Գլխավոր տեղեկություն
Համար
N 1532-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 09.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1532-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-309-08.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 8

Երևան

 

      

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-309-08.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

         

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

1. Նախագծով առաջարկվում է միևնույն հոդվածով նախատեսել անուղղակի դիտավորությամբ և անզգուշությամբ կատարվող հանցագործություններ:

Հարկ է նշել, որ առաջարկվող 360.1-ին հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում՝ 7-12 տարի ժամկետով, մինչդեռ անզգույշ հանցագործությունների դեպքում ազատազրկման ձևով պատիժը չի կարող գերազանցել 10 տարին:

Նախագծով առաջարկվող 360.1-ին հոդվածի խմբագրությունը կարող է իրավակիրառ պրակտիկայում առաջացնել հակասական մեկնաբանություններ, օրինակ` այն հարցի կապակցությամբ, թե արդյոք 360.1-ին հոդվածի 3-րդ մասով որակման ենթակա անզգույշ հանցագործության դեպքում հանցանք կատարած անձն իրավասու է միջնորդել դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը):

Բացի այդ, մեղքի տարբեր ձևերով կատարվող հանցանքների համար միևնույն պատժաչափ նախատեսելը չի բխում Օրենսգրքով սահմանված արդարության սկզբունքից: Հետևաբար, առաջարկում ենք 360.1-ին հոդվածով առաջարկվող ընդհանուր հանցակազմը դարձնել երկու ինքնուրույն հանցակազմեր՝ կախված հանցագործությունը կատարելու մեղքի ձևից:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ Նախագծով առաջարկվող կարգավորումների (երբ հանցանքները կատարվել են անզգուշությամբ) և Օրենսգրքի 358-րդ, 358.1-ին և 359-րդ հոդվածների հարաբերակցության հարցին:

Այսպես, Նախագծի հիմնավորումից բխում է, որ Նախագծի նպատակն է խստացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատիժը:

Մինչդեռ, Նախագիծն առաջարկվող խմբագրությամբ ընդունվելու դեպքում հնարավոր են դեպքեր, երբ տեղի կունենա հակառակը, և նման հանցանք կատարած անձինք կենթարկվեն ավելի մեղմ պատժի, քան գործող կարգավորումների դեպքում:

Ներկայումս, պետի (հրամանատարի) նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիքի գործադրումը, որի հետևանքով անզգուշությամբ առաջանում է ծանր վնաս (պետը ինքնասպան է լինում), ենթակա է որակման Օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ 6-12 տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվող կարգավորումների դեպքում նման արարքը ենթակա կլինի որակման Օրենսգրքի 360.1-ին հոդվածի 1-ին մասով կամ 2-րդ մասով (եթե առկա է ծանրացնող հանգամանքներից առնվազն մեկը), որոնցով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ համապատասխանաբար 3-8 և 5-10 տարի ժամկետով:

Նույն խնդրահարույց իրավիճակն առկա է նաև այն դեպքում, երբ արարքը կատարվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: Ներկայումս այդ ծանրացնող հանգամանքի առկայության դեպքում քննարկվող հանցանք կատարած անձի նկատմամբ կարող է նշանակվել պատիժ 7-13 տարի ժամկետով, իսկ Նախագծի ընդունման դեպքում՝ 7-10 (անզգույշ հանցանքների համար ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 10 տարին) տարի ժամկետով:

Նույն խնդիրն առկա է նաև ստորադասի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու դեպքում, եթե դա անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (օրինակ՝ ստորադասը ինքնասպան է լինում):

Այսպես, գործող կարգավորման դեպքում նման հանցանք կատարած անձի արարքը կորակվի Օրենսգրքի 358.1-ին հոդվածի 4-րդ մասով կամ 5-րդ մասով (երբ արարքը կատարվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում), և հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ կնշանակվի ազատազրկում՝ համապատասխանաբար 7-12 և 8-13 տարի ժամկետով:

Մինչդեռ, Նախագծի ընդունման դեպքում այդ անձանց արարքը կորակվի 360.1-ին հոդվածի 2-րդ մասով (1-ին մասով որակելն անհնար է, քանի որ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք է նախատեսվում պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ կատարելը) և 3-րդ մասով, և նրանց նկատմամբ պատիժ կնշանակվի ազատազրկում՝ համապատասխանաբար 5-10 և 7-10 տարի ժամկետով (անզգույշ հանցանքների համար ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 10 տարին):

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է նկատել, որ Նախագիծն առաջարկվող խմբագրությամբ ընդունվելու դեպքում տեղի կունենա վերոնշյալ հանցանքներ կատարած անձի վիճակի բարելավում: Օրենսգրքում 360.1-ին հոդված նախատեսելու դեպքում, ղեկավարվելով հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցության կանոնով, վերջիններիս արարքները այլևս չեն կարող որակվել Օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերով, 358.1-ին հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերով, այլ պետք է որակվեն 360.1-ին հոդվածով:

Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել, որ արարքը որակվում է 360.1-ին հոդվածով, եթե բացակայում են Օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 358.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

Վերոնշյալ խնդիրն առկա է նաև այն դեպքում, երբ արարքը ներկայումս պետք է որակվեր Օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի), իսկ Նախագծի ընդունման դեպքում 360.1-ին հոդվածի 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով): Այս խնդիրը հնարավոր է լուծել Նախագծով առաջարկվող 360.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի նվազագույն շեմը 4 տարի դարձնելու դեպքում:

Միաժամանակ պետք է նշել, որ Նախագծով առաջարկվող հանցակազմի 3-րդ մասով սահմանվող պատիժը ավելի խիստ է (անզգուշությամբ կատարվելու դեպքում պատիժ կարող է նշանակվել 7-10 տարի ժամկետով ազատազրկում), քան Օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատիժը (պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով): Հետևաբար, այս մասով Նախագծի կարգավորումներն ընդունելի են:

Ինչ վերաբերում է անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հանցակազմին, առաջարկում ենք այն նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 360.2-րդ հոդվածի տեսքով՝ նախատեսելով նույն ծանրացնող հանգամանքները: Տարբերությունը կայանում է նրանում, որ անուղղակի դիտավորության դեպքում անհրաժեշտ է նախատեսել համեմատաբար խիստ պատիժներ:

2. Նախագծով առաջարկվում է նախատեսել «միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար» կատարելը որպես ծանրացնող հանգամանք:

Պարբերաբար կատարումը բխում է ինքնասպանության հասցնելու հանցավոր արարքի բովանդակությունից, ուստի նպատակահարմար չենք համարում նման ծանրացնող հանգամանքի նախատեսումը:

3. Նախագծով առաջարկվում է, ի թիվս այլոց, որպես հանցագործության կատարման եղանակ դիտարկել բռնության գործադրումը: Այս առումով հայտնում ենք, որ Նախագծով առաջարկվող հանցակազմը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածում սահմանված հանցակազմի հատուկ դրսևորում, իսկ նշյալ հոդվածը որպես ինքնասպանության հասցնելու եղանակներ նախատեսում է միայն սպառնալիքը, դաժան վերաբերմունքը և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը: Ուստի, ելնելով քրեաիրավական կառուցակարգերի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությունից, գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող հանցակազմի դիսպոզիցիայից անհրաժեշտ է հանել բռնությունը՝ որպես դրա կատարման եղանակ:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 360.1-ին և 360.2-րդ հոդվածներով հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 360.1. Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 358.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից.

2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ.

3) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

Հոդված 360.2. Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին բռնության, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից.

2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ.

3) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնչորս տարի ժամկետով»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան