Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն.-0213-1
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1990-27.12.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/4
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.12.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում դեմոկրատիայի ծավալման և կատարելագործման պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների ճիշտ ու ժամանակին քննարկումը:

Առաջարկությունները, դիմումները և գանգատները քաղաքացիների իրավունքների և օրենքով պաշտպանվող նրանց շահերի խախտման փաստերին արձագանքելու, այդ խախտումները վերացնելու և կանխելու միջոց են:

Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, գանգատները ժամանակին և ճիշտ քննարկելու, գանգատներ հարուցող պատճառները ի հայտ բերելու և վերացնելու ուղղությամբ պետական, հասարակական և մյուս մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Պետական, հասարակական և մյուս մարմինները պետք է քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ ապահովեն իրագործելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորվող իրավունքները` գրավոր ու բանավոր ձևով պետական, հասարակական և մյուս մարմիններին ներկայացնելու նրանց գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ, քննադատելու աշխատանքում տեղ գտած թերությունները, գանգատարկելու պաշտոնատար անձանց, պետական, հասարակական և մյուս մարմինների գործողությունները:

Պետական, հասարակական և մյուս մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց ղեկավարները, մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են ընդունել և իրենց լիազորություններին համապատասխան սույն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները, պատասխանել դրանց ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

2. Քաղաքացու գրավոր դիմումը պետք է ստորագրված լինի, նշելով ազգանունը, անունը, հայրանունը և առաջարկության, դիմումի կամ գանգատի էության շարադրանքից բացի, նաև տվյալներ բովանդակի նրա բնակության կամ աշխատանքի կամ ուսման վայրի մասին: Այս տեղեկությունները չբովանդակող դիմումը համարվում է անստորագիր, ենթակա չէ քննարկման և սահմանված կարգով ոչնչացվում է: Քննարկման ենթակա չեն նաև այն դիմումները, որոնցում դիմումի հեղինակի ինքնությանը վերաբերվող տվյալները կեղծ են:

3. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները ժամանակին քննարկելու նպատակով`

ա) քաղաքացիներն իրենց առաջարկությունները և դիմումները տալիս են այն պետական ու հասարակական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ այն պաշտոնատար անձանց, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահվում տվյալ հարցի լուծումը.

բ) գանգատները տրվում են այն մարմիններին կամ այն պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն պետական, հասարակական մարմինը, ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները գանգատարկվում են.

գ) իրենց վերադաս մարմինները չունեցող կոլեկտիվ տնտեսությունների, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների անդամների ընդհանուր ժողովների որոշումների, ինչպես նաև ժողովրդական պատգամավորների խորհուրդների ղեկավարությամբ գործող հասարակական ինքնագործունեության մարմինների որոշումների դեմ ուղղված գանգատները տրվում են համապատասխան խորհրդի գործադիր և կարգադրիչ մարմնին:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով գանգատները կարող են տրվել դատարանին:

4. Այն պետական ու հասարակական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց ղեկավարները և պաշտոնատար մյուս անձինք, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, գանգատներում առաջադրված հարցերի լուծումը, դրանք ամենաուշը հնգօրյա ժամկետում ուղարկվում են ըստ պատկանելույն, այդ մասին ծանուցելով դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ուր պետք է դիմեն:

5. Արգելվում է քաղաքացիների գանգատները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունները գանգատարկվում են:

6. Պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, գանգատի ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների առթիվ ընդունվող որոշումների փաստացի կատարումը, իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու գանգատների համալիր ուսումնասիրություն` այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:

7. Այն քաղաքացին, որը համաձայն չէ իր առաջարկության, դիմումի, գանգատի առթիվ ընդունված որոշմանը, իրավունք ունի այդ որոշումը գանգատարկելու այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որոնց անմիջականորեն ենթակա են գանգատարկվող որոշում ընդունած պետական, հասարակական մարմինը, ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը:

8. Պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները և մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են քաղաքացիների անձնական ընդունելություն կատարել:

Ընդունելությունը պետք է կատարվի սահմանված և քաղաքացիներին հայտնված օրերին ու ժամերին:

Պետական ու հասարակական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում քաղաքացիների ընդունելությունը և նրանց առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկումը կազմակերպելու համար անձնական պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:

9. Դիմումներին ու գանգատներին ընթացք են տալիս հարցը ըստ էության լուծելու պարտավոր պետական, հասարակական մարմնում, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում դրանք ստացվելուց հետո մինչև մեկ ամսվա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու գանգատները` 15 օրից ոչ ուշ:

Այն դեպքում, երբ դիմումին կամ գանգատին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել հատուկ ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ գանգատին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի, ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից կարող են երկարացվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով, այդ մասին հայտնելով դիմում կամ գանգատ տված անձին:

Քաղաքացիների առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որի մասին հայտնվում է հեղինակին:

10. Առանձին դեպքերում քաղաքացիների դիմումներն ու գանգատները վերցվում են հատուկ հսկողության և դրանց կատարման համար սահմանվում անհատական ժամկետներ:

Քաղաքացիների դիմումներն ու գանգատները հատուկ հսկողության վերցնելու և պատասխան պահանջելու իրավունք ունեն հանրապետական պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինները, իսկ մյուս մարմիններն ու կազմակերպությունները` ըստ ենթակայության:

11. Քաղաքացիների դիմումների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն:

Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:

12. Ժողովրդական պատգամավորների խորհուրդները և նրանց մարմիններն իրենց ենթակա պետական, հասարակական և մյուս մարմիններում, ինչպես նաև տվյալ խորհրդի տարածքում գտնվող ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում ստուգում են քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման վիճակը, ստուգումների արդյունքները անհրաժեշտ դեպքում քննարկվում են ժողովրդական պատգամավորների խորհուրդներում, նրանց մշտական հանձնաժողովների նիստերում:

Ժողովրդական պատգամավորների խորհուրդների, պետական մյուս մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները պետք է առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման աշխատանքի մասին կանոնավոր կերպով հաշվետվություն տան ժողովրդական պատգամավորների խորհուրդներին:

13. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք կարգապահական պատասխանատվության են ենթարկվում գործող օրենսդրությանը համապատասխան:

Պետական կամ հասարակական շահերին կամ քաղաքացիների իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին էական վնաս պատճառած խախտումներ թույլ տվող, ինչպես նաև գանգատ կամ դիմում տված քաղաքացիներին հետապնդող պաշտոնատար անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության:
      Զրպարտչական նպատակներով, ինչպես նաև անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ պարունակող քաղաքացու կողմից դիմում կամ գանգատ տալը պատասխանատվություն է առաջ բերում օրենսդրությանը համապատասխան:

 14. Սույն օրենքը չի տարածվում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման այն կարգի վրա, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, աշխատանքային և այլ օրենսդրությամբ:

15. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները բարձրագույն հսկողություն են իրականացնում բոլոր նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր ու կարգադրիչ մարմինների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները քննարկելիս օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու և օրինական շահերը պաշտպանելու նպատակով, խախտողներին ենթարկում են պատասխանատվության և ձեռնարկում են այլ միջոցներ` Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենքին համապատասխան:

16. Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու գանգատների գործավարությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հաստատվող կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

4 դեկտեմբերի 1990 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն.-0213-1