարգման բաժնի.

8) կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

ա. ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը և հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունը միաձուլել՝ ստեղծելով հավասար հնարավորությունների ապահովման վարչություն.

բ. սոցիալական աջակցության վարչությունը և ժողովրդագրության բաժինը միաձուլել՝ ստեղծելով ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչություն.

դ. դադարեցնել ներքին աուդիտի բաժնի գործունեությունը.

ե. ստեղծել սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտական վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:

3. Այդ կապակցությամբ որոշման 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) աշխատանքի և զբաղվածության վարչություն.

2) ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչություն.

3) կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչություն.

4) հավասար հնարավորությունների ապահովման վարչություն։

33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչություն.

2) արտաքին կապերի վարչություն.

3) սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտական վարչություն.

4) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն.

5) քարտուղարություն.

6) անձնակազմի կառավարման բաժին.

7) գնումների համակարգման բաժին.

8) իրավաբանական բաժին.

9) տնտեսական հարցերի բաժին.

10) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերության դրույթի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2020, N 34-Լ 17.01.2020, N 1923-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան