Գլխավոր տեղեկություն
Համար
N 1585-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 16.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1585-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ`

1) շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների և ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների գումարները.

2) եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով ֆիզիկական անձանց համար նվազեցվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների մասով զիջված կամ ներված (այդ թվում՝ մասնակի) գումարները:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ նախագծի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների և այդ ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերի ու տուգանքների գումարները ֆիզիկական և իրավաբանական անձանց ներվեն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու։ Միաժամանակ, ընդունման հիմնավորմամբ նշվում է, որ բանկի կամ վարկային կազմակերպության համար ժամկետանց վարկերի ներման գործարքները շահավետ չեն, քանի որ այդ գործարքների իրականացման արդյունքում առաջացող հարկերի գումարը գերազանցում է փաստացի մարված վարկի գումարը, և պարտավորությունները շարունակում են մնալ չկատարված: Այս պարագայում տուժում են հարաբերությունների երեք կողմերն էլ. ֆինանսական կառույցները չեն կարողանում ստանալ ժամկետանց վարկերի որևէ մասը, հաճախորդները չեն կարողանում «ազատվել» ժամկետանց պարտավորություններից, որոնց մասով շարունակում են կուտակվել տոկոսներ և տույժեր, պետական բյուջեն էլ իր հերթին չի ստանում հարկային եկամուտներ: Հետևաբար, նշվում է, որ նախագծով առաջարկվող լուծումը հնարավորություն կտա կարգավորել առկա անհուսալի վարկերի մինչև 10%-ի չափով պարտավորությունների կատարումը, ինչը նշանակում է, որ շահառու կարող են հանդիսանալ ավելի քան 100000 վարկառուներ: Նման հնարավորության արդյունքում մասնակի ներման և (կամ) զիջման դեպքում, եթե մարվի առկա պարտավորությունների առնվազն 10%-ը, բանկերի կողմից վճարվող լրացուցիչ շահութահարկը կկազմի մոտ 10 մլրդ դրամ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետևյալը՝

1. Ինչպես հայտնի է, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու դեպքում բանկերի և վարկային կազմակերպությունների մոտ լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականի հունիսին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարվել է համապատասխան լրացում և սահմանվել է, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի և (կամ) տուգանքների գումարները: Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում նաև փոխառուների նկատմամբ ձևավորված և անհուսալի ճանաչված ակտիվների գծով արտահաշվեկշռում (հետհաշվեկշռային հաշիվներում) հաշվառվելու ընթացքում հաշվարկված տոկոսները և (կամ) տույժերը և (կամ) տուգանքները՝ դրանց հաշվառման (հաշվարկման, հաշվեգրման) պահին, ինչպես նաև դրանց հետագա զիջման կամ ներման (այդ թվում՝ մասնակի) դեպքում: Այսինքն, նշյալ փոփոխությամբ սահմանվել է հարկային արտոնություն՝ մի շարք սահմանափակումներով։ Մասնավորապես՝

1) արտոնությունը տարածվել է որևէ պահի դրությամբ առկա՝ անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերի ու տուգանքների նկատմամբ.

2) արտոնությունը չի տարածվել իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա, ինչպես նաև վարկերի գումարի վրա:

Ընդ որում, նման սկզբունքով հարկային խթանների տրամադրումն ունեցել է մի քանի հիմնավորումներ.

ա. չմարված վարկային պարտավորությունների հետ կապված խնդիրները հիմնականում առավել արտահայտված էին ֆիզիկական անձանց տրված վարկերի մասով, քանի որ ֆինանսական կարգապահության և ֆինանսական գրագիտության խնդիրներով պայմանավորված՝ քաղաքացիները շատ դեպքերում բանկերից ստացել էին վարկեր՝ առանց գնահատելու սեփական ֆինանսական կարողությունները,

բ. օրենսդրական փոփոխությամբ տրված լուծումները ենթադրում են, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից ներված միայն տույժերը և տուգանքները հարկման նպատակով եկամուտ չեն դիտարկվի, ինչը նշանակում է, որ ստեղծվել են համապատասխան խթաններ, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները միջոցներ ձեռնարկեն չմարված վարկի գումարների հավաքագրումն ապահովելու համար,

գ. օրենսդրական փոփոխությամբ տրված լուծումներն ուղեկցվել են մի քանի սահմանափակումներով՝ նպատակ ունենալով նվազեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերը:

Նախագծով, սակայն, առաջարկվում է առանց խորքային հիմնավորումների էականորեն ընդլայնել նախկինում տրված հարկային արտոնության շրջանակը և այն կիրառել նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից ստացված վարկի գումարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների նկատմամբ, իսկ ֆիզիկական անձանց դեպքում կիրառել նաև վարկերի գումարների նկատմամբ:

2. Պետության կողմից բանկերին և վարկային կազմակերպություններին ֆիզիկական և իրավաբանական անձանց անհուսալի ճանաչված ակտիվների և ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված տուգանքներից և տույժերից պարբերաբար ազատելու հնարավորությունների ստեղծումը կնշանակի, որ պետությունը խրախուսում է պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարած ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունը, մինչդեռ կարգապահության ապահովման և խրախուսման տեսանկյունից պետության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է ունենա տրամագծորեն հակառակ ուղղվածություն:

3. Պետության կողմից նմանօրինակ արտոնությունների հաճախակի տրամադրումն ինչպես այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այնպես էլ արտոնությունից օգտված ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ առաջացնում է նմանատիպ արտոնություններից առաջիկայում նույնպես օգտվելու սպասումներ, ինչի արդյունքում նվազում է ընդհանուր կարգապահության մակարդակը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է պետական բյուջե վճարվող եկամուտների կրճատման: Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ նման քաղաքականության շարունակականությունը, կարգավորման դաշտի հաճախակի փոփոխությունները վարկառուների շրջանում կձևավորեն որոշակի սպասումներ, և արդյունքում կնվազի ֆինանսական կարգապահության մակարդակը։ Որպես հետևանք, կվտանգվի վարկավորման գործունեության բնականոն ընթացքը, կստեղծվեն ֆինանսական անկայունության ռիսկեր:

4. Նախագծի ընդունման հիմնավորմամբ նկարագրված խնդիրների և նախագծի ընդունմամբ դրանց մասով ակնկալվող լուծումների կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1) եթե նախագծի ընդունմամբ ակնկալվում է պայմաններ ստեղծել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները տոկոսները, տույժերն ու տուգանքները ներելու ճանապարհով կարողանան հավաքագրել տրված վարկերի մայր գումարները, ապա այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է նախագծով առաջարկվում ներկայացված կարգավորումները տարածել նաև վարկի մայր գումարների նկատմամբ.

2) այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է շահութահարկ վճարող կազմակերպությունների վարկային պարտավորությունների մարման նպատակով հարկային խթաններ տրամադրելուն, հարկ է նկատել, որ չմարված վարկային պարտավորության գումարները գործող օրենսդրության համաձայն՝ վերջիններիս համար դիտարկվել են որպես անհուսալի կրեդիտորական պարտքի գումարներ և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ներառվել են այդ կազմակերպությունների հարկվող եկամուտների մեջ: Հետևաբար, հարկային օրենսդրությունը, անհուսալի կրեդիտորական պարտավորությունների մասով հարկային պարտավորություններ ձևավորելու հնարավորություն նախատեսելով, արդեն իսկ ձևավորել է համապատասխան միջավայր, որպեսզի ժամկետանց վարկային պարտավորություններ ձևավորելը տնտեսապես շահավետ չլինի: Այս առումով, գտնում ենք, որ կազմակերպությունների կողմից ժամկետանց վարկային պարտավորություններ կուտակելու երևույթն այլ պատճառներ ունի: Վերոգրյալը նաև նշանակում է, որ հարկային խթանների սահմանումն առանձնապես չի նպաստի բարձրացված խնդրի լուծմանը.

3) ինչ վերաբերում է պետական բյուջեի հարկային եկամուտներին, ապա գտնում ենք, որ պետական բյուջեի հարկային եկամուտները որպես խնդիր կամ առկա կարգավորումների պատճառով առաջացած բացասական հետևանք դիտարկելը հասկանալի չէ, քանի որ եթե նախագծի նպատակն այդ խնդրի լուծումը կամ այդ բացասական հետևանքի վերացումն է, ապա գտնում ենք, որ նախագիծը պետք է ունենար այլ տրամաբանություն և չտարածվեր, օրինակ, վարկի գումարների նկատմամբ:

5. Սկզբունքորեն անընդունելի ենք համարում նաև նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների մասով զիջված կամ ներված (այդ թվում՝ մասնակի) գումարները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ:

Վերոգրյալի կապակցությամբ, նախ, հայտնում ենք, որ նշյալ դրույթն ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված կարգավորմանը, որի համաձայն՝ եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին):

Ինչ վերաբերում է վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող և հետագայում զիջվող կամ ներվող (այդ թվում՝ մասնակի) տոկոսների, տույժերի ու տուգանքների գումարներին, ապա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 141-րդ և 143-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների շրջանակներում այդ գումարներն առհասարակ չեն ներառվում ֆիզիկական անձանց համախառն եկամտի մեջ։ Հետևաբար, այս մասով որևէ օրենսդրական փոփոխություն կատարելու կարիք չկա։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան