Գլխավոր տեղեկություն
Համար
N 742-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.01/21(500) Հոդ.700
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2014 թվականի N 742-Ն

 

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա. հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը,

բ. հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը,

գ. ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) պետական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար.

3) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք։ Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրերը կազմակերպությանը հանձնվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

3. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

4. Թույլատրել պետական կազմակերպությանն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`

1) նվագարանների պատրաստում և վերանորոգում.

2) երաժշտական խմբակների ձևավորում և գործունեության կազմակերպում.

3) թանգարանային առարկաների կրկնօրինակների, պատճենների տրամադրում.

4) հուշանվերների պատրաստում և իրացում.

5) հրատարակչական գործ.

6) համերգների և հյուրախաղերի կազմակերպում.

7) երաժշտարվեստի բնագավառի կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում.

8) հանրային սննդի կազմակերպում (անմիջական տեղում սպառման համար պատրաստի թեթև սննդամթերքի, ինչպես նաև ոչ ոգելից խմիչքների վաճառք և սպասարկում)՝ պետական կազմակերպության աշխատողների և այցելուների համար:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան