Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-0367-1
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.1991-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/15 հոդ. 316, ՀՀ 07.08.91/167
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.08.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
01.08.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության նախագահը հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձն է և գլխավորում է հանրապետության գործադիր իշխանությունը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվում է հանրապետության քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կարգը որոշվում է «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող և վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Մեկ անգամից ավելի նախագահ չի կարող ընտրվել այն անձը, որը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում առնվազն երկու և կես տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններն անց են կացվում հինգ տարին մեկ անգամ, հոկտեմբեր ամսվա երրորդ չորեքշաբթի օրը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները հետաձգվում են կամ նշանակվում են նոր ընտրություններ, եթե մինչև քվեարկության օրը նախագահի թեկնածուներից որևէ մեկը մահացել է կամ քվեարկության համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ: Խոչընդոտները որպես անհաղթահարելի է ճանաչում Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանը: Նման դեպքերում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ երկու ամիս հետո անց են կացվում ընտրություններ, որոնց կարող են մասնակցել նաև նոր թեկնածուներ:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է նույն տարվա դեկտեմբեր ամսվա երրորդ չորեքշաբթի օրը:

Եթե մինչև այդ տարվա նոյեմբեր ամսվա վերջին չորեքշաբթի օրը նախագահը չի ընտրվում, ապա այդ ժամկետից հետո ընտրված նախագահն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո քսաներորդ օրը: Ընդ որում, պաշտոնի փաստացի ստանձնման ժամկետից անկախ, նորընտիր նախագահի պաշտոնավարման ժամկետը հաշվվում է դեկտեմբեր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվանից: Նշված դեպքում դեկտեմբեր ամսվա երկրորդ չորեքշաբթի օրվանից մինչև հանրապետության նոր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը նախագահի պարտականությունները կատարում է Գերագույն խորհրդի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ` Գերագույն խորհրդի նախագահի տեղակալը:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հատուկ նիստում տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ լինել հանրապետության սահմանադրության և օրենքների պաշտպանության, անկախության ու ժողովրդավարության, քաղաքացիների անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովման երաշխավորը»:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության նախագահը`

1) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում.

2) ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք.

3) երկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության օրենքները:

Այդ ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է չստորագրել օրինագիծը և իր առարկություններով հանդերձ վերադարձնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` կրկնական քննարկման և քվեարկության համար: Եթե Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդով Հայաստանի Հանրապետության նախագահի առարկություններին համապատասխան փոփոխություն է կատարում օրինագծում կամ նիստին մասնակցող պատգամավորների երկու երրորդի մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ վերահաստատում է իր ընդունած օրինագիծը, ապա Հայաստանի Հանրապետության նախագահը օրինագիծը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն:

մբ. 18.05.1992թ. օրենք)

Եթե երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահը չի ստորագրում կամ հետ վերադարձնում օրինագիծը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերում հնգօրյա ժամկետում չի ստորագրում օրինագիծը, ապա այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ստորագրությամբ և ստանում օրենքի ուժ.

4) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնում է ամենամյա հաղորդումներ հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքների և որոշումների կատարման ընթացքի մասին. կարող է ուղերձներով դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ հանդես է գալիս Գերագույն խորհրդում արտահերթ հաղորդմամբ.

5) կարող է հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ կամ նստաշրջան.

6) նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահին, նրա համաձայնությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին, ընդունում է կառավարության հրաժարականը` դրանց մասին եռօրյա ժամկետում իրազեկ պահելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդի մեծամասնությամբ հանրապետության նախագահին կարող է առաջարկել վերանայելու կառավարության, նրա նախագահի կամ որևէ անդամի նշանակման հարցը:

(խմբ. 18.05.1992թ.օրենք)

Հայաստանի Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին իրազեկ է պահում արված առաջարկությունն ընդունելու կամ իր որոշումը կրկին պաշտպանելու մասին: Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իր ընդունած որոշումը պաշտպանելու դեպքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով դադարեցնել նշված պաշտոնատար անձանց լիազորությունները: Հանրապետության նախագահը պարտավոր է այդ անձանց ազատել զբաղեցրած պաշտոնից.

7) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը, կարող է նախագահել կառավարության նիստերին.

8) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին թեկնածուներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամների, գերագույն դատարանի նախագահի, նրա տեղակալների, գերագույն դատարանի անդամների, գլխավոր պետական արբիտրի պաշտոններում ընտրվելու և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու համար.

9) իրականացնում է արտաքին հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը, կնքում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և օրենքով նախատեսված դեպքերում դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի վավերացմանը.

10) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին.

11) ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.

12) գլխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, հանդիսանում է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13) անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պաշտպանության անվտանգության ապահովման համար.

14) միջազգային իրավական նորմերին համապատասխան իրականացնում է արտերկրի հայության շահերի պաշտպանությունը.

15) հանրապետության վրա զինված հարձակման դեպքում որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, իսկ արտաքին վտանգի առկայության դեպքում հայտարարում է ռազմական դրություն հանրապետության ողջ տարածքում կամ առանձին շրջաններում: Նշված դեպքերում կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Լայնածավալ աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում, ելնելով վիճակի արագ կարգավորման և օրինականության վերականգնման անհրաժեշտությունից, կարող է հայտարարել մինչև երեք ամիս տևողությամբ արտակարգ դրություն, որի ժամկետը երկարացվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնությամբ:

Զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումները ոչ ուշ, քան քառասունութ ժամվա ընթացքում ներկայացնում է Գերագույն խորհրդի հաստատմանը:

Պատերազմական ռազմական և արտակարգ դրության կարգավիճակը սահմանվում է օրենքով.

16) ընդունում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ, լուծում է ապաստան տալու հարցը, ներում է շնորհում դատապարտյալներին:

(խմբ.02.03.1992թ. օրենք)

17) վերացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության առանձին նախարարությունների, Հայաստանի Հանրապետության պետական կոմիտեների, մյուս գերատեսչությունների, տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների ընդունած այն որոշումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներին և իր հրամանագրերին.

18) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ, բարձրագույն զինվորական կոչումներ ու դիվանագիտական դասեր.

19) իրականացում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և Գերագույն խորհրդի որոշումների հիման վրա իր լիազորությունների սահմաններում հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներին:

Նախագահի այն հրամանագրերը և կարգադրությունները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա վերացվում են Գերագույն խորհրդի կողմից:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության նախագահի հետ միաժամանակ ընտրվում է նաև Հայաստանի Հանրապետության փոխնախագահը:

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուին առաջարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն:

Հայաստանի Հանրապետության փոխնախագահ կարող են ընտրվել այն անձինք, որոնք բավարարում են սույն օրենքի 3 հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության փոխնախագահը կատարում է նրա առանձին լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոխնախագահի նոր թեկնածու:

Հայաստանի Հանրապետության փոխնախագահը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, եթե Հայաստանի Հանրապետության նախագահը`

1) հրաժարական է տվել.

2) չի կարող շարունակել իր լիազորությունների կատարումը.

3) օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ է արվել:

Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի կողմից իրենց լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը լուծում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդի մեծամասնությամբ` նրանց դիմումի հիման վրա կամ ելնելով ստեղծված հանգամանքներից:

(խմբ.18.05.1992թ. օրենք)

Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի կողմից միաժամանակ իրենց լիազորությունների կատարման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը կամ նրա տեղակալը:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության նախագահը և փոխնախագահը կարող են պաշտոնանկ արվել, եթե մեղավոր են ճանաչվել Հայրենիքին դավաճանելու, կաշառակերության կամ այլ հանցագործությունների կատարման մեջ:

Հայաստանի Հանրապետության նախագահին և փոխնախագահին պաշտոնանկ անելու հարցը նախապես քննարկում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը և լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդի մեծամասնությամբ որոշում հարցը հանձնել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին` եզրակացություն տալու համար:

(խմբ. 18.05.1992թ. օրենք)

Հայաստանի Հանրապետության նախագահին և փոխնախագահին պաշտոնանկ անելու որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի անձը անձեռնմխելի է և պաշտպանվում է օրենքով:

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի սպասարկման և պահպանման կարգը, աշխատավարձի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության նախագահը և փոխնախագահը չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության որևէ խորհրդի պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության նախագահը և փոխնախագահը իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող լինել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմնի անդամ և զբաղեցնել այլ պաշտոններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

1 օգոստոսի 1991 թվականի,
քաղ. Երևան

Հ. Ն-0367-1