Գլխավոր տեղեկություն
Համար
N 1682-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 30.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 նոյեմբերի 2019 թվականի N 1682-Լ

  

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-337-01.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-337-01.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

    

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-337-01.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 125-րդ հոդվածում՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներին: Բացի դրանից, առաջարկվում է նաև, որ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում:

 Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող ուժը՝ հանձինս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և երկու տեղակալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ: Իսկ երկու լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչեղություն և կարևորություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանրային լայնամասշտաբ քննարկման և արդյունքում նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման համար:

Շարադրվածի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:»:

 Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունները սահմանող «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի կարգավորումներին, որոնց համաձայն՝

«(…)

2. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) նախագահում է Խորհրդի նիստերը.

3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները մասնակցում են Խորհրդի նիստերին:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:»:

Նշված կարգավորումների և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալների դերի, լիազորությունների և նրանց վերապահված գործառույթների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ըստ էության իրականացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի կազմակերպման, կանոնակարգման և առհասարակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործառույթներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, նախագահում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և խորհրդի նիստերը, մասնակցում խորհրդի նիստերին, փոխարինում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, իսկ մնացած, այսինքն՝ կարգավիճակից բխող գործունեությունը վերջիններս իրականացնում են իրենց պատգամավորական լիազորությունների շրջանակում:

Շարադրվածից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաև վերջիններիս վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակից:

Այս առումով հիմնավորված չէ նաև նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տեղակալի պաշտոնով պայմանավորելը:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, իսկ խմբակցության կազմում ընդգրկված ցանկացած պատգամավորի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից առաջադրված նախագծին վերաբերող հարցով խմբակցությունը կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ:

Այս առումով հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող և հասարակական հնչեղություն ու կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից խորհրդարանական լսումների իրականացման հնարավորությունը:

Շարադրվածի հիման վրա գտնում ենք, որ, եթե նախագիծն ուղղված է ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցերի շրջանակից դուրս այլ հարցերով, այդ թվում՝ քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող և հասարակական հնչեղություն, կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորության և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հավասարակշռության ապահովմանը, ապա այս առումով կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումների իրականացման հարցերի շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

Հակառակ պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ անհավասարակշռության՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձրացված խնդիրների համատեքստում նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման և լրամշակման կարիք: