Գլխավոր տեղեկություն
Համար
N 934-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.10.2019-07.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2019 թվականի N 934-Ա

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ (ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 651-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.10.19 N 1492-Ա)

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) (այսուհետ՝ աշխատանքային խումբ (շտաբ)՝ հաստատելով դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 17.10.19 N 1492-Ա)

1.1. Հաստատել աշխատանքային խմբի (շտաբի) աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 17.10.19 N 1492-Ա)

2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝

1) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով ստեղծելու մասին» N 651-Ա որոշումը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

     

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 16-ի N 934-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)

 

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Լ. Հակոբյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ի. Ղափլանյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Լոռեցյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Նահապետյան

- Փրկարար ծառայության տնօրեն

Գ. Շախբազյան

- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Հակոբյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ս. Սահակյան

- Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

- մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության)

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան

- «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Հ. Եմիշյան

- Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ (աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար)

(հավելվածը խմբ. 17.10.19 N 1492-Ա)

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 16-ի N 934-Ա

որոշման

     

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

  

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)

     

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի N 934-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով: Աշխատանքային խումբը ստեղծվում, դրա անհատական կազմը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

   

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

    

3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումն է և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացումը:

    

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

4. Աշխատանքային խումբը կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտության դեպքում բանակցում է նաև օտարերկրյա պետությունների պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:

5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Աշխատանքային խմբի որոշմամբ դրան կից կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր՝ աշխատանքային խմբում ներառված մարմինների ներկայացուցիչներից` սահմանելով ենթախմբերի գործունեության ուղղությունները:

    

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

     

6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:

7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը՝ նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար գումարվող աշխատանքային խմբի արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նիստի օրակարգը աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին ներկայացվում են կապի և (կամ) ազդարարման հնարավոր միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ անհնարինության դեպքում նիստի օրակարգը կարող է ներկայացվել գումարված նիստի ընթացքում:

9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):

10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/5-ը:

11. Աշխատանքային խումբն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Աշխատանքային խմբի ղեկավարը քվեարկում է վերջինը:

12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:

14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:

15. Նիստերի արձանագրությունները ստորագրում են աշխատանքային խմբի ղեկավարը և քարտուղարը:

16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը՝

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.

4) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները.

5) աշխատանքային խմբի որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.

7) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը՝

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.

2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

     

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

      

20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը լրաց. 17.10.19 N 1492-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան