ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1562-Լ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-315-10.10.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-315-10.10.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 12 Երևան |
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-315-10.10.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է կատարել լրացում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում և կոչման հավելավճար նախատեսել նաև դատական կարգադրիչների համար:
Միաժամանակ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դատական կարգադրիչների համար կոչման հավելավճար չնախատեսելու հանգամանքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների խախտում է, բացի դրանից դատական կարգադրիչների ծառայությունում կոչումը չի կատարում բարոյահոգեբանական և նյութական խթանի դեր:
Այդ կապակցությամբ հայտնում ենք՝
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն բովանդակում կոչման կամ դասային աստիճանի համար հավելավճարներ վճարելու վերաբերյալ դրույթներ: Ավելին, չնայած կոչումների շնորհումն առաջին հերթին հատուկ է զինվորական ծառայությանը, նշված օրենքով զինծառայողներին և նրանց հավասարեցված քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչումների համար հավելավճար չի նախատեսվել:
Բացի դրանից, հարկ է նկատել, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական կարգադրիչին (բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների) դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչումը շնորհվում է պաշտոնի նշանակման հետ միաժամանակ (եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայության ավելի բարձր կոչում): Այսինքն, այն ոչ թե աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար խրախուսման միջոց է, ինչպես որոշ ծառայություններում, այլ, որպես պաշտոնի զբաղեցման պարտադիր պայման, շնորհվում է բոլոր դատական կարգադրիչներին (բացառությամբ բարձրագույն պաշտոնների):
Հարկ է նշել նաև, որ նմանատիպ կարգավորում առկա էր նաև քաղաքացիական ծառայության համակարգում, որը վերանայվեց 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքով. նշված օրենքն ուժի մեջ մտնելու պահից դասային աստիճաններ չեն շնորհվում քաղաքացիական ծառայողներին (բացառությամբ ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի), և դրան համապատասխան հավելավճարներ չեն նախատեսվում: Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին դասային աստիճանը շնորհվում է որպես խրախուսանքի միջոց:
Այսինքն, հանրային ծառայության կառավարման ներկայումս վարվող քաղաքականությամբ լրացուցիչ աշխատավարձի այս տեսակը վերանայվում է: Հետևաբար, պետական ծառայության մի տեսակում համապատասխան երաշխիքը հանելու դեպքում մեկ այլ ծառայությունում նույն իրավիճակում նախատեսելն անհավասար պայմաններ կստեղծի երկու ծառայություններում ծառայողների համար:
Հիմնական աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայության ստաժի հաշվարկման խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ, ինչպես պետական այլ ծառայություններում (բացառությամբ զինվորական ծառայության, քրեակատարողական և փրկարար ծառայության), դատական կարգադրիչների ծառայությունում ևս հիմնական աշխատավարձը հաշվարկվում է համապատասխան պաշտոնում ունեցած ստաժի հիման վրա:
Հարկ ենք համարում նշել նաև, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 98.0 մլն դրամի չափով:
Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ներկայումս հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի շրջանակում քննարկվում են հանրային ծառայողների շահադրդման այլ պայմաններ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|