Գլխավոր տեղեկություն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.1969-01.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1970/1
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.1969
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1969
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2002

 

Հայաստանի Հանրապետության

 

օ ր ե ն ք ը

 

Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաստատելու մասին

 

 

«Նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաստատելու մասին» ԽՍՀՄ 1969 թվականի հուլիսի 11-ի օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը:

հայաստանի հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը

 

 

Հոդված 1. Նախնական կալանք

 

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության քրեական-դատավարության օրենսդրությանը համապատասխան նախնական կալանքի վերցնելը խափանման միջոց է մեղադրյալի, ամբաստանյալի, ինչպես նաև այնպիսի հանցագործություն կատարելու մեջ կասկածվողի նկատմամբ, որի համար օրենքով որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում:

      Նախնական կալանքի վերցնելու կարգը սահմանվում է ԽՍՀՄ 1969 թվականի հուլիսի 11-ի օրենքով հաստատված նախնական կալանքի վերցնելու կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրությամբ:

      Նախնական կալանքի կարգը տարածվում է նաև կալանքի վերցված այն դատապարտյալների վրա, որոնց վերաբերյալ դատավճիռները օրինական ուժի մեջ չեն մտել:


Հոդված 2. Նախնական կալանքի վերցնելու կանոնադրության խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 74 և 82 հոդվածներին համապատասխան` նախնական կալանքի վերցնելու կանոնադրության խնդիրն է սահմանել նախնական կալանքի վայրերում այն անձանց պահելու կանոնները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, որպեսզի նրանց համար բացառվի քննությունից և դատից թաքնվելու, քրեական գործով ճշմարտության հայտնաբերմանը խոչընդոտ հարուցելու, կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ինչպես նաև ապահովվի դատավճռի կատարումը:

 

Հոդված 3. Նախնական կալանքի հիմքերը

 

Նախնական կալանքի համար հիմք է հանդիսանում քննիչի կամ հետաքննություն կատարող անձի` դատախազի կողմից հաստատված որոշումը, որպես խափանման միջոց նախնական կալանքը ընտրելու մասին դատախազի որոշումը, կամ դատարանի դատավճիռը կամ որոշումը, որոնք կայացվում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության քրեական ու քրեական-դատավարության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 4. Նախնական կալանքի վայրերը

 

Այն անձինք, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված նախնական կալանքը, պահվում են նախնական կալանքի վայրերում` քննչական մեկուսարաններում: Առանձին դեպքերում այդ անձինք կարող են պահվել բանտում, նախնական կալանքի խցում, ինչպես նաև հաուպտվախտում:

Կալանքի վերցված անձինք նախնական կալանքի խցում կարող են պահվել ոչ ավելի, քան երեք օր: Եթե կալանքի վերցված անձանց քննչական մեկուսարան բերելը հնարավոր չէ հեռավորության կամ հաղորդակցության պատշաճ ճանապարհներ չլինելու պատճառով, նախնական կալանքի խցում պահելու ժամանակը կարող է երկարացվել մինչև 30 օր: Նման դեպքերում, ինչպես նաև, երբ որպես խափանման միջոց կալանքի վերցվածները պահվում են բանտում, նրանց պահելու կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ:

Կալանքի վերցված անձանց մինչև երեք օր նախնական կալանքի խցում, ինչպես նաև հաուպտվախտում պահելու կարգը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

Եթե ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք քրեական պատասխանատվության են կանչվում մի այլ հանցագործություն կատարելու համար և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, նրանք կարող են պահվել ուղղիչ աշխատանքային գաղութի տուգանային մեկուսարանում կամ դաստիարակչական աշխատանքային գաղութի կարգապահական մեկուսարանում` այն անձի կամ մարմնի որոշմամբ, որի վարույթում գտնվում է գործը:

 

Հոդված 5. Կալանքի տակ պահելու կարգի ապահովումը նախնական կալանքի վայրերում

 

Նախնական կալանքի վայրերում անձանց կալանքի տակ պահելու կարգի ապահովումը դրվում է նախնական կալանքի վայրերի ադմինիստրացիայի վրա:

Նախնական կալանքի վայրերի ադմինիստրացիան իր գործունեությունն իրականացնում է ԽՍՀ Միության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 6. Նախնական կալանքի վայրերում պահվող անձանց իրավական դրությունը

 

Նախնական կալանքի վայրերում պահվող անձինք ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված պարտականությունները կրում և իրավունքներից օգտվում են սույն կանոնադրությամբ նախատեսված և կալանքի տակ պահելու ռեժիմից բխող սահմանափակումներով:

Նախնական կալանքի վայրերում պահվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրությունը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, որը նախատեսում է այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները ԽՍՀՄ տերիտորիայում նրանց գտնվելու ժամանակ` այն սահմանափակումներով, որոնք բխում են ԽՍՀՄ 1969 թվականի հուլիսի 11-ի օրենքով հաստատված նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունից, սույն կանոնադրությունից և կալանքի տակ պահելու ռեժիմից:

 

Հոդված 7. Նախնական կալանքի վայրերի ռեժիմի հիմնական պահանջները

 

Նախնական կալանքի վայրերի ռեժիմի հիմնական պահանջներն են` կալանքի վերցված անձանց մեկուսացումը, մշտական հսկողությունը նրանց նկատմամբ և սույն կանոնադրության 8 հոդվածով նախատեսված կարգով նրանց առանձին-առանձին պահելը:

Այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, խուզարկվում են, վերցվում է նրանց մատնադրոշմը և լուսանկարվում են. նրանց մոտ գտնվող իրերը, ինչպես նաև նրանց անունով ստացվող հանձնուքներն ու ծանրոցները ենթակա են զննության, իսկ նամակագրությունը` գրաքննության: Նրանց արգելվում է իրենց մոտ ունենալ փող և արժեքավոր իրեր, ինչպես նաև այնպիսի առարկաներ, որոնք նախնական կալանքի վայրերում պահել չի թույլատրվում: Նախնական կալանքի վայրերում գտնվելու ժամանակ նրանցից վերցված փողը հաշվեգրվում է անձնական հաշիվներում, իսկ արժեքավոր իրերն ու առարկաները ի պահ են հանձնվում. անաշխատ եղանակով ձեռք բերված կամ անհայտ աղբյուրներից ստացված փողն ու արժեքավոր իրերը նախնական կալանքի վայրի պետի պատճառաբանված և դատախազի հաստատած որոշմամբ պետականացվում են:

Կալանքի վերցվածները կարող են աշխատանքի ներգրավվել միայն նախնական կալանքի վայրի տերիտորիայի սահմաններում` իրենց համաձայնությամբ և այն անձի կամ մարմնի թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է գործը: Նրանց աշխատանքի վարձատրության պայմանները որոշվում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 8. Կալանավորվածներին նախնական կալանքի վայրերում առանձին-առանձին պահելը

 

Կալանքի վերցված անձինք պահվում են ընդհանուր խցերում այն ժամկետում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 74 հոդվածի երկրորդ մասով և 83 հոդվածով: Բացառիկ դեպքերում նրանք կարող են պահվել մենախցերում այն անձի կամ մարմնի պատճառաբանված որոշմամբ, որի վարույթում գտնվում է գործը, կամ նախնական կալանքի վայրի պետի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատված է դատախազի կողմից:

Կալանքի վերցվածները խցերում տեղավորվում են մեկուսացման հետևյալ պահանջների պահպանմամբ.

տղամարդիկ` կանանցից առանձին,

անչափահասները` չափահասներից առանձին: Բացառիկ դեպքերում, դատախազի սանկցիայով, այն խցերում, ուր պահվում են անչափահասներ, թույլատրվում է պահել չափահասների,

ազատազրկման վայրերում նախկինում պատիժ կրած անձինք` ազատազրկման վայրերում պատիժ չկրած անձերից առանձին,

ծանր հանցագործություններում մեղադրվող կամ կասկածվող անձինք` կալանքի վերցված մյուս անձերից առանձին, առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններում մեղադրվող կամ կասկածվող անձինք` կալանքի վերցված մյուս անձերից, որպես կանոն, առանձին,

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները` կալանքի վերցված մյուս անձերից առանձին,

դատապարտյալները` կալանքի վերցված մյուս անձերից առանձին, և ուղղիչ աշխատանքային գաղութի ռեժիմի այն տեսակին համապատասխան, որը սահմանված է դատարանի դատավճռով,

օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` կալանքի վերցված մյուս անձերից, որպես կանոն, առանձին:

Մահապատժի դատապարտվածները պահվում են կալանքի վերցված մյուս բոլոր անձերից մեկուսացված: Միևնույն գործով կասկածվողները կամ մեղավորները պահվում են առանձին-առանձին, երբ առկա է այն անձի կամ մարմնի ցուցումը, որի վարույթում գտնվում է տվյալ գործը:

Կալանքի վերցված անձանց կալանավայրերի բուժհիմնարկներում տեղավորումը կատարվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 9. Կալանքի վերցված անձանց իրավունքները

 

Կալանքի վերցված անձինք իրավունք ունեն`

օգտվելու մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից, ամսական մեկ անգամ ստանալու մինչև հինգ կիլոգրամ քաշով հանձնուք կամ ծանրոց, ստանալու դրամական փոխադրումներ, ոչ կանխիկ հաշվով գնելու ամսական մինչև 10 ռուբլու սննդամթերքներ և առաջին անհրաժեշտության առարկաներ, օգտագործելու սեփական հագուստը և կոշիկը,

իրենց մոտ ունենալու քրեական գործին վերաբերող փաստաթղթեր և գրառումներ,

զբաղվելու սեղանի խաղերով և օգտվելու նախնական կալանքի վայրի գրադարանի գրքերից,

գանգատներով և դիմումներով դիմելու պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց` սույն կանոնադրության 13 հոդվածով սահմանված կարգով:

Կալանքի վերցված կանայք իրավունք ունեն իրենց մոտ պահելու մինչև երկու տարեկան երեխաներին: Հղի կանանց և իրենց մոտ երեխաներ պահող կանանց, ինչպես նաև անչափահասների համար ամենօրյա զբոսանքի տևողությունը սահմանվում է մինչև երկու ժամ:

Ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք, եթե մի այլ գործով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, պահվում են սույն կանոնադրությամբ սահմանված կանոններին համապատասխան: Այդ անձանց համար հանձնուքներ և ծանրոցներ ստանալու, ինչպես նաև սննդամթերքներ և առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու իրավունքը սահմանվում է այն կանոններին համապատասխան, որոնք ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են ուղղիչ աշխատանքային գաղութի ռեժիմի` դատարանի դատավճռով կամ որոշմամբ նշանակված տեսակի համար:

 

Հոդված 10. Կալանքի վերցված անձանց պարտականությունները

 

Կալանքի վերցված անձինք պարտավոր են` պահպանել նախնական կալանքի վայրերում սահմանված կարգ ու կանոնը, կատարել ադմինիստրացիայի պահանջները, ադմինիստրացիայի նշանակմամբ հերթապահել խցերում, խնամքով վերաբերվել նախնական կալանքի վայրերի գույքին, սարքավորմանը և մյուս ունեցվածքին:

 

Հոդված 11. Կալանքի վերցված անձանց նյութակենցաղային ապահովությունը և բուժսպասարկումը

 

Կալանքի վերցված անձանց համար ապահովվում են սանիտարիայի և հիգիենայի կանոններին համապատասխանող անհրաժեշտ բնակարանակենցաղային պայմաններ:

Կալանքի վերցված անձանց անվճար տրվում են նորմաներով սահմանված սնունդ, անհատական քնելու տեղ, անկողին և նյութակենցաղային ապահովման այլ տեսակներ: Անհրաժեշտ դեպքերում նրանց տրվում է սահմանված տեսակի հագուստ և կոշիկ:

Նախնական կալանքի վայրերում բուժսպասարկումը, ինչպես նաև բուժպրոֆիլակտիկ և հակահամաճարակային աշխատանքը կազմակերպվում և կատարվում են առողջապահության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Կալանքի վերցված անձանց բուժօգնություն ցույց տալը, առողջապահության մարմինների բուժհիմնարկներն օգտագործելը և այդ նպատակով բուժանձնակազմին ներգրավելը իրականացվում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 12. Կալանքի վերցված անձանց տեսակցություններ թույլ տալու կարգը

 

Կալանքի վերցված անձանց իրենց ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցություններ կարող է թույլ տալ նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան միայն այն անձի կամ մարմնի թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է տվյալ գործը: Տեսակցության տևողությունը սահմանվում է մեկից մինչև երկու ժամ: Այն անձը կամ մարմինը, որի վարույթում գտնվում է գործը, կարող է տեսակցություն թույլ տալ, որպես կանոն, ամսական ոչ ավելի քան մեկ անգամ:

Դատապաշտպանին գործին մասնակցելու թույլտվության պահից, որը հաստատվում է այն անձի կամ մարմնի գրավոր հաղորդմամբ, որի վարույթում գտնվում է գործը, կալանքի վերցվածները իրավունք ունեն դատապաշտպանի հետ առանձին տեսակցել` առանց տեսակցությունների թվի ու դրանց տևողության սահմանափակման:

 

Հոդված 13. Կալանքի վերցված անձանց նամակագրությունը և նրանց գանգատները, դիմումներն ու նամակները ուղարկելու կարգը

 

Կալանքի վերցված անձինք կարող են ազգականների կամ այլ քաղաքացիների հետ նամակագրություն ունենալ այն անձի կամ մարմնի թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է գործը:

Կալանքի վերցված անձանց գանգատները, դիմումներն ու նամակները ստուգվում են նախնական կալանքի վայրի ադմինիստրացիայի կողմից: Դատախազին հասցեագրված գանգատները, դիմումներն ու նամակները ստուգման ենթակա չեն և հասցեատիրոջն են ուղարկվում դրանք հանձնելու պահից մեկ օրվա ընթացքում:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության քրեական-դատավարության օրենսդրությանը համապատասխան` հետաքննություն կատարող անձի կամ քննիչի գործողությունների վերաբերյալ գանգատները նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան դատախազին է ուղարկում դրանց տրվելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, իսկ դատախազի գործողությունների և որոշումների վերաբերյալ գանգատները նույն ժամկետում ուղարկվում են վերադաս դատախազին:

Քրեական գործի վարույթի հետ կապված մյուս գանգատները, դիմումներն ու նամակները, դրանց տրվելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան ուղարկում է այն անձին կամ մարմնին, որի վարույթում գտնվում է գործը: Այդ անձի կամ մարմնի կողմից դրանք նայվում են և ոչ ուշ, քան դրանց ստացման պահից երեք օրվա ընթացքում ուղարկվում ըստ պատկանելույն: Այնպիսի տեղեկություններ պարունակող գանգատները, դիմումներն ու նամակները, որոնց հաղորդումը կարող է խանգարել քրեական գործի վերաբերյալ ճշմարտության հայտնաբերմանը, ըստ պատկանելույն են ուղարկվում, որի մասին հայտնվում է կալանքի վերցված անձին, ինչպես նաև իրազեկ է պահվում դատախազը:

Գործի վարույթին չվերաբերվող գանգատները, դիմումներն ու նամակները համապատասխանաբար քննության են առնվում և լուծում են ստանում նախնական կալանքի վայրի ադմինիստրացիայի կողմից կամ օրենքով սահմանված կարգով ուղարկվում են ըստ պատկանելույն:

 

Հոդված 14. Կալանքի վերցված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 

Կալանքի վերցված անձանց նկատմամբ, նրանց օրինակելի վարքագծի դեպքում, նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան կարող է կիրառել խրախուսանքի հետևյալ միջոցները.

շնորհակալություն հայտնել,

ժամկետից շուտ հանել նախկինում տրված տույժը,

ավելացնել զբոսանքի տևողությունը:

 

Հոդված 15. Կալանքի վերցված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

 

Կալանքի վերցված այն անձանց նկատմամբ, որոնք խախտում են ռեժիմի պահանջները, նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան կարող է կիրառել տույժի հետևյալ միջոցները.

նախազգուշացում կամ նկատողություն անել,

արտահերթ հերթապահություն նշանակել շենքը մաքրելու համար.

մեկ ամիս ժամանակով զրկել սննդամթերքներ գնելու և հերթական ծանրոցներ կամ հանձնուքներ ստանալու իրավունքից:

Կալանքի վերցված այն անձինք, որոնք չարամտորեն խախտում են ռեժիմի պահանջները, նախնական կալանքի վայրի պետի պատճառաբանված որոշմամբ կարող են արգելափակվել պատժախցում մինչև տասն օր ժամանակով, իսկ անչափահասները` մինչև հինգ օր ժամանակով: Հղի կանայք և իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք չեն կարող արգելափակվել պատժախցում:

Կալանքի վերցվածների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները պետք է համապատասխանեն զանցանքի ծանրությանն ու բնույթին: Թույլ չի տրվում կիրառել այնպիսի միջոցներ, որոնք նպատակ ունեն կալանքի վերցված անձանց պատճառել ֆիզիկական տանջանքներ կամ նվաստացնել նրանց մարդկային արժանապատվությունը:

 

Հոդված 16. Կալանքի վերցված անձանց նյութական պատասխանատվությունը

 

Կալանքի վերցված անձինք նախնական կալանքի վայրերում գտնվելու ժամանակ պետությանը պատճառած նյութական վնասի համար նյութական պատասխանատվություն են կրում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով:

Վնասը նախնական կալանքի վայրի պետի որոշմամբ բռնագանձվում է կալանքի վերցվածի անձնական հաշվում եղած դրամական գումարներից: Նախնական կալանքի վայրում գտնվելու ժամանակ տվյալ անձի կողմից չհատուցված վնասը նրան ազատազրկման դատապարտելու դեպքում ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան կարող է բռնագանձել դատապարտյալի անձնական հաշվում ստացվող միջոցներից:

Խափանման միջոցի վերացման կամ փոփոխման դեպքում կալանքից ազատված անձի կողմից չհատուցված նյութական վնասը կարող է բռնագանձվել ընդհանուր հիմունքներով:

 

Հոդված 17. Անվտանգության միջոցները և զենք կիրառելու հիմքերը

 

Կալանքի վերցված անձանց նկատմամբ, եթե նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տալիս նախնական կալանք վայրի աշխատողներին, ցուցաբերում են վայրագ վերաբերմունք կամ այլ բռնի գործողություններ են կատարում, թույլ է տրվում կիրառել ձեռնաշղթա կամ զսպաշապիկ` շրջապատողներին և իրենց վնաս չպատճառելու նպատակով:

Այն դեպքում, երբ կալանքի վերցված անձը նախնական կալանքի վայրի աշխատողների կամ այլ անձանց կյանքին անմիջականորեն սպառնացող հարձակում է գործում կամ այլ դիտավորյալ գործողություն կատարում, ինչպես նաև կալանքից փախչելու դեպքում, որպես բացառիկ միջոց, թույլ է տրվում զենքի գործադրում, եթե այլ միջոցներով հնարավոր չէ խափանել նշված գործողությունները: Կալանքից կանանց և անչափահասների փախչելու դեպքում զենքի գործադրում թույլ չի տրվում:

Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան պարտավոր է անհապաղ տեղյակ պահել դատախազին:

 

Հոդված 18. Որպես խափանման միջոց կալանքի վերցված անձանց կալանքից ազատելու հիմքերը

 

Կալանավորվածներին կալանքից ազատելու հիմքեր են`

1) խափանման միջոցի վերացումը,

2) խափանման միջոցի փոփոխումը,

3) որպես խափանման միջոց կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամկետը լրանալը, եթե այդ ժամկետը չի երկարացվել օրենքով սահմանված կարգով: Նախնական կալանքի վայրի պետը պարտավոր է ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց յոթ օր առաջ այդ մասին գրավոր հայտնել այն անձին կամ մարմնին, որի վարույթում գտնվում է գործը, ինչպես նաև այն դատախազին, որը հսկում է նախնական կալանքի վայրում օրինականության պահպանմանը:

Կալանքի վերցվածներին ազատում է նախնական կալանքի վայրի պետը` հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի որոշման, կամ դատարանի դատավճռի կամ որոշման հիման վրա: Սույն հոդվածի 3 կետով նախատեսված դեպքում կալանավորներն ազատվում են նախնական կալանքի վայրերում օրինականության պահպանմանը հսկող դատախազի որոշմամբ:

Կալանավորվածին ազատելու որոշումը կամ դատավճիռը նախնական կալանքի վայրում ստացվելուց հետո ենթակա է անհապաղ կատարման:

Նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան ապահովում է կալանքից ազատվող անձանց անվճար ուղևորումը իրենց բնակության վայրը: Անհրաժեշտության դեպքում նրանց տրվում է դրամական նպաստ ու հագուստ:

 

Հոդված 19. Նախնական կալանքի վայրերում օրինականության պահպանման դատախազական հսկողությունը

 

Նախնական կալանքի վայրերում օրինականության պահպանման հսկողությունը իրականացնում են ԽՍՀՄ գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության դատախազը և նրանց ենթակա դատախազները` ԽՍՀՄ-ում դատախազական հսկողության օրենսդրությանը համապատասխան: