Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.12.2019-02.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400) Հոդ.233
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2011
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.10.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60411252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մայիսի 2011 թ.
ք. Երևան

թիվ 190-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 19-ի «Ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

 

 

Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի
2011 թվականի մայիսի 23-ի
թիվ 190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը: Ապրանքային շուկայի բնութագրիչները (ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմանները, շուկայի սուբյեկտների կազմը) սահմանվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ:

2. Համապատասխան ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը հիմնված է ձեռքբերողների տեսանկյունից ապրանքների փոխադարձ փոխարինելիության վրա: Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար ընտրվում է ուսումնասիրվող ապրանքը, բացահայտվում են դրա սպառողական հատկությունները (գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները), որոնք հաշվի են առնվում ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկելիս:

3. Սույն կարգի 2-րդ կետում սահմանված հատկությունների հիման վրա ապրանքները համարվում են փոխադարձ փոխարինելի, եթե մեկ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը կարող է ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ դրա փոխարեն գնեն այլ ապրանք:

4. Ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկվում է այնքան ժամանակ, մինչև Հանձնաժողովը գալիս է եզրակացության, որ դիտարկվող բոլոր ապրանքների գների համատեղ, փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը չի կարող ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ գնեն այն ապրանքները, որոնք չեն դիտարկվում որպես համապատասխան ապրանքային շուկայի մաս:

5. Ձեռքբերողների հավանական վարքագծի մասին ուսումնասիրություններ իրականացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում ապրանքների գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները:

6. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար Հանձնաժողովը կարող է հիմք ընդունել ուսումնասիրվող ապրանքի պատկանելությունը դասակարգման որևէ խմբի` ԱՏԳԱԱ-ին (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկին), ԱԴԳՏ-ին (արտադրանքի դասակարգմանն ըստ գործունեության տեսակների) կամ այլ խմբի: Հանձնաժողովը կարող է օգտվել նաև այլ աղբյուրներից, այդ թվում` պետական մարմինների, տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունից, փորձագետների եզրակացություններից, հարցումներից, նախորդ ուսումնասիրության արդյունքներից կամ այլ անհրաժեշտ տվյալներից:

7. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը որոշվում է` հաշվի առնելով որոշակի աշխարհագրական տարածքում գնորդի համար տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման տնտեսական կամ այլ հնարավորությունն ու նպատակահարմարությունը և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների և նպատակահարմարության բացակայությունը: Եթե որևէ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը մի աշխարհագրական տարածքում կարող է ստիպել, որ զգալի թվով գնորդներ գնեն տվյալ ապրանքն այլ աշխարհագրական տարածքում, ապա այդ աշխարհագրական տարածքները Հանձնաժողովը դիտարկում է ապրանքային շուկայի միևնույն աշխարհագրական սահմանում:

(7-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 178-Ն)

8. Ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը բաղկացած է տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող(ներ)ից (վաճառող(ներ), մատակարար(ներ), օտարող(ներ), մատուցող(ներ), կատարող(ներ)) և ձեռքբերող(ներ)ից (գնորդ(ներ), ստացող(ներ), ընդունող(ներ), սպառող(ներ)):

(հավելվածը լրաց. 19.11.19 թիվ 178-Ն)