Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1488
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.12/89(1542) Հոդ.1064
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

15 նոյեմբերի 2019 թ.

 

ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ա. Մելքումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 155-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Գործի քննության առիթը Արայիկ Մելքումյանի՝ 2019 թվականի մայիսի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 79-րդ հոդվածը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 164-րդ հոդվածի 5-րդ մասը, 164-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածը, հայտնում է, որ Սահմանադրությունը, ի թիվս այլ հիմքերի, նախատեսել է դատավորի լիազորությունների դադարեցման հետևյալ երկու առանձին դեպքերը՝ անհամատեղելիության պահանջները խախտելը և էական կարգապահական խախտում կատարելը: Օրենսդիրը որպես էական կարգապահական խախտման տեսակ նշել է «պաշտոնի հետ անհամատեղելի», այլ ոչ թե «կարգավիճակի հետ անհամատեղելի» եզրույթը:

Դիմողի կարծիքով` «դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի» եզրույթի ներքո պետք է հասկանալ վարքագծային անհամատեղելիություն, վարքագծի նորմերի այնպիսի խախտում կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Այնինչ, սույն պարագայում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից թույլ տրված սխալը նույնականացրել է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելիության հետ և սահմանել լիազորության դադարեցման առանձին հիմք: Դիմողը նշում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից միևնույն արարքի նկատմամբ դատավորներ Արայիկ Մելքումյանի և Ռուբեն Ափինյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործերով տրվել են իրարամերժ մեկնաբանություններ:

Վկայակոչելով Սահմանադրության 61, 79 և 81-րդ հոդվածները, Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6 և 13-րդ հոդվածները՝ դիմողը հայտնում է, որ որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարևոր մաս է կազմում դատական ակտերը բողոքարկելու իրավունքը: Հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորություն չի ընձեռում, դիմողը գտնում է, որ նշված հոդվածը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 162, 163, 164-րդ հոդվածները, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67, 69 և 70-րդ հոդվածները, նշում է, որ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դրանք պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Պատասխանողը հայտնում է, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը Սահմանադրության պահանջներին հակասող համարելու առնչությամբ կիսում է Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշմամբ արձանագրված դիրքորոշումը:

Անդրադառնալով Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցին՝ պատասխանողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկումը դատարաններում կնվազեցնի դատական իշխանության համակարգում նրա դերն ու նշանակությունը, ավելին՝ անտրամաբանական կլինի այդ հիմնարկի՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավոր հանդիսացող կոլեգիալ մարմնի գոյությունը:

Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողը գտնում է, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը և 155-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. արդյոք Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը սահմանափակում է անձի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը և արդյոք սահմանափակելու դեպքում այն համապատասխանում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման որոշակիության սկզբունքին,

2. արդյոք դատավորին1 կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաև ԲԴԽ) որոշումների վերջնական և անբողոքարկելի լինելը (Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մաս) խախտում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատում է Սահմանադրության 49-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 79-րդ հոդվածի տեսանկյունից` փոխկապակցված 78-րդ հոդվածի հետ, և հաշվի առնելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 5 և 9-րդ մասերը, 166-րդ հոդվածի 8-րդ մասը և 175-րդ հոդվածը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 49-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Ընդ որում, այս հիմնական իրավունքը` իր սահմանադրական ձևակերպման շրջանակներում, որևէ սահմանափակման ենթակա չէ, սակայն այն կանոնակարգող մանրամասները պետք է սահմանվեն օրենքով (Սահմանադրության 49-րդ հոդվածի երկրորդ նախադասություն):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածի ձևակերպումներից հետևում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այս իրավունքի իրականացման համար օրենսդիրը պարտավոր է ապահովել ընդհանուր հիմքեր՝ բացառելով որևէ խտրականություն:

Մյուս կողմից՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից և հանրային ծառայության տեսակից:

Բացի դրանից, ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:

Դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար՝ այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի՝ որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ՝ իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք, որի ապահովման մանրամասները պետք է սահմանվեն բացառապես սահմանադրական օրենքով՝ Դատական օրենսգրքով (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս՝ փոխկապակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասի հետ):

Դատավորի պաշտոնավարման հաջորդայնության առանցքային երաշխիքները սահմանված են սահմանադրական մակարդակով. դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը սպառիչ սահմանվել են Սահմանադրությամբ, Սահմանադրությամբ սահմանվել են նաև դատավորի լիազորությունների դադարեցման հարցով իրավասու մարմինները (Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը պետք է սահմանվեն ոչ թե սովորական, այլ բացառապես սահմանադրական օրենքով, տվյալ դեպքում՝ Դատական օրենսգրքով (Սահմանադրության 164-րդ հոդվածի 5-րդ մաս):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ սահմանված հիշյալ կարգավորումների ընդհանուր բովանդակությունը հանգում է հետևյալին.

1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ընդհանուր հիմունքներով անցնելով հանրային ծառայության, ունի նաև պաշտոնավարման և կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունք,

2) դատավորի պաշտոնը զբաղեցնող քաղաքացին, ի լրումն պաշտոնավարման ընդհանուր իրավունքի, ձեռք է բերում հատուկ երաշխիք՝ պաշտոնավարման հաջորդայնությունը երաշխավորող անփոփոխելիության տեսքով,

3) դատավորի պաշտոնից քաղաքացին կարող է հեռանալ կամ հեռացվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով, Սահմանադրությամբ կանխորոշված կարգով՝ սահմանադրական օրենքով ամրագրված հատուկ ընթացակարգի գործադրմամբ,

4) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման՝ Սահմանադրությամբ ամրագրված այն հիմքերի մեկնաբանության ժամանակ, որոնք ենթակա են կոնկրետացման սահմանադրական օրենքում, օրենսդիրը պետք է դրսևորի զսպվածություն և օրենսդրական կարգավորումների միջոցով չնենգափոխի Սահմանադրության համակարգային տրամաբանությունը, այն է՝ անհարկի չընդլայնի այդ հիմքերի կիրառման օրենսդրական հնարավորությունը, թույլ չտա դրանց կամայական մեկնաբանություն, երաշխավորի դրանց կիրառման ժամանակ արդարության բոլոր պահանջների պահպանումը, այդ թվում՝ պատշաճ ընթացակարգային երաշխիքներ դատավորի լիազորությունները դադարեցնելու ժամանակ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ բոլոր դեպքերում, երբ դադարեցվում են դատավորի լիազորությունները, դա վերաբերում է ոչ միայն դատավորի կարգավիճակին, այլ նաև նրա՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքին. նա զրկվում է հետագա պաշտոնավարման իր իրավունքից, ուստի նրա այդ իրավունքը սահմանափակվում է:

4.2. Դատավորի լիազորությունները դադարեցնելու, այսինքն՝ դրանք Սահմանադրության մեջ հատուկ նշված պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հարկադրաբար ընդհատելու հիմքերից մեկն է նրա կողմից էական կարգապահական խախտում կատարելը (Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մաս): Համաձայն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի՝ էական կարգապահական խախտում է երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը կամ դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Համաձայն Օրենսգրքի համակարգային տրամաբանության՝ դատավորի լիազորությունների դադարեցումը կարգապահական վարույթի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նշանակվող տույժերից մեկն է, ուստի՝ էական կարգապահական խախտումը ոչ էական խախտումից տարբերակելը և համապատասխան տույժ նշանակելն իրականացվում են միևնույն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի շրջանակներում:

Օրենսդիրը որպես էական կարգապահական խախտում է որակել, մի դեպքում՝ ոչ էական կարգապահական խախտումների համար կոնկրետ տույժերի առկայությամբ ցանկացած այլ կարգապահական խախտում կատարելը, այսինքն՝ կարգապահական խախտումների որոշակի, առավելապես քանակական համակցությունը, մյուս դեպքում՝ կարգապահական մեկ կոնկրետ խախտման որակը, այսինքն՝ «դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ դրույթը, որը պարունակում է անորոշ իրավական հասկացություններ, ենթադրում է, որ բացառապես իրավակիրառ մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, պետք է որոշի այն հարցը, թե որն է դատավորի կողմից կատարված այն արարքը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Դա նշանակում է. նախ՝ պետք է մեկնաբանվի, թե դատավորի կողմից «արարք կատարելը» ներառու՞մ է արդյոք նաև անգործությունը, բացի դրանից, պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:

4.3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրականությանը վերաբերող հարցը նման հիմքով դատավորի պաշտոնավարմանը միջամտության, այն է՝ այս հիմքով նրա հիմնական իրավունքի սահմանափակման համապատասխանությունն է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության պահանջին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իր նախորդ որոշումներում արտահայտած վերաբերելի իրավական դիրքորոշումներին:

Ըստ այդմ՝ մասնավորապես.

1) « .… օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),

2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը։

Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753),

3) « .... սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների և վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջև էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից» (ՍԴՈ-851),

4) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը» (ՍԴՈ-1148),

5) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270),

6) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439),

7) Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357):

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449),

8) « .… Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

.… Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի որոշակիության պահանջ նախատեսելով հանդերձ՝ հնարավոր չէ բոլոր հարցերի կարգավորումը նախատեսել բացառապես օրենքով, այդ պատճառով այս հարցում կարևորվում է հատկապես դատական ատյանների կողմից օրենքի հստակ մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր՝ 03.05.2016թ. ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ՝ «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. «...որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է» (ՍԴՈ-1452, ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի),

9) «Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշմամբ հայտնել է, որ «....իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (ՍԴՈ-1475):

Վերահաստատելով և զարգացնելով իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է.

1) իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ,

2) իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը,

3) որոշակիության սկզբունքն իր արտացոլումն է ստացել ոչ միայն Սահմանադրության 79-րդ հոդվածում` որպես հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակող օրենքներին ներկայացվող բովանդակային պահանջ, այլև՝ որպես օրինականության սկզբունքի հիմնարար բաղադրիչ, ըստ որի` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին (Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն),

4) հանրային իշխանության կողմից որոշակիության սկզբունքի խախտումն ուղղակիորեն ազդում է օրենքի գերակայության սկզբունքի վրա և էականորեն նվազեցնում է իրավական պետության կայացածության աստիճանը,

5) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում,

6) հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը և նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը,

7) միջամտությունն անփոփոխելիության երաշխիքներ ունեցող հանրային պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման իրավունքին պետք է առավել հստակ կանոնակարգված լինի. դրա բոլոր հիմքերը, ընթացակարգերը, իրավասու հանրային իշխանության մարմինները և նրանց լիազորությունները պետք է սահմանված լինեն օրենքով, իսկ դատավորների դեպքում` սահմանադրական օրենքով:

4.4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով «երդման խախտում» տերմինին, նշել է, որ դատավորի երդման տեքստը լայն հնարավորություն է ընձեռում եզրույթի մեկնաբանության համար՝ կարգապահական մարմնին ընձեռելով հայեցողության լայն շրջանակ։

Ընդունելով, որ որոշ ոլորտներում բարձր ճշգրտությամբ օրենքներ ընդունելը կարող է լինել խնդրահարույց, և որ նույնիսկ անհրաժեշտ է որոշակի ճկունություն, այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը նշել է, որ նշված դեպքում առկա չէ որևէ հղում, որ դիմումատուի գործը քննելիս առկա է եղել «երդման խախտում» հասկացության հետևողական և սահմանափակող մեկնաբանության որևէ ուղեցույց կամ ձևավորված պրակտիկա, ներքին օրենսդրությունը չի սահմանել պատժամիջոցների համապատասխան սանդղակ կարգապահական իրավախախտումների համար և չի մշակել կանոններ, որոնք ապահովում են դրանց կիրառումը համաչափության սկզբունքի համաձայն՝ արձանագրելով, որ կարգապահական իրավախախտման համար առկա էին միայն երեք պատժամիջոցներ՝ նկատողություն, որակավորման դասի իջեցում և աշխատանքից ազատում, որոնք գրեթե հնարավորություն չեն թողել դատավորին համաչափ հիմքերով կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, որի արդյունքում էլ իշխանություններին տրվել է սահմանափակ հնարավորություններ ապահովելու հավասարակշռություն՝ հասարակության և մասնավոր շահերի բախման դեպքում յուրաքանչյուր առանձին գործի շրջանակներում:

Արդյունքում դատարանը եկել է այն եզրահանգման, որ «երդման խախտում» արարքի հետևողական և սահմանափակող մեկնաբանություն սահմանող որևէ ուղեցույցի և պրակտիկայի և համապատասխան իրավական երաշխիքների բացակայությունը հանգեցրել է, որ ներքին օրենսդրության համապատասխան դրույթները չեն նախատեսել հնարավոր արարքի հետևանքները, որից էլ կարելի է ենթադրել, որ որևէ դատավորի կողմից իր կարիերայի ընթացքում ցանկացած պահի կատարված թերացումը կարող է կարգապահական մարմնի կողմից մեկնաբանվել որպես բավարար փաստական հիմք «երդման խախտման» համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրան պաշտոնից հեռացնելու համար։ (OLEKSANDR VOLKOV v. UKRAINE, 2013 թվականի հունվարի 9-ի վճիռ):

Իր մեկ այլ որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «կանխատեսելիություն» հասկացության շրջանակը զգալի չափով կախված է տվյալ գործիքակազմի բովանդակությունից, այն ոլորտից, սուբյեկտներից, որոնց համար այն նախատեսված և հասցեագրված է (Gorzelik and Others v. Poland, 2004 թվականի

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) իր մի շարք կարծիքներում անդրադարձել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին:

Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ այն օրենսդրությունը, որը կարգավորում է դատավորի կարգապահական պատասխանատվության և կարգապահական որոշում կայացնող մարմինների հետ կապված իրավահարաբերությունները, պետք է ձևակերպվի հստակ։ Երկրները հաճախ դժվարությունների են հանդիպում, երբ կարգապահական գործողությունների հիմքերը բավարար չափով մանրամասնված չեն: Հստակ սահմանված կանոնների բացակայությունը վտանգավոր է, քանի որ կարգապահական իրավախախտումների դեպքում հնարավոր է սկսվի կամայական հետապնդում դատավորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) դատական համակարգի անկախության մասին իր՝ 2001 թվականի թիվ 1 եզրակացության մեջ առաջարկել է սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնք կսահմանեն ոչ միայն այն վարքագիծը, որը կարող է հանգեցնել դատավորի պաշտոնից հեռացմանը, այլև՝ բոլոր այն արարքները, որոնք կարող են հանգեցնել կարգապահական տույժի կամ կարգավիճակի փոփոխության (CDL-AD(2007)009, կետ 6-րդ):

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ կանխատեսելիության առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիների ընթացքում մշակել է չափանիշներ՝ որոշելու, թե արդյո՞ք իրավունքին միջամտելը նախատեսված է օրենքով, և եկել է այն եզրակացության, որ իրավական կարգավորումների առկայությունը բավարար չէ, դրանք պետք է ճշգրիտ լինեն, և դրանց հետևանքները պետք է լինեն կանխատեսելի բոլոր շահագրգիռ կողմերի համար: Այս պահանջները կիրառելի են կարգապահական վարույթի դեպքում, քանի որ այդ վարույթում նույնպես պետք է պարզ լինի, թե ո՛ր գործողություններն են ենթակա կարգապահական պատասխանատվության (CDL-AD(2007) 009, կետ 15):

Իր կարծիքներից մեկում փաստելով, որ օրենսդրության մեջ խախտումներն այնքան ընդհանուր են ձևակերպված, որ կարող են ընդգրկել գործի քննության ընթացքում հանդիպող դատական վարքագծի բազմաթիվ տարատեսակներ, ինչն իրականում վտանգ է ներկայացնում դատական անկախության սկզբունքի համար, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է դրա փոխարեն հստակ սահմանափակել դատավորի կարգապահական պատասխանատվության շրջանակը: Հանձնաժողովն ընդգծել է, որ դատական անկախության սկզբունքի նպատակն է ապահովել, որ դատավորները զերծ մնան արտաքին ազդեցությունից, երբ նրանք օրենքի հիման վրա որոշում են կայացնում գործի վերաբերյալ, և նրանք չպետք է վախենան որևէ հետևանքից՝ իրենց պարտականությունների կատարման համար, բացառությամբ արդարադատության խեղաթյուրման (քրեական) գործի (CDL-AD(2007)009, կետ 17):

Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ դատավորների կարգապահական կանոնների նպատակն է ապահովել դատարանների իրավասությունը, այլ ոչ թե ապահովել օրենքի ճիշտ կիրառումը, ինչը բողոքարկման ընթացակարգի խնդիրն է: «Օրենքի խախտումների համար» գրեթե ինքնաշխատ հեռացումը հակասում է դատական անկախության հիմնարար հայեցակարգին: Ըստ այդմ՝ օրենքում պետք է հստակ սահմանվի, որ պաշտոնից ազատման պատժամիջոցն ամենալուրջ պատժամիջոցն է, որը կիրառվում է միայն ծայրահեղ դեպքերում և որպես ծայրահեղ միջոց: Կարգապահական հանձնաժողովը պետք է տեղյակ լինի, որ իր բոլոր որոշումները պետք է անցնեն համաչափության քննություն, ինչպես դա շարադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (CDL-AD(2007) 009, կետ 29):

Հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել առ այն, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմքեր, ինչպիսին են՝ «վարկաբեկելով դատական համակարգը» կամ «նվազեցնելով հասարակության վստահությունը դատական համակարգի անկախության և անկողմնակալության նկատմամբ», բավականին անորոշ են ձևակերպված...:

Այնուամենայնիվ, ինչ-որ չափով անխուսափելի է, որ օրենսդիր մարմինն օգտագործում է բաց ձևակերպումներ` անհրաժեշտ գործողությունների ազատություն ապահովելու համար: Դա նախկինում ճանաչվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Այն դեպքում, երբ օրենսդիրն օգտագործում է նման ձևակերպումներ, հատկապես կարևոր է, թե գործնականում ո՛ր մարմնին է հանձնարարված դրանց մեկնաբանությունը և կիրառումը: Հայաստանում այս խնդիրը հանձնարարված է ԲԴԽ-ին, որն օժտված է բավարար ինստիտուցիոնալ անկախությամբ և կարող է առաջարկել արդար դատավարության հիմնական երաշխիքներ (Տե՛ս ԴՕ 14-րդ գլուխ): Կարևոր է նաև, որ կարգապահական պատասխանատվությունը կարող է իրականացվել միայն դատական վարքագծի կանոնների խախտման, այլ ոչ թե ոչ այնքան ստույգ ձևակերպված «էթիկայի կանոններ» հասկացության դեպքում (Տե՛ս ԴՕ 68-րդ հոդվածի 3-րդ մաս): Ուստի հնարավոր է այդ բաց մակարդակի չափորոշիչների հետագա զարգացման և հստակեցման խնդիրները փոխանցել ԲԴԽ-ի իրավասությանը, եթե այն բխում է օրենքի այլ պահանջներից (դատավորի կողմից դիտավորության մտադրության կամ առերևույթ հանցավոր անփութության առկայություն, խախտման հետևանքով առաջացած էական ծանր հետևանքներ և այլն...) (CDL-AD(2019) 024, կետ 40):

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքի նախագծերից մեկին՝ հանձնաժողովը փաստել է, որ 155-րդ հոդվածի 6-րդ մասը բացատրում է, թե որն է «կոպիտ կարգապահական խախտումը»: Այս շեմին կարելի է հասնել, (1) եթե դատավորը կատարում է որոշակի քանակությամբ ավելի նվազ բնույթի խախտումներ, կամ (2) եթե դատավորը կատարում է «դատական իշխանությունը անարգող գործողություն» կամ այնպիսի արարք, որն «անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»: Վենետիկի հանձնաժողովն այստեղ նկատում է որոշակի զուգահեռ. 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «դատական համակարգի բարձր հեղինակությունը խաթարելը» բնութագրվում է որպես կարգապահական պատասխանատվության հիմք, բայց ոչ պարտադիր՝ որպես «կոպիտ կարգապահական խախտում»: Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ 60-րդ հոդվածի 1-ին մասի և 155-րդ հոդվածի 6-րդ մասերի միջև փոխհարաբերությունները պետք է հստակեցվեն։ Թվում է, որ նույն տեսակի խախտումը կարող է հանգեցնել առավել խիստ կարգապահական տույժի (ինչպիսին, օրինակ, նախազգուշացումն է) կամ որակվել որպես «կոպիտ խախտում»՝ անկախ նախորդ խախտումների արձանագրումից և դրանով իսկ ուղղակիորեն հանգեցնում է դատավորի կարգավիճակի դադարեցմանը: Սկզբունքորեն այդպիսի մոդելն ընդունելի է, բայց կարգապահական մարմինները պետք է տեղյակ լինեն, որ ոչ բոլոր «գործողությունները, որոնք անարգում են դատական իշխանությանը», կամ այնպիսի գործողությունը, որն «անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ», անպայման ենթադրում են կոպիտ խախտում. համաչափության սկզբունքը միշտ պետք է կիրառվի (օրենսգրքի նախագծի 138-րդ հոդվածի 2-րդ մաս): Սա պետք է հստակ նշված լինի օրենսգրքի նախագծում (CDL-AD Հ(2017) 019, կետ 157):

4.5. Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված մոդելը նույնպես զերծ չի մնացել կարգապահական պատասխանատվության հիմքերն ամրագրող կանոնների մասնակի ընդհանրական ձևակերպումներից:

Թեև Օրենսգրքում մանրամասն կարգավորվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը, իրավասու մարմինների գործառույթները և լիազորությունները, այդուհանդերձ, օրենսդրի կողմից էական կարգապահական խախտումը բնորոշելիս օգտագործվել են անորոշ իրավական հասկացություններ, որոնց մասով Բարձրագույն դատական խորհուրդն ունի գնահատողական լայն ազատություն:

Վիճարկվող դրույթների շրջանակներում Սահմանադրական դատարանը ներկա փուլում անհրաժեշտ չի համարում անդրադառնալ վիճարկվող դրույթների հետ աղերսվող` կարգապահական պատասխանատվության ամբողջ համակարգին` ի թիվս այլ հանգամանքների նկատի ունենալով հատկապես նաև այս հարցով Օրենսգրքի կատարելագործման ուղղությամբ ծրագրված աշխատանքները, որոնց ընթացքում պետք է հաշվի առնվի նաև լավագույն միջազգային փորձը:

Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում օրենսդրական նախաձեռնության սուբյեկտների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, թե արդյոք Օրենսգրքում հստակ տարանջատված են նյութական կամ դատավարական օրենքի խախտումը գնահատելու հարցում, մի կողմից` վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների, մյուս կողմից` Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:

Ինչ վերաբերում է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին, ապա Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն օրենսդրի կողմից այդ կետում օգտագործված անորոշ իրավական հասկացությունների սահմանադրականության գնահատումը, այլև այն հանգամանքը, թե արդյոք դրանք հիմք են դարձել իրավակիրառ մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի հակասական պրակտիկայի ձևավորման համար, ինչպես պնդում է դիմող կողմը:

Սահմանադրական դատարանը բազմիցս նշել է, որ «խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ» (ՍԴՈ-1224): Մինչդեռ, դիմողի վկայակոչած մեկ այլ գործի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ դրա փաստական հանգամանքները տարբերվում են դիմողի գործի փաստական հանգամանքներից, հետևաբար, տարբեր են նաև արարքների որակումները, իսկ կարգապահական վարույթի ընթացքում դատավորների կատարած արարքների որակման իրավասությունը դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խտրականության վերաբերյալ դիմողի ներկայացրած մտահոգությունները վերաբերվում են Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշման իրավաչափությանը:

Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հստակ չի տարանջատում, թե դատավորի կողմից դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք կատարելը վերաբերում է դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի ակնհայտ կամ կոպիտ խախտմանը, որն անհամատեղելի է դարձնում նրա հետագա պաշտոնավարումը, թե՞ խոսքը դատավորի վարքագծի կանոնների խախտման մասին է:

Վերը շարադրված պատճառներով այս փուլում չանդրադառնալով դատավորի վարքագծի կանոնների և նյութական ու դատավարական նորմերի խախտման միջև տարանջատման հստակության հարցին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերը նշված վիճարկվող դրույթով, ըստ էության, հնարավոր է դատավորի լիազորությունները դադարեցնել նաև նրա վարքագծի ցանկացած դրսևորման դեպքում, նույնիսկ այնպիսի դրսևորումների, որոնցից է, օրինակ, դատավորի կողմից պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելը: Համադրելով վիճարկվող դրույթը հիշյալ հոդվածի նույն մասի 1-ին կետի հետ` պարզ է դառնում, որ օրենսդրի կողմից ընտրվել է անհամաչափ լուծում. մի դեպքում՝ միայն տարբեր կարգապահական խախտումների հանրագումարն է հանգեցնում դատավորի լիազորությունների դադարեցման, մեկ այլ դեպքում` ցանկացած կարգապահական խախտում կարող է դիտվել որպես դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` դա կարող է հանգեցնել անհամաչափ միջամտության դատավորի հետագա պաշտոնավարմանը, ուստիև` վտանգել դատավորների անկախության սկզբունքը:

Մյուս կողմից՝ Բարձրագույն դատական խորհուրդն ինքն է լուծում դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը, համաձայն Սահմանադրության 173-րդ հոդվածի, անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, ուստի՝ նա իր իրավակիրառ պրակտիկայի միջոցով կարող է արգելափակել հիշյալ դրույթի կամայական կիրառումը` ամրագրելով օրենքից բխող ավելի կոնկրետ չափանիշներ: Սակայն ներկայումս դրանք պատշաճ մանրամասնությամբ դեռևս չեն ամրագրվել և դա վտանգում է դատավորի լիազորությունների դադարեցման` որպես դատավորի հետագա պաշտոնավարման հիմնական իրավունքին առավել ինտենսիվ միջամտության հարցում համաչափության սկզբունքի ապահովումը:

Բացի դրանից, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների անբողոքարկելիությունը պետք է կանխորոշեր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու բոլոր հիմքերի, սակայն առավելապես նրա լիազորությունների դադարեցմանը հանգեցնող հիմքերի՝ առավել հնարավոր որոշակիությամբ ձևակերպմանը, ինչը չի արվել օրենսդրի կողմից:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ չափով տարբերակված չէ կարգապահական տույժերի շրջանակը, ինչն ստեղծում է ամենախիստ կարգապահական տույժի կիրառման անհամաչափ լայն հնարավորություններ: Հետևապես, Բարձրագույն դատական խորհուրդը չունի պատշաճ իրավական հենք՝ համաչափության սկզբունքից ածանցվող առավել անհատականացված կարգապահական տույժեր կիրառելու այն դեպքերում, երբ դատավորի կողմից կատարված կարգապահական խախտումը չի կարող արդյունավետ հակազդեցության արժանանալ այլ կարգապահական տույժերի կիրառման միջոցով, սակայն, մյուս կողմից՝ առկա չեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ նրա լիազորությունները դադարեցնելու համար:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդրական նախաձեռնության սուբյեկտները պետք է ներդնեն կարգապահական տույժերի առավել տարբերակված՝ դրանց անհատականացման առավել մեծ հնարավորություն ընձեռող համակարգ, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ փոխկապակցված Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ` այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ` տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման` որպես Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող` դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված` նրա` որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար:

4.6. Դիմողի կողմից վիճարկվում է նաև Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի շրջանակներում անհրաժեշտ է պարզել դիմողի` Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման հարցը` հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակի առանձնահատկությունները:

Սահմանադրական դատարանը կրկին արձանագրում է, որ դատական բողոքարկման հնարավորությունը դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրատարր է (Տե՛ս, օրինակ՝ ՍԴՈ-936 որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ, այդուհանդերձ, կան այնպիսի գործեր, որոնք իրենց բնույթով, սուբյեկտային կազմով և այլ հիմքերով ունեն մի շարք առանձնահատկություններ, ուստի դրանց մասով դատական պաշտպանության և դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի իրացումը կարող է ունենալ որոշ տարբերություններ, այդ թվում՝ այդ իրավունքի սահմանափակման առումով՝ տվյալ գործերի առանձնահատկությամբ պայմանավորված:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում, անդրադառնալով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին, նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների: Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի նրա էությանը: Դրանք (սահմանափակումները) համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե ունեն իրավական նպատակ, և կիրառված միջոցների ու դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն (Golder v. United Kingdom, 21 Feb. 1975, Fayed v. United Kingdom, 25 Aug. 1994, Ashingdane v. United Kingdom, 28 May 1985, Garcia Manibardo v. Spain (15 Feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 20 Nov. 1995, Philis v. Greece, 27 Aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 23 Jun. 1995): «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից» (Delcourt v. Belgium, 2689/65, 17 հունվարի 1970թ./ Toth v. Austri, 11894/85, 12 դեկտեմբերի 1991թ./ Platakou v. Greece, 38460/97, 11 հունվարի 2001թ.): «Դատարանը ճանաչում է պետության շահը վերահսկելու դատարանի մատչելիությունը, երբ հարցը վերաբերում է որոշակի խմբի հարցերի: Այնուամենայնիվ, Պայմանավորվող Պետությունների, մասնավորապես՝ իրավասու ազգային օրենսդրի, այլ ոչ թե Դատարանի խնդիրն է հստակ սահմանել հանրային ծառայության այն ոլորտները՝ ներառելով պետական ինքնիշխանությանը բնորոշ հայեցողական լիազորությունների իրականացումը, որտեղ անհատի շահերը պետք է ստորադասվեն …: Եթե ազգային համակարգն արգելափակում է դատարանի մատչելիությունը, Դատարանը կհաստատի, որ վեճն իրականում այնպիսին է, որ արդարացվում է Հոդված 6-ով նախատեսված երաշխիքների նկատմամբ բացառության կիրառումը: Եթե վեճն այդպիսին չէ, որևէ խնդիր չկա, և 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆը կկիրառվի» (CASE OF OLUJIĆ v. CROATIA, Application no. 22330/05, JUDGMENT 5 February 2009, FINAL 05/05/2009):

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-719 որոշման մեջ, վկայակոչելով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրների վերաբերյալ իր մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները՝ կապված Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության հետ, «միաժամանակ կարևորել է այդ պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և, հատկապես՝ դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում»:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ արդյունավետ դատական պաշտպանությունը, որպես ընդհանուր կանոն, ի թիվս այլնի ենթադրում է պետության ներսում դատական ատյանների աստիճանակարգության առկայություն և յուրաքանչյուրի համար այդ բոլոր ատյաններում դատական պաշտպանության մատչելիության հնարավորություն: Միևնույն ժամանակ, առանձին տեսակի գործերով պետությունները կարող են շեղվել ընդհանուր կանոնից և այդ գործերով դատական պաշտպանության իրավունքը երաշխավորել մեկ դատարանի (դատական ատյանի) շրջանակում:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետությունում դասվում են այդ տեսակի գործերի շարքին: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը, որն այդ գործերով հանդես է գալիս որպես դատարան, և որի կայացրած որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:

Գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների համար դասական տարբերակով բողոքարկման նախատեսումը պրակտիկայում կարող էր մի շարք խնդիրներ առաջացնել թե' կիրառելիության, թե' արդյունավետության առումներով: Բացի դրանից, նման կարգավորումը չէր բխի նաև դատական համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի սահմանադրական կարգավիճակից ու առաքելությունից:

Սահմանադրական դատարանը, ժամանակին գնահատելով Արդարադատության խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում վերջնական ակտ կայացնելու իրավասության սահմանադրականությունը, նշել է, որ «Մեթոդաբանական նշանակության կարևոր հանգամանքն այն է, որ առավելապես գործող դատավորներից ու նաև գիտնական իրավաբաններից կազմված այդ մարմինը սահմանադրական իր իրավասության շրջանակներում ու օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում գնահատում է, թե իր իսկ կողմից դատավորի պարտականությունների համար լիազորված պաշտոնատար անձը որքանով է հավատարիմ իր երդմանը և ինչպես է կատարում պաշտոնական պարտականությունները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս համակարգն ամբողջական է՝ իր գործառույթների կատարումը ներհամակարգային կայունության ու արդյունավետության ապահովման տեսանկյունից երաշխավորելու հարցում: Այն դուրս չի գալիս դատավորի պաշտոնական պարտականությունների կատարումը, նրա ծառայողական պիտանելիությունը գնահատելու սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներից, ինչն այս մարմնի բացառիկ իրավասությունն է: Այս հարցում դատարաններին վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկեր արդարադատության խորհրդի գոյությունն ընդհանրապես՝ որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի» (ՍԴՈ-1063)։

Վերահաստատելով մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և ի լրումն դրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է՝ հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի գործառութային դերը դատարանների և դատավորների անկախության ապահովման հարցում, ինչպես նաև դատական համակարգում ներառված մյուս դատարանների սահմանադրական գործառույթները, Սահմանադրության գործող կարգավորումների պայմաններում որևէ իրավական հնարավորություն առկա չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին այդ մարմնի որոշումների իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության որևէ մարմնում վերանայելու համար: Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին: Նման պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ատյանի դատարան վերանայի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը և դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ՝ բեկանի և փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Այսպիսով, ամբողջ վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից որևէ մեկում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, քանի որ դա կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին: Բացի դրանից, տվյալ որոշումների վերանայումը, դրանով իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը դուրս է Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթների շրջանակներից:

Սահմանադրական դատարանը սույն գործով mutatis mutandis կիրառելի է համարում նաև ՍԴՈ-1063 որոշմամբ արտահայտված իր այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ « …. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ներկա դատական համակարգի պայմաններում նման որոշումների դատական կարգով բողոքարկումն օրենսդրորեն ամրագրված առկա շրջանակներից դուրս կարող է աղերսներ ունենալ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հետ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդարադատության խորհրդի կազմի մեջ ներառված են հիմնականում գործող դատավորներ ՀՀ դատական համակարգի տարբեր օղակներից, ներառյալ` ՀՀ վճռաբեկ դատարանը: Նման պայմաններում ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների համակարգում նախատեսված չէ այնպիսի դատական ատյան, որի դատավորներն իրենց կարգավիճակով ավելի բարձր կլինեն ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներից: Այս կապակցությամբ սույն գործով սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել նաև իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը, որտեղ սահմանադրական դատարանն անընդունելի է համարել հավասար կամ ցածր պետաիշխանական մակարդակի վրա գտնվող դատավորի կողմից նույն դատարանի նախագահի կամ վերադաս ատյանի դատարանների դատավորների գործողությունների (անգործության) վիճարկման վերաբերյալ դիմումները քննության առնելու հնարավորությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև արդարադատության խորհրդի խնդրո առարկա որոշումների նկատմամբ»:

4.7. Հաշվի առնելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման արգելքը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել՝ արդյո՞ք առկա իրավակարգավորումներով նախատեսված են բավարար երաշխիքներ, որոնց պայմաններում կարող է ապահովվել անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացումը: Այս հարցն անհրաժեշտ է դիտարկել Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների ու ընթացակարգերի համատեքստում:

Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է Կոնվենցիայի 6րդ հոդվածը, նշել է. «Կոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը. համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները (Տե՛ս Ալբերտը և Լե Կոմպտն ընդդեմ Բելգիայի [Albert and Le Compte v. Belgium], 10 փետրվարի 1983 թվական, § 29, Շարք Ա թիվ 58)»:

Այնուհետև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ՝ «Դատարանը պետք է ուսումնասիրի՝ արդյոք Արդարադատության խորհուրդը կարող էր համարվել «անկախ և անկողմնակալ դատարան», ինչպես պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով։

Դատարանը գտել է, որ որոշելու համար, արդյոք դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարող է համարվել «անկախ», պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյոք մարմինն ընկալվում է որպես անկախ։ Ինչ վերաբերում է «անկողմնակալության» հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ՝ դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ՝ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և Դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (Տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, « 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005-II)»։

Այլ կերպ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված իրավունքը երաշխավորվում է ոչ թե համապատասխան որոշման բողոքարկման հնարավորությամբ ու համապատասխան դատական ատյանների քանակով, այլ այդ որոշումն ընդունած մարմնի (դատարանի) կարգավիճակով: Եթե այդ մարմինը չի բավարարում «անկախ և անկողմնակալ դատարանի» չափանիշներին, ապա դրա կայացրած ակտերը պետք է լրացուցիչ ստուգման ենթարկվեն նշված չափանիշներին համապատասխանող դատարանի կողմից: Հետևաբար, այն դեպքերում, երբ գործն ի սկզբանե քննվել է 6-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված «անկախ և անկողմնակալ դատարանի» չափանիշներին համապատասխանող մարմնի կողմից, ապա այդ մարմինների կայացրած ակտերի բողոքարկման հնարավորության բացակայությունն ինքնին դատական պաշտպանության իրավունքի խախտում չէ:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: 

Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդին վերապահվել է վճռորոշ դերակատարություն դատավորների նշանակման հարցում (Սահմանադրության 175-րդ հոդված): Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, որից հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Ընդ որում, Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Բացի դրանից, դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

Բարձրագույն դատական խորհրդի գործունեության անկախությունն ու անաչառությունն ապահովող երաշխիքներ են ամրագրված նաև Դատական օրենսգրքով: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամները ևս կաշկանդված են դատավորների համար սահմանված դատավորի վարքագծի կանոններով (66-րդ հոդվածի 2-րդ մաս), վերջիններս, ինչպես և դատավորները, կաշկանդված են նաև իրենց պաշտոնն ստանձնելիս օրենքով սահմանված համապատասխան երդմամբ (82-րդ հոդվածի 2-րդ մաս): Օրենսգրքով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և նրանց գործունեության լրացուցիչ երաշխիքները (83-րդ հոդված):

Օրենսգրքով մանրամասն կարգավորված է նաև դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը (76-րդ հոդված): Բարձրագույն դատական խորհրդի անդամների լիազորությունների դադարման և դադարեցման հարաբերությունների կարգավորմանն է նվիրված Օրենսգրքի 86-րդ հոդվածը, որը գրեթե նույն կարգավորումներն է նախատեսում, ինչ առհասարակ դատավորների պարագայում՝ թե՛ հիմքերի, թե՛ ընթացակարգերի առումով:

4.8. Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին:

Նախկինում գործած Արդարադատության խորհրդին առնչվող՝ «գործում է որպես դատարան» եզրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 18 դեկտեմբերի 2012 թվականի ՍԴՈ-1063 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. « …. սահմանադրական դատարանը գտնում է, որ «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ արդարադատության խորհրդի գործունեության կարգը, այլ ոչ թե նրա՝ որպես արդարադատություն իրականացնող դատարանի գործառնական դերը: Վերջինս փաստվում է նաև ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում անմիջապես հաջորդող այն կանոնակարգմամբ, համաձայն որի՝ «Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին»:

Որպես դատարան հանդես գալու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կարգին նվիրված համապատասխան դրույթներն ընդհանրական կերպով ամփոփված են Օրենսգրքի 15-րդ գլխում: Մասնավորապես, նշված գլխի 90 և 92-րդ հոդվածներում ամրագրված են Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կազմակերպական ձևերն ու եղանակները: Ըստ այդմ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, կամ երբ դատավորն այդպիսի միջնորդություն է ներկայացրել: Նշված դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում:

Որպես դատարան հանդես գալու ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ: Այդ որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները, դրանք հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող որոշումների: Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումները ենթակա են հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար նախատեսված կարգով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը (Օրենսգրքի 94-րդ հոդված):

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով դատավարական ընթացակարգերին բնորոշ կարգավորումներ ու համապատասխան երաշխիքներ են ամրագրված նաև Օրենսգրքի 143-158-րդ հոդվածներում: Դրանց առանձին դրույթներ նվիրված են ապացուցման պարտականությանը (դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթ հարուցած մարմինը), անմեղության կանխավարկածին (143-րդ հոդված), կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու և այդ գործերով քննության ժամկետներին (144 և 150-րդ հոդվածներ), կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմիններին (կարգապահական հարցերի հանձնաժողով, արդարադատության նախարար, 145-րդ հոդված), կարգապահական վարույթ հարուցելու առիթներին (146-րդ հոդված), այդ գործերով քննության ընթացքին, մասնավորապես, դատավորի իրավունքներին ու պարտականություններին (լսված լինելու, գործի նյութերին ծանոթանալու, քաղվածքներ, պատճեններ, հարցեր և բացատրություններ տալու, առարկություններ ներկայացնելու, ապացույցներ ներկայացնելու, նիստին անձամբ, ինչպես նաև փաստաբանի միջոցով մասնակցելու իրավունքները և այլն), ապացույցների հետազոտման հարցերին, գործի քննությունն ավարտելու և որոշման հրապարակման կանոններին, գործի քննության սահմաններին (գործը բացառապես համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում քննելու պարտականությունը, 151-153-րդ հոդվածներ), կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշման ընդունման ու հրապարակման կանոններին ու այդ որոշումներին ներկայացվող պահանջներին (154-155-րդ հոդվածներ), նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման հիմքերին ու կարգին (157-րդ հոդված) և այլն:

Չնայած մեջբերված դրույթների առկայությանն Օրենսգրքում՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու համար անհրաժեշտ մնացած կարգավորումներն ամբողջացվել են «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ 13-Ո-24 որոշմամբ հաստատված հավելվածում, որի 107-րդ կետի համաձայն՝ «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Խորհրդում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նկատմամբ»: Մեջբերված դրույթից, ի թիվս այլնի, հետևում է, որ բոլոր այն երաշխիքները, որոնք առկա են վարչական դատավարության կարգով գործը քննելիս (որոնցից է, օրինակ, փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, վարչական դատավարությունում կողմերի իրավունքներն ու պարտականությունները) գործում են նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննելու դեպքերում:

Սահմանադրական դատարանը գտնում է՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերջնական լինելու հարցը կարող է լուծվել ոչ միայն Սահմանադրության վերաբերելի դրույթների տեքստի, այլ նաև դրանց ծագումնաբանական մեկնաբանության միջոցով:

Մասնավորապես, 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների հիմնավորումների մեջ հստակ արտահայտված է այն գաղափարը, ըստ որի՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված` ոչ միայն դատավորի լիազորությունների դադարեցման, այլև նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցերում վերջնական որոշման իրավասությունը տրամադրվել է միայն Բարձրագույն դատական խորհրդին: Բացի դրանից, նույն հիմնավորումների մեջ հատուկ շեշտվել է, որ (Բարձրագույն դատական) «խորհրդի լիազորությունների բովանդակությունն էապես տարբերվում է գործող Սահմանադրության մեջ ամրագրված լիազորությունների բովանդակությունից: Այսպես, խորհրդին է վերապահվում վճռորոշ դերակատարություն դատավորների, այդ թվում դատարանների նախագահների նշանակման հարցում: Ընդսմին, ընտրվել է դատավորների նշանակման հարցում խորհրդի ինքնուրույն լիազորությունների մասնակի զսպման, իսկ դատավորների գործուղման, փոխադրման և հատկապես կարգապահական պատասխանատվության հարցերում՝ լիարժեք ինքնուրույնության ձևաչափը: Դա հատկապես կարևոր է խորհուրդը որպես բարձրագույն կարգապահական մարմին կառուցակարգելու տեսանկյունից, որի որոշումները պետք է լինեն վերջնական և անբողոքարկելի» (ընդգծումները` Սահմանադրական դատարանի):

Այսպիսով, ամփոփելով ամբողջ վերոգրյալը, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների, ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների վերաբերյալ վերլուծություններն ու մեջբերումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը զրկված չէ իր նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կիրառված նորմի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու (ինչը տեղի է ունեցել սույն գործով) և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի խախտման դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություններից:

Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը, դրա ձևավորման կարգի, ինչպես նաև գործունեության սկզբունքների առկայությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

______________________

1 Սույն գործի շրջանակներում «դատավոր» եզրույթը վերաբերում է ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորներին:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

15 նոյեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1488

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան