Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 15.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1563-Լ

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-294-24.09.2019-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-305-03.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 12

Երևան

  

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-294-24.09.2019-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը՝ իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ և իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում՝ այդ կերպ խնայելով նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ` ԱԱԾ) միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը՝

Համաձայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի` հեռախոսային խոսակցությունների վերահսկում (այսուհետ` ՀԽՎ) օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն)՝ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` օրենքով սահմանված կարգով:

Համաձայն օրենքի 31-րդ հոդվածի՝ ոստիկանությանը կամ քրեակատարողական ծառայության մարմիններին վերապահված է լիազորություն՝ անցկացնելու հեռախոսային խոսակցությունների վերահսկում` գլխավոր վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում, բացառելով ազգային անվտանգության մարմինների և գլխավոր վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

Հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բավարար կերպով չի հիմնավորվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման անհրաժեշտությունը, և նախագծով առաջարկվող կարգավորումն ընդունելու պարագայում նույն գործառույթն ինքնուրույն իրականացնելու նախաձեռնություն կարող է դրսևորել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Բացի դրանից՝ նշված գործառույթների շրջանակներում գլխավոր վարչությունը համագործակցում է հեռահաղորդակցության օպերատորների հետ (ճշտվում են համակցման կետերը և ստացվող տեխնիկական տվյալների պարունակությունը), նրանց տեխնիկական հարթակներում տեղադրվում են հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք ձեռք են բերվում հեռահաղորդակցության օպերատորների ֆինանսական միջոցներով և տրվում շահագործման գլխավոր վարչությանը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն ինքնուրույն անցկացնելու իրավասություն վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաև արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաև հեռահաղորդակցության օպերատորների համար։

Նախագծում հստակեցված չէ երկու մարմինների կազմում նախատեսվող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումների կարգավիճակը (վարչություն, բաժին, առանձնացված ստորաբաժանում և այլն): Բացի դրանից՝ նախագծին կից հիմնավորման «Առաջարկվող կարգավորման բնույթը» մասում նշված է, որ նախագծով առաջարկվում է օրենսդրորեն թույլատրելի դարձնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը՝ սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ նախատեսվում է ներկայացնել միջոցառումների պլան, մինչդեռ նախագծին կից բացակայում է նախատեսվող միջոցառումների գծով հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատականը, ինչպես նաև գլխավոր վարչությունն օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմամբ փոխարինելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում նման ստորաբաժանման նախատեսման պարագայում կազմ-հաստիքային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ուստի, նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ապահովելու համար, որպիսի միջոցների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նման լիազորություն տալը կկրի վերացական բնույթ, գործնականում անհնարին կդարձնի նախագծով առաջարկվող կարգավորումների իրացումը՝ իմաստազրկելով դրանք:

Հարկ է նշել, որ ներկայումս իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքները, որի ընդունումը ենթադրում է համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում, ինչն իր հերթին ենթադրում է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակում:

Բացի դրանից՝ ներկայումս մշակվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որի և վերը նշված օրենսդրական ակտերի համատեքստում անդրադարձ կկատարվի նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակահարմարության և խնդրո առարկա ոլորտում համապարփակ լուծումների նախատեսման հարցերին:

Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայումս նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: