Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«29» հուլիսի 1992 թ.
Հ.Ն-0681-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հարաբերությունների փոխակերպման կազմակերպական-իրավական հիմքերը` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով արդյունավետ շուկայական տնտեսություն ստեղծելու համար:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը կարգավորում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման իրավահարաբերությունները:
Սույն օրենքը սահմանում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման օբյեկտները, սուբյեկտները, ձևերը, կարգն ու պայմանները:
Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների, կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմաս հանդիսացող գույքային համալիրների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների վրա:
Օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպություններին պատկանող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների, դրանցում այդ կազմակերպությունների բաժնեմաս հանդիսացող գույքի, ինչպես նաև պետական գույքը այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական ֆունկցիաները կատարելու հետ:
Հողային և բնակարանային ֆոնդերի, անվճար ծառայությունների ոլորտների, ինչպես նաև մշակութային և պատմական արժեք ներկայացնող օբյեկտների սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների և ձեռնարկությունների կողմից գույքային համալիր չհանդիսացող պետական գույքի առանձին օբյեկտների օտարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հասկացությունները |
1. Պետական ձեռնարկությունը սեփականության իրավունքով պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ձեռնարկությունն է կամ դրանց միավորումը կամ գույքային համալիր հանդիսացող և կազմակերպական-իրավական տեսակետից մեկուսացված, իսկ ֆունկցիոնալ առումով` ինքնուրույն գործելու հնարավորություն ունեցող ստորաբաժանումն է, ինչպես նաև կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերը:
Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է սեփականաշնորհվող տվյալ օբյեկտի սեփականաշնորհման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության նոր սեփականատիրոջ միջև սեփականաշնորհումը վավերացնող պայմանագրի կնքման պահը:
Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է ապապետականացման ընթացքում գտնվող դրա ապապետականացման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության ապապետականացման սուբյեկտի միջև պայմանագրի կնքման պահը:
2. Անավարտ շինարարության օբյեկտը պետական (իշխանության տեղական մարմինների) սեփականություն կամ պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող բաժնեմաս հանդիսացող`
ա) սահմանված կարգով հաստատված նախագիծ և հատկացված հողատարածություն ունեցող օբյեկտն է, որում շինմոնտաժային աշխատանքները չեն սկսած.
բ) օբյեկտն է, որում իրականացվել են կամ իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ և որը սահմանված կարգով գործարկված կամ կոնսերվացված չէ.
գ) օբյեկտն է, որը սահմանված կարգով կոնսերվացված է:
3. Ոչ պետական են համարվում այն ձեռնարկությունները, որոնց գույքի 50 տոկոսից ավելին քաղաքացիների կամ կոլեկտիվ սեփականություն է:
4. Պետական մասնակցությամբ ձեռնարկություններ են համարվում այն ձեռնարկությունները, որոնց գույքի կազմում պետության (իշխանության տեղական մարմինների) սեփականության մասը 50 և ավելի տոկոսն է:
5. Քաղաքացիների խումբ է համարվում համատեղ գործունեություն իրականացնելու նպատակով պայմանագրային հիմունքներով միավորված ֆիզիկական անձանց խումբը:
6. Սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով ձեռնարկության սեփականաշնորհման մասին սույն օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելու պահին ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում`
ա) տվյալ ձեռնարկությունում աշխատողները.
բ) տվյալ ձեռնարկությունում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ձեռնարկությունից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ձեռնարկությունում առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.
ե) տվյալ ձեռնարկությունում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
զ) ձեռնարկությունների սեփականաշնորհման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, որոնք տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
է) ձեռնարկության սեփականաշնորհման մասին լիազորված պետական մարմնի կողմից որոշում ընդունելու կամ սույն օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհման մասին հայտ ներկայացնելու պահից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատված անձինք.
ը) տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք:
Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ սույն կետի միայն մեկ ենթակետով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում:
7. Ապապետականացմանը մասնակցելու իրավունք ունեցող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում դրա ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում մշտական աշխատողները:
8. Օտարերկրյա անձինք են համարվում`
ա) այլ պետությունների քաղաքացիները.
բ) այլ պետությունների իրավաբանական անձինք.
գ) միջազգային կազմակերպությունները.
դ) այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպություններին, այլ պետություններին լրիվ կամ առավելապես (գույքի կեսից ավելի մասով) պատկանող ձեռնարկությունները, դրանց դուստր ձեռնարկությունները.
ե) համատեղ ձեռնարկությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում օտարերկրյա մասնակցի բաժինը կեսից ավելին է:
9. «Փոքր» սեփականաշնորհում է համարվում ավտոմոբիլային տրանսպորտի, հասարակական սննդի, բնակարանային-կոմունալ տնտեսության, կենցաղային սպասարկման, բնակչությանը մատուցվող այլ վճարովի ծառայությունների ճյուղերի մինչև 50 հաստիքացուցակային աշխատող ունեցող պետական ձեռնարկությունների, մանրածախ և մեծածախ առևտրի, մթերող կազմակերպությունների մինչև 25 հաստիքացուցակային աշխատող ունեցող պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը:
«Փոքր» սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունները համարվում են «փոքր» օբյեկտներ:
Հոդված 3. | Սեփականաշնորհման հասկացությունը |
Սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին ու պետական մասնակցությամբ ձեռնարկություններին և օտարերկրյա անձանց:
Սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունք ձեռք բերած անձանց փոխանցվում են նախկին սեփականատիրոջ գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սեփականաշնորհման մասին որոշմամբ կարող են ժամանակավորապես սահմանափակվել սեփականաշնորհվող ձեռնարկության արտադրական պրոֆիլի փոփոխման, պետական պատվերի ընդունման, աշխատանքային պայմանագրերի լուծման և ձեռնարկության օտարման իրավունքները:
Պետական ձեռնարկությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքային համալիրների կամ գույքի առանձին տեսակների ձեռքբերումը սեփականաշնորհում չի համարվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 4. | Ապապետականացման հասկացությունը |
Ապապետականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ձեռնարկություններին, օտարերկրյա անձանց լիազորագրային կառավարման, վարձակալության, ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար` առանց պետական սեփականության իրավունքի օտարման:
Պետական ձեռնարկությունների մասնակցությունը ապապետականացմանը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը |
1. Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունները և սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ամենամյա ծրագրով:
Ծրագրի նախագիծը ծրագրի գործադրմանը նախորդող տարվա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշնանային նստաշրջանին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը մինչև ծրագրի գործադրման տարվա սկիզբը որոշում է կայացնում ծրագիրն ընդունելու մասին:
2. Ծրագրի նախագիծը մշակվում է առաջիկա մեկ տարվա համար և բովանդակում է սեփականաշնորհման և ապապետականացման այդ տարվա առաջադրանքները, հիմնական ուղղությունները հաջորդ երկու տարվա համար, ինչպես նաև նախորդ տարվա ծրագրի կատարման վերլուծությունը:
Ծրագրի նախագիծը պետք է բովանդակի.
ա) սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները.
բ) այն ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, որոնց սեփականաշնորհումը և ապապետականացումը (ըստ առանձին ձևերի) առաջիկա տարում չի նախատեսվում.
գ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտները, որոնք նախատեսված են սեփականաշնորհման առաջիկա տարում, նշելով`
այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ բաժնետոմսերին ազատ բաժանորդագրությամբ և սույն օրենքով նախատեսված այլ ձևերով.
այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը կատարվում է նրանց աշխատավորական կոլեկտիվների և այլ անձանց նախաձեռնությամբ.
դ) այն ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնց ապապետականացումը չի կարող զուգակցվել սեփականաշնորհման հետ.
ե) սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը, սերտիֆիկատներ ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց, սերտիֆիկատների թողարկման, բաշխման, շրջանառության և փոխանակման կարգը, սերտիֆիկատների անվանական արժեքը և դրանք ստանալու վճարի չափը.
զ) տարաժամկետ վճարումների սանդղակը ըստ ձեռք բերվող բաժնետոմսերի և սեփականաշնորհվող ձեռնարկությունների արժեքի` առանձին «փոքր» օբյեկտների և անավարտ շինարարության օբյեկտների համար, այդ թվում և օտարերկրյա փոխարկելի արժույթով.
է) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները.
ը) պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելու պայմանները.
թ) սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ տնտեսության ոլորտների և առանձին ձեռնարկությունների.
ժ) սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունների սահմանափակումները.
ժա) սեփականաշնորհումից և ապապետականացումից առաջիկա տարում ստացվելիք միջոցների օգտագործման բնագավառները և բաշխման գործակիցներն ըստ օգտագործման բնագավառների.
ժբ) սեփականաշնորհումից և ապապետականացումից ստացվելիք միջոցները Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, պետական բյուջեի և իշխանության տեղական մարմինների միջև բաշխելու գործակիցները:
Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պահանջով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցանկն ըստ առանձին ճյուղերի, ենթաճյուղերի և տարածքների:
3. Տվյալ տարվա սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, եթե դրանք տարբեր պատճառներով դեռ չեն սեփականաշնորհվել կամ դրանց սեփականաշնորհումը դեռ չի ավարտվել, չեն կարող հաջորդ տարիների ծրագրերում տեղափոխվել այն ձեռնարկությունների ցանկը, որոնց սեփականաշնորհումը առաջիկա տարում չի նախատեսվում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները չեն կարող տեղափոխվել որևէ այլ ցանկ:
4. Ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ցանկերում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնց նախագծերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Դրանք հաստատվելուց հետո համապատասխանաբար ավելացվում է սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը:
Հոդված 6. | Սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտները |
1. Սեփականաշնորհման (պետական գույքի ձեռքբերման) սուբյեկտներն են`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.
ոչ պետական ձեռնարկությունները.
պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե սեփականաշնորհվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.
օտարերկրյա անձինք:
2. Ապապետականացման (իրավունքի ձեռք բերման) սուբյեկտներն են`
ապապետականացվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը.
ոչ պետական ձեռնարկությունները.
պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե ապապետականացվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.
օտարերկրյա անձինք:
3. Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման կամ ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամները սեփականաշնորհմանը և ապապետականացմանը կարող են մասնակցել այն դեպքում, եթե այդ մասին նշված է ծրագրում:
4. Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո: Սեփականաշնորհման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներ օգտագործելու դեպքում քաղաքացիների շահերը կարող են ներկայացնել համապատասխան ինվեստիցիոն հիմնադրամները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով:
Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները ապապետականացմանը մասնակցելու համար սույն օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծեն համապատասխան ձեռնարկություն:
5. Սեփականաշնորհվող ձեռնարկության աճուրդին, մրցույթին, բաժնետոմսերի բաժանորդագրությանը, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված սեփականաշնորհման այլ ձևերին, ինչպես նաև ապապետականացմանը մասնակցելու համար իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հայտ են ներկայացնում սեփականաշնորհումը կամ ապապետականացումը իրականացնող պետական լիազորված մարմնին, որտեղ նշում են տեղեկություններ այդ ձեռնարկությունների սեփականատիրոջ (սեփականատերերի) և կանոնադրական հիմնադրամի նրա բաժնեմասի (բաժնեմասերի) վերաբերյալ:
6. Սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունք ձեռք բերած, ինչպես նաև ապապետականացման հետևանքով պետական գույքի տիրապետման կամ տիրապետման և օգտագործման իրավունք ստացած սուբյեկտների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նորաստեղծ ձեռնարկությունների համար սահմանված հարկային արտոնությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ նորաստեղծ ձեռնարկությունը սեփականաշնորհման սուբյեկտ է դարձել լուծարված պետական ձեռնարկության գույքի սեփականաշնորհման հետևանքով:
7. Ազգայնացված, բռնագրավված կամ այլ ձևով պետականացված ձեռնարկությունների նախկին սեփականատերերը, նրանց ժառանգները, իրավահաջորդները այդ ձեռնարկությունների սեփականաշնորհմանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով:
Հոդված 7. | Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ձեռքբերման համար օգտագործվող միջոցները |
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ձեռքբերման համար օգտագործվում են քաղաքացիների եկամուտները և խնայողությունները, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների եկամուտները, սեփականաշնորհման սերտիֆիկատները, իսկ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների սեփականատեր դառնալու դեպքում` տվյալ ձեռնարկության տնտեսական խրախուսման ֆոնդերը: Քաղաքացիները, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները կարող են օգտվել նաև վարկային կամ այլ փոխառու միջոցներից:
Սեփականաշնորհվող գույքի ձեռքբերման համար օգտագործվող վերը նշված միջոցները հավասարազոր են և ընդունման համար պարտադիր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Արգելվում է այդ միջոցների` որպես սեփականաշնորհվող գույքի համար վճարման միջոց, օգտագործման վրա որևէ սահմանափակում դնելը, եթե դրանք սահմանված չեն սույն օրենքով կամ ծրագրով:
Ծրագրով նշված դեպքերում որոշ օբյեկտների համար որպես վճարման միջոց օգտագործվում է միայն օտարերկրյա փոխարկելի արժույթը:
Հոդված 8. | Սեփականաշնորհման սերտիֆիկատներ |
Ելնելով ծրագրից և Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Սեփականաշնորհման բնագավառում անչափահասների իրավունքները իրականացնում են ծնողները կամ նրանց իրավունքների և շահերի օրինական ներկայացուցիչները:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու կարգը, պայմանները և թողարկման ծավալը սահմանվում է ծրագրով: Սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը պակաս չպետք է լինի այդ ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների արժեքի 30 տոկոսից:
Սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը սահմանվում է ծրագրով և չպետք է գերազանցի այդ ծրագրի գործադրման ժամկետը: Տվյալ ծրագրի գործադրման ժամկետում չօգտագործված սեփականաշնորհման սերտիֆիկատները փոխանակվում են սեփականաշնորհման նոր սերտիֆիկատների հետ` ելնելով այդ ծրագրի կատարման աստիճանից և նոր ծրագրում սեփականաշնորհման համար նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վերագնահատված արժեքից: Սեփականաշնորհման սերտիֆիկատների փոխանակման կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստը վավերացվում է համապատասխան նշումով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հավաստող փաստաթղթում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները դրանք ստանալու իրավունքն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև բաշխվում են հավասարաչափ և առանց վճարելու դրանց անվանական արժեքի համար: Սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը սահմանվում է ծրագրով` ելնելով դրանց տպագրության, բաշխման, շրջանառության և փոխանակման ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որը նշված է այդ սերտիֆիկատների վրա: Սեփականաշնորհման սերտիֆիկատները օրինական վճարման միջոց են սեփականաշնորհվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի համար և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են ընդունման միայն անվանական արժեքով և դրանց գործողության ժամկետներում: Սեփականաշնորհման սերտիֆիկատների վրա անվանական արժեքը նշվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` ինչպես դրանց տերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից ազատ ձևավորվող գներով:
Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն ետգնման պետության կողմից, և պետությունը, պետական կազմակերպություններն ու ձեռնարկությունները չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:
Սեփականաշնորհման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվող մասի արժեքը չի սահմանափակվում:
Սեփականաշնորհման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս են բերվում շրջանառությունից և մարվում:
Հոդված 9. | Ձեռնարկությունների սեփականաշնորհմանը մասնակցելու աշխատավորական կոլեկտիվների իրավունքը |
Սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն դրա գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ:
Սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները սեփականաշնորհմանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով: Միաժամանակ աշխատավորական կոլեկտիվին տրվում են հետևյալ արտոնությունները:
ա) սեփականաշնորհվող գույք ձեռք բերելու նախապատվություն այլ գնորդների նկատմամբ: Սույն արտոնությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվների վրա.
բ) սեփականաշնորհվող գույքը այլ անձանց կողմից ձեռք բերելու կամ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ աշխատավորական կոլեկտիվին վերապահվում է գույքի արժեքի որոշակի մասը, բայց ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքի 30 տոկոսից ոչ ավելի չափով: Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» օբյեկտների վրա.
գ) ձեռք բերվող գույքի համար վճարման զեղչ` աշխատավորական կոլեկտիվին հասանելիք բաժնեմասի 10 տոկոսի չափով, որը չի տարածվում «փոքր» օբյեկտների վրա.
դ) տարաժամկետ վճարում ձեռք բերվող գույքի և ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվող գույքի բաժնեմասի կամ բաժնետոմսերի համար` ծրագրով հաստատված սանդղակով.
ե) պետական ձեռնարկության տնտեսական խրախուսման ֆոնդերի մնացորդների հաշվին բաժնեմասերի կամ բաժնետոմսերի արժեքի վճարման իրավունք` վճարման պահին ձեռնարկությունում աշխատող սեփականաշնորհմանը մասնակցող աշխատավորական կոլեկտիվի անդամների քանակի համամասնությամբ.
զ) առաջին վճարի չափի կրճատում երկու անգամ կամ տարաժամկետ վճարման ժամկետի երկարացում 50 տոկոսով` աղետի գոտում և հեռավոր սահմանամերձ շրջաններում գտնվող սեփականաշնորհվող ձեռնարկությունների համար: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ տրվում է այդ արտոնություններից միայն մեկը.
է) մեկ աշխատատեղով «փոքր» օբյեկտների վճարման զեղչ դրանցում աշխատող հաշմանդամների համար` վաճառք վերագնահատված մնացորդային արժեքով.
ը) իրենց հասանելիք բաժնեմասի կամ բաժնետոմսերի վճարման զեղչեր` պատերազմների մասնակիցների և երրորդ կարգի հաշմանդամների համար` արժեքի 40 տոկոսի չափով, երկրորդ կարգի հաշմանդամների համար` 50 տոկոսի չափով, առաջին կարգի հաշմանդամների համար` 60 տոկոսի չափով:
Հոդված 10. | Սեփականաշնորհմանը մասնակցելու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և քաղաքացիների խմբերի իրավունքը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը սույն օրենքով սահմանված կարգով կարող են մասնակցել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը`
ա) սեփականաշնորհվող ձեռնարկության (բացի «փոքր» օբյեկտներից) աշխատավորական կոլեկտիվի հետ միասին` վերջինիս համաձայնությամբ.
բ) աճուրդին և մրցութային վաճառքին մասնակցելով.
գ) բաժնետոմսերին բաժանորդագրվելով և գնելով:
Ելնելով սույն հոդվածում նշված պայմաններից, ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում են հետևյալ արտոնությունները`
ա) բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվող ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամի որոշակի մասի վերապահում ազատ բաժանորդագրման համար (կանոնադրական հիմնադրամի 30 տոկոսից ոչ պակաս).
բ) ձեռք բերվող գույքի կամ բաժնետոմսերի համար տարաժամկետ վճարում ըստ ծրագրում հաստատված սանդղակի:
Հոդված 11. | Ոչ պետական ձեռնարկությունների, պետական մասնակցությամբ ձեռնարկությունների և օտարերկրյա անձանց սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունք |
Գործող ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք կարող են մասնակցել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
Գործող պետական մասնակցությամբ ձեռնարկությունները չեն կարող մասնակցել պետական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականաշնորհվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը` եթե այլ բան չի նախատեսված ծրագրով:
Ծրագրում նշված դեպքերում օտարերկրյա անձինք ծրագրով նախատեսված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը մասնակցում են ազատ փոխարկելի արժույթով:
Ոչ պետական ձեռնարկությունները և պետական մասնակցությամբ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա անձինք տարաժամկետ վճարման արտոնություններից կարող են օգտվել ծրագրով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակների համաձայն:
Հոդված 12. | Ապապետականացմանը մասնակցելու իրավունքը |
Պետական ձեռնարկությունները լիազորագրային կառավարման տրամադրելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրային սեփականատեր դառնալու հավասար իրավունք ունեն տվյալ ձեռնարկության աշխատողներ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նրանց խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա անձինք: Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները իրավունք ունեն լիազորագրային սեփականատեր դառնալ միայն տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը լիազորագրային կառավարման տրամադրելիս, եթե այլ բան չի նախատեսված ծրագրով:
Պետական ձեռնարկությունները վարձակալության, ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար տրամադրելիս նախապատվության իրավունք ունեն դրանց աշխատավորական կոլեկտիվները:
Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող մասի վարձակալության նախապատվության իրավունք ունեն տվյալ ձեռնարկության ոչ պետական սեփականություն հանդիսացող մասի սեփականատերերը:
Պետական ձեռնարկությունները վարձակալությամբ, ինչպես նաև ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) համաձայնությամբ հավասար իրավունքներով տրամադրվում են տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց` սույն օրենքի 38 հոդվածով նախատեսված կարգով:
Անավարտ շինարարության օբյեկտները, ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն կառուցելու համար, հավասար իրավունքներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց` սույն օրենքի 41 հոդվածով նախատեսված կարգով:
Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները իրավունք չունեն հանդիսանալ պետական ձեռնարկության վարձակալ, ինչպես նաև մասնակցել պետական ձեռնարկության կամ անավարտ շինարարության օբյեկտի հիման վրա ոչ պետական ձեռնարկության կամ պետական մասնակցությամբ այլ ձեռնարկության ստեղծմանը, եթե այլ բան չի նախատեսված ծրագրով:
Հոդված 13. | Սեփականաշնորհված և ապապետականացված ձեռնարկության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները |
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, ելնելով ծրագրից, սահմանափակում է սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկության նոր սեփականատերերի (սեփականատիրոջ) կամ նրանց կողմից լիազորված մարմինների իրավունքը` մինչև 6 ամիս ժամկետով փոփոխելու աշխատողների նվազագույն քանակը:
Աշխատավորական կոլեկտիվի առանձին անդամների համաձայնությամբ աշխատողների նվազագույն քանակի վրա դրված սահմանափակումը կարող է խախտվել նոր սեփականատիրոջ կողմից: Այդ դեպքում աշխատանքից ազատելը տեղի է ունենում սահմանված ժամկետից շուտ, և սեփականատերը պարտավոր է փոխհատուցել համաձայնություն տված աշխատողի կրած վնասը, վճարելով չաշխատած ժամկետի համար` ըստ տվյալ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի:
Սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկության նոր սեփականատերերը (սեփականատերը) կամ նրանց կողմից լիազորված մարմինները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի հետ երեք ամսվա ընթացքում կնքել կոլեկտիվ պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկության նոր սեփականատերերը (սեփականատերը) կամ նրանց կողմից լիազորված մարմինները վեց ամսվա ընթացքում կնքում են աշխատանքային նոր պայմանագիր: Մինչև նոր պայմանագրերի կնքումը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը:
II. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 14. | Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը`
ա) ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը, ծրագրի լրացումները և փոփոխությունները.
բ) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը և ծրագրի իրագործումը, անհրաժեշտության դեպքում ստեղծելով համապատասխան կառուցվածքներ.
գ) Հայաստանի Հանրապետության նախագահի հետ համատեղ ստեղծում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով, հաստատում նրա նախագահին.
դ) տարին երկու անգամ քննարկում է ծրագրի կատարման ընթացքը:
Հոդված 15. | Հայաստանի Հանրապետության նախագահի իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում |
Հայաստանի Հանրապետության նախագահը`
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշնանային նստաշրջանին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջիկա տարվա ծրագրի նախագիծը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծրագրի լրացումների և փոփոխությունների նախագծերը.
բ) ելնելով սույն օրենքից և ծրագրից, սահմանում է սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման և շրջանառության կարգը.
գ) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, անհրաժեշտության դեպքում ստեղծելով համապատասխան կառուցվածքներ.
դ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հետ համատեղ ստեղծում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով:
Հոդված 16. | Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) իր որոշումներով հաստատում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կայացրած որոշումները.
բ) Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատները, ապահովում, որպես սեփականաշնորհման համար վճարման միջոց, դրանց բաշխումը և ընդունումը, փոխանակումը և մարումը.
գ) սույն օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերին համապատասխան հաստատում է սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը, դրանց սեփականաշնորհումը ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտեր:
Հոդված 17. | Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, նրա իրավասությունը |
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմին:
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումներն իրավական ուժ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո:
Հանձնաժողովի կազմը սահմանվում է 20 հոգուց, որոնցից 10-ին ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, իսկ մնացած 10-ին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Հանձնաժողովի կազմից հանձնաժողովի նախագահի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովի անդամների և նախագահի իրավասությունների ժամկետը հինգ տարի է: Հանձնաժողովի նախագահը չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն:
Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը որոշիչ է:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը`
ա) մշակում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի նախագիծը, ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահին.
բ) ծրագրին համապատասխան և սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, քննարկում է սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը, որոշումներ է ընդունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվներին առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալությամբ հանձնելու հարցերի).
գ) մշակում է սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը և դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտերի նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
դ) ելնելով ծրագրից, սեփականաշնորհման մասնակիցների նկատմամբ կիրառում է սահմանափակումներ, որոնք վերաբերում են`
անհատ մասնակցին հասանելիք բաժնեմասի կամ բաժնետոմսերի գումարին կամ տոկոսաչափին.
առանձին մասնակիցներին (ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին և պետական մասնակցությամբ ձեռնարկություններին, օտարերկրյա անձանց) հասանելիք բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գումարին կամ տոկոսաչափին.
բոլոր մասնակիցներին հասանելիք գումարային բաժնեմասին կամ բաժնետոմսերին` նշելով պետությանը պատկանող մասը.
ե) ծրագրի պահանջներից ելնելով իրականացնում է ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհման, այդ նպատակով ստեղծելով համապատասխան հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տեղական մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.
զ) վերահսկում է ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարումը.
է) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, այդ թվում սեփականաշնորհման նախապատրաստման աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը դրանց աշխատավորական կոլեկտիվի կողմից, սահմանված ձևով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տեղական մարմիններից.
ը) կասեցնում է պետական կառավարման և հանրապետական և տեղական մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են սույն օրենքին, ծրագրին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերին, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի «դ», «ե», «զ» ենթակետերի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կայացրած որոշումներին և դիմում Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկելով վերացնել այդ որոշումները.
թ) որոշում, հրապարակում և եռամսյակը մեկ անգամ ճշգրտում է սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.
ժ) քննարկում է սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունները, դիմումները և գանգատները.
ժա) տարին առնվազն երկու անգամ հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին և Հայաստանի Հանրապետության նախագահին, որոնցում տրվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, տեղ գտած խախտումների և թերությունների վերլուծությունը, արվում առաջարկություններ սեփականաշնորհման և ապապետականացման կազմակերպման, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորությունները:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվում է աշխատակազմ, որի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ և նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի և նրա աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 18. |
Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում |
1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին, պետական մասնակցությամբ ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը`
ա) գնահատում է սեփականաշնորհվող, ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրվող և գնման իրավունքով վարձակալությամբ տրվող պետական ձեռնարկությունների գույքի, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) իրականացնում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով.
գ) ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից, սահմանում է սեփականաշնորհվող օբյեկտի համար վճարումների չափերը, ժամկետները և կարգը, հետևում է վճարումների կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.
դ) ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի համապատասխան որոշումից, սահմանափակումներ է դնում սեփականաշնորհվող օբյեկտների գործունեության վրա (այդ թվում գործունեության պրոֆիլի պահպանմանը և աշխատակիցների քանակին վերաբերող), հետևում է դրանց կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.
ե) տվյալ օբյեկտը ձեռք բերող անձի հետ կնքում է սեփականաշնորհման պայմանագիր, հետևում է դրա կատարմանը և պայմանագիրը խախտելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը իր գործունեությունն իրականացնելու համար կարող է ստեղծել տարածքային բաժանմունքներ:
Հոդված 19. | Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում |
Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները`
ա) ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումներից, իրականացնում են իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստելու գործունեությունը.
բ) իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին` առանց գույքի գնման իրավունքի.
գ) իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ տրամադրում են`
այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին վարձակալության` գույքի գնման իրավունքով.
տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին վարձակալության` մրցույթով կամ աճուրդով.
ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար.
քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին լիազորագրային կառավարման` մրցույթով կամ աճուրդով.
դ) անավարտ շինարարության այն օբյեկտները, որոնց գլխավոր պատվիրատուներն իրենք են, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ մրցույթով կամ աճուրդով տրամադրում են ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ կառուցելու համար.
ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրենց վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 20. | Պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում |
Պետական կառավարման տեղական մարմինները`
ա) ելնելով ծրագրից ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումներից, իրականացնում են իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստելու գործունեություն.
բ) իրենց պատկանող ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին` առանց գույքի գնման իրավունքի.
գ) իրենց պատկանող ձեռնարկությունները սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ տրամադրում են`
այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին վարձակալության` գույքի գնման իրավունքով.
տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին վարձակալության` մրցույթով կամ աճուրդով,
ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար,
քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` լիազորագրային կառավարման` մրցույթով կամ աճուրդով.
դ) անավարտ շինարարության այն օբյեկտները, որոնց գլխավոր պատվիրատուներն իրենք են, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ մրցույթով կամ աճուրդով տրամադրում են ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ կառուցելու համար.
ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրենց վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 21. | Ինվեստիցիոն հիմնադրամները |
Սեփականաշնորհման արժեթղթերի շուկա ստեղծելու և դրանց գնորդների, ինչպես նաև սեփականաշնորհման սերտիֆիկատների տերերի ռիսկը պակասեցնելու համար ստեղծվում են ինվեստիցիոն հիմնադրամներ: Ինվեստիցիոն հիմնադրամների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
III. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 22. | Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման ձևերը |
1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը իրականացվում է`
ա) աճուրդով կամ մրցույթով վաճառելու ձևով.
բ) գույքը օտարելով աշխատավորական կոլեկտիվի կամ այլ անձանց կողմից կազմված տնտեսական ընկերակցություններին, սահմանափակ պատասխանատվությամբ և բաժնետիրական ընկերություններին.
գ) ձեռնարկության բաժնեմասերը կամ բաժնետոմսերը վաճառելու ձևով.
դ) վարձակալած գույքը վարձակալի կողմից հետ գնելու ձևով.
ե) ձեռնարկության ոչ պետական սեփականատերերի կողմից պետական բաժնեմասը ետ գնելու ձևով:
2. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման ձևի ընտրության մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով և ելնելով ծրագրից, կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
Հոդված 23. | Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերի ներկայացման և քննարկման կարգը |
1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեն սույն օրենքի 6 հոդվածում նշված անձինք:
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
Սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Աշխատավորական կոլեկտիվի ներկայացրած սեփականաշնորհման հայտը քննարկվում է միայն այն դեպքում, եթե այն բովանդակում է տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշումը ձեռնարկության սեփականաշնորհումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական ընկերակցություն (միայն «փոքր» օբյեկտների համար), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Լիազորների ժողովին կամ կոնֆերանսին որպես ներկայացուցիչ պետք է ընտրվեն ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, բայց ոչ պակաս, քան 10 աշխատողին 1 ներկայացուցիչ: Ժողովին (լիազորների ժողովին կամ կոնֆերանսին) պետք է ներկա գտնվի ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների (ներկայացուցիչների) առնվազն 2/3-ը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել ներկա գտնվողների առնվազն 3/4-ը: Որոշումը կայացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
3. Ձեռնարկությունը այլ անձանց սեփականաշնորհելու իրավունք ունենալու համար Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը պետք է գրավոր առաջարկի ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին օգտվելու սեփականաշնորհման նախապատվության իր իրավունքից:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի գրավոր առաջարկը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացնի ձեռնարկությունը սեփականաշնորհելու ցանկության մասին իր հայտը կամ նույն կարգով հրաժարվի սեփականաշնորհումից:
Նշված ժամկետում հայտը կամ սեփականաշնորհումից հրաժարվելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին չներկայացնելու դեպքում վերջինս կարող է որոշում նախապատրաստել սույն օրենքով սահմանված կարգով տվյալ ձեռնարկությունը այլ անձանց սեփականաշնորհելու մասին:
4. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից դրանք ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, իսկ «փոքր» (այդ թվում և անավարտ շինարարության) օբյեկտների համար` մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտ ներկայացնող անձանց:
5. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ.
բ) եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհումը արգելված է ծրագրով.
գ) եթե հաշվի չեն առնված տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
6. Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը վավերացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որում պետք է նշված լինեն`
նոր ստեղծված ձեռնարկության կազմակերպական-իրավական ձևը և նրա ստեղծման առանձնահատկությունները,
սեփականաշնորհման համար անհրաժեշտ նախապատրաստական գործողությունների բովանդակությունը, դրանց իրականացման ժամկետները և կատարողները,
պետական գույքի ետգնման կարգը և ժամկետները,
տրամադրվող զեղչերը և արտոնությունները,
պետական բաժնեմասի տնօրինման կարգը (եթե այն պահպանվելու է),
պետության ներկայացուցիչը, եթե պահպանվում է պետական բաժնեմասը,
ձեռնարկության արտադրական և սոցիալական զարգացման ֆոնդերի տնօրինման կարգը,
պետական գույքի գնահատման պայմանները և գնահատումը իրականացնող մարմինը,
անհրաժեշտության դեպքում` հատուկ պայմանները (գնագոյացման կարգը, բաժնեմասերի և բաժնետոմսերի քանակի, առանձին անձանց մասնակցության, գործունեության բնագավառները և այլ սահմանափակումներ, փոխհարաբերությունները պետական մարմինների հետ և այլն):
Հոդված 24. | Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման |
1. Սեփականաշնորհմանը ձեռնարկության նախապատրաստումը ձեռնարկության սեփականաշնորհմանը նախորդող այն անհրաժեշտ գործողությունների իրականացումն է, առանց որոնց սեփականաշնորհումը չի կարող տեղի ունենալ:
Ձեռնարկությունը սեփականաշնորհման նախապատրաստող գործողությունների բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, ելնելով ծրագրից, իսկ իրականացնում են այդ հանձնաժողովի կողմից նշանակված համապատասխան հանձնաժողովները կամ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և պետական կառավարման տեղական մարմինները:
2. Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման կարող է բովանդակել.
ձեռնարկության հիմնական և շրջանառու ֆոնդերի գույքագրումը, նրա ֆինանսական վիճակի վերլուծությունը և կարգավորումը,
ձեռնարկության վերակազմավորումը (բաժանումը, միացումը այլ ձեռնարկությունների հետ, առանձնացումը գործող ձեռնարկության կազմից),
ձեռնարկությունում զբաղվածության կառուցվածքի փոփոխությունները,
ձեռնարկության կամ նրա առանձին ստորաբաժանումների լուծարումը:
3. Ձեռնարկության ֆինանսական վիճակի կարգավորումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացման հիման վրա և կարող է բովանդակել ձեռնարկության գույքի վերագնահատումը դրա մի մասի դուրսգրմամբ, ինչպես նաև ձեռնարկության պարտավորությունների կամ դրանց մի մասի մարումը, վճարումների հետաձգումը, նպատակային վարկավորումը, ինչպես նաև այլ ձեռնարկությունների միջոցների օգտագործմամբ ֆինանսական կարգավորումը:
4. Ձեռնարկության վերակազմավորումը այլ ձեռնարկությունից առանձնացնելու, այլ ձեռնարկության հետ միաձուլելու կամ ձեռնարկությունների միավորում ստեղծելու ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացման հիման վրա այն դեպքում, երբ`
հնարավոր չէ ձեռնարկության սեփականաշնորհումը որպես ամբողջական միավոր,
հնարավոր չէ ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների սեփականաշնորհումը միևնույն ձևով կամ եղանակով,
անհրաժեշտ է վերացնել տվյալ ձեռնարկության մենաշնորհային դրությունը դրա սեփականաշնորհումից առաջ.
անհրաժեշտ է հասնել արտադրական և տեխնոլոգիական ամբողջականացման կամ արտաքին շուկայում ամրապնդել արտադրանքի մրցունակությունը:
5. Սեփականաշնորհմանը նախապատրաստելու հետևանքով զբաղվածության կառուցվածքի փոփոխման պատճառով աշխատանքը կորցրած անձինք համարվում են պետական ձեռնարկության լուծարման պատճառով աշխատանքը կորցրած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն նպաստ ստանալ աշխատանքից ազատվելու կապակցությամբ:
Հոդված 25. | Սեփականաշնորհվող ձեռնարկության գինը և վճարման ձևերը |
1. Պետական ձեռնարկության գինը նրա գույքագրման և տարեկան հաշվեկշռի հիման վրա որոշում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այդ գնով ձեռնարկությունները սույն օրենքով սահմանված կարգով առաջարկվում են իրենց աշխատավորական կոլեկտիվներին: Այդ գները մեկնարկային են ձեռնարկությունները աճուրդով կամ մրցույթով սեփականաշնորհելու ժամանակ:
2. «Փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են ելնելով դրանց գույքի վերագնահատված արժեքից և զբաղեցրած տարածքից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից հաստատված տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների մեծության հիման վրա:
3. Ծրագրում սահմանված առավել արժեքավոր և արտաքին շուկայում բարձր մրցունակություն ունեցող արտադրանք թողարկող ձեռնարկությունների մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:
4. Ձեռք բերվող պետական ձեռնարկությունների գույքի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի համար վճարումը կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ: Գնման իրավունքով վարձակալության դեպքում պետական ձեռնարկության գույքի գնումը համարվում է տարաժամկետ վճարում:
Վարձակալությամբ տրված պետական ձեռնարկությունների գույքի համար վարձակալական վճարը չի կարող համարվել պետական գույքի գնման վճար և հանդես գալ որպես այդպիսին:
Վճարման ձևը և վճարման պայմանները, ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 26. | Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերություններին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի համար պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հարցը քննարկելու հիմք է հանդիսանում աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերությունների սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտը:
2. Աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնությամբ ստեղծված սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը կայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
3. Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տալիս ներկայացնել կոլեկտիվը ընկերություն ստեղծելիս ու սեփականաշնորհումն իրականացնելիս և կատարել համապատասխան գործողություններ: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) ձայների 3/4-ի մեծամասնությամբ նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցության չափը ապագա ընկերության մեջ, ինչպես նաև նախաձեռնող խմբի կազմի մեջ ընդգրկել սեփականաշնորհման իմաստով տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող անձանց, որոնց թիվը չպետք է գերազանցի նախաձեռնող խմբի 1/3-ից, բայց 3 հոգուց ոչ ավելի: Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամներ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
4. Պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո, տվյալ աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծվող ընկերության նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռնամուխ է լինում ընկերության ստեղծմանն ու գրանցմանը: Ընկերությունը, սահմանված կարգով գրանցվելուց հետո, պաշտոնապես դիմում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը ձեռնարկության գույքը վերագնահատելու համար:
5. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններ կարող են ստեղծվել նաև պետական ձեռնարկությունների բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հաշվարկային հաշիվ չունեցող այլ առանձնացված (ոչ սպասարկող) ստորաբաժանումների հիման վրա, այդ թվում նաև վարձակալության տրված, եթե վերջիններիս առանձնացումը բացասաբար չի անդրադառնա հիմնադիր ձեռնարկության գործունեության վրա: Այս դեպքում գործում է սույն հոդվածով սահմանված կարգը:
6. Ընկերության ցանկությամբ առաջին վճարումը կարող է հաշվարկվել ելնելով սեփականաշնորհվող պետական ձեռնարկության հաշվեկշռային արժեքից, անկախ նրա գույքի վերագնահատված արժեքից: Առաջին վճարման տոկոսադրույքը որոշում է նորաստեղծ ընկերության ընդհանուր ժողովը, բայց ոչ պակաս տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշված տոկոսադրույքից: Այդ դեպքում տվյալ պետական ձեռնարկության գույքի վերագնահատված և հաշվեկշռային արժեքների տարբերությունը գումարվում է (հանվում է) հեռակա վճարումներին և գանձվում է նրանց հետ միասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Պետական ձեռնարկության շահույթի, ինչպես նաև աշխատանքի վարձատրմանն ուղղված միջոցների մնացորդները (բացառությամբ պահեստային ֆոնդի) կարող են օգտագործվել որպես ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների համար ստեղծված ընկերության բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման աղբյուր:
Բաժնեմասերի և բաժնետոմսերի գնումը այդ միջոցների, այդ թվում տնտեսական խրախուսման ֆոնդերի հաշվին (այնտեղ, որտեղ վերջիններս ձևավորված են) կատարվում է պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի գրավոր համաձայնությամբ, իսկ կոլեկտիվի անդամների միջև բաշխումը` համամասնությամբ: Բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղվող նշված միջոցները եկամտահարկով չեն հարկվում:
Պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի այն անդամները, որոնք համաձայն չեն օգտագործել նշված միջոցների գումարները բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերման համար, սահմանված կարգով օգտվում են համապատասխան եկամուտներ ստանալու իրենց իրավունքներից:
8. Պետական ձեռնարկությունների պահեստային, ինչպես նաև այլ ֆոնդերի (արտադրական, սոցիալական զարգացման և այլն) միջոցները հանդիսանում են պետական սեփականություն և տնօրինվում են ելնելով տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից: Որոշմամբ սահմանված կարգով կարող է նախատեսվել նշված ֆոնդերի մնացորդի լրիվ վերադարձը պետությանը կամ բաշխումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև` նորաստեղծ ընկերության բաժնեմասեր և բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով: Նշված կարգով սահմանվում են նաև այն լրացուցիչ պայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է այդ ֆոնդերի մնացորդի բաշխումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում աշխատավորական կոլեկտիվի մեղքով ձեռնարկության չսեփականաշնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովն իրավասու է որոշում նախապատրաստել սույն օրենքով սահմանված կարգով տվյալ ձեռնարկությունն այլ անձանց սեփականաշնորհելու մասին:
Հոդված 27. | «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգը |
1. «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների սեփականաշնորհման նախապատվության իրավունք:
2. Ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սեփականաշնորհման համար նախատեսված «փոքր» օբյեկտները Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
3. Գրավոր առաջարկն ստանալուց հետո 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն օբյեկտը նշված արժեքով գնելու մասին և ընդհանուր ժողովի որոշումը` այդ նպատակով տնտեսական ընկերակցություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև մուծի կանխավճար` օբյեկտի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից նշանակված գումարն է:
Նշված ժամկետում գրավոր համաձայնությունը չներկայացնելու և կանխավճարը չմուծելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից:
4. Բաժնեմասերի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների (սեփականատերերի) որոշմամբ: «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվին, եթե նրա հաստիքացուցակային կազմի առնվազն 51 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր: Ընդ որում երկուսից ավելի աշխատողների հաստիքացուցակային կազմ ունեցող օբյեկտներում յուրաքանչյուրի ավանդի չափը չպետք է գերազանցի օբյեկտի գնահատված արժեքի 40 տոկոսից, իսկ երկու աշխատողների հաստիքացուցակային կազմի դեպքում` չպետք է պակաս լինի 20 տոկոսից: Նվազագույն ավանդի չափը չպետք է փոքր լինի`
մանրածախ առևտրի օբյեկտներում` օբյեկտի գնահատված արժեքի 2 տոկոսից.
այլ «փոքր» օբյեկտներում` օբյեկտի գնահատված արժեքի մեկ տոկոսից:
5. Տվյալ օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվին սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կայացվելուց հետո աշխատավորական կոլեկտիվը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի ամբողջ արժեքը, կամ, ցանկության դեպքում, ծրագրով «փոքր» օբյեկտների համար սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակով օբյեկտի արժեքի համապատասխան մասը, հաշվի առնելով կանխավճարը: Նշված ժամկետում փոխանցումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում:
6. Տարաժամկետ վճարման դեպքում ամեն հերթական վճարից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը և բանկային միջին դեպոզիտի տոկոսադրույքի մեծությունը:
7. Եթե «փոքր» օբյեկտն ունի տնտեսական խրախուսման ֆոնդի մնացորդ, ապա աշխատավորական կոլեկտիվին սեփականաշնորհելու դեպքում այն կարող է օգտագործվել որպես վճար սեփականաշնորհվող գույքի համար` տվյալ ընկերակցության կամ ընկերության անդամներ դարձած աշխատակիցներին հասանելիք մասով:
8. Վերը նշված պատճառներով աշխատավորական կոլեկտիվին «փոքր» օբյեկտները չսեփականաշնորհելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է իր նախապատվության իրավունքից և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ դրանց սեփականաշնորհումը կարող է իրականացվել աճուրդի կամ մրցույթի ձևով: Որպես կանոն, մրցույթին պետք է նախորդի աճուրդը, սակայն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովն իրավասու է որոշելու օբյեկտը միանգամից սեփականաշնորհել մրցույթի ձևով:
Հոդված 28. | Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների մասին |
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների մրցույթով, բաց կամ փակ աճուրդով վաճառքի, ինչպես նաև բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի բաժանորդագրության կամ ազատ վաճառքի մասին տեղեկությունները կայանալիք մրցույթից, աճուրդից, բաժնետոմսերի բաժանորդագրությունից կամ ազատ վաճառքից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
Պարտադիր հրապարակման են ենթակա սեփականաշնորհվող ձեռնարկության մասին հետևյալ տվյալները`
ձեռնարկության տարածքը, զբաղեցրած հողամասը, շենքերը և շինությունները, դրանց վաճառքի, վարձակալության կամ օգտագործման պայմանները.
հիմնական ֆոնդերի ցուցակն ըստ տեսակների.
անավարտ շինարարության օբյեկտները, դրանց նախահաշվային արժեքը, իրականացված ծախսերը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքները, չտեղակայված սարքավորումները.
նյութական արժեքների պաշարները.
դրամական միջոցների առկայությունը.
ձեռնարկությանը պատկանող այլ ակտիվները.
գույքի ոչ նյութական օբյեկտները (պատենտներ, ապրանքանշաններ և այլն).
ձեռնարկության պարտավորությունները բյուջեի նկատմամբ (ապրանքային, վարկային).
ձեռնարկության վերջին երեք տարվա հաշվեկշիռների հիմնական ցուցանիշները.
թողարկվող արտադրանքի տեսականին և նրա տեսակարար կշիռը շուկայում:
Տվյալների ներկայացման ձևը, ինչպես նաև լրացուցիչ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում «փոքր» օբյեկտների վրա, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 29. | Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը մրցույթով |
1. Մրցույթով վաճառվում են.
ա) այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման միջազգային մրցույթով կամ օտարերկրյա փոխարկելի արժույթով.
բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից.
գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը:
2. Մրցույթի ձևով սեփականաշնորհմանը իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու «փոքր» օբյեկտների մրցույթին ընդհանուր հիմունքներով:
3. Նշված օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
Մրցույթով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշում ընդունած մարմնի կողմից սահմանված որոշակի պայմանները: Մրցույթով վաճառքի մասին որոշումն ընդունած մարմինը կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի մասին, նախապատրաստում մրցույթը, իրականացնում այն, որոշում մրցույթի հաղթողին:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկները առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:
Այն առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
Մրցույթը առանց հաղթողին հայտարարելու դադարեցվում է այն դեպքում, եթե սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովը ոչ մի առաջարկ չի ստացել կամ` եթե ստացված առաջարկները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին: Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանա:
4. Մրցույթով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, մրցութային հանձնաժողով կազմելու, մրցութային առաջարկներ քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:
Առանձին օբյեկտների մրցույթի անցկացման ժամկետները, մասնակիցների և նրանց կողմից ներկայացված առաջարկների նկատմամբ պահանջները սահմանում է մրցութային հանձնաժողովը:
Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց` մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերում:
Մրցույթի և դրա պայմանների մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
5. Միջազգային մրցույթի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը, եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս:
Ձեռնարկությունը կարող է վաճառվել ամբողջությամբ այն դեպքում, եթե դրան իր համաձայնությունն է տվել ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Միջազգային մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն ձեռք բերելու այդ ձեռնարկությունների գույքի մինչև 30 տոկոսը իրենց ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) որոշմամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
Այն դեպքում, եթե ծրագրով նախատեսված է միջազգային մրցույթի ենթակա ձեռնարկության գույքի մի մասը իրացնել բաժնեմասերի տեսքով, ապա այդ մասի և ձեռնարկության կոլեկտիվին հասանելիք մասի գումարը չի կարող գերազանցել սեփականաշնորհվող ձեռնարկության մեկնարկային գնի 49 տոկոսը:
Այն դեպքում, եթե միջազգային մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի ձեռնարկության կամ միջազգային մրցույթով սեփականաշնորհվող դրա բաժնեմասի սեփականաշնորհման նոր տարբերակ:
6. Մրցույթով «փոքր» օբյեկտների վաճառքի մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել այդ տարածքում: Նշված գործունեության ձևերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետք է համաձայնեցված լինեն պետական կառավարման տեղական մարմնի հետ:
Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է, և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Օտարերկրյա անձինք միջազգային, ինչպես նաև «փոքր» օբյեկտների մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով: Օտարերկրյա փոխարկելի արժույթը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներից մեկում պետք է փոխանակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` ընդհանուր առևտրային կուրսով: Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նախօրոք մրցույթի մասին հրապարակայնորեն հայտարարելու ժամանակ սահմանել փոխանակման հատուկ կուրս:
Ծրագրով նախատեսված ձեռնարկությունների համար միջազգային մրցույթն իրականացվում է միայն օտարերկրյա փոխարկելի արժույթով:
Հոդված 30. | Պետական ձեռնարկությունների վաճառքը աճուրդով |
1. Աճուրդով վաճառվում են.
ա) այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման միջազգային աճուրդով.
բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել աշխատավորական կոլեկտիվների կողմից.
գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը:
2. Աճուրդի ձևով սեփականաշնորհմանն իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու «փոքր» օբյեկտների աճուրդին ընդհանուր հիմունքներով:
3. Նշված օբյեկտներն աճուրդով վաճառելու և աճուրդի ձևի մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
Աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում (բացի սույն օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերի և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից):
Աճուրդի մասին որոշումն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է աճուրդի մասին և իրականացնում այն:
Աճուրդի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկած գինը ամենաբարձրն է: Աճուրդի ժամանակ գինը չի կարող իջնել մեկնարկային գնի 50 տոկոսից, հակառակ դեպքում աճուրդը համարվում է չկայացած:
4. Աճուրդով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները, աճուրդային հանձնաժողով կազմելու, աճուրդի հաղթողին որոշելու, աճուրդը չկայացած համարելու, աճուրդի հաղթողին սեփականության իրավունքը փոխանցելու կարգը:
Աճուրդային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց աճուրդին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աճուրդների անցկացման ընդհանուր կարգում:
5. Միջազգային աճուրդի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը, եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս:
Ձեռնարկությունը կարող է վաճառվել ամբողջությամբ այն դեպքում, եթե դրան իր համաձայնությունը տվել է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Միջազգային աճուրդով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն ձեռք բերելու այդ ձեռնարկությունների գույքի մինչև 30 տոկոսը իրենց ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) որոշմամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
Եթե ծրագրով նախատեսված է միջազգային աճուրդով վաճառքի ենթակա ձեռնարկության գույքի մի մասը իրացնել բաժնեմասերի տեսքով, ապա այդ մասի և ձեռնարկության կոլեկտիվին հասանելիք մասի գումարը չի կարող գերազանցել սեփականաշնորհվող ձեռնարկության մեկնարկային գնի 49 տոկոսը: Ծրագրով նախատեսված դեպքերում որոշ ձեռնարկությունների համար աճուրդն իրականացվում է միայն օտարերկրյա փոխարկելի արժույթով:
Այն դեպքում, եթե միջազգային աճուրդը համարվել է չկայացած, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի ձեռնարկության կամ դրա միջազգային աճուրդով վաճառվող բաժնեմասի սեփականաշնորհման նոր տարբերակ:
6. «Փոքր» օբյեկտներն աճուրդով վաճառելու մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն այն սահմանափակումները, որոնց պարտավոր է հետևել «փոքր» օբյեկտի նոր սեփականատերը:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Օտարերկրյա անձինք մասնակցում են աճուրդով պետական ձեռնարկությունների վաճառքին սույն օրենքի 29 հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
Հոդված 31. | Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքը մրցույթով կամ աճուրդով |
Ծրագրով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների (բացի «փոքր» օբյեկտներից) գույքը մրցույթով կամ աճուրդով վաճառվում է այն դեպքում, եթե ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարված է առանց իրավահաջորդի: Լուծարված պետական ձեռնարկության գույքը կարող է մրցույթով կամ աճուրդով վաճառվել`
ա) ամբողջությամբ, որպես գույքային համալիր.
բ) մասերով, որպես նախապես բաժանված գույքային ենթահամալիրներ:
Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի մրցույթով վաճառքի հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել դրանց տարածքում:
Լուծարված ձեռնարկության գույքի ձեռքբերումը մրցույթով կամ աճուրդով գնորդի համար չի առաջացնում որևէ պարտավորություն` կապված լուծարված ձեռնարկության երրորդ անձանց հանդեպ ունեցած գույքային պարտավորությունների, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հետ:
Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է աճուրդ տարածքների և գույքի համար:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իջեցվում է մեկնարկային գինը և հայտարարվում նոր աճուրդ տարածքների և գույքի համար:
Հոդված 32. | Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով |
1. Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը դրանց հիման վրա բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
2. Պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների հիմնադիր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, որը սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, մշակում է դրա կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում է բաց բաժնետիրական ընկերությունը` առանց սահմանված կանխավճարը մուծելու:
Բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելուց հետո Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը իր հիմնադրի իրավունքները և բաժնետոմսերի փաթեթը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը, կամ եթե դրա մասին նշված է բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությանը, գերատեսչությանը կամ պետական կառավարման տեղական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը բաժնետոմսերին սկզբում բաժանորդագրում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, ապա նաև ազատ բաժանորդագրություն է անցկացնում:
4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին բաժնետոմսերին բաժանորդագրում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերության գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում:
Ազատ բաժանորդագրության համար նախատեսված բաժնեմասերը վաճառվում են հավասար մասերով առնվազն վեց հաջորդական ամսվա ընթացքում, եթե բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ավելի երկար ժամկետ չի նախատեսված:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների ձեռք չբերած բաժնետոմսերը ենթակա են ազատ բաժանորդագրման:
Չվաճառված բաժնետոմսերը մնում են պետական սեփականություն և գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի տնօրինության տակ: Ազատ բաժանորդագրության համար նախատեսված, սակայն չվաճառված բաժնետոմսերին հետագա բաժանորդագրությունը կարող է նորից իրականացվել ոչ շուտ, քան վերը նշված ժամկետի ավարտից երեք ամիս հետո:
Բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը (եթե այդպիսին նախատեսված է) նվազեցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ որոշում, եթե նվազեցման կարգը սահմանված չէ բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին որոշմամբ:
Հոդված 33. | Պետական գույքի գնումը դրա վարձակալների կողմից |
1. Պետական ձեռնարկության գույքի վարձակալներն իրավունք ունեն գնելու այդ գույքը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ ընդունվող Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:
Պետական ձեռնարկության գույքը վարձակալի կողմից գնելու մասին հարցը քննարկելու հիմք է հանդիսանում վարձակալի ներկայացրած հայտը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայտը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից պետք է քննարկվի մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձանց:
Հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես ծրագրով և սույն օրենքով նախատեսված սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.
բ) եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհումը արգելված է ծրագրով.
գ) եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վրա:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը որոշում է նախապատրաստում վարձակալված գույքը վարձակալի կողմից գնելը թույլատրելու մասին, նշելով`
պետական գույքի գնման կարգը և ժամկետները.
տարաժամկետ վճարումների սանդղակը` ծրագրին համապատասխան:
Ամեն հերթական վճարումը կատարելուց հետո համապատասխան գույքը սեփականաշնորհվում է վարձակալին, և այդ գույքից վարձակալական վճար չի գանձվում:
4. Պետական ձեռնարկության գույքի գինը սույն օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է որպես ձեռնարկության գին, որով այն առաջարկվում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին: Որոշման կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սույն օրենքի 26 և 27 («փոքր» օբյեկտների համար) հոդվածներով սահմանված կարգով:
5. Վարձակալության տրամադրված պետական ձեռնարկության գույքի ետգնումից ստացված գումարները ծախսվում են սույն օրենքի 37 հոդվածով սահմանված կարգով:
IV. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
Հոդված 34. | Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կարգը |
1. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ` ելնելով ծրագրից:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
2. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը իրականացվում է`
ա) աճուրդով կամ մրցույթով.
բ) սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մասը կազմող անավարտ շինարարության օբյեկտը այդ ձեռնարկության այլ գույքի հետ միասին` ձեռնարկության գնորդի համաձայնության դեպքում:
3. Անավարտ շինարարության օբյեկտի գինը որոշվում է նրա նախահաշվային արժեքի, փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և օբյեկտի համար ձեռք բերված գույքի արժեքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից:
Սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում անավարտ շինարարության օբյեկտները այդ գնով առաջարկվում են սեփականաշնորհվող ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին:
Անավարտ շինարարության օբյեկտները աճուրդով կամ մրցույթով սեփականաշնորհելու ժամանակ այդ գները համարվում են մեկնարկային:
Ծրագրով սահմանված անավարտ շինարարության առավել արժեքավոր առանձին օբյեկտների մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:
Ձեռք բերվող անավարտ շինարարության օբյեկտների համար վճարումը գնորդի ցանկությամբ կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ` ելնելով ծրագրում սահմանված սանդղակից:
Վճարման ձևը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով ծրագրից:
Հոդված 35. | Անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը մրցույթով և աճուրդով |
Մրցույթով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը կատարվում է, եթե գնորդից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշում ընդունած մարմնի սահմանած որոշակի պայմանները:
Աճուրդով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը կատարվում է, եթե գնորդից չի պահանջվում բացի շինարարությունը շարունակելու և ավարտելու պահանջից, որևէ այլ պայմանի կատարում:
Մրցույթով կամ աճուրդով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը կատարվում է մրցույթով կամ աճուրդով պետական ձեռնարկությունների վաճառքի համար սույն օրենքով սահմանված կարգով:
Մրցույթով կամ աճուրդով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքն իրականացնող մրցութային կամ աճուրդային հանձնաժողովները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ:
Հոդված 36. | Անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը ձեռնարկության այլ գույքի կազմում |
Սեփականաշնորհվող ձեռնարկության բաղկացուցիչ մասը հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհվում է այդ ձեռնարկության այլ գույքի հետ գնորդի համաձայնությամբ` տվյալ ձեռնարկության սեփականաշնորհմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ գնորդի համաձայն չլինելու դեպքում ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մասը հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտը կարող է սեփականաշնորհվել ձեռնարկությունից առանձին` մրցույթով կամ աճուրդով:
V. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
Հոդված 37. | Սեփականաշնորհումից առաջացած միջոցների ծախսման ուղղությունները |
Սեփականաշնորհումից առաջացած միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվում: Միջոցների նպատակային ծախսման ուղղությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցով:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմելիս ծախսերի մասում հաշվի են առնվում ծրագրով սահմանված ուղղությունները և բաշխման գործակիցները:
VI. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 38. | Պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի վարձակալության հանձնելու կարգը |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկության գույքը առանց գնման իրավունքի տրվում է վարձակալության`
նախապատվության իրավունքով` ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին.
մրցույթով կամ աճուրդով` այլ անձանց:
2. Պետական ձեռնարկության գույքը առանց գնման իրավունքի վարձակալելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ`
ա) ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը.
գ) իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները.
դ) օտարերկրյա անձինք:
3. Պետական ձեռնարկության գույքն առանց գնման իրավունքի վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկության վերադաս Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները կամ պետական կառավարման տեղական մարմինները:
Ձեռնարկությունը մրցույթով կամ աճուրդով այլ անձանց վարձակալության տրամադրելու իրավունք ունենալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը պետք է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին գրավոր առաջարկի օգտվել վարձակալության նախապատվության իր իրավունքից:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի գրավոր առաջարկն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում պետք է սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հայտ ներկայացնի ձեռնարկությունը վարձակալելու ցանկության մասին կամ նույն կարգով հրաժարվի վարձակալությունից:
Հայտը կամ վարձակալությունից հրաժարվելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությանը, գերատեսչությանը կամ պետական կառավարման տեղական մարմնին նշված ժամկետում չներկայացնելը վերջիններիս իրավունք է տալիս ձեռնարկությունը այլ անձանց վարձակալության տրամադրել մրցույթով կամ աճուրդով:
4. Ձեռնարկության գույքը վարձակալելու մասին աշխատավորական կոլեկտիվի հայտը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
ա) եթե ձեռնարկությունը ծրագրով նախատեսված է սեփականաշնորհման.
բ) եթե ձեռնարկության ապապետականացումը ծրագրով արգելված է.
գ) եթե խախտված է ձեռնարկության գույքը վարձակալելու մասին հայտի ներկայացման` սույն օրենքով սահմանված կարգը:
Ձեռնարկության գույքը վարձակալելու մասին այլ անձանց հայտերը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից կարող են մերժվել նաև այն դեպքում, եթե ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը որոշում է ընդունել օգտվելու վարձակալության նախապատվության իր իրավունքից:
5. Ձեռնարկությունների վարձակալության մասին հայտը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից պետք է քննարկվի մեկ ամսվա ընթացքում: Քննարկման արդյունքները գրավոր հայտնվում են հայտ ներկայացնող անձին:
6. Ձեռնարկության գույքը վարձակալելու մասին աշխատավորական կոլեկտիվի հայտը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից բավարարվելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում է վարձակալական ձեռնարկություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի հետ կնքում է վարձակալության պայմանագիր:
7. Վարձակալական ձեռնարկության կողմից մուծվող վարձակալական վճարի չափը որոշում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այդ վճարի չափը (այն դեպքում, եթե այն չի սահմանվել մրցույթի կամ աճուրդի հետևանքով) պետք է հնարավորություն ստեղծի վարձակալական պայմանագրով սահմանված բնագավառում իրականացնելու շահութաբեր տնտեսական գործունեություն:
Ձեռնարկությունը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելիս վարձակալական ձեռնարկության կողմից մուծվող վարձակալական վճարը համարվում է մեկնարկային:
8. Պետական ձեռնարկությունը վարձակալության տրամադրելը չի կարող արգելք հանդիսանալ սույն օրենքով սահմանված կարգով այդ ձեռնարկության սեփականաշնորհմանը, եթե ծրագրով այլ բան չի նախատեսված: Վարձակալության տրամադրված պետական ձեռնարկությունների վարձակալները այդ ձեռնարկության սեփականաշնորհման դեպքում օգտվում են աշխատավորական կոլեկտիվի համար սույն օրենքով սահմանված արտոնություններից:
Հոդված 39. | Պետական ձեռնարկությունները մրցույթով կամ աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելը |
Պետական ձեռնարկությունները մրցույթով կամ աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկության վերադաս Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների կամ պետական կառավարման տեղական մարմինների որոշմամբ ստեղծված մրցութային կամ աճուրդային հանձնաժողովները: Պետական ձեռնարկությունները մրցույթով կամ աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելը կատարվում է սույն օրենքի 29 և 30 հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Աճուրդով վարձակալության իրավունք է տրամադրվում այն դեպքում, եթե վարձակալից չի պահանջվում կատարել որևէ պայման, (բացի սույն օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերի և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից): Աճուրդի առարկա է հանդիսանում վարձակալական վճարի չափը:
Մրցույթի կամ աճուրդի անցկացման մասին հրապարակային հայտարարության մեջ այլ պայմանների և տվյալների հետ միասին պետք է նշված լինեն վարձակալական գույքը վարձակալի կողմից գնելու հնարավորությունները:
Հոդված 40. | Պետական ձեռնարկությունների տրամադրումը լիազորագրային կառավարման |
1. Պետական ձեռնարկությունները, ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորագրային կառավարման են տրամադրվում միայն մրցույթի ձևով:
Պետական ձեռնարկությունները լիազորագրային կառավարման տրամադրելը մրցույթի ձևով կատարվում է սույն օրենքի 29 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից:
2. Լիազորագրային կառավարումն իրականացնելու ամբողջ ընթացքում ձեռնարկության գույքը, այդ թվում նաև մրցույթի պայմանները կատարելու հետևանքով ձեռնարկության լիազորագրային սեփականատիրոջ կողմից ձեռք բերվածը, մնում է պետական:
Մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշվեն լիազորագրային կառավարման ժամկետները, լիազորագրային սեփականատիրոջը հասանելիք մեկնարկային վարձատրության չափը, ձեռնարկության օգտագործմանը, ինչպես նաև աշխատավորական կոլեկտիվի սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնողները պարտավոր են ներկայացնել ֆինանսական հնարավորությունները, այդ թվում սեփական միջոցները բնութագրող փաստաթղթերը, որից հետո միայն նրանց թույլատրվում է մասնակցել մրցույթին:
3. Մրցույթին կարող են հավասար իրավունքներով մասնակցել և ձեռնարկությունը կառավարելու իրավունք ձեռք բերել այդ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, ոչ պետական իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա անձինք:
4. Ձեռնարկության լիազորագրային սեփականատեր դառնալու մրցույթին մասնակցելու իրավունք ստացած անձը ներկայացնում է գրավոր առաջարկ, որի մեջ նշում է`
ա) ձեռնարկության գործունեության և զարգացման` իր կողմից իրականացվելիք միջոցառումների մանրամասն շարադրանքը, դրանց կատարման ժամկետները, առաջարկվող ուղիները, պահանջվող ֆինանսական ռեսուրսները և դրանց աղբյուրները.
բ) վարձատրության այն չափը, որ պետք է հատկացվի լիազորագրային սեփականատիրոջը, բայց չպետք է գերազանցի մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ նշվածը.
գ) ձեռնարկությունում աշխատողների ընդհանուր թվաքանակը և կառուցվածքը, նրանց աշխատավարձի չափը կամ դրա որոշման սկզբունքները, սոցիալական երաշխիքները.
դ) սոցիալական այլ միջոցառումներ, որոնք ենթադրվում է իրականացնել ձեռնարկությունում, դրանց ժամկետները, էությունը, պահանջվող ռեսուրսները և դրանք ձեռք բերելու հնարավորությունները.
ե) մրցույթի մյուս պայմաններին վերաբերող առաջարկները:
5. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինները սահմանված ժամկետում հաղթողի հետ կնքում են լիազորագրային կառավարման պայմանագիր:
6. Պետական ձեռնարկությունը լիազորագրային կառավարման հանձնելու մասին հայտը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
ա) եթե ձեռնարկությունը նշված է լիազորագրային կառավարման հանձնելու համար ծրագրով արգելված ձեռնարկությունների ցանկում.
բ) եթե ձեռնարկությունը ծրագրով նախատեսված է սեփականաշնորհման.
գ) եթե խախտված է ձեռնարկությունը լիազորագրային կառավարման հանձնելու մասին հայտի ներկայացման սույն օրենքով սահմանված կարգը:
Հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից դրանք ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտ ներկայացնող անձանց:
Հոդված 41. | Պետական ձեռնարկությունները ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրելու կարգը |
1. Ելնելով ծրագրից, պետական ձեռնարկությունները, այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքացիների խմբերին, ոչ պետական իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց են տրամադրվում այդ ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Այդ որոշման հետևանքով առաջացած ձեռնարկությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության (իշխանության տեղական մարմինների) և նշված անձանց համատեղ սեփականություն: Պետությունը (իշխանության տեղական մարմինը) պահպանում է իր սեփականության իրավունքը: Այլ անձանց ներդրումները ավելացվում են պետական գույքի վրա:
2. Ստեղծվող ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն, որոշում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, ելնելով ծրագրից:
Ստեղծվող ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը և պետական սեփականություն մնացող մասի և ոչ պետական մասի հարաբերակցությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ, ելնելով`
ա) պետական գույքի արժեքից, որը հաշվարկվում է սույն օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով.
բ) ձեռնարկության հետագա զարգացման հեռանկարներից և դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից:
3. Պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկությունների կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
4. Նշված հայտերը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից կարող են մերժվել հետևյալ դեպքերում`
ա) եթե ծրագրով նախատեսված է ձեռնարկության սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ.
բ) եթե ձեռնարկության ապապետականացումն արգելված է ծրագրով.
գ) եթե ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը որոշում է ընդունել օգտվելու սույն օրենքի 12 հոդվածով սահմանված ապապետականացման նախապատվության իր իրավունքից:
Հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից դրանք ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտ ներկայացնող անձանց:
5. Եթե ծրագիրը չի արգելում տվյալ ձեռնարկության ապապետականացման նշված ձևը, ապա պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով ապապետականացումն իրականացվում է սահմանափակ պատասխանատվությամբ, փակ կամ բաց բաժնետիրական ընկերության ձևով, սույն օրենքի 26, 28, 29 Կամ 32 հոդվածներով սահմանված կարգով, այն տարբերությամբ, որ նորաստեղծ ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական մասը վաճառքի ենթակա չէ:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն օգտվում է այդ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամի ոչ պետական մասը ձեռք բերելու այն նույն իրավունքներից, որոնցից նա կօգտվեր այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ:
6. «Փոքր» օբյեկտները չեն կարող ապապետականացվել սույն հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 42. | Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման կարգը |
1. Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացումը պետական օբյեկտների, այդ թվում իշխանության տեղական մարմինների սեփականություն հանդիսացող օբյեկտների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության ոչ պետական իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց` այդ օբյեկտների շինարարությունը շարունակելու և ավարտելու համար:
Շինարարությունն ավարտելուց հետո առաջացած ձեռնարկությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության (իշխանության տեղական մարմինների) և շինարարությունը շարունակելու և ավարտելու պարտավորությունը ստանձնած անձի համատեղ սեփականությունը:
Անավարտ շինարարության օբյեկտի հիման վրա ստեղծված ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այդ կարգում հաշվի է առնվում մինչև ապապետականացման պահը անավարտ շինարարության օբյեկտի շինարարության վրա կատարված պետական կապիտալ ներդրումների և օբյեկտի լրիվ նախահաշվային արժեքի հարաբերակցությունը, օբյեկտի փաստացի վիճակը, ինչպես նաև շինարարությունը ըստ նախագծի շարունակելու և ավարտելու հնարավորությունները:
2. Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ, ելնելով ծրագրից:
3. Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման նախաձեռնության իրավունք ունեն`
ոչ պետական իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները.
օտարերկրյա անձինք:
Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով:
4. Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացումն իրականացվում է միայն մրցույթի ձևով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Մրցույթի անցկացման մասին հրապարակային հայտարարության մեջ, այլ տվյալների հետ միասին, պետք է նշված լինեն նաև ապապետականացվող յուրաքանչյուր օբյեկտում պետական սեփականություն հանդիսացող մասը, շինարարությունն ավարտելուց հետո պետական մասի գնման հնարավորությունը և գնման կարգը:
Մրցույթի մասնակցի հայտում պետք է նշված լինեն շինարարության ավարտի ժամկետները, ապագա ձեռնարկության մասնագիտացումն ու արտադրանքի ծավալը:
Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացումը մրցույթի ձևով իրականացնող մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից կամ վերջինիս որոշմամբ` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների կողմից, իսկ «փոքր» անավարտ շինարարության օբյեկտները մրցույթով ապապետականացնելու համար` Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից:
5. Եթե ծրագրով այլ բան չի նախատեսված, ապա անավարտ շինարարության օբյեկտի գործարկումից հետո առաջացած ձեռնարկության ոչ պետական սեփականատերերը այդ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը վարձակալելու, ինչպես նաև սեփականաշնորհելու նախապատվության իրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով:
Ձեռնարկությունը գործարկելուց հետո դրա պետական սեփականություն հանդիսացող մասի արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ելնելով ձեռնարկության գույքի ընդհանուր արժեքի և ձեռնարկության գործարկման համար ոչ պետական մասի սեփականատերերի կատարած վերահաշվարկված ծախսերի արժեքի տարբերությունից:
Ձեռնարկության ոչ պետական մասի սեփականատերերը դրա պետական սեփականություն հանդիսացող մասի վարձակալման կամ սեփականաշնորհման դեպքում օգտվում են աշխատավորական կոլեկտիվի համար սույն օրենքով սահմանված արտոնություններից, իսկ աշխատավորական կոլեկտիվին որևէ արտոնություն չի տրվում:
VII. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 43. | Սեփականաշնորհման պայմանագիրը |
Անկախ սեփականաշնորհման ձևից, պետական ձեռնարկություն կամ անավարտ շինարարության օբյեկտ վաճառող մարմնի և գնորդի միջև կնքվում է սեփականաշնորհման պայմանագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պայմանագրում նշվում են` տեղեկություններ վաճառողի և գնորդի մասին, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) անվանումը և գտնվելու վայրը, վաճառված գույքի կազմը և գինը, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) զբաղեցրած հողակտորի գինը և օգտագործելու պայմանները, պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) նոր սեփականատիրոջը փոխանցելու կարգը, վճարման ձևը և ժամկետները, կողմերի` ձեռնարկության գործունեությանը կամ շինարարությանը վերաբերող փոխադարձ պարտավորությունները, պայմանները (այդ թվում սեփականաշնորհված ձեռնարկություններին պատկանող նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային, լուսավորական, առողջարանային և պրոֆիլակտիկ բուժման օբյեկտների գործունեության ուղղվածությունը պահպանելը), որոնց կատարումը պարտադիր է գնորդի համար և որոնք բխում են սույն օրենքից և ծրագրից:
Ձեռնարկության սեփականաշնորհվող գույքի (անավարտ շինարարության օբյեկտի) նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի գրանցման պահից, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:
Հոդված 44. | Վաճառողի և գնորդի պարտականությունները |
Պետական ձեռնարկության կամ անավարտ շինարարության օբյեկտի վաճառքն իրականացնող մարմինը պարտավոր է նախօրոք հրապարակայնորեն հայտարարել դրա սեփականաշնորհման մասին, գնորդներին տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրել սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի, պարտավորությունների և ֆինանսատնտեսական գործունեության մասին, սեփականաշնորհման գործարքը կնքելուց հետո գնորդին տրամադրել սեփականաշնորհվող օբյեկտը (բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը), ինչպես նաև կատարել սեփականաշնորհման պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
Պետական ձեռնարկության կամ անավարտ շինարարության օբյեկտի գնորդը դառնում է դրա գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների և պարտականությունների իրավահաջորդը` սեփականաշնորհման պայմանագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Վաճառողի` սույն հոդվածում նշված պարտավորությունները դադարում են, իսկ գնորդի` սույն հոդվածում նշված իրավունքները ծագում են նրա և վաճառողի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհման պայմանագրի գրանցման պահից:
Հոդված 45. | Ապապետականացումը վավերացնող փաստաթղթերը |
1. Պետական ձեռնարկության գույքի վարձակալությունը վավերացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված վարձակալական պայմանագրով:
Եթե պետական ձեռնարկության գույքի վարձակալը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է վարձակալած գույքի գնման իրավունք, ապա այդ իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվում է վաճառող մարմնի և գնորդ-վարձակալի միջև կնքված սեփականաշնորհման պայմանագրով:
2. Պետական ձեռնարկությունը լիազորագրային կառավարման հանձնելը վավերացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված լիազորագրային կառավարման պայմանագրով:
3. Պետական ձեռնարկության կամ անավարտ շինարարության օբյեկտի հիման վրա ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելը վավերացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ձեռնարկության պետական գրանցմամբ:
Հոդված 46. | Սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների իրավունքների պետական երաշխիքները |
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(փոփ. 27.12.95 թ.)
Հոդված 47. | Սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր ճանաչելը |
1. Պետական ձեռնարկությունների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր են ճանաչվում, եթե`
ա) ձեռնարկության (անվավեր շինարարության օբյեկտի) սեփականաշնորհումը կամ ապապետականացումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշմամբ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից վերացվել է.
բ) ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) սեփականաշնորհումը կամ ապապետականացումը կատարվել է առանց Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ վարձակալությամբ տրամադրելու դեպքում` առանց Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի որոշման.
գ) տեղի է ունեցել մրցույթով կամ աճուրդով սեփականաշնորհվող ձեռնարկության վաճառքի կանոնների կոպիտ խախտում.
դ) գնորդը հրաժարվել է սեփականաշնորհված ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) համար հերթական վճարը մուծելուց կամ իրեն հասանելիք բաժնեմասի կամ բաժնետոմսերի փաթեթի համար վճարելուց.
ե) վարձակալը հրաժարվել է հերթական վարձակալական վճարը մուծելուց.
զ) ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) կամ դրա բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել այդ իրավունքը չունեցող անձի կողմից.
է) ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) ապապետականացվել է այդ իրավունքը չունեցող անձին.
ը) ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) կամ դրա բաժնեմասը կամ բաժնետոմսերը գնելիս օգտագործվել են վճարման անօրինական միջոցներ.
թ) տեղի է ունեցել վաճառողի և գնորդի պայմանավորվածությունը գույքի անօրինական բաժանման կամ ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) կամ գնորդին հասանելիք բաժնեմասի կամ բաժնետոմսերի փաթեթի գնի անօրինական իջեցման մասին.
ժ) տեղի է ունեցել ապապետականացումն իրականացնող մարմնի և ապապետականացման մասնակցի պայմանավորվածություն գույքի անօրինական բաժանման կամ նախատեսված վճարի չափի անօրինական իջեցման մասին.
ժա) գնորդին կամ ապապետականացման մասնակցին տրամադրվել են անօրինական արտոնություններ և առավելություններ այլ գնորդների կամ ապապետականացման մասնակիցների նկատմամբ.
ժբ) խախտվել են կամ չեն կատարվել ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) սեփականաշնորհման կամ ապապետականացման պայմանագրում նշված պայմանները.
ժգ) խախտվել են Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային օրենսդրության պահանջները.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են այլ հիմքեր:
2. Պետական ձեռնարկությունների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կամ ապապետականացման գործարքները դատական մարմինների կողմից անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պետական ձեռնարկությունների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կամ ապապետականացման գործարքների կնքման և անվավեր ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծում է դատարանը կամ արբիտրաժային դատարանը կողմերից որևէ մեկի հայցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 48. | Պատասխանատվություն պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենսդրության խախտման համար |
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|