Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2001
Ստորագրման ամսաթիվ
16.11.2001
Վավերացման ամսաթից
13.09.2019

ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ԱՎԻԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՔՍՏ

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ մեծ արժեք կամ հատուկ տնտեսական նշանակություն ունեցող ավիացիոն սարքավորումների ձեռք բերման և օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ սարքավորումների ձեռք բերման և օգտագործման ֆինանսավորումը արդյունավետ կերպով դյուրացնելու անհրաժեշտությունը,

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ այդ նպատակով լիզինգի և ակտիվներով ապահովված ֆինանսավորման առավելությունները և ցանկանալով դյուրացնել գործարքների այդ տեսակները` սահմանելով դրանք կարգավորող հստակ կանոններ,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այդ սարքավորումների նկատմամբ երաշխիքների համընդհանուր ճանաչման և պաշտպանության անհրաժեշտությունը,

 

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ լայն և տնտեսապես փոխշահավետ առավելություններ տրամադրել բոլոր շահագրգիռ կողմերին,

 

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այդ կանոնները պետք է արտացոլեն ակտիվներով ապահովված ֆինանսավորման և լիզինգի հիմքում ընկած սկզբունքները և խթանեն կողմերի՝ նման գործարքներում անհրաժեշտ ինքնավարությունը,

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ այդ սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների համար իրավական շրջանակի սահմանման անհրաժեշտությունը և այդ նպատակով գրանցման միջազգային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը` դրանց պաշտպանության համար,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի սկզբունքները և նպատակները,

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ներքոշարադրյալ դրույթների շուրջ:

 

ԳԼՈՒԽ I

 

Կիրառման ոլորտը և ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Սահմանումներ

 

 Սույն Կոնվենցիայի նպատակների համար. «սույն Կոնվենցիա» նշանակում է՝ Շարժական սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների մասին կոնվենցիայի և Շարժական սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների մասին կոնվենցիայի` ավիացիոն սարքավորումների վերաբերյալ արձանագրության ամփոփ տեքստը:

 Բացառությամբ այն դեպքերի, երբ համատեքստն այլ բան է պահանջում, սույն Կոնվենցիայում հետևյալ եզրույթներն օգտագործվում են ստորև սահմանված իմաստներով.

ա) «համաձայնագիր» նշանակում է՝ պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագիր, սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագիր կամ երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) համաձայնագիր,

բ) «օդանավ» նշանակում է՝ օդանավեր, ինչպես սահմանված է Չիկագոյի կոնվենցիայի նպատակների համար, որոնք իրենցից ներկայացնում են ճախրասավառնակներ` դրանց վրա տեղադրված ավիացիոն շարժիչներով, կամ՝ ուղղաթիռներ,

գ) «ավիացիոն շարժիչներ» նշանակում է՝ օդանավերի շարժիչներ (ռազմական, մաքսային կամ ոստիկանական ծառայությունների կողմից օգտագործվողներից բացի), որոնք շարժման մեջ են դրվում ռեակտիվ շիթով կամ օգտագործում են տուրբինային կամ մխոցային տեխնոլոգիա, և՝

i) ռեակտիվ ավիացիոն շարժիչների դեպքում ունեն նվազագույնը 1750 ֆունտ քարշուժ կամ դրա համարժեքը չափման այլ միավորներով, և

ii) տուրբինային կամ մխոցային ավիացիոն շարժիչների դեպքում ունեն նվազագույնը 550 ձիաուժ թռիչքային անվանական հզորություն կամ դրա համարժեքը չափման այլ միավորներով, բոլոր մոդուլների և տեղադրված, ամրացված կամ կցված այլ պարագաների, մասերի և սարքավորումների, ինչպես նաև դրանց վերաբերող բոլոր տվյալների, ձեռնարկների և գրառումների հետ միասին,

դ) «ավիացիոն օբյեկտներ» նշանակում է՝ ճախրասավառնակներ, ավիացիոն շարժիչներ և ուղղաթիռներ,

ե) «օդանավերի ռեգիստր» նշանակում է՝ ռեգիստր, որը վարվում է պետության կամ ընդհանուր տարբերիչ և գրանցման նշանները գրանցող մարմնի կողմից` Չիկագոյի կոնվենցիայի նպատակների համար,

զ) «ճախրասավառնակ» նշանակում է՝ օդանավի ճախրասավառնակ (ռազմական, մաքսային կամ ոստիկանական ծառայությունների կողմից օգտագործվողներից բացի), որի վրա համապատասխան ավիացիոն շարժիչների տեղադրումից հետո իրավասու ավիացիոն մարմինների կողմից տրվում է տիպային վկայական` փոխադրելու համար.

i) առնվազն ութ (8) մարդ՝ ներառյալ անձնակազմը, կամ

ii) 2750 կիլոգրամ քաշը գերազանցող ապրանքներ,

բոլոր մոդուլների և տեղադրված, ամրացված կամ կցված այլ պարագաների, մասերի և սարքավորումների, ինչպես նաև դրանց վերաբերող բոլոր տվյալների, ձեռնարկների և գրառումների հետ միասին,

է) «զիջում« նշանակում է՝ պայմանագիր, որով մեկ այլ անձի են անցնում օբյեկտի հետ կապված իրավունքները` համապատասխան միջազգային երաշխիքների փոխանցմամբ կամ առանց դրանց փոխանցման, անկախ պայմանագրի` ապահովման միջոցով կնքված լինելու հանգամանքից,

ը) «օբյեկտի հետ կապված իրավունքներ» նշանակում է՝ համաձայնագրով պարտապանի կողմից վճարում ստանալու կամ այլ պարտավորություններ կատարելու բոլոր այն իրավունքները, որոնք ապահովված են ավիացիոն օբյեկտով կամ կապված են դրա հետ,

թ) «լիազորված կողմ» նշանակում է՝ 25-րդ հոդվածի 3-րդ կետում նշված կողմ,

ժ) «Չիկագոյի կոնվենցիա» նշանակում է՝ 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիա` դրանում կատարված փոփոխություններով և դրան կից հավելվածներով,

ժա) «անվճարունակության ընթացակարգերի սկիզբ» նշանակում է՝ այն ժամանակը, որից սկսած՝ անվճարունակության ընթացակարգերը համարվում են սկսված՝ անվճարունակության մասին կիրառելի օրենքի համաձայն,

ժբ) «ընդհանուր տարբերիչ և գրանցման նշանները գրանցող մարմին» նշանակում է՝ իրավասու մարմին, որը Չիկագոյի կոնվենցիայի 77-րդ հոդվածի համաձայն` վարում է ռեգիստր և հիմնադրվում է միջազգային շահագործման գործակալությունների` շահագործվող օդանավերի ազգային պատկանելության և գրանցման մասին որոշման համաձայն, որն ընդունվել է 1967 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդի կողմից,

ժգ) «հնարավոր գնորդ» նշանակում է` գնորդ՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով,

ժդ) «հնարավոր վաճառող» նշանակում է՝ վաճառող՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով,

ժե) «առք ու վաճառքի պայմանագիր» նշանակում է՝ վաճառողի կողմից գնորդին ավիացիոն օբյեկտի վաճառքի պայմանագիր, որը չի հանդիսանում համաձայնագիր, ինչպես այն սահմանված է վերոնշյալ «ա» կետում,

ժզ) «դատարան» նշանակում է՝ ընդհանուր իրավասության դատարան, վարչական տրիբունալ կամ արբիտրաժ, որը հիմնադրվել է Պայմանավորվող պետության կողմից, հնարավոր վաճառող

ժէ) «պարտատեր» նշանակում է՝ գրավատու՝ պարտավորությունների կատարումն ապահովող համաձայնագրով, հնարավոր վաճառող՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով կամ վարձատու՝ լիզինգի մասին համաձայնագրով,

ժը) «պարտապան» նշանակում է՝ գրավառու` պարտավորությունների կատարումն ապահովող համաձայնագրով, հնարավոր գնորդ` սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով, վարձակալ` լիզինգի համաձայնագրով, կամ անձ, որի իրավունքը օբյեկտի նկատմամբ ծանրաբեռնված է գրանցման ենթակա որևէ այլ, պայմանագրից դուրս իրավունքով կամ երաշխիքով,

ժթ) «օդանավի ապագրանցում» նշանակում է՝ ավիացիոն ռեգիստրից օդանավի գրանցման մասին գրառման բացառում կամ հանում` Չիկագոյի կոնվենցիայի համաձայն,

ի) «երաշխիքների ապահովման պայմանագիր» նշանակում է՝ որպես երաշխավոր հանդես եկող անձի կողմից կնքված պայմանագիր,

իա) «երաշխավոր» նշանակում է՝ անձ, որը հօգուտ պարտատիրոջ, պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագրով կամ այլ համաձայնագրով ապահովված ցանկացած պարտավորության կատարումը ապահովելու նպատակներով տալիս կամ ներկայացնում է երաշխավորություն կամ երաշխիք` ըստ պահանջի, պահուստային ակրեդիտիվ կամ պարտքի ապահովման մասին ցանկացած այլ փաստաթուղթ,

իբ) «ուղղաթիռներ» նշանակում է՝ օդից ծանր թռչող սարքեր (ռազմական, մաքսային կամ ոստիկանական ծառայությունների կողմից օգտագործվողներից բացի), որոնք թռիչքի մեջ են գտնվում հիմնականում մեկ կամ մի քանի ուժային սարքի միջոցով պտտվող պտուտակների վրա օդի փոխազդեցության հաշվին՝ ուղղահայաց առանցքների շուրջ, և որոնց համար ավիացիոն լիազորված մարմինների կողմից տրվում է տիպային վկայական` փոխադրելու համար.

i) առնվազն հինգ (5) մարդ, ներառյալ անձնակազմը, կամ

ii) 450 կիլոգրամ քաշը գերազանցող ապրանքներ՝

տեղադրված, ամրացված կամ կցված այլ պարագաների, մասերի և սարքավորումների (ներառյալ պտուտակները), ինչպես նաև դրանց վերաբերող բոլոր տվյալների, ձեռնարկների և գրառումների հետ միասին,

իգ) «անվճարունակության հարցերով կառավարիչ» նշանակում է՝ անձ, որը լիազորված է կառավարելու վերակազմավորումը կամ լուծարումը, այդ թվում՝ նաև ժամանակավոր հիմունքով, և ներառում է տիրապետող պարտապանին, եթե դա թույլատրելի է անվճարունակության մասին կիրառելի օրենքով,

իդ) «անվճարունակության ընթացակարգեր» նշանակում է՝ սնանկացում, լուծարում կամ այլ՝ կոլեկտիվ դատական կամ վարչական գործընթացներ, ներառյալ ժամանակավոր ընթացակարգերը, որոնց դեպքում պարտապանի ակտիվները և տնտեսական գործունեությունը ենթակա են դատարանի կողմից ստուգման կամ հսկողության` վերակազմակերպման կամ լուծարման նպատակով,

իե) «անվճարունակության հետ կապված դեպք» նշանակում է՝

i) անվճարունակության ընթացակարգերի սկիզբ կամ

ii) պարտապանի կողմից վճարումները կասեցնելու հայտարարված մտադրություն կամ փաստացի կասեցում, եթե պարտատիրոջ` պարտապանի նկատմամբ անվճարունակության ընթացակարգերի հարուցման կամ Կոնվենցիայի համաձայն իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման իրավունքը արգելվում կամ կասեցվում է օրենքով կամ Պետության համապատասխան գործողության արդյունքում,

իզ) «շահագրգիռ անձինք» նշանակում է՝

i) պարտապան,

ii) ցանկացած երաշխավոր,

iii) ավիացիոն օբյեկտի նկատմամբ իրավունքներ ունեցող ցանկացած այլ անձ,

իէ) «ներքին գործարք» նշանակում է՝ 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում թվարկված գործարքների տեսակներից մեկը, եթե այդ գործարքի բոլոր կողմերի շահերի կենտրոնը և համապատասխան ավիացիոն օբյեկտը, 3-րդ hոդվածի 4-րդ կետի համաձայն, գործարքի կնքման պահին գտնվում են միևնույն Պայմանավորվող պետությունում, և եթե գործարքով ստեղծված երաշխիքը գրանցվել է 66-րդ hոդվածի 1-ին կետի համաձայն հայտարարություն կատարած Պայմանավորվող պետության ազգային ռեգիստրում,

իը) «միջազգային երաշխիք» նշանակում է՝ պարտատիրոջ ունեցած երաշխիք, որի նկատմամբ կիրառվում է 2-րդ հոդվածը,

իթ) «Միջազգային ռեգիստր» նշանակում է՝ սույն Կոնվենցիայի նպատակների համար ստեղծված՝ գրանցման միջազգային ծառայություն,

լ) «երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) համաձայնագիր» նշանակում է՝ համաձայնագիր, որով անձը (վարձատու) մեկ այլ անձի (վարձակալ) տրամադրում է ավիացիոն օբյեկտի նկատմամբ տնօրինման կամ հսկողության իրավունք (դրա գնման իրավունքով կամ առանց այդ իրավունքի) վարձակալման կամ այլ վճարի դիմաց,

լա) «ազգային երաշխիք» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի նկատմամբ պարտատիրոջ ունեցած երաշխիք, որը ձևավորվում է 66-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարությամբ կատարվող ներքին գործարքի արդյունքում,

լբ) «արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք» նշանակում է՝ իրավունք կամ երաշխիք՝ տրամադրված այն Պայմանավորվող պետության օրենքով, որը կատարել է հայտարարություն` 52-րդ հոդվածի համաձայն, պարտավորությունների կատարումը ապահովելու նպատակով, ներառյալ Պետության, Պետական կազմակերպության, միջկառավարական կամ մասնավոր կազմակերպության առջև պարտավորությունները,

լգ) «ծանուցում ազգային երաշխիքի մասին» նշանակում է՝ Միջազգային ռեգիստրում գրանցված կամ գրանցվելիք ծանուցում այն մասին, որ ստեղծվել է ազգային երաշխիք,

լդ) «նախկինում գոյություն ունեցած իրավունք կամ երաշխիք» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի նկատմամբ ցանկացած տիպի իրավունք կամ երաշխիք, որն առաջացել կամ ստեղծվել է նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, ինչպես սահմանված է 76-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում,

լե) «անվճարունակության նկատմամբ առաջնային ընդդատություն» նշանակում է՝ այն Պայմանավորվող պետությունը, որտեղ գտնվում է պարտապանի հիմնական շահերի կենտրոնը, և որը այդ նպատակի համար համարվում է պարտապանի գլխամասային գրասենյակի տեղակայման վայր, կամ, եթե այդպիսին առկա չէ, վայր, որտեղ պարտապանը գրանցված կամ հիմնադրված է, եթե այլ բան ապացուցված չէ,

լզ) «փոխհատուցում» նշանակում է՝ դրամական կամ ոչ դրամական հասույթներ ավիացիոն օբյեկտի նկատմամբ, որոնք առաջանում են ավիացիոն օբյեկտի ամբողջական կամ մասնակի կորստի, ֆիզիկական քայքայման կամ դրա ամբողջական կամ մասնակի բռնագրավման, հարկադիր օտարման կամ ռեկվիզիցիայի հետևանքով,

լէ) «պայմանական զիջում» նշանակում է՝ զիջում, որ մտադրություն կա անելու հետագայում` հայտարարված իրադարձության տեղի ունենալու դեպքում, անկախ նրանից կա թե ոչ վստահություն այդ իրադարձության վրա հասնելու վերաբերյալ,

լը) «պայմանական միջազգային երաշխիք» նշանակում է՝ երաշխիք, որը մտադրություն կա ստեղծելու կամ նախատեսելու ավիացիոն օբյեկտի նկատմամբ` որպես միջազգային երաշխիք, հետագայում՝ հայտարարված իրադարձության տեղի ունենալու դեպքում (ներառյալ պարտապանի կողմից ավիացիոն օբյեկտի նկատմամբ որևէ իրավունքի հնարավոր ձեռքբերումը), անկախ նրանից կա թե ոչ վստահություն այդ իրադարձության վրա հասնելու վերաբերյալ,

լթ) «պայմանական վաճառք» նշանակում է՝ վաճառք, որը մտադրություն կա իրականացնելու ապագայում հայտարարված իրադարձության տեղի ունենալու դեպքում՝ անկախ նրանից կա թե ոչ վստահություն այդ իրադարձության վրա հասնելու վերաբերյալ,

խ) «գրանցված» նշանակում է՝ գրանցված Միջազգային ռեգիստրում` V գլխի համաձայն,

խա) «գրանցված երաշխիք» նշանակում է՝ միջազգային երաշխիք, գրանցելի արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք կամ ազգային երաշխիքի մասին ծանուցման մեջ նշված ազգային երաշխիք, որոնք գրանցվել են V գլխի համաձայն,

խբ) «գրանցելի արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք» նշանակում է՝ արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք, որը ենթակա է գրանցման` 53-րդ հոդվածի համաձայն ի պահ տրված հայտարարության համապատասխան,

խգ) «Գրանցող» նշանակում է՝ անձ կամ մարմին, որը նշանակվում է 27-րդ հոդվածի 4-րդ կետի «բ ենթակետի և 28-րդ հոդվածի համաձայն,

խդ) «գրանցման մարմին» նշանակում է՝ ազգային մարմին կամ ընդհանուր տարբերակիչ և գրանցման նշանները գրանցող մարմին, որը Պայմանավորվող պետությունում վարում է օդանավերի ռեգիստր և պատասխանատու է Չիկագոյի կոնվենցիայի համաձայն օդանավերի գրանցման և ապագրանցման համար,

խե) «կանոններ» նշանակում է՝ այն կանոնները, որոնք ստեղծվել կամ հաստատվել են Վերահսկող մարմնի կողմից` սույն Կոնվենցիայի համաձայն,

խզ) «վաճառք» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում` առք ու վաճառքի պայմանագրի համաձայն,

խէ) «ապահովված պարտավորություն» նշանակում է՝ պարտավորություն, որն ապահովված է համապատասխան ապահովող երաշխիքով,

խը) «պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագիր» նշանակում է՝ համաձայնագիր, որի համաձայն գրավատուն տրամադրում կամ համաձայնում է գրավառուին տրամադրել ավիացիոն օբյեկտի նկատմամբ որևէ իրավունք (ներառյալ սեփականության իրավունքը)՝ գրավատուի կամ երրորդ կողմի` առկա կամ հետագա ցանկացած պարտավորության կատարումը ապահովելու նպատակով,

խթ) «ապահովող երաշխիք» նշանակում է՝ պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագրով ստեղծված երաշխիք,

ծ) «գրանցման պետություն» ավիացիոն օբյեկտի նկատմամբ նշանակում է՝ Պետություն, որի ազգային ռեգիստր է մտցվում օդանավի վերաբերյալ գրանցման գրառումը, կամ՝ Պետություն, որտեղ գտնվում է օդանավերի ռեգիստրը վարող՝ ընդհանուր տարբերակիչ և գրանցման նշանները գրանցող իրավասու մարմինը,

ծա) «Վերահսկող մարմին» նշանակում է՝ 27-րդ հոդվածում նշված Վերահսկող մարմին,

ծբ) «սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագիր» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի վաճառքի համաձայնագիր՝ պայմանով, որ դրա նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվում մինչև այդ համաձայնագրում նշված պայմանի կամ պայմանների կատարումը,

ծգ) «չգրանցված երաշխիք» նշանակում է՝ պայմանագրային երաշխիք կամ պայմանագրից դուրս իրավունք կամ երաշխիք (բացի այն երաշխիքներից, որոնց նկատմամբ կիրառվում է 52-րդ հոդվածը), որոնք դեռևս չեն գրանցվել` անկախ նրանից թե ենթակա են դրանք գրանցման սույն Կոնվենցիային համապատասխան,

ծդ) «գրավոր» նշանակում է՝ տեղեկությունների գրառում (ներառյալ էլեկտրակապի միջոցներով փոխանցված տեղեկությունները), որը կատարված է նյութական կամ այլ ձևով և հետագայում հնարավոր է վերարտադրել նյութական ձևով, և որում ողջամիտ կերպով մատնանշված է որևէ անձի կողմից այդ գրառման հաստատումը:

 

Հոդված 2. Միջազգային երաշխիք

 

1. Սույն Կոնվենցիայով սահմանվում են ավիացիոն օբյեկտների և դրանց հետ կապված իրավունքների նկատմամբ միջազգային երաշխիքների առաջացման կարգը և հետևանքները:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար ավիացիոն օբյեկտների նկատմամբ միջազգային երաշխիք է հանդիսանում 10-րդ հոդվածի համաձայն առաջացած երաշխիքը ճախրասավառնակների, ավիացիոն շարժիչների կամ ուղղաթիռների նկատմամբ, որը՝

ա) գրավատուի կողմից տրամադրվել է պարտականությունների կատարման ապահովման համաձայնագրով,

բ) պատկանում է գնորդ՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով հնարավոր վաճառող հանդիսացող անձին, կամ

գ) պատկանում է երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձին:

«ա» ենթակետի գործողության տակ ընկնող երաշխիքը չի ընկնում նաև «բ» և «գ» ենթակետերի գործողության տակ:

3. Կիրառելի օրենքով որոշվում է, թե արդյո՞ք երաշխիքը, որի նկատմամբ կիրառվում է նախորդ կետը, ընկնում է նշված կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերի գործողության տակ:

4. Ավիացիոն օբյեկտի նկատմամբ միջազգային երաշխիքը տարածվում է այդ ավիացիոն օբյեկտի հետ կապված փոխհատուցման վրա:

 

Հոդված 3. Կիրառման ոլորտը

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն ժամանակ, երբ միջազգային երաշխիք ստեղծող կամ նախատեսող համաձայնագրի կնքման պահին պարտապանը գտնվում է Պայմանավորվող պետությունում:

2. Այն փաստը, որ պարտատերը գտնվում է Պայմանավորվող պետություն չհանդիսացող պետությունում, չի ազդում սույն Կոնվենցիայի կիրառման վրա:

3. Չհակասելով սույն հոդվածի 1-ին կետին` սույն Կոնվենցիան պետք է կիրառվի նաև ուղղաթիռների կամ օդանավերի ճախրասավառնակների նկատմամբ, որոնք գրանցված են այն Պայմանավորվող պետության օդանավերի ռեգիստրում, որը հանդիսանում է գրանցման Պետություն, և եթե այդ գրանցումը կատարվել է օդանավերի գրանցման համաձայնագրի համաձայն, որը համարվում էր գործող համաձայնագիր կնքման պահին:

4. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում առկա «ներքին գործարքի» սահմանման նպատակների համար`

ա) ճախրասավառնակը գտնվում է այն օդանավի գրանցման Պետությունում, որի մասն է կազմում,

բ) ավիացիոն շարժիչը գտնվում է այն օդանավի գրանցման Պետությունում, որի վրա տեղադրված է, կամ, եթե այն տեղադրված չէ օդանավի վրա, այն Պետությունում, որտեղ այն ֆիզիկապես գտնվում է,

գ) համաձայնագրի կնքման պահին ուղղաթիռը գտնվում է իր գրանցման Պետությունում, որի հիման վրա առաջանում է կամ որով նախատեսվում է համապատասխան երաշխիք:

 

Հոդված 4. Պարտապանի գտնվելու վայրը

 

1. 3-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար. պարտապանը գտնվում է այն Պայմանավորվող պետություններից որևէ մեկում՝

ա) որի օրենսդրության համաձայն հիմնադրվել կամ ձևավորվել է,

բ) որտեղ ունի գրանցված հիմնարկ կամ օրենսդրությամբ նախատեսված գլխամասային գրասենյակ,

գ) որտեղ գտնվում է իր կառավարման կենտրոնը, կամ

դ) որտեղ իրականացնում է իր տնտեսական գործունեությունը:

2. Պարտապանի տնտեսական գործունեության վարման վայրի վերաբերյալ հղումը նախորդ կետի «դ» ենթակետում, եթե առկա են մեկից ավելի գործունեության վայրեր, նշանակում է՝ հիմնական տնտեսական գործունեության վարման վայր կամ, եթե գործունեության այդպիսի վայր առկա չէ, նրա բնակության վայր:

 

Հոդված 5. Մեկնաբանում և կիրառելի իրավունք

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման ժամանակ պետք է հաշվի առնվեն դրա նպատակները, ինչպես սահմանված են նախաբանում, դրա միջազգային բնույթը և դրա միատեսակ ու կանխատեսելի ձևով կիրառումը խթանելու անհրաժեշտությունը:

2. Այն հարցերը, որոնք առնչվում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերին, սակայն անմիջական կերպով կարգավորված չեն դրանում, պետք է կարգավորվեն այն ընդհանուր սկզբունքների հիման վրա, որոնք ընկած են Կոնվենցիայի հիմքում, կամ, այդ սկզբունքների բացակայության դեպքում, կիրառելի իրավունքի համաձայն:

3. Հղումները կիրառելի իրավունքին հղումներ են միջազգային մասնավոր իրավունքի նորմերի ուժով կիրառելի ներպետական իրավունքի նորմերին:

4. Եթե Պետությունը բաղկացած է տարածքային մի քանի միավորներից, որոնցից յուրաքանչյուրն ունի կարգավորման ենթակա հարցի առնչությամբ իրավունքի իր նորմերը, և եթե առկա չեն ցուցումներ համապատասխան տարածքային միավորի վերաբերյալ, այդ Պետության իրավունքով որոշվում է այն տարածքային միավորը, որի նորմերով պետք է կարգավորվի հարցը: Նման նորմերի բացակայության դեպքում կիրառվում են այն տարածքային միավորի նորմերը, որին հարցն առավել սերտորեն է առնչվում:

 

Հոդված 6. Կիրառումը վաճառքի և պայմանական վաճառքի նկատմամբ

 

Սույն Կոնվենցիայի հետևյալ դրույթները կիրառվում են այնպես, ինչպես եթե միջազգային երաշխիք առաջացնող կամ նախատեսող համաձայնագրին հղումները լինեին հղումներ առք ու վաճառքի պայմանագրին, և ինչպես եթե հղումները միջազգային երաշխիքին, պայմանական միջազգային երաշխիքին, պարտապանին և պարտատիրոջը լինեին, համապատասխանաբար, հղումներ վաճառքին, պայմանական վաճառքին, վաճառողին և գնորդին`

 3-րդ և 4-րդ հոդվածներ,

 26-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ,

 32-րդ հոդվածի 4-րդ կետ,

33-րդ հոդվածի 1-ին կետ (առք ու վաճառքի պայմանագրի կամ պայմանական վաճառքի պայմանագրի մասով),

38-րդ հոդվածի 2-րդ կետ (պայմանական վաճառքի մասով) և

43-րդ հոդված:

 Բացի այդ` առք ու վաճառքի պայմանագրերի և պայմանական վաճառքի նկատմամբ կիրառվում են 1-ին հոդվածի, 5-րդ հոդվածի, IV-VII գլուխների, 42-րդ հոդվածի (բացի 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերից), X գլխի, XI գլխի (բացի 55-րդ հոդվածից), XII գլխի և XIII գլխի (բացի 76-րդ հոդվածից) ընդհանուր դրույթները:

 

Հոդված 7. Ներկայացուցիչների լիազորությունները

 

 Ցանկացած անձ կարող է ավիացիոն օբյեկտի նկատմամբ կնքել համաձայնագիր կամ իրականացնել վաճառք և գրանցել միջազգային երաշխիքը կամ ավիացիոն օբյեկտի վաճառքը` գործակալի, լիազորողի կամ ներկայացուցչական այլ կարգավիճակով: Նման դեպքերում այդ անձը կարող է հայտարարել սույն Կոնվենցիայի համաձայն իր իրավունքների և երաշխիքների առկայության մասին:

 

Հոդված 8. Ավիացիոն օբյեկտների նկարագրությունը

 

 Ավիացիոն օբյեկտի նկարագրությունը, որը պարունակում է արտադրողի սերիական համարը, արտադրողի անվանումը և մոդելի նշումը, անհրաժեշտ և բավարար է համարվում սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի «գ» կետի և 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի նպատակների համար ավիացիոն օբյեկտի բնորոշման նպատակով:

 

Հոդված 9. Կիրառելի իրավունքի ընտրությունը

 

1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, եթե Պայմանավորվող պետությունը հայտարարություն է արել 71-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

2. Համաձայնագրի կամ առք ու վաճառքի պայմանագրի կամ դրանց առնչվող երաշխիքների ապահովման պայմանագրի կամ պարտավորությունների ստորակարգության համաձայնագրի կողմերը կարող են համաձայնության գալ այն իրավունքի վերաբերյալ, որի համաձայն ամբողջությամբ կամ մասամբ կկարգավորվեն իրենց պայմանագրային իրավունքները և պարտավորությունները:

3. Եթե այլ բան չի համաձայնեցվել, ապա նախորդ կետում կողմերի ընտրած իրավունքի հիշատակումը նշանակում է հղում նշված Պետության ներպետական իրավունքի նորմերին կամ, եթե այդ Պետությունը բաղկացած է մի քանի տարածքային միավորներից, նշված տարածքային միավորի ներքին իրավունքին:

 

Գլուխ II

 

Միջազգային երաշխիքի ձևավորումը, առք ու վաճառքի պայմանագրեր

 

Հոդված 10. Ձևին վերաբերող պահանջներ

 

 Սույն Կոնվենցիայի համաձայն՝ երաշխիքը ձևավորվում է որպես միջազգային երաշխիք, եթե այն ստեղծող կամ նախատեսող համաձայնագիրը`

 ա) կազմված է գրավոր,

բ) վերաբերում է այն ավիացիոն օբյեկտին, որը տնօրինելու իրավունք ունի գրավատուն, պայմանական վաճառողը կամ վարձակալը,

 գ) հնարավորություն է տալիս ճանաչելու ավիացիոն օբյեկտը և

դ) պարտավորությունների կատարման ապահովման պայմանագրի դեպքում թույլ է տալիս սահմանել ապահովված պարտավորությունները` առանց ապահովման գումարը կամ առավելագույն գումարը նշելու անհրաժեշտության:

 

Հոդված 11. Առք ու վաճառքի պայմանագրերի ձևային հատկանիշները և հետևանքները

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար առք ու վաճառքի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որը.

ա) կազմված է գրավոր,

 բ) վերաբերում է այն ավիացիոն օբյեկտին, որը տնօրինելու իրավունք ունի վաճառողը, և

 գ) հնարավորություն է տալիս ճանաչելու ավիացիոն օբյեկտը` սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Առք ու վաճառքի պայմանագրով ավիացիոն օբյեկտի նկատմամբ վաճառողի երաշխիքը փոխանցվում է գնորդին՝ այդ պայմանագրի պայմանների համաձայն:

 

ԳԼՈՒԽ III

 

Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

 

Հոդված 12. Գրավառուի իրավունքների պաշտպանության միջոցները

 

1. 17-րդ հոդվածում նշված իմաստով պարտավորությունների չկատարման դեպքում գրավառուն, այն չափով, որ չափով գրավատուն որևէ պահի համաձայնել է դրան, և հաշվի առնելով ցանկացած հայտարարություն, որը կարող է կատարվել Պայմանավորվող պետության կողմից` 70-րդ հոդվածի համաձայն, կարող է օգտվել իրավունքների պաշտպանության հետևյալ միջոցներից որևէ մեկից կամ մի քանիսից.

ա) սեփականել պարտականությունների կատարման կարգով իրեն տրամադրված ավիացիոն օբյեկտը կամ հսկողություն իրականացնել դրա նկատմամբ,

բ) վաճառել կամ տալ երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) այդ ավիացիոն օբյեկտը,

գ) հավաքել կամ ստանալ ցանկացած տեսակի շահույթ կամ եկամուտ, որն առաջանում է այդ ավիացիոն օբյեկտը կառավարելու կամ շահագործելու արդյունքում:

2. Որպես այլընտրանք` Գրավառուն կարող է դիմել դատարան` նախորդ կետում նշված գործողություններից յուրաքանչյուրի իրականացումը օրինականացնող կամ կարգադրողական որոշում կայացնելու համար:

3. Գրավառուն, որը, 1-ին կետի համաձայն, առաջարկում է ավիացիոն օբյեկտը վաճառել կամ հանձնել լիզինգային հիմունքներով, պետք է ողջամիտ ժամկետներում նախնական գրավոր ծանուցում ներկայացնի առաջարկվող վաճառքի կամ լիզինգի մասին`

ա) 1-ին հոդվածի «իզ» կետի i և ii ենթակետերում նշված շահագրգիռ անձանց և

բ) 1-ին հոդվածի «իզ» կետի iii ենթակետում նշված շահագրգիռ անձանց, որոնք ողջամիտ ժամկետներում` մինչև վաճառքը կամ լիզինգը, գրավառուին գրավոր ծանուցել են իրենց իրավունքների մասին:

4. Եթե գրավառուն տասը կամ ավելի աշխատանքային օր առաջ շահագրգիռ անձանց գրավոր ծանուցել է առաջարկվող վաճառքի կամ լիզինգի մասին, համարվում է, որ բավարարվել է նախորդ կետում նշված «ողջամիտ ժամկետներում նախնական գրավոր ծանուցման» պայմանը: Վերոնշյալ դրույթը չի արգելում գրավառուին և գրավատուին կամ երաշխավորին համաձայնության գալ նախնական ծանուցման ավելի երկար ժամկետների մասին:

5. Յուրաքանչյուր գումար, որը հավաքվել կամ ստացվել է գրավառուի կողմից՝ 1-ին կամ 2-րդ կետում նշված իրավունքների պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման արդյունքում, ուղղվում է ապահովված պարտականությունների գումարները ծածկելուն:

6. Եթե գումարները, որոնք հավաքվել կամ ստացվել են գրավառուի կողմից՝ 1-ին կամ 2-րդ կետերում նշված իրավունքների պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման արդյունքում, գերազանցում են ապահովման երաշխիքով ապահովված գումարը և իրավունքների պաշտպանության միջոցների կատարման ընթացքում կրած ողջամիտ ծախսերը, ապա, եթե դատարանը այլ որոշում չի կայացրել, գրավառուն ավելացած գումարը առաջնայնության սկզբունքով բաշխում է այն հաջորդող երաշխիքներ ունեցող անձանց միջև, որոնք գրանցված են եղել, կամ որոնց մասին գրավառուն ծանուցվել է, իսկ մնացորդը վճարում է գրավատուին:

 

Հոդված 13. Սեփականության իրավունքների փոխանցումը ըստ պարտավորությունների բավարարման կարգով. գրավով ծանրաբեռնվածությունից ազատում

 

1. 17-րդ հոդվածում նշված պարտավորությունների չկատարման դեպքում ցանկացած ժամանակ գրավառուն և բոլոր շահագրգիռ անձինք կարող են համաձայնության գալ այն մասին, որ ավիացիոն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը (կամ գրավատուի ցանկացած այլ իրավունք դրա նկատմամբ), որի վրա տարածվում է ապահովման երաշխիքը, անցնում է գրավառուին՝ ապահովված պարտավորությունների բավարարման նպատակով:

2. Դատարանը գրավառուի դիմումի հիման վրա կարող է որոշում կայացնել, որ ավիացիոն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը (կամ գրավատուի ցանկացած այլ իրավունք դրա նկատմամբ), որի վրա տարածվում է ապահովման երաշխիքը, պետք է անցնի գրավառուին՝ ապահովված պարտավորությունների բավարարման նպատակով:

3. Դատարանը բավարարում է նախորդ կետում նշված դիմումը միայն այն դեպքում, երբ ապահովված պարտավորությունների գումարը, որը ենթակա է բավարարման այդ փոխանցման միջոցով, համաչափ է ավիացիոն օբյեկտի արժեքի հետ` հաշվի առնելով նաև շահագրգիռ անձանցից ցանկացածին գրավառուի կողմից վճարվելիք գումարները:

4. 17-րդ հոդվածում նշված պարտավորությունների չկատարման դեպքում ցանկացած ժամանակ, սակայն նախքան գրավի առարկա ավիացիոն օբյեկտի վաճառքը կամ 2-րդ կետով սահմանված որոշման ընդունումը, գրավատուն կամ ցանկացած շահագրգիռ անձ կարող է հրաժարվել ապահովման երաշխիքից` ամբողջությամբ վճարելով ապահովման գումարը, պայմանով, որ օբյեկտը լիզինգային հիմունքներով տրամադրվի գրավառուի կողմից` համաձայն 12-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի կամ 12-րդ հոդվածի 2-րդ կետի ընդունված որոշմամբ: Եթե պարտավորությունները այս կերպով չկատարելու դեպքում գումարը ամբողջովին վճարվում է որևէ շահագրգիռ անձի, սակայն ոչ պարտապանի կողմից, ապա գրավառուի իրավունքներն անցնում են այդ անձին:

5. Գրավատուի սեփականության իրավունքը կամ յուրաքանչյուր այլ իրավունք, որը փոխանցվում է վաճառքի դեպքում՝ 12-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն կամ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն, ցանկացած այլ երաշխիքով հանդիսանում են ծանրաբեռնվածությունից ազատված, որի նկատմամբ գրավառուի ապահովման երաշխիքն ունի առաջնայնություն` 42-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հոդված 14. Հնարավոր վաճառողի կամ վարձատուի իրավունքների պաշտպանության միջոցները

 

 Սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով կամ լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում, ինչպես նշված է 17-րդ հոդվածում, հնարավոր վաճառողը կամ վարձատուն, հանգամանքներից ելնելով, կարող է`

ա) հաշվի առնելով 70-րդ հոդվածի համաձայն Պայմանավորվող պետության կողմից արված ցանկացած հայտարարություն` դադարեցնել համաձայնագիրը և տնօրինել կամ հսկողություն իրականացնել ցանկացած ավիացիոն օբյեկտի նկատմամբ, որին վերաբերում է այդ համաձայնագիրը, կամ

բ) դիմել դատարան` վերոնշյալ գործողություններից ցանկացածի կատարումը լիազորող կամ կարգադրող որոշում ստանալու համար:

 

Հոդված 15. Պարտատիրոջ իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոցներ

 

1. Ի լրումն 12-րդ, 14-րդ, 16-րդ և 20-րդ հոդվածներում նշված իրավունքների պաշտպանության միջոցների` պարտատերը կարող է, այն չափով, որ չափով պարտապանը երբևէ համաձայնվել է, և այդ դրույթներում նշված հանգամանքների վրա հասնելիս`

ա) ձեռնարկել օդանավի ապագրանցումը և

բ) ապահովել ավիացիոն օբյեկտի դուրս բերումը և ֆիզիկական տեղափոխումը այն տարածքից, որտեղ գտնվում է:

2. Պարտատերը չպետք է կիրառի նախորդ կետում նշված իրավունքների պաշտպանության միջոցները` առանց գրանցված այն երաշխիքը տնօրինող անձի նախնական գրավոր համաձայնությունն ստանալու, որը հերթականության սկզբունքով գրանցվել է պարտատիրոջ գրանցված երաշխիքներից առաջ:

3. Պայմանավորվող պետության գրանցման մարմինը, հաշվի առնելով անվտանգության մասին կիրառելի օրենքներն ու նորմերը, բավարարում է ապագրանցման և օբյեկտի դուրս բերման խնդրանքը, եթե.

ա) լիազորված կողմը պատշաճ կերպով նման դիմում է ներկայացրել` համաձայն ապագրանցման և դուրս բերման նպատակով գրանցված հետ չկանչվող լիազորության,

բ) լիազորված կողմը գրանցող մարմնին, վերջինիս պահանջով, ապացուցում է, որ բոլոր գրանցված երաշխիքները, որոնք հերթականության սկզբունքով գտնվում են պարտատիրոջ երաշխիքներից առաջ, որի օգտին տրվել է այդ լիազորությունը, բավարարվել են, կամ այդ երաշխիքները տնօրինող անձինք համաձայնություն են տվել ապագրանցմանն ու դուրս բերմանը:

4. Գրավառուն, որը ձեռնարկում է, 1-ին կետի համաձայն, օդանավի ապագրանցումը և դուրս բերումը այլ կերպով, քան դատարանի որոշման հիման վրա, պետք է խելամիտ ժամկետներում գրավոր ծանուցում ներկայացնի առաջարկվող ապագրանցման և դուրս բերման մասին`

ա) սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «իզ» կետի i և ii ենթակետերում նշված շահագրգիռ անձանց, և

բ) սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «իզ» կետի iii ենթակետում նշված շահագրգիռ անձանց, որոնք խելամիտ ժամկետներում՝ նախքան ապագրանցումը կամ դուրս բերումը, գրավառուին գրավոր ծանուցել են իրենց իրավունքների մասին:

 

Հոդված 16. Կիրառելի իրավունքով տրամադրվող իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոցներ

 

 Կիրառելի իրավունքով տրամադրվող իրավունքների պաշտպանության ցանկացած լրացուցիչ միջոց, ներառյալ կողմերի միջև համաձայնեցված իրավունքների պաշտպանության միջոցները, կարող են կիրառվել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն գլխի 22-րդ հոդվածում սահմանված պարտադիր դրույթներին:

 

Հոդված 17. Չկատարված պարտավորությունների սահմանումը

 

1. Պարտապանը և պարտատուն կարող են ցանկացած ժամանակ գրավոր համաձայնեցնել հարցը այն մասին, թե որ հանգամանքներն են ստեղծում պարտավորությունների չկատարում կամ այլ հիմքեր իրավունքների օգտագործման և իրավունքների պաշտպանության միջոցների համար, որոնք նշված են 12-15-րդ և 20-րդ հոդվածներում:

2. Եթե պարտապանը և պարտատուն այդ կերպ չեն պայմանավորվել, 12-15-րդ հոդվածների և 20-րդ հոդվածի նպատակների համար «պարտավորությունների չկատարում» նշանակում է՝ պարտավորությունների այն չկատարումը, որը էապես զրկում է պարտատուին այն ամենից, ինչ նա իրավունք ունի ակնկալելու համաձայնագրի շրջանակներում:

 

Հոդված 18. Պարտապանին վերաբերող դրույթներ

 

1. Սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածում նշված պարտավորությունների չկատարման փաստի բացակայության դեպքում պարտապանը համաձայնագրով իրավունք ունի ավիացիոն օբյեկտը անարգել տնօրինելու և շահագործելու`

ա) իր պարտատուի և ցանկացած երաշխիք ունեցողի նկատմամբ, որից պարտապանը ստանում է ազատման իրավունք` համաձայն 42-րդ հոդվածի 5-րդ կետի, կամ երբ պարտապանը հանդիսանում է գնորդ` սույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, միայն եթե և այն չափով, որ չափով պարտապանը չի համաձայնել այլ բանի հետ, և

բ) ցանկացած այնպիսի երաշխիք ունեցողի նկատմամբ, որի նկատմամբ պարտապանի իրավունքը կամ երաշխիքը հանդիսանում են ծանրաբեռնված 42-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, երբ պարտապանը հանդիսանում է գնորդ` սույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, բայց միայն այն դեպքում և այնքանով, որքանով այդ երաշխիքը տնօրինողը համաձայնել է դրան:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի ազդում համաձայնագրի խախտման համար կիրառելի իրավունքով սահմանված պարտատուի պատասխանատվության վրա՝ այնքանով, որքանով տվյալ համաձայնագիրն առնչվում է ավիացիոն օբյեկտին:

 

Հոդված 19. Իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման ստանդարտ

 

 Սույն Կոնվենցիայով ավիացիոն օբյեկտի առնչությամբ նախատեսված իրավունքների պաշտպանության ցանկացած միջոց պետք է կիրառվի առևտրային առումով խելամիտ: Իրավունքների պաշտպանության միջոցը համարվում է առևտրային առումով խելամիտ կիրառված, եթե այն կիրառվում է համաձայնագրի դրույթներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ դրույթ ակնհայտորեն խելամիտ չէ:

 

Հոդված 20. Իրավունքների պաշտպանության ժամանակավոր միջոցներ

 

1. Պայմանավորվող պետությունը, հաշվի առնելով յուրաքանչյուր հայտարարություն, որը կարող է կատարել 71-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պետք է ապահովի, որ պարտատերը, որն ապացույցներ է ներկայացնում պարտապանի կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ, հնարավորություն ունենա մինչև իր հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը և այն չափով, որ չափով պարտապանը երբևէ տվել է իր համաձայնությունը, դատարանից անհապաղ պաշտպանություն ստանա հետևյալ որոշումներից մեկի կամ մի քանիսի ընդունման ձևով, այնպես ինչպես հայտարարվել է պարտատիրոջ կողմից.

ա) ավիացիոն օբյեկտի և նրա արժեքի պահպանման մասին,

բ) օբյեկտը ի տնօրինություն, հսկողությանը կամ պահպանմանը փոխանցելու մասին,

գ) օբյեկտի տեղակայման փոփոխության արգելանքի մասին,

դ) օբյեկտը լիզինգով կամ, բացառությամբ «ա»-«գ» ենթակետերում նշված դեպքերի, կառավարման հանձնելու մասին՝ նշվածից դրա եկամուտները հանելու միջոցով,

ե) ցանկացած ժամանակ՝ պարտապանի և պարտատիրոջ միջև հատուկ համաձայնության ձեռք բերման դեպքում, ավիացիոն օբյեկտի վաճառք և ստացված հասույթի օգտագործում:

2. Նախորդ կետի նպատակների համար. «անհապաղ» բառը պաշտպանություն ստանալու համատեքստում նշանակում է՝ պաշտպանություն ստանալու միջնորդության դիմումը տալու օրվանից աշխատանքային օրերի այնպիսի քանակի ընթացքում, որը նշված է այն Պայմանավորվող պետության հայտարարության մեջ, որի տարածքում ներկայացվել է դիմումը:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն վաճառքի դեպքում փոխանցվող պարտապանի սեփականության իրավունքը կամ ցանկացած այլ իրավունք ազատ է ցանկացած այլ երաշխիքից, որի նկատմամբ պարտատիրոջ միջազգային երաշխիքն ունի առաջնահերթություն` սույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածի դրույթների համաձայն:

4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած որոշում ընդունելիս դատարանը կարող է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ է համարում շահագրգիռ անձանց պաշտպանության համար, այն դեպքում, եթե պարտատերը`

ա) պաշտպանության նման միջոցներ տրամադրող ցանկացած որոշում կատարելիս չի կատարում պարտապանի նկատմամբ սույն Կոնվենցիայով ստանձնած որևէ պարտավորություն կամ

բ) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կարողանում ձևակերպել իր դիրքորոշումը տվյալ հայցի մասով վերջնական որոշում ընդունելու վերաբերյալ:

5. Պարտատերը և պարտապանը կամ ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են գրավոր համաձայնություն ձեռք բերել նախորդ կետը բացառելու վերաբերյալ:

6. Մինչև 1-ին կետի համաձայն որևէ որոշում ընդունելը դատարանը կարող է պահանջել այդ հայցի մասին ծանուցում տալ ցանկացած շահագրգիռ անձի:

7. Ինչ վերաբերում է 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների պաշտպանության միջոցներին, ապա.

ա) դրանք պետք է տրամադրվեն գրանցման մարմնի, համապատասխան դեպքերում Պայմանավորվող պետության այլ վարչական մարմինների կողմից՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ պարտատերն այդ մարմիններին ծանուցում է 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված պաշտպանության տրամադրման մասին, իսկ եթե այն տրամադրվել է Պայմանավորվող պետության դատարանի կողմից ճանաչված օտարերկրյա դատարանի կողմից՝ այն մասին, որ կրեդիտորն իրավունք ունի ստանալու իրավունքների պաշտպանության այդ միջոցները` սույն Կոնվենցիայի համաձայն,

բ) իրավասու մարմինները պետք է օպերատիվ կերպով համագործակցեն պարտատիրոջ հետ և օժանդակեն նրան իրավունքների պաշտպանության նման միջոցների իրականացման գործում` ավիացիոն անվտանգության օրենքների և նորմերի համաձայն:

8. Նախորդ կետերում ոչինչ չի ազդում 19-րդ հոդվածի կիրառման վրա և չի սահմանափակում դատարանի կողմից ժամանակավոր պաշտպանության այլ միջոցների տրամադրման հնարավորությունը` 1-ին կետում սահմանված դեպքերից բացի:

9. 2-րդ և 7-րդ կետերը չպետք է ազդեն ավիացիոն անվտանգության կիրառելի օրենքների և նորմատիվ դրույթների վրա:

10. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունն արել է հայտարարություն` 71-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, և այնքանով, որքանով նշված է տվյալ հայտարարության մեջ:

 

Հոդված 21. Դատավարական բնույթի պահանջներ

 

 70-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն գլխով նախատեսված իրավունքների պաշտպանության ցանկացած միջոց կիրառվում է այն երկրի` օրենքով նախատեսված դատավարական նորմերին համապատասխան, որտեղ այդ միջոցը պետք է իրականացվի:

 

Հոդված 22. Մասնակի չեղյալ հայտարարելը

 

 Սույն հոդվածում նշված ցանկացած երկու կամ ավելի կողմեր կարող են ցանկացած ժամանակ համաձայնություն կնքելու միջոցով՝ գրավոր, բացառել 23-րդ հոդվածի կիրառումը և միմյանց միջև հարաբերություններում հրաժարվել սույն գլխի բոլոր նախորդ դրույթների կիրառումից կամ փոխել դրանց կիրառման հետևանքները` բացառությամբ 12-րդ հոդվածի 3-6-րդ կետերի, 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 15-րդ հոդվածի 2-րդ կետի և 19-րդ և 21-րդ հոդվածների դրույթների:

 

Հոդված 23. Իրավունքների պաշտպանության միջոցները անվճարունակության դեպքում

 

1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը, որը հանդիսանում է անվճարունակության նկատմամբ առաջնային ընդդատության երկիր, հանդես է եկել հայտարարությամբ` 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:

Տարբերակ Ա

2. Անվճարունակությանն առնչվող դեպք ի հայտ գալուց հետո անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը, հաշվի առնելով 7-րդ կետի դրույթները, ավիացիոն օբյեկտը հանձնում է պարտատիրոջ տնօրինությանը ոչ ուշ, քան ներքոհիշյալ ամսաթվերից ամենավաղ ամսաթվին`

ա) հետաձգման ժամանակահատվածի ավարտը,

բ) այն ամսաթիվը, որով պարտատերը իրավունք կստանար տնօրինելու ավիացիոն օբյեկտը սույն հոդվածը չկիրառելու դեպքում:

3. Սույն հոդվածի նպատակների համար. «հետաձգման ժամանակահատվածը» նշանակում է՝ այն ժամանակահատվածը, որը սահմանվել է այն Պայմանավորվող պետության հայտարարության մեջ, որը անվճարունակության նկատմամբ առաջնային ընդդատության երկիրն է:

4. Սույն հոդվածում հղումները «անվճարունակության հարցերով կառավարչին» վերաբերում են կոնկրետ անձին` իր պաշտոնական, այլ ոչ թե անձնական իմաստով:

5. Նախքան 2-րդ կետով սահմանված տնօրինման հնարավորությունը պարտատիրոջն ընձեռելը`

ա) անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը պահպանում է ավիացիոն օբյեկտը, ապահովում դրա տեխնիկական սպասարկումը և պահպանում դրա արժեքը` համաձայնագրին համապատասխան, և

բ) պարտատերն իրավունք ունի դիմելու՝ իրավունքների պաշտպանության ժամանակավոր այլ բնույթի միջոցներ ստանալու համար, համաձայն կիրառելի իրավունքի:

6. Նախորդ կետի «ա» ենթակետը չի բացառում ավիացիոն օբյեկտի շահագործումը` դրա տեխնիկական սպասարկումը, օբյեկտի և դրա արժեքի պահպանումն ապահովելու պայմաններով:

7. Անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը կարող է իր մոտ պահել ավիացիոն օբյեկտը իր մոտ, եթե 2-րդ կետով նշված ժամանակահատվածում վերացնի պարտավորությունների բոլոր խախտումները` բացի անվճարունակության ընթացակարգերը սկսելու պատճառով առաջացած պարտավորությունների խախտումները, և համաձայնվի կատարել հետագա բոլոր պարտավորությունները` համաձայնագրին համապատասխան: Հետագա պարտավորությունների չկատարման դեպքում երկրորդ հետաձգման ժամանակահատվածը չի կիրառվում:

8. Ինչ վերաբերում է 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների պաշտպանության միջոցներին, ապա`

ա) դրանք պետք է տրամադրվեն գրանցման մարմնի, համապատասխան դեպքերում` Պայմանավորվող պետության այլ վարչական մարմինների կողմից՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ պարտատերն այդ մարմիններին ծանուցում է, որ իրավունք ունի ստանալու այդ միջոցները` սույն Կոնվենցիայի համաձայն, և

բ) իրավասու մարմինները պետք է օպերատիվ կերպով համագործակցեն պարտատիրոջ հետ և օժանդակեն նրան իրավունքների պաշտպանության նման միջոցների իրականացման գործում` ավիացիոն անվտանգության օրենքների և նորմերի համաձայն:

9. 2-րդ կետում նշված ամսաթվից հետո սույն Կոնվենցիայով թույլատրված իրավունքների պաշտպանության միջոցների իրականացման համար չպետք է խոչընդոտներ ստեղծվեն կամ դրանք հետաձգվեն:

10. Համաձայնագրով պարտապանի ոչ մի պարտավորություն չի կարող փոփոխվել` առանց պարտատիրոջ համաձայնության:

11. Նախորդ կետում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես անվճարունակության հարցերով կառավարչի՝ կիրառելի իրավունքի համաձայն համաձայնագիրը դադարեցնելու լիազորություններին առնչվող դրույթ, եթե այդպիսիք առկա են:

12. Ոչ մի իրավունք և երաշխիք, բացառությամբ 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարության մեջ նշված արտապայմանագրային իրավունքների ու երաշխիքների, անվճարունակության ընթացակարգերի ժամանակ չպետք է ունենա առաջնահերթություն գրանցված երաշխիքների նկատմամբ:

13. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են սույն հոդվածով սահմանված իրավունքների պաշտպանության ցանկացած միջոցի իրականացման նկատմամբ:

Տարբերակ Բ

2. Անվճարունակության հետ կապված դեպք ի հայտ գալուց հետո անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը, պարտատիրոջ խնդրանքով, 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Պայմանավորվող պետության կատարած հայտարարության մեջ նշված ժամկետում ծանուցում է պարտատիրոջն այն մասին, թե արդյոք`

ա) վերացնե՞լու է պարտավորությունների բոլոր այլ խախտումները, անվճարունակության ընթացակարգերն սկսելու պատճառով առաջացած պարտավորությունների խախտումներից բացի, և համաձայն է կատարելու հետագա բոլոր պարտավորությունները` համաձայնագրի և գործարքին առնչվող հարակից փաստաթղթերի համաձայն, և

բ) տալո՞ւ է պարտատիրոջը հնարավորություն` տնօրինելու ավիացիոն օբյեկտը` համաձայն կիրառելի իրավունքի:

3. Նախորդ կետի «բ» ենթակետում նշված կիրառելի իրավունքը կարող է դատարանին թույլատրել, որ պահանջի լրացուցիչ միջոցների ձեռնարկում կամ լրացուցիչ երաշխիքների տրամադրում:

4. Պարտատերը պետք է տրամադրի իր պահանջների վերաբերյալ ապացույցներ և հաստատի իր միջազգային երաշխիքների գրանցված լինելը:

5. Եթե անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը 2-րդ կետի համաձայն չի ծանուցել, կամ եթե անվճարունակության հարցերով կառավարիչը կամ պարտապանը հայտարարել է, որ հնարավորություն կտա պարտատիրոջը տնօրինելու ավիացիոն օբյեկտը, բայց այդ տեղի չի ունեցել, դատարանը կարող է թույլատրել պարտատիրոջը տնօրինել ավիացիոն օբյեկտը այն պայմաններով, որը կսահմանի դատարանը, և կարող է պահանջել լրացուցիչ միջոցների ձեռնարկում կամ լրացուցիչ երաշխիքների տրամադրում:

6. Ավիացիոն օբյեկտը չի վաճառվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի ընդունել որոշում համապատասխան հայցի կամ միջազգային երաշխիքի վերաբերյալ:

 

Հոդված 24. Օգնության տրամադրում անվճարունակության դեպքում

 

1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը կատարել է հայտարարություն 71-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

2. Այն Պայմանավորվող պետության դատարանները, որտեղ գտնվում է ավիացիոն օբյեկտը, այդ Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն` պետք է հնարավորինս առավելագույն կերպով համագործակցեն օտարերկրյա դատարանների և անվճարունակության հարցերով օտարերկրացի կառավարիչների հետ 23-րդ հոդվածի դրույթներն իրականացնելու համար:

 

Հոդված 25. Ապագրանցման և դուրս բերման լիազորություն

 

1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը կատարել է հայտարարություն 71-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

2. Եթե պարտապանը տվել է ապագրանցման և դուրս բերման հետ չվերցվող լիազորություն` հիմնականում սույն Կոնվենցիային կցված ձևին համապատասխան, և այդ լիազորությունը գրանցման նպատակով ներկայացվել է գրանցման մարմնին, ապա այդ լիազորությունը պատշաճ կերպով գրանցվում է:

3. Անձը, ում օգտին տրվել է լիազորությունը (լիազորված կողմ), կամ նրա պաշտոնապես նշանակված ներկայացուցիչը հանդիսանում է միակ անձը, որն իրավունք ունի կիրառելու 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների պաշտպանության միջոցները և կարող է այդ կերպ գործել միայն լիազորությանը և ավիացիոն անվտանգության՝ կիրառելի օրենսդրական և նորմատիվ դրույթներին համապատասխան: Այդ լիազորությունը չի կարող հետ վերցվել պարտապանի կողմից` առանց լիազորված կողմի գրավոր համաձայնության: Գրանցման մարմինը ռեգիստրից հանում է լիազորությունը՝ լիազորված կողմի խնդրանքով:

4. Պայմանավորվող պետությունների գրանցման կամ վարչական այլ մարմինները պետք է օպերատիվ կերպով համագործակցեն լիազորված կողմի հետ և օժանդակեն նրան 15-րդ հոդվածում նշված իրավունքների պաշտպանության միջոցների իրականացման գործում:

 

Գլուխ IV

 

Գրանցման միջազգային համակարգ

 

Հոդված 26. Միջազգային ռեգիստր

 

1. Միջազգային ռեգիստրն ստեղծվում է`

ա) միջազգային երաշխիքները, պայմանական միջազգային երաշխիքները և գրանցելի արտապայմանագրային իրավունքներն ու երաշխիքները,

բ) միջազգային երաշխիքների զիջումը և պայմանական զիջումը,

գ) միջազգային երաշխիքներ ձեռք բերելը օրենքով կամ պայմանագրով կատարվող սուբրոգացիայի միջոցով` կիրառվող իրավունքի համաձայն,

դ) ազգային երաշխիքների մասին ծանուցումները,

ե) նախորդ ենթակետերից ցանկացածում նշված երաշխիքների ստորակարգության կարգը գրանցելու համար:

2. Սույն գլխի և 5-րդ գլխի նպատակների համար. «գրանցում» եզրույթը համապատասխան դեպքերում ներառում է գրանցման փոփոխությունը, դրա գործողության երկարաձգումը կամ դադարեցումը:

 

Հոդված 27. Վերահսկող մարմինը

 

1. Վերահսկող մարմին է հանդիսանում միջազգային այն կազմակերպությունը, որը նշանակվում է Դիվանագիտական համաժողովի որոշմամբ` Շարժական սարքավորումների մասին կոնվենցիա և Օդանավերի մասին արձանագրություն ընդունելու համար:

2. Այն դեպքերում, երբ նախորդ կետում նշված միջազգային կազմակերպությունը չի կարող և չի ցանկանում գործել որպես Վերահսկող մարմին, հրավիրվում է Ստորագրող և Պայմանավորվող պետությունների համաժողով` այլ Վերահսկող մարմին նշանակելու համար:

3. Վերահսկող մարմինը կարող է Ստորագրող և Պայմանավորվող պետությունների կողմից ներկայացված, անհրաժեշտ որակավորում ու փորձառություն ունեցող անձանց կազմից ստեղծել փորձագետների հանձնաժողով, որը հանձն կառնի Վերահսկող մարմնին օժանդակելու գործը իր գործառույթները իրականացնելիս:

4. Վերահսկող մարմինը`

ա) ստեղծում է Միջազգային ռեգիստր կամ ապահովում է դրա ստեղծումը,

բ) նշանակում և պաշտոնից ազատում է Գրանցող քարտուղարին,

գ) ապահովում է, որպեսզի Միջազգային ռեգիստրի անխափան արդյունավետ գործունեության համար պահանջվող բոլոր իրավունքները Գրանցող քարտուղարի փոփոխման դեպքում նախատեսվեն կամ փոխանցվեն նոր Գրանցող քարտուղարին,

դ) Պայմանավորվող պետությունների հետ խորհրդատվություններից հետո ընդունում կամ հաստատում և ապահովում է Միջազգային ռեգիստրի գործունեությանն առնչվող կանոնների հրապարակումը,

ե) հաստատում է վարչական ընթացակարգեր, որոնց միջոցով Միջազգային ռեգիստրի աշխատանքին վերաբերող բողոքներ կարելի է ներկայացնել Վերահսկվող մարմնին,

զ) վերահսկում է Գրանցող քարտուղարի գործունեությունը և Միջազգային ռեգիստրի աշխատանքը,

է) Գրանցող քարտուղարի հարցումների հիման վրա վերջինիս տալիս է այնպիսի ցուցումներ, որոնք ինքը նպատակահարմար է համարում,

ը) սահմանում և պարբերաբար վերանայում է Միջազգային ռեգիստրի կողմից տրամադրվող ծառայությունների և գործողությունների համար սահմանված սակագների համակարգը,

թ) անում է ամեն անհրաժեշտ բան` ապահովելու համար գրանցման էլեկտրոնային համակարգի արդյունավետ տեղեկատվական բազայի գործունեությունը` սույն Կոնվենցիայի նպատակներն իրականացնելու համար, և

ժ) պարբերաբար զեկուցում է Պայմանավորվող պետություններին սույն Կոնվենցիայի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին:

5. Վերահսկող մարմինը կարող է կնքել ցանկացած համաձայնագիր, որն անհրաժեշտ է իր գործառույթների իրականացման համար, այդ թվում` 40-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ցանկացած համաձայնագիր:

6. Վերահսկող մարմնին են պատկանում Միջազգային ռեգիստրի տվյալների բազայի և արխիվի նկատմամբ սեփականության բոլոր իրավունքները:

7. Վերահսկվող մարմնի կողմից առաջին կանոնները պետք է ընդունվեն այնպես, որ դրանք հնարավոր լինի կիրառել Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից:

 

Հոդված 28. Գրանցող քարտուղարը

 

1. Առաջին Գրանցող քարտուղարը վարում է Միջազգային ռեգիստրը Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում: Դրանից հետո Գրանցող քարտուղարը նշանակվում կամ վերանշանակվում է Վերահսկող մարմնի կողմից՝ կանոնավոր հիմքով հնգամյա ժամկետով:

2. Գրանցող քարտուղարն ապահովում է Միջազգային ռեգիստրի արդյունավետ աշխատանքը և կատարում է սույն Կոնվենցիայով և կանոններով ստանձնած իր գործառույթները:

3. 27-րդ հոդվածի 4-րդ կետի «ը» ենթակետում նշված սակագները սահմանվում են այնպես, որպեսզի խելամիտ կերպով ծածկվեն Միջազգային ռեգիստրի ստեղծման, վարման և կարգավորման ծախսերը, ինչպես նաև Վերահսկող մարմնի կրած խելամիտ ծախսերը, որոնք կապված են սույն Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման, իրավունքների և պարտավորությունների կատարման հետ:

 

Հոդված 29. Տեղեկությունների մուտքագրման նշանակված կետեր

 

1. 2-րդ կետի դրույթները հաշվի առնելով` Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած ժամանակ նշանակել իր տարածքում գտնվող ցանկացած կազմակերպություն կամ կազմակերպություններ` որպես տեղեկությունների մուտքագրման կետ կամ կետեր, որոնց միջոցով պետք է կամ կարելի է Միջազգային ռեգիստր փոխանցել գրանցման համար պահանջվող տեղեկություններ` 53-րդ հոդվածով սահմանված ազգային երաշխիքի, իրավունքի կամ երաշխիքի մասին ծանուցման գրանցումից բացի, որոնք երկու դեպքում էլ բխում են այլ պետության օրենսդրությունից:

2. Նախորդ կետի համաձայն արված նշանակումը կարող է թույլ տալ, բայց չի պարտադրում նշանակված կետի կամ կետերի օգտագործում այն տեղեկությունների մուտքագրման համար, որոնք պահանջվում են ավիացիոն շարժիչների նկատմամբ գրանցում կատարելու համար:

 

Հոդված 30. Գրանցող ծառայությունների աշխատանքային ժամերը

 

Միջազգային ռեգիստրի կենտրոնացված գործառույթներն իրականացվում և ուղարկվում են Գրանցող քարտուղարի կողմից շուրջօրյա: Տեղեկությունների մուտքագրման տարբեր կետերը իրականացնում են իրենց գործառույթները աշխատանքային ժամերին իրենց համապատասխան տարածքներում:

 

Գլուխ V

 

Գրանցման եղանակները

 

Հոդված 31. Գրանցման պայմանները

 

1. Սույն Կոնվենցիայի համաձայն` կանոններում պետք է առանձնանշվեն այն պայմանները, ներառյալ ավիացիոն օբյեկտի ճանաչման չափանիշները, որոնք անհրաժեշտ են.

ա) գրանցում կատարելու համար (ներառյալ՝ էլեկտրոնային ձևով ցանկացած անձի նախնական համաձայնության փոխանցման դրույթը, որի համաձայնությունը պահանջվում է 33-րդ հոդվածով),

բ) կատարվում է որոնում և տրվում են որոնման արդյունքի մասին վկայականներ և, սա հաշվի առնելով,

գ) ապահովվում է Միջազգային ռեգիստրի տեղեկությունների և փաստաթղթերի գաղտնիությունը` գրանցմանը վերաբերող տեղեկություններից և փաստաթղթերից բացի:

2. Գրանցող քարտուղարը պարտավոր չէ ճշտել՝ 33-րդ հոդվածով սահմանված գրանցման համաձայնությունը փաստացի կերպով տրվե՞լ է կամ վավե՞ր է, թե ոչ:

3. Երբ որպես պայմանական միջազգային երաշխիք գրանցված երաշխիքը դառնում է միջազգային երաշխիք, չի պահանջվում ոչ մի լրացուցիչ գրանցում` պայմանով, որ գրանցման համար ներկայացված տեղեկությունները բավարար են միջազգային երաշխիքը գրանցելու համար:

4. Գրանցող քարտուղարը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի գրանցումները մուտքագրվեն Միջազգային ռեգիստրի տվյալների բազա և հասանելի լինեն որոնման համար` տեղեկությունների ստացման ժամանակագրական կարգով, գրանցելով նաև դրանց ստացման ամսաթիվը և ժամը:

 

Հոդված 32. Գրանցման վավերականությունը և գրանցում կատարելու ժամանակը

 

1. Գրանցումը համարվում է վավեր միայն այն դեպքում, եթե կատարվել է 33-րդ հոդվածի համաձայն:

2. Գրանցումը, եթե այն վավեր է, պետք է ավարտված լինի պահանջվող տեղեկությունները Միջազգային ռեգիստրի տվյալների բազա ներմուծելուց հետո, որպեսզի հասանելի լինի որոնման համար:

3. Վերոնշյալ կետի նպատակների համար. գրանցումը համարվում է որոնման համար հասանելի այն պահից, երբ`

ա) Միջազգային ռեգիստրում դրան հատկացվել է հերթականության կարգով գրանցման պաշտոնական համար, և

բ) գրանցման մասին տեղեկությունները, ներառյալ գրանցման պաշտոնական համարը, պահպանվում են տևական ժամանակ և հասանելի են Միջազգային ռեգիստրում:

4. Եթե ի սկզբանե որպես պայմանական միջազգային երաշխիք գրանցված երաշխիքը դառնում է միջազգային երաշխիք, ապա այդ միջազգային երաշխիքը համարվում է գրանցված պայմանական միջազգային երաշխիքի գրանցման օրվանից` պայմանով, որ այդ գրանցումը գործողության մեջ էր միջազգային երաշխիքի` 10-րդ հոդվածի համաձայն ստեղծումից անմիջապես առաջ:

5. Նախորդ կետն անհրաժեշտ փոփոխություններով կիրառվում է միջազգային երաշխիքի` պայմանական զիջման գրանցման դեպքում:

6. Ավիացիոն օբյեկտին առնչվող գրանցումը պետք է հասանելի լինի որոնման համար Միջազգային ռեգիստրի տվյալների բազայում` ըստ արտադրողի անվան, արտադրողի սերիական համարի և մոդելի նկարագրության, ինչը լրացվում է անհրաժեշտության դեպքում` կրկնություններից խուսափելու համար: Նման լրացուցիչ տեղեկությունների մասին պետք է նշվի կանոններում:

 

Հոդված 33. Գրանցման համաձայնություն

 

1. Միջազգային երաշխիքը, պայմանական միջազգային երաշխիքը, դրա զիջումը կամ միջազգային երաշխիքի պայմանական զիջումը կարող են գրանցվել, և ցանկացած նման գրանցում կարող է փոփոխվել, կամ դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նախքան ժամկետի ավարտը, կողմերից ցանկացած մեկի կողմից` մյուս կողմի գրավոր համաձայնությամբ:

2. Միջազգային երաշխիքի ստորակարգությունը այլ միջազգային երաշխիքի նկատմամբ կարող է գրանցվել ցանկացած ժամանակ՝ այն անձի կողմից կամ նրա գրավոր համաձայնությամբ, որի երաշխիքն ստորակարգվել է:

3. Գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել այն անձի կողմից կամ նրա գրավոր համաձայնությամբ, որի օգտին այն կատարվել է:

4. Միջազգային երաշխիքի ձեռքբերումը օրենքով կամ պայմանագրով կատարված սուբրոգացիայի արդյունքում կարող է գրանցվել այն անձի կողմից, ում փոխանցվում է երաշխիքը:

5. Գրանցելի արտապայմանագրային իրավունքները կամ երաշխիքները կարող են գրանցվել դրանք տնօրինող անձի կողմից:

6. Ազգային երաշխիքի մասին ծանուցումը կարող է գրանցվել երաշխիքը տնօրինող անձի կողմից:

 

Հոդված 34. Գրանցման գործողության ժամկետը

 

1. Միջազգային երաշխիքի գրանցումը մնում է ուժի մեջ մինչև դա չեղյալ հայտարարելը կամ գրանցման ժամանակ համաձայնեցված ժամկետի լրանալը:

2. Առք ու վաճառքի պայմանագիրը գրանցվում է անժամկետ: Պայմանական վաճառքի գրանցումը մնում է ուժի մեջ մինչև դա չեղյալ հայտարարելը կամ գրանցման ժամանակ համաձայնեցված ժամկետի լրանալը, եթե այդպիսին ընդհանրապես նշվել է:

 

Հոդված 35. Որոնում և տեղեկատվության տրամադրում

 

1. Ցանկացած անձ կարող է, սույն Կոնվենցիայով և կանոններով նախատեսված կարգով, էլեկտրոնային միջոցներով իրականացնել կամ հարցում կատարել տեղեկությունների վերաբերյալ Միջազգային ռեգիստրում՝ այնտեղ գրանցված միջազգային երաշխիքների կամ պայմանական միջազգային երաշխիքների վերաբերյալ:

2. Համապատասխան հարցում ստանալով` Գրանցող քարտուղարը, կանոններում նախատեսված կարգով, տրամադրում է վկայական էլեկտրոնային միջոցներով ռեգիստրում ավիացիոն օբյեկտի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության որոնման մասին.

ա) նշելով դրան առնչվող գրանցված բոլոր տեղեկությունները` նշելով նաև տեղեկությունների գրանցման ամսաթիվը և ժամը, կամ

 բ) նշելով, որ դրան առնչվող տեղեկատվություն Միջազգային ռեգիստրում առկա չէ:

3. Նախորդ կետի համաձայն տրամադրվող որոնման վերաբերյալ վկայականում նշվում է, որ տվյալ գրանցման տեղեկության մեջ նշված պարտատերը ձեռք է բերել կամ մտադիր է ձեռք բերելու միջազգային երաշխիք օբյեկտի նկատմամբ, սակայն չի նշվում գրանցված երաշխիքը միջազգայի՞ն երաշխիք է, թե պայմանական միջազգային երաշխիք, եթե նույնիսկ դա կարելի է պարզել գրանցման համապատասխան տվյալների հիման վրա:

 

Հոդված 36. Հայտարարությունների և հայտարարված արտապայմանագրային իրավունքների կամ երաշխիքների ցանկ

 

 Գրանցող քարտուղարը վարում է հայտարարությունների, դրանք հետ վերցնելու և արտապայմանագրային այն իրավունքների կամ երաշխիքների ցանկ, որոնք հայտնվել են Գրանցող քարտուղարին Ավանդապահի կողմից որպես Պայմանավորվող պետությունների կողմից 52-րդ և 53-րդ հոդվածների համաձայն արված հայտարարությունների առարկա, նշելով հայտարարության կամ այն հետ վերցնելու ամսաթիվը: Նման ցուցակը գրանցվում և հասանելի է դառնում որոնման համար վերապահում արած պետության անունով և պետք է տրամադրվի դրա վերաբերյալ հարցում կատարող ցանկացած անձի` սույն Կոնվենցիայի և կանոնների համաձայն:

 

Հոդված 37. Վկայականի ապացուցողական ուժը

 

Փաստաթուղթը, որը կազմված է կանոններով նախատեսված ձևով որպես վկայական՝ Միջազգային ռեգիստրի կողմից տրված, համարվում է prima facie ապացույց`

 ա) Միջազգային ռեգիստրի կողմից տրված լինելու և

 բ) դրանում նշված տվյալների, ներառյալ գրանցման ամսաթիվը և ժամը:

 

Հոդված 38. Գրանցումը չեղյալ համարելը

 

1. Եթե գրանցված ապահովող երաշխիքների շրջանակներում ապահովված պարտավորությունները կամ գրանցված արտապայմանագրային իրավունքներ կամ երաշխիք առաջացնող պարտավորությունները հանվել են, կամ երբ կատարվել են սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի գրանցված համաձայնագրով սեփականության իրավունքի փոխանցման պայմանները, այդ երաշխիքը տնօրինող անձը, առանց անհիմն ուշացման, ապահովում է գրանցման չեղյալ հայտարարումը պարտապանի գրավոր պահանջից հետո, որն առաքվում կամ ստացվում է գրանցման ժամանակ նշված հասցեով:

2. Երբ գրանցվել է պայմանական միջազգային երաշխիքը կամ միջազգային երաշխիքի պայմանական զիջումը, հավանական պարտատերը կամ անձը, որին անցնում է երաշխիքը, առանց անհիմն ուշացման՝ ապահովում է այդ գրանցման չեղյալ հայտարարումը հավանական պարտապանի կամ երաշխիքը զիջող անձի գրավոր պահանջից հետո, որն առաքվում կամ ստացվում է գրանցման ժամանակ նշված հասցեով, նախքան հավանական պարտատերը կամ անձը, որին զիջվում է երաշխիքը, կկատարի վճարում կամ կստանձնի վճարում կատարելու պարտավորությունը:

3. Նախորդ պարբերության նպատակների համար և դրանում նկարագրված հանգամանքներում գրանցված պայմանական միջազգային երաշխիքը կամ միջազգային երաշխիքի գրանցված պայմանական զիջումը տնօրինող անձը կամ այն անձը, ում օգտին գրանցվել է պայմանական վաճառքը, իր իրավասությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկում` գրանցումը չեղյալ հայտարարելն ապահովելու համար ոչ ուշ, քան սույն կետում նկարագրված պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ազգային երաշխիքի գրանցված ծանուցման մեջ նշված՝ ազգային երաշխիքով ապահովված պարտավորությունների գործողության դադարեցման դեպքում այդ երաշխիքը տնօրինող անձը, առանց անհիմն ուշացման, ապահովում է գրանցման չեղյալ հայտարարումը գրանցման ժամանակ նշված իր հասցեին ուղարկված կամ այդ հասցեով ստացված՝ պարտապանի գրավոր պահանջից հետո:

5. Եթե գրանցում չպետք է կատարվեր, կամ եթե այն սխալ է, այն անձը, ում օգտին կատարվել է գրանցումը, առանց անհիմն ուշացման, ապահովում է գրանցման չեղյալ հայտարարումը պարտապանի գրավոր պահանջից հետո, որն առաքվում կամ ստացվում է գրանցման ժամանակ նշված հասցեով:

 

Հոդված 39. Գրանցման միջազգային ծառայությունների հասանելիությունը

 

 Ոչ ոք զրկված չէ Միջազգային ռեգիստրի` գրանցման և որոնման ծառայություններ մուտք գործելու հնարավորությունից` բացառությամբ սույն գլխով նախատեսված ընթացակարգերը չպահպանելու դեպքերում:

 

Գլուխ VI

 

Վերահսկող մարմնի և Գրանցող քարտուղարի արտոնությունները և անձեռնմխելիությունը

 

Հոդված 40. Իրավասուբյեկտություն, անձեռնմխելիություն

 

1. Վերահսկող մարմինն օժտվում է միջազգային իրավասուբյեկտությամբ, եթե մինչև այդ դրանով օժտված չի եղել:

2. Վերահսկող մարմինը, դրա պաշտոնատար անձինք և ծառայողները օգտվում են անձեռնմխելիությունից՝ դատական և վարչական գործողություններից, որը տրամադրվում է իրենց նկատմամբ կիրառելի ինչպես միջազգային կազմակերպության նորմերով, այնպես էլ այլ ձևով:

3. ա) Վերահսկող մարմինն օգտվում է հարկերից ազատման և նման այլ արտոնություններից, որոնք համաձայնագրով կարող են տրամադրվել հյուրընկալող Պետության կողմից:

բ) Սույն կետի նպատակների համար. «հյուրընկալող պետություն» նշանակում է՝ այն պետությունը, որտեղ գտնվում է Վերահսկող մարմինը:

4. Միջազգային ռեգիստրի գույքը, փաստաթղթերը, տվյալների բազան և արխիվը համարվում են անձեռնմխելի բռնագրավումից կամ վարչական և դատական այլ գործողություններից:

5. Գրանցող քարտուղարի դեմ ուղղված ցանկացած պահանջի նպատակների համար, 41-րդ հոդվածի 1-ին կետի կամ 56-րդ հոդվածի համաձայն, հայցվորն իրավունք ունի մուտք գործելու այն տեղեկությունների և փաստաթղթերի բազա, որոնք նրան անհրաժեշտ են հայցով գործը վարելու համար:

6. Վերահսկող մարմինը կարող է հրաժարվել սույն հոդվածի 4-րդ կետով շնորհվող անձեռնմխելիությունից:

 

Գլուխ VII

 

Գրանցող քարտուղարի պատասխանատվությունը

 

Հոդված 41. Պատասխանատվություն և ֆինանսական երաշխիքներ

 

1. Գրանցող քարտուղարը պատասխանատվություն է կրում ցանկացած անձի պատճառված կորստի հետ կապված վնասների փոխհատուցման համար, որոնք անմիջականորեն բխում են Գրանցող քարտուղարի կամ նրա պաշտոնյաների ու ծառայողների սխալից կամ բացթողումից կամ գրանցման միջազգային համակարգի ոչ պատշաճ աշխատանքից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նման գործունեությունն առաջացել է անխուսափելի և անհաղթահարելի բնույթի իրադարձության հետևանքով, որը չէր կարող կանխվել` օգտագործելով առկա լավագույն միջոցները, որոնք պրակտիկայում սովորաբար կիրառվում են էլեկտրոնային ռեգիստրների նախագծման և շահագործման բնագավառում, ներառյալ պահեստավորման, համակարգի պաշտպանության և ցանցի կազմակերպման հետ կապված միջոցները:

2. Համաձայն նախորդ կետի՝ Գրանցող քարտուղարը չի կրում պատասխանատվություն գրանցման տեղեկություններում առկա փաստացի անճշտությունների համար, որոնք ստացվել կամ փոխանցվել են Գրանցող քարտուղարի կողմից` այն ձևով, որով նա ստացել է այդ տեղեկությունները, ինչպես նաև` այն գործողությունների կամ հանգամանքների համար, որոնց համար Գրանցող քարտուղարը և նրա պաշտոնյաներն ու ծառայողները պատասխանատվություն չեն կրում, և որոնք առաջացել են նախքան Միջազգային ռեգիստրում գրանցման տեղեկությունների ստացումը:

3. 1-ին կետով նախատեսված փոխհատուցման չափը կարող է նվազեցվել այնքանով, որքանով այն անձը, որին հասցվել է վնասը, պատճառել է այդ վնասը կամ նպաստել է դրան:

4. Գրանցող քարտուղարն ապահովում է սույն հոդվածում նշված պատասխանատվությունը ծածկող ապահովագրություն կամ ֆինանսական երաշխիքներ այն ծավալով, որը կորոշվի Վերահսկող մարմնի կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Նախորդ կետում նշված ապահովագրության կամ ֆինանսական երաշխիքների գումարը յուրաքանչյուր իրադարձության դեպքում պետք է առնվազն լինի համարժեք ավիացիոն օբյեկտի առավելագույն արժեքին, ինչպես սահմանված է Վերահսկող մարմնի կողմից:

6. Ոչինչ սույն Կոնվենցիայում չպետք է խոչընդոտի Գրանցող քարտուղարին ձեռք բերել ապահովագրություն կամ ֆինանսական երաշխիքներ այն դեպքերի առնչությամբ, որոնց համար, համաձայն սույն հոդվածի, Գրանցող քարտուղարը պատասխանատվություն չի կրում:

 

Գլուխ VIII

 

Երրորդ անձանց նկատմամբ միջազգային երաշխիքների հետևանքները

 

Հոդված 42. Մրցող երաշխիքների առաջնայնությունը

 

1. Գրանցված երաշխիքն ունի առաջնայնություն բոլոր ավելի ուշ գրանցված այլ երաշխիքների նկատմամբ, ինչպես նաև՝ չգրանցված երաշխիքի նկատմամբ:

2. Նախորդ կետում առաջինը նշված երաշխիքի առաջնայնությունը կիրառվում է`

ա) եթե անգամ առաջինը նշված երաշխիքն առաջացել կամ գրանցվել է, երբ փաստացի հայտնի է եղել մյուս երաշխիքի առկայության մասին,

 բ) նույնիսկ առաջինը գրանցված երաշխիքը տնօրինողի կողմից վճարված կանխավճարի նկատմամբ, այն դեպքում, որ նրան դա հայտնի էր,

3. Ավիացիոն օբյեկտի գնորդը գրանցված առք ու վաճառքի պայմանագրով ձեռք է բերում իրավունքներ այդ օբյեկտի նկատմամբ, որոնք ազատ են ավելի ուշ գրանցված և չգրանցված երաշխիքներից, եթե անգամ գնորդը փաստացի տեղյակ է չգրանցված երաշխիքի առկայության մասին:

4. Ավիացիոն օբյեկտի գնորդը ձեռք է բերում իրավունքներ տվյալ օբյեկտի նկատմամբ` հաշվի առնելով այն երաշխիքը, որը գրանցվել է իրավունքների ձեռք բերման պահին:

5. Հնարավոր գնորդը կամ վարձակալը ձեռք է բերում երաշխիք կամ իրավունք այդ օբյեկտի նկատմամբ`

 ա) հաշվի առնելով այն երաշխիքը, որը գրանցվել է հնարավոր գնորդի կամ վարձակալի կողմից տնօրինվող միջազգային երաշխիքի գրանցումից առաջ,

 բ) տվյալ պահին նշված ձևով չգրանցված, երաշխիքով ծանրաբեռնվածությունից ազատ, եթե անգամ նրան փաստացի հայտնի է եղել այդ երաշխիքի առկայության մասին:

6. Սույն հոդվածով սահմանվող մրցող երաշխիքների կամ իրավունքների առաջնայնությունը կարող է փոփոխվել այդ երաշխիքների նկատմամբ իրավունքներ ունեցող-կողմերի միջև համաձայնությամբ, սակայն այն անձը, որին զիջմամբ անցնում է ստորակարգված երաշխիքը, պարտավորված չէ այդ երաշխիքը ստորակարգելու համաձայնագրով, եթե միայն զիջման պահին տվյալ համաձայնագրի առնչությամբ ոչ մի ստորակարգություն չի գրանցվել:

7. Սույն հոդվածով ավիացիոն օբյեկտի նկատմամբ երաշխիքին տրվող ցանկացած առաջնայնություն տարածվում է նաև փոխհատուցման վրա:

8. Սույն Կոնվենցիան`

ա) չի ազդում ավիացիոն օբյեկտի մեջ չմտնող այլ բաղադրիչների նկատմամբ անձի իրավունքների վրա, ով տնօրինել է այդ բաղադրիչները նախքան դրանց տեղադրումը օբյեկտի վրա, եթե կիրառելի օրենսդրության համաձայն` այդ իրավունքները շարունակում են մնալ տեղադրումից հետո, և

բ) չի արգելում ավիացիոն օբյեկտ չհանդիսացող այն բաղադրիչների նկատմամբ իրավունքների ստեղծումը, որոնք նախապես տեղադրվել են օբյեկտի վրա, եթե այդ իրավունքները ստեղծվում են` կիրառելի օրենսդրության համաձայն:

9. Ավիացիոն շարժիչի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունքը կամ երաշխիքը չի փոփոխվում օդանավի վրա դրա տեղադրման կամ օդանավից դրա հանման արդյունքում:

10. Սույն հոդվածի 8-րդ կետը կիրառվում է ավիացիոն օբյեկտ չհանդիսացող այն բաղադրիչների նկատմամբ, որոնք տեղադրվում են ճախրասավառնակի, ավիացիոն շարժիչի կամ ուղղաթիռի վրա:

 

Հոդված 43. Անվճարունակության հետևանքները

 

1. Պարտապանի նկատմամբ անվճարունակության ընթացակարգեր իրականացնելիս միջազգային երաշխիքը իրավական ուժ ունի այն դեպքում, եթե նախքան անվճարունակության ընթացակարգերն սկսելը այդ երաշխիքը գրանցվել է` սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Սույն հոդվածում ոչինչ չի ազդում անվճարունակության ընթացակարգերում միջազգային երաշխիքի իրավական ուժի վրա, եթե այդ երաշխիքը վավեր է` կիրառելի օրենսդրության համաձայն:

3. Սույն հոդվածում ոչինչ չի ազդում անվճարունակության ընթացակարգերում կիրառելի օրենսդրության այն նորմերի վրա, որոնք վերաբերում են առոչինչ գործարքին, որը կատարվել է առաջնայնություն ստեղծելու, ինչպես նաև պարտատերերին խաբելու նպատակով, կամ՝ այն ընթացակարգային նորմերի վրա, որոնք վերաբերում են իրավունքների հարկադիր կատարմանը այն գույքի նկատմամբ, որը գտնվում է անվճարունակության հարցերով կառավարչի ստուգման կամ հսկողության ներքո:

 

Գլուխ IX

 

Օբյեկտի հետ կապված իրավունքների և միջազգային երաշխիքների զիջումը, սուբրոգացիայի իրավունքը

 

Հոդված 44. Զիջման հետևանքները

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը այլ համաձայնության են եկել, 45-րդ հոդվածի համաձայն կատարված` օբյեկտի հետ կապված իրավունքների զիջումով անձին փոխանցվում են նաև`

ա) համապատասխան միջազգային երաշխիքը և

բ) սույն Կոնվենցիայով նախատեսված` զիջող անձի բոլոր երաշխիքներն ու արտոնյալ իրավունքները:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի արգելում զիջող անձի կողմից օբյեկտի հետ կապված իրավունքների մասնակի զիջումը: Մասնակի զիջման դեպքում զիջող անձը և այն անձը, որին անցնում են իրավունքները, կարող են համաձայնության գալ իրենց համապատասխան իրավունքների մասով` նախորդ կետի հիման վրա զիջման առարկա հանդիսացող միջազգային երաշխիքի վերաբերյալ, սակայն չառաջացնելով բացասական հետևանքներ պարտապանի նկատմամբ` առանց վերջինիս համաձայնության:

3. 4-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով` կիրառելի օրենսդրությամբ որոշվում են պաշտպանության այն միջոցները և պահանջների ստուգման իրավունքը, որոնք պարտապանը կարող է օգտագործել զիջողի նկատմամբ:

4. Պարտապանը կարող է ցանկացած ժամանակ գրավոր հրաժարվել նախորդ կետում նշված պաշտպանության միջոցների և պահանջների ստուգման իրավունքից` բացառությամբ պաշտպանության այն միջոցների, որոնք առաջացել են այն անձի` խաբեություն պարունակող գործողություններից, որին զիջվում են իրավունքները:

5. Որպես պարտավորությունների կատարումն ապահովվող միջոց կատարված զիջման դեպքում օբյեկտի հետ կապված այլ անձին անցած իրավունքները կրկին անցնում են զիջող անձին՝ այնքանով, որքանով դրանք շարունակում են մնալ այն պահի դրությամբ, երբ կատարվել են զիջման միջոցով ապահովված պարտավորությունները:

 

Հոդված 45. Զիջմանն առնչվող ձևական պահանջներ

 

1. Օբյեկտի հետ կապված իրավունքների զիջման միջոցով համապատասխան միջազգային երաշխիքը փոխանցվում է միայն այն դեպքում, երբ այն`

ա) կատարված է գրավոր,

բ) հնարավորություն է տալիս որոշելու օբյեկտի հետ կապված իրավունքները այն պայմանագրով, որի շրջանակներում դրանք առաջացել են, և

գ) որպես պարտավորությունների կատարումն ապահովվող միջոց կատարված զիջման դեպքում հնարավորություն է տալիս որոշելու զիջման միջոցով ապահովված պարտավորությունները` սույն Կոնվենցիային համապատասխան, սակայն չնշելով ապահովման գումարը կամ առավելագույն գումարը:

2. Պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագրով ստեղծված կամ տրամադրված միջազգային երաշխիքի զիջումը վավեր չէ մինչև փոխանցվեն օբյեկտի հետ կապված իրավունքներից մի քանիսը կամ բոլորը:

3. Սույն Կոնվենցիան չի կիրառվում օբյեկտի հետ կապված իրավունքների այն զիջման նկատմամբ, որը վավեր չէ` համապատասխան միջազգային երաշխիքը փոխանցելու համար:

 

Հոդված 46. Պարտապանի պարտավորություններն այն անձի նկատմամբ, որին կատարվում է զիջումը

 

1. Այնքանով, որքանով օբյեկտի հետ կապված իրավունքները և համապատասխան միջազգային երաշխիքը փոխանցվել են` 44-րդ և 45-րդ հոդվածների համաձայն, պարտապանը այդ իրավունքների և այդ երաշխիքի մասով պարտավորություններ ունի զիջման պայմանագրով և պարտավոր է վճարում կատարել կամ այլ կերպ կատարել պարտավորությունները այն անձի նկատմամբ, որին անցել են իրավունքները, միայն այն դեպքում, եթե`

ա) պարտապանը գրավոր ծանուցվել է զիջման մասին զիջող պարտատիրոջ կողմից կամ նրա լիազորությամբ,

բ) ծանուցման մեջ նշված են օբյեկտի հետ կապված իրավունքները, և

գ) պարտապանը գրավոր համաձայնություն է տվել՝ անկախ այն բանից՝ տրվա՞ծ է այն նախքան զիջումը, կամ դրանում նշվա՞ծ է այն անձը, որին անցնում են իրավունքները, թե ոչ:

2. Անկախ ցանկացած այլ հիմքից, որով պարտապանի վճարումը կամ պարտավորությունների կատարման այլ ձևերն ազատում են նրան պատասխանատվությունից, այդ նպատակով կատարված վճարումը կամ պարտավորությունների կատարման այլ ձևերը վավեր են համարվում, եթե դրանք կատարվել են նախորդ կետի համաձայն:

3. Սույն հոդվածում ոչինչ չի ազդում մրցող զիջումների առաջնայնության վրա:

 

Հոդված 47. Որպես պարտավորությունների ապահովման միջոց կատարված զիջման նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

 

Զիջող անձի կողմից համապատասխան միջազգային երաշխիքի և իրավունքների օբյեկտի նկատմամբ որպես զիջման պարտավորությունների ապահովման միջոց իրականացված պարտավորության չկատարման դեպքում, զիջող անձի և այն անձի միջև, ում անցնում են իրավունքները, հարաբերություներում կիրառվում են 12-րդ, 13-րդ և 15-21-րդ հոդվածները (իսկ ինչ վերաբերում է իրավունքների օբյեկտին, դրանք կիրառվում են այնքանով, որքանով դրանք կիրառելի են ոչ նյութական գույքի նկատմամբ) այնպես, ինչպես հղումները.

ա) ապահովված պարտավորություններին և ապահովող երաշխիքին լինեին հղումներ օբյեկտի հետ կապված իրավունքների զիջումով ապահովված պարտավորությանը և համապատասխան միջազգային երաշխիքին և այդ զիջման արդյունքում առաջացած ապահովող երաշխիքին,

բ) գրավառուին կամ պարտատիրոջը և գրավատուին կամ պարտապանին լինեին հղումներ զիջող անձին և այն անձին, որին անցնում են իրավունքները,

գ) միջազգային երաշխիքի տնօրինող անձին լինեին հղումներ զիջող անձին,

դ) ավիացիոն օբյեկտին լինեին հղումներ օբյեկտի հետ կապված այլ անձի անցնող իրավունքներին և համապատասխան միջազգային երաշխիքին:

 

Հոդված 48. Մրցող զիջումների առաջնայնությունը

 

1. Երբ առկա են օբյեկտի հետ կապված իրավունքների մրցող զիջումներ, և դրանցից առնվազն մեկը ներառում է համապատասխան միջազգային երաշխիքը և գրանցված է, 42-րդ հոդված դրույթները կիրառվում են այնպես, ինչպես կկիրառվեին, եթե հղումները գրանցված երաշխիքին լինեին հղումներ օբյեկտի հետ կապված իրավունքների զիջմանը և համապատասխան գրանցված երաշխիքին, և ինչպես եթե հղումները գրանցված կամ չգրանցված երաշխիքին լինեին հղումներ գրանցված կամ չգրանցված զիջմանը:

2. 43-րդ հոդվածը կիրառվում է օբյեկտի հետ կապված իրավունքների զիջման նկատմամբ՝ այնպես, ինչպես եթե հղումները միջազգային երաշխիքին լինեին հղումներ օբյեկտի հետ կապված իրավունքների զիջմանը և համապատասխան միջազգային երաշխիքին:

 

Հոդված 49. Իրավահաջորդի առաջնայնությունը օբյեկտի հետ կապված իրավունքների նկատմամբ

 

1. Անձը, որին գրանցված զիջման միջոցով անցել են օբյեկտի հետ կապված իրավունքները և համապատասխան միջազգային երաշխիքը, 48-րդ հոդվածի 1-ին կետով ունի առաջնայնություն մեկ այլ անձի նկատմամբ, որին անցել են օբյեկտի հետ կապված իրավունքները, միայն`

ա) եթե պայմանագրում, որով առաջացել են օբյեկտի հետ կապված իրավունքները, նշվում է, որ դրանք ապահովված են օբյեկտով կամ կապված են դրա հետ, և

բ) այնքանով, որքանով օբյեկտի հետ կապված իրավունքներն առնչվում են օբյեկտին:

2. Նախորդ կետի «բ» ենթակետի նպատակների համար. օբյեկտի հետ կապված իրավունքներն առնչվում են օբյեկտին այնքանով, որքանով դրանք բաղկացած են վճարման կամ այլ պարտավորությունների կատարման իրավունքներից, որոնք վերաբերում են՝

ա) որպես կանխավճար և օբյեկտի գնման համար օգտագործված գումարներին,

բ) որպես կանխավճար և այլ օբյեկտի գնման համար օգտագործված գումարներին, որի նկատմամբ զիջող անձը տնօրինում է այլ միջազգային երաշխիքներ, եթե զիջող անձը այդ երաշխիքները փոխանցել է այլ անձի, և զիջումը գրանցվել է,

գ) ավիացիոն օբյեկտի դիմաց վճարվող գնին,

դ) ավիացիոն օբյեկտի նկատմամբ վճարվող վարձակալական վճարներին կամ

ե) նախորդ ենթակետերից որևէ մեկում նշված գործարքներից բխող այլ պարտավորություններին:

3. Մյուս բոլոր դեպքերում օբյեկտի հետ կապված իրավունքների մրցող զիջումների առաջնայնությունը որոշվում է կիրառելի օրենսդրությամբ:

 

Հոդված 50. Զիջող անձի անվճարունակության հետևանքները

 

 43-րդ հոդվածի դրույթները կիրառվում են իրավունքները զիջած անձի նկատմամբ անվճարունակության ընթացակարգերին այնպես, ինչպես եթե հղումները պարտատիրոջը լինեին հղումներ իրավունքները զիջած անձին:

 

Հոդված 51. Սուբրոգացիա

 

1. Հաշվի առնելով 2-րդ կետի դրույթները` սույն Կոնվենցիայում ոչինչ չի ազդում, կիրառելի օրենսդրության համաձայն, օրենքով կամ պայմանագրով սուբրոգացիայի միջոցով ձեռք բերել օբյեկտի հետ կապված իրավունքներ և համապատասխան միջազգային երաշխիքներ:

2. Նախորդ կետով նախատեսված ցանկացած երաշխիքի և դրա հետ մրցող այլ երաշխիքի առաջնայնությունը կարող է փոփոխվել համապատասխան երաշխիքները տնօրինող անձանց գրավոր համաձայնությամբ, սակայն այն անձը, որին անցել է ստորակարգված երաշխիքը, կապված չէ համաձայնագրով` այդ երաշխիքը ստորակարգելու, եթե միայն զիջման ժամանակ չի գրանցվել այդ համաձայնագրին առնչվող ստորակարգությունը:

 

Գլուխ X

 

Պայմանավորվող պետությունների հայտարարության առարկա հանդիսացող իրավունքներ կամ երաշխիքներ

 

Հոդված 52. Առանց գրանցման, առաջնայնություն ունեցող իրավունքներ

 

1. Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած ժամանակ Արձանագրության Ավանդապահին ի պահ տրվող հայտարարության մեջ ընդհանուր կամ առանձնահատուկ կերպով նշել.

ա) արտապայմանագրային իրավունքների կամ երաշխիքների (բացի այն իրավունքներից կամ երաշխիքներից, որոնց նկատմամբ կիրառվում է 53-րդ հոդվածը) այն կատեգորիաները, որոնք, համաձայն այդ Պետության օրենսդրության, առաջնայնություն ունեն ավիացիոն օբյեկտի նկատմամբ այն երաշխիքի նկատմամբ, որը համարժեք է գրանցված միջազգային երաշխիք տնօրինող անձի երաշխիքին, և որոնք առաջնային են գրանցված միջազգային երաշխիքի նկատմամբ` անկախ դրա` անվճարունակության ընթացակարգերին կապված լինելու փաստից.

բ) ոչինչ սույն Կոնվենցիայում չի կարող ազդել Պետության կամ պետական կազմակերպության, միջկառավարական կազմակերպության կամ սպասարկման այլ ծառայություններ մասնավոր հիմունքներով մատուցողի իրավունքի վրա` կալանքի կամ արգելանքի տակ վերցնել ավիացիոն օբյեկտը, համաձայն տվյալ Պետության օրենսդրության, այդ մարմնին, կազմակերպությանը կամ ծառայություններ մատուցողին չվճարված գումարների դիմաց, որոնք ուղղակիորեն առնչվում են տվյալ օբյեկտի կամ այլ ավիացիոն օբյեկտի նկատմամբ այդ ծառայությունների մատուցմանը:

2. Նախորդ կետի համաձայն արված հայտարարության մեջ կարող է նշվել, որ հայտարարությունը վերաբերում է նաև այն կատեգորիաներին, որոնք կստեղծվեն հայտարարությունն ի պահ հանձնելուց հետո:

3. Արտապայմանագրային իրավունքը կամ երաշխիքը առաջնայնություն ունի միջազգային երաշխիքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե այն վերաբերում է այն կատեգորիային, որը նշված է այն հայտարարության մեջ, որն ի պահ է հանձնվել նախքան միջազգային երաշխիքի գրանցումը:

4. Չնայած նախորդ կետի դրույթներին` Պայմանավորվող պետությունը Արձանագրության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն արված հայտարարության շրջանակում գտնվող կատեգորիաներից որևէ մեկում ընդգրկված իրավունքը կամ երաշխիքը առաջնայնություն ունի այն միջազգային երաշխիքի նկատմամբ, որը գրանցվել է նախքան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ամսաթիվը:

 

Հոդված 53. Գրանցելի արտապայմանագրային իրավունքներ և երաշխիքներ

 

Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած ժամանակ, Ավանդապահին ի պահ հանձնվող սույն Կոնվենցիայի հայտարարության մեջ, նշել արտապայմանագրային իրավունքների կամ երաշխիքների կատեգորիաների ցանկը, որոնք կարող են գրանցվել սույն Կոնվենցիայի համաձայն՝ օբյեկտների որևէ կատեգորիայի մասով այնպես, ինչպես եթե այդպիսի իրավունքները կամ երաշխիքները իրենցից միջազգային երաշխիքներ ներկայացնեին, որից հետո այդ իրավունքներն ու երաշխիքները պետք է դիտվեն որպես միջազգային երաշխիքներ: Ըստ անհրաժեշտության, նման հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ:

 

Գլուխ XI

 

Ընդդատություն

 

Հոդված 54. Դատարանի ընտրությունը

 

1. Հաշվի առնելով 55-րդ և 56-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի դատարանները, որոնք ընտրվել են գործարքի մասնակիցների կողմից, իրավասություն ունեն սույն Կոնվենցիայի համաձայն ներկայացված ցանկացած հայցի նկատմամբ` անկախ այն հանգամանքից՝ ընտրված դատական ատյանը կապ ունի՞ կողմերի կամ գործարքի հետ, թե ոչ:

2. Ցանկացած նման համաձայնություն կատարվում է գրավոր կամ կնքվում է այլ կերպ՝ ընտրված դատարանի երկրում գործող իրավունքի ձևական պահանջներին համապատասխան:

 

Հոդված 55. Իրավասություն` համաձայն 20-րդ հոդվածի

 

1. Պայմանավորվող պետության այն դատարանները, որոնք ընտրվել են գործարքի մասնակիցների կողմից` 54-րդ հոդվածի համաձայն, և այն Պայմանավորվող պետության դատարանները, որի տարածքում գտնվում է ավիացիոն օբյեկտը, կամ որտեղ գրանցված է օդանավը, դատական պաշտպանություն տրամադրելու իրավասություն ունեն այդ ավիացիոն օբյեկտի կամ օդանավի նկատմամբ՝ ըստ 20-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» ենթակետերի և 8-րդ կետի:

2. 20-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով՝ դատական պաշտպանության, կամ, 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, ժամանակավոր դատական պաշտպանության տրամադրման իրավասություն ունեն`

ա) կողմերի ընտրած դատարանները կամ

բ) այն Պայմանավորվող պետության դատարանները, որի տարածքում գտնվում է պարտապանը, ընդ որում, դատական պաշտպանության այդ միջոցները` համաձայն դրանց տրամադրման ակտերի պայմանների, ենթակա են հարկադիր կատարման միայն այդ Պայմանավորվող պետության տարածքում:

3. Դատարանը, նախորդ կետերի համաձայն, ունի իրավասություն, եթե անգամ 20-րդ հոդվածի 1-ին կետում նշված հայցապահանջի վերջնական որոշումը կայացվելու է կամ կարող է կայացվել մեկ այլ Պայմանավորվող պետության դատարանում կամ արբիտրաժի միջոցով:

 

Հոդված 56. Գրանցող քարտուղարի նկատմամբ որոշումներ կայացնելու իրավասությունը

 

1. Այն պետության դատական ատյանները, որի տարածքում գործում է Գրանցող քարտուղարի վարչական կենտրոնը, բացառիկ իրավասություն ունեն Գրանցող քարտուղարի նկատմամբ կայացնելու դատական վճիռներ կամ ընդունելու վնասի փոխհատուցման որոշումներ:

2. Եթե անձը չի կատարում 38-րդ հոդվածի համաձայն ներկայացված դատական որոշումը, կամ եթե այդ անձը կյանքից հեռացել է, կամ հնարավոր չէ գտնել նրա գտնվելու վայրը` այդ անձի կողմից գրանցումը չեղյալ հայտարարվելու որոշումն իրականացնելու նպատակով, նախորդ կետում նշված դատական ատյանները բացառիկ իրավասություն ունեն, պարտապանի կամ հնարավոր պարտապանի դիմումի հիման վրա, Գրանցող քարտուղարին ուղղված որոշում` պահանջելով նրա կողմից չեղյալ հայտարարել գրանցումը:

3. Եթե անձը չի կատարում սույն Կոնվենցիայով իրավասություն ունեցող դատարանի որոշումը կամ, ազգային երաշխիքի առկայության դեպքում՝ իրավասու դատարանի որոշումը, որով այդ անձից պահանջվում է փոփոխել կամ չեղյալ հայտարարել գրանցումը, 1-ին կետում նշված դատական ատյանները կարող են կարգադրել Գրանցող քարտուղարին` ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեն տվյալ որոշման կատարումը:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված նախորդ կետերով, ոչ մի դատարան չի կարող Գրանցող քարտուղարին ուղղված կարգադրություններ անել կամ նրա նկատմամբ որոշումներ և վճիռներ կայացնել, որոնք նրա վրա դնում են պարտավորություն:

 

Հոդված 57. Սուվերեն անձեռնմխելիությունից հրաժարվելը

 

1. Հաշվի առնելով 2-րդ կետի դրույթները կամ որևէ ավիացիոն օբյեկտի առնչությամբ երաշխիքների պահպանման և իրավունքների հարկադիր կատարման առնչությամբ սույն Կոնվենցիայի համաձայն՝ սույն Կոնվենցիայի 54-րդ կամ 55-րդ հոդվածներում նշված դատարանների իրավասությունից սուվերեն անձեռնմխելիությունից հրաժարվելը պարտադիր է, և նման իրավասության կամ նման հարկադիր կատարման այլ պայմանների պահպանման պայմանով, ուժի մեջ է համարվում իրավասության իրականացման համար տրամադրված իրավունքների և հարկադիր կատարման համար թույլտվության մասով՝ կախված հանգամանքներից:

2. Նախորդ կետով նախատեսված հրաժարումը պետք է լինի գրավոր և պետք է պարունակի ավիացիոն օբյեկտի նկարագրությունը:

 

Հոդված 58. Իրավասություն անվճարունակության ընթացակարգերի առնչությամբ

 

Սույն գլխի դրույթները կիրառելի չեն անվճարունակության ընթացակարգերի առնչությամբ:

 

Գլուխ XII

 

Կապը այլ կոնվենցիաների հետ

 

Հոդված 59. Կապը Միջազգային առևտրում դեբիտորական պարտքի զիջման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի հետ

 

Սույն Կոնվենցիան գերակայում է 2001 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Յորքում ստորագրման համար բացված՝ Միջազգային առևտրում դեբիտորական պարտքի զիջման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի նկատմամբ, քանի որ այն վերաբերում է դեբիտորական պարտքի զիջումներին, որոնք օբյեկտի հետ կապված իրավունքներ են, որ առնչվում են ավիացիոն օբյեկտների նկատմամբ միջազգային երաշխիքներին:

 

Հոդված 60. Կապը Օդանավերի նկատմամբ իրավունքների միջազգային ճանաչման մասին կոնվենցիայի հետ

 

 Պայմանավորվող պետության համար, որը հանդիսանում է 1948 թվականի հունիսի 19-ին Ժնևում ստորագրված՝ Օդանավերի նկատմամբ իրավունքների միջազգային ճանաչման մասին կոնվենցիայի կողմ, սույն Կոնվենցիան փոխարինում է այդ Կոնվենցիային՝ օդանավերի, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայով, և ավիացիոն օբյեկտների մասով: Այնուամենայնիվ, այն իրավունքների կամ երաշխիքների մասով, որոնք չեն ընդգրկվում սույն Կոնվենցիայի մեջ, կամ որոնց վրա այն չի տարածվում, Ժնևի կոնվենցիան չի փոխարինվում:

 

Հոդված 61. Կապը Օդանավերի նախազգուշական կալանքին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին կոնվենցիայի հետ

 

1. Պայմանավորվող պետության համար, որը հանդիսանում է 1933 թվականի մայիսի 29-ին Հռոմում ստորագրված՝ Օդանավերի նախազգուշական կալանքին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին կոնվենցիայի կողմ, սույն Կոնվենցիան փոխարինում է այդ Կոնվենցիային` օդանավերի մասով, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայով:

2. Վերոնշյալ Կոնվենցիայի կողմ հանդիսացող Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ սույն հոդվածը չի կիրառվի:

 

Հոդված 62. Կապը ՈՒՆԻԴՐՈՒԱ-ի Միջազգային ֆինանսական լիզինգի մասին կոնվենցիայի հետ

 

Սույն Կոնվենցիան փոխարինում է 1988 թվականի մայիսի 28-ին Օտտավայում ստորագրված՝ ՈՒՆԻԴՐՈՒԱ-ի Միջազգային ֆինանսական լիզինգի մասին կոնվենցիային` ավիացիոն օբյեկտների մասով:

 

Գլուխ XIII

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 63. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալը

 

(Տե՛ս Կոնվենցիայի 47-րդ հոդվածը և Արձանագրության XXVI հոդվածը):

 

Հոդված 64. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններ

 

1. Տնտեսական ինտեգրացման տարածքային ցանկացած կազմակերպություն, որը կազմված է ինքնիշխան պետություններից և իրավասություններ ունի Կոնվենցիայով ու Արձանագրությամբ կարգավորվող որոշ հարցերի նկատմամբ, նույնպես կարող է ստորագրել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան և Արձանագրությունը կամ միանալ դրանց: Այդ դեպքում Տնտեսական ինտեգրման տարածքային կազմակերպությունը կունենա Պայմանավորվող պետության իրավունքներ և պարտականություններ այնքանով, որքանով տվյալ կազմակերպությունը իրավասություն ունի Կոնվենցիայով և Արձանագրությամբ կարգավորվող հարցերում: Այն դեպքում, երբ Կոնվենցիաի և Արձանագրության Պայմանավորվող պետությունների քանակը նշանակալի է, տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը չի դիտվում որպես Պայմանավորվող պետություն` ի լրումն իր Անդամ պետությունների, որոնք հանդիսանում են Պայմանավորվող պետություններ:

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը ստորագրման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարություն է անում Ավանդապահին` մատնանշելով Կոնվենցիայով և Արձանագրությամբ կարգավորվող այն հարցերը, որոնց նկատմամբ իրավասությունը Մասնակից պետություններից փոխանցվել է Կազմակերպությանը: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը անհապաղ տեղեկացնում է Ավանդապահին սույն կետի համաձայն արված հայտարարության մեջ նշված իրավասությունների բաշխման ցանկացած փոփոխության, այդ թվում` նոր փոխանցված իրավասությունների մասին:

3. Կոնվենցիայում և Արձանագրության մեջ ցանկացած հղում «Պայմանավորվող պետությանը» կամ «Պայմանավորվող պետություններին» կամ «Մասնակից պետությանը» կամ «Մասնակից պետություններին» հավասարապես վերաբերում է նաև Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությանը, երբ դա պահանջում է համատեքստը:

 

Հոդված 65. Ուժի մեջ մտնելը

 

(Տե՛ս Կոնվենցիայի 49-րդ հոդվածը և Արձանագրության XXVIII հոդվածը):

 

Հոդված 66. Ներքին գործարքներ

 

1. Պայմանավորվող պետությունը Արձանագրության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում այն գործարքների նկատմամբ, որոնք տվյալ պետության համար համարվում են ներքին գործարքներ բոլոր տեսակի ավիացիոն օբյեկտների կամ դրանցից մի քանիսի նկատմամբ:

2. Չնայած նախորդ կետին` ներքին գործարքների նկատմամբ կիրառվում են 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 13-րդ հոդվածի 1-ին կետի, 26-րդ հոդվածի, V գլխի և 42-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև սույն Կոնվենցիայի բոլոր այն դրույթները, որոնք առնչվում են գրանցված երաշխիքներին:

3. Երբ Միջազգային ռեգիստրում գրանցվում է ազգային երաշխիքի մասին ծանուցումը, 42-րդ հոդվածի համաձայն՝ այդ երաշխիքը տնօրինող անձի առաջնայնության վրա չի ազդում այն փաստը, որ այդ երաշխիքը կիրառելի օրենսդրությամբ անցել է մեկ այլ անձի զիջման կամ սուբրոգացիայի միջոցով:

 

Հոդված 67. Հետագա Արձանագրություններ

 

(Տե՛ս Կոնվենցիայի 51-րդ հոդվածը):

 

Հոդված 68. Տարածքային միավորներ

 

(Տե՛ս Կոնվենցիայի 52-րդ հոդվածը և Արձանագրության XXIX հոդվածը):

 

Հոդված 69. Դատարանները որոշելը

 

Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարություն անել համապատասխան «դատարանի» կամ «դատարանների» վերաբերյալ` սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի և XI գլխի նպատակների համար:

 

Հոդված 70. Իրավունքների պաշտպանության միջոցներին վերաբերող հայտարարություններ

 

1. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ քանի դեռ պարտավորություններով ծանրաբեռնված ավիացիոն օբյեկտը գտնվում է իր տարածքում կամ վերահսկվում է իր տարածքից, գրավառուն չի կարող լիզինգով տրամադրել տվյալ օբյեկտը այդ տարածքում:

2. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, թե արդյո՞ք սույն Կոնվենցիայի որևէ դրույթի համաձայն պարտատիրոջը տրամադրվող իրավունքների պաշտպանության որևէ միջոց, որը հստակ ամրագրված չէ դրանում, որի համար պետք է դատարան դիմել, կարող է կիրառվել միայն դատարանի թույլտվությամբ:

 

Հոդված 71. Առանձին դրույթներին վերաբերող հայտարարություններ

 

1. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ կիրառելու է սույն Կոնվենցիայի 9-րդ, 24-րդ կամ 25-րդ հոդվածներից ցանկացած որևէ մեկը կամ մի քանիսը:

2. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ կիրառելու է 20-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերը ամբողջությամբ կամ մասամբ: Եթե նման հայտարարություն է արվում 20-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ, ապա նշում է պահանջվող ժամանակահատվածի տևողությունը: Պայմանավորվող պետությունը կարող է նաև հայտարարել, որ չի կիրառելու 20-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերը և 55-րդ հոդվածի դրույթները ամբողջությամբ կամ մասամբ. այդ հայտարարության մեջ պետք է նշվի, թե ինչ պայմաններում է կիրառվելու համապատասխան հոդվածը այն դեպքում, եթե այն մասամբ է կիրառվելու, կամ, հակառակ դեպքում, դատական պաշտպանության ինչպիսի այլ ժամանակավոր միջոցներ են կիրառվելու:

3. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ ինքն ամբողջությամբ կիրառելու է 23-րդ հոդվածի Ա տարբերակը կամ ամբողջությամբ կիրառելու է Բ տարբերակը, և այդ դեպքում պետք է նշվեն անվճարունակության ընթացակարգի այն տեսակները, եթե դրանք առկա են, որոնց նկատմամբ կիրառվելու է Ա տարբերակը, և անվճարունակության ընթացակարգի այն տեսակները, եթե դրանք առկա են, որոնց նկատմամբ կիրառվելու է Բ տարբերակը: Սույն կետի համաձայն հայտարարություն անող Պայմանավորվող պետությունը պետք է նշի 23-րդ հոդվածով պահանջվող ժամանակահատվածը:

4. Պայմանավորվող պետությունների դատարանները կիրառում են 23-րդ հոդվածը՝ համաձայն այն Պայմանավորվող պետության հայտարարության, որն ունի անվճարունակության առնչությամբ առաջնային ընդդատություն:

 

Հոդված 72. Վերապահումներ և հայտարարություններ

 

1. Սույն Կոնվենցիայի նկատմամբ չի թույլատրվում որևէ վերապահում, բայց կարող են արվել հայտարարություններ, որոնք թույլատրելի են 52-րդ, 53-րդ, 61-րդ, 66-րդ, 68-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ, 73-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով` այդ հոդվածների դրույթներին համապատասխան:

2. Սույն Կոնվենցիայի համաձայն արված ցանկացած հայտարարության կամ հաջորդող հայտարարության կամ հայտարարությունը հետ վերցնելու մասին պետք է գրավոր ծանուցվի Ավանդապահին:

 

Հոդված 73. Հաջորդող հայտարարություններ

 

1. Ցանկացած Մասնակից պետություն, 76-րդ հոդվածով թույլատրելի հայտարարությունից բացի, կարող է անել հաջորդող հայտարարություն այդ պետության համար Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո ցանկացած ժամանակ` այդ մասին ծանուցելով Ավանդապահին:

2. Ցանկացած հաջորդող հայտարարություն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը: Եթե ծանուցման մեջ նշված է այդ հայտարարության ուժի մեջ մտնելու ավելի երկար ժամանակահատված, այն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ նշված ավելի երկար ժամանակահատվածի լրանալու օրը:

3. Չնայած նախորդ կետերին` սույն Կոնվենցիան շարունակում է կիրառվել այնպես, ինչպես կկիրառվեր, եթե նման հաջորդող հայտարարություններ չկատարվեին, բոլոր այն իրավունքների և երաշխիքների նկատմամբ, որոնք առաջացել են նախքան նման հաջորդող հայտարարության ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 74. Հայտարարությունները հետ վերցնելը

 

1. Սույն Կոնվենցիային հայտարարություն արած ցանկացած Մասնակից պետություն, բացառությամբ 76-րդ հոդվածով թույլատրելի հայտարարության, կարող է ցանկացած ժամանակ այն հետ վերցնել` Ավանդապահին այդ մասին ծանուցելով: Հայտարարության հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:

2. Չնայած նախորդ կետին` սույն Կոնվենցիան շարունակում է կիրառվել այնպես, ինչպես կկիրառվեր, եթե հայտարարությունները հետ չվերցվեին, բոլոր այն իրավունքների և երաշխիքների նկատմամբ, որոնք ծագել են նախքան նման հետ վերցնելու ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 75. Չեղյալ հայտարարելը

 

1. Ցանկացած Մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել Կոնվենցիան կամ Արձանագրությունը կամ երկուսը միասին` այդ մասին գրավոր ծանուցելով Ավանդապահին:

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ տասներկուերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Չնայած նախորդ կետերին` սույն Կոնվենցիան շարունակում է կիրառվել այնպես, ինչպես կկիրառվեր, եթե չեղյալ չհայտարարվեր, բոլոր այն իրավունքների և երաշխիքների նկատմամբ, որոնք ծագել են նախքան չեղյալ հայտարարելու ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 76. Անցումային դրույթներ

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող պետությունը ցանկացած պահի այլ բան է հայտարարում, սույն Կոնվենցիան չի կիրառվում ավելի վաղ ծագած այն իրավունքի կամ երաշխիքի նկատմամբ, որը պահպանում է իր առաջնայնությունը, սահմանվել է կիրառելի օրենսդրության համաձայն` մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

2. 1-ին հոդվածի «լդ» կետի նպատակների և սույն Կոնվենցիայի համաձայն առաջնայնությունը սահմանելու համար`

ա) «սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ» պարտապանի նկատմամբ նշանակում է այն ամսաթիվը, երբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, կամ երբ այն պետությունը, որտեղ գտնվում է պարտապանը, դառնում է Պայմանավորվող պետություն` կախված նրանից, թե որն ավելի ուշ կլինի,

բ) պարտապանը գտնվում է այն պետությունում, որտեղ գտնվում է նրա վարչական կենտրոնը, կամ, եթե նա չունի վարչական կենտրոն, այն վայրը, որտեղ նա վարում է տնտեսական գործունեություն, կամ, եթե նա ունի տնտեսական գործունեություն վարելու մեկից ավելի վայրեր, այն վայրը, որն իր տնտեսական գործունեության հիմնական վայրն է, կամ, եթե չունի տնտեսական գործունեության վայր, իր բնակության վայրը:

3. Պայմանավորվող պետությունը կարող է 1-ին կետի համաձայն արված իր հայտարարության մեջ նշել այն ամսաթիվը, ոչ վաղ, քան հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո երեք տարի անց, որով սույն Կոնվենցիան առաջնայնության սահմանման նպատակների համար, այդ թվում` գոյություն ունեցող առաջնայնության պահպանման համար, կիրառելի կդառնա ավելի վաղ գոյություն ունեցած իրավունքների կամ երաշխիքների նկատմամբ, որոնք առաջացել են այն պայմանագրով, որը կնքվել է այն ժամանակահատվածում, երբ պարտապանը գտնվել է նախորդ կետի «բ» ենթակետում նշված պետությունում, միայն այն չափով և ձևով, ինչպես նշված է հայտարարության մեջ:

 

Հոդված 77. Վերստուգիչ համաժողովներ, փոփոխություններ և դրանց առնչվող հարցեր

 

1. Ավանդապահը, խորհրդակցելով Վերահսկող մարմնի հետ, պատրաստում է տարեկան, կամ այն ժամանակ, երբ հանգամանքներն են պահանջում, զեկույցներ Մասնակից պետությունների համար այն մասին, թե ինչպես է գործել սույն Կոնվենցիայով ստեղծված միջազգային ռեժիմը գործնականում: Նման զեկույցներ կազմելիս Ավանդապահը հաշվի է առնում Վերահսկող մարմնի զեկույցները, որոնք վերաբերում են գրանցման միջազգային համակարգի գործունեությանը:

2. Մասնակից պետությունների առնվազն քսանհինգ տոկոսի խնդրանքով Ավանդապահը, խորհրդակցելով Վերահսկող մարմնի հետ, ժամանակ առ ժամանակ հրավիրում է Վերստուգիչ համաժողովներ` քննարկելու համար.

ա) սույն Կոնվենցիայի գործնական կիրառումը և Կոնվենցիայի դրույթների շրջանակներում դրա արդյունավետությունը ավիացիոն օբյեկտների լիզինգի և ապահովված ակտիվներով ֆինանսավորման դյուրացման գործում,

բ) սույն Կոնվենցիայի դրույթների և դրանցից բխող կանոնների կիրառումը և դրանց տրված դատական մեկնաբանությունը,

գ) գրանցման միջազգային համակարգի աշխատանքը, Գրանցող քարտուղարի գործունեությունը և նրա վերահսկողությունը Վերահսկող մարմնի կողմից` հաշվի առնելով Վերահսկող մարմնի զեկույցները, և

դ) Միջազգային ռեգիստրին առնչվող կարգավորումների կամ սույն Կոնվենցիայի փոփոխությունների նպատակահարմարությունը:

3. Հաշվի առնելով 4-րդ կետը` Կոնվենցիայի կամ Արձանագրության ցանկացած փոփոխություն հաստատվում է նախորդ կետում նշված համաժողովին մասնակցող Մասնակից պետությունների մեծամասնությամբ, ծայրահեղ դեպքում առնվազն երկու երրորդով և ուժի մեջ է մտնում այն պետությունների նկատմամբ, որոնք վավերացրել, ընդունել կամ հաստատել են այդ փոփոխությունը, վավերացման, ընդունման կամ հաստատման դեպքում՝ դրանց ուժի մեջ մտնելուն վերաբերող 65-րդ հոդվածի դրույթների համաձայն:

4. Երբ նախատեսվում է սույն Կոնվենցիայի առաջարկվող փոփոխությունը կիրառել սարքավորումների մեկից ավել տեսակների նկատմամբ, այդ փոփոխությունը նույնպես պետք է հաստատվի յուրաքանչյուր Արձանագրությանը մասնակից այն Պետությունների առնվազն երկու երրորդ մեծամասնությամբ, որոնք մասնակցում են 2-րդ կետում նշված համաժողովին:

 

Հոդված 78. Ավանդապահը և նրա գործառույթները

 

1. Կոնվենցիայի և Արձանագրության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրանց միանալու փաստաթղթերն ի պահ են տրվում Մասնավոր իրավունքի միասնականացման միջազգային ինստիտուտին (UNIDROIT), որը սույնով նշանակվում է որպես Ավանդապահ:

2. Ավանդապահը`

ա) տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող պետություններին`

i) յուրաքանչյուր նոր ստորագրման կամ ի պահ տրված՝ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ցանկացած փաստաթղթի և դրանց համապատասխան ամսաթվերի մասին,

ii) Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

iii) սույն Կոնվենցիայի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության և հայտարարությունների համապատասխան ամսաթվերի մասին,

iv) ցանկացած հայտարարություն հետ վերցնելու կամ դրա փոփոխության և դրանց համապատասխան ամսաթվերի մասին և

v) Կոնվենցիան և Արձանագրությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցման, դրանց համապատասխան ամսաթվերի և դրանց ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

բ) Կոնվենցիայի և Արձանագրության հաստատված պատճեններն ուղարկում է բոլոր Պայմանավորվող պետություններին.

գ) Վերահսկող մարմնին և Գրանցող քարտուղարին տրամադրում է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթի պատճենը, նշելով այդ փաստաթղթերն ի պահ հանձնելու ամսաթիվը, յուրաքանչյուր հայտարարության կամ հայտարարությունը հետ վերցնելու կամ դրա փոփոխության պատճենը, ինչպես նաև չեղյալ հայտարարելու մասին յուրաքանչյուր ծանուցման պատճենը և ծանուցման ամսաթիվը, որպեսզի դրանցում պարունակվող տեղեկությունները ամբողջովին և հեշտությամբ հասանելի լինեն,

դ) կատարում է այնպիսի այլ գործառույթներ, որոնք սովորական են համարվում ավանդապահների համար:

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան և Արձանագրությունը:

Հավելված

ՁԵՎ

 

ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՆՉՎՈՂ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ

 

25-րդ հոդվածում նշված հավելված

[օրը, ամիսը, տարին]

Ում է ներկայացվում` [Գրանցող մարմնի անվանումը]

Բովանդակությունը` ապագրանցման և դուրս բերման հետ չկանչվող լիազորագիր

Ներքոստորագրյալը հանդիսանում է [ուղղաթիռի/օդանավի ճախրասավառնակի արտադրողի անվանումը և մոդելի համարը] –ի գրանցված [շահագործողը] [սեփականատերը], որը կրում է արտադրողի սերիական համարը [արտադրողի սերիական համարը] և գրանցման [գրանցման համարը] [նշանը] [գրանցման համար/նշան] (տեղադրված, ամրացված կամ կցված բոլոր պարագաների, մասերի և սարքավորումների հետ միասին` «օդանավ»):

Սույն փաստաթուղթը հանդիսանում է ապագրանցման և դուրս բերման հետ չկանչվող լիազորագիր, որը տրամադրվում է ներքոստորագրյալ անձի կողմից [պարտատիրոջ անվանումը] օգտին («լիազորված կողմ») սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի դրույթների համաձայն: Համաձայն նշված հոդվածի` ներքոստորագրյալը սույնով հայցում է.

i) ճանաչել, որ լիազորված կողմը կամ իր կողմից նշանակված անձը հանդիսանում է այն միակ անձը, ով իրավունք ունի`

ա) ապահովելու օդանավի ապագրանցումը [օդանավերի գրանցման ռեգիստրի անվանումը]-ից, որը վարվում է [գրանցման մարմնի անվանումը] կողմից` 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի III գլխի նպատակների համար.

բ) ապահովելու օդանավի դուրս բերումը և փաստացի տեղափոխումը [երկրի անվանումը] –ից, և

ii) հաստատել, որ լիազորված կողմը կամ նրա նշանակած անձը կարող է վերոնշյալ i կետում նշված գործողությունները կատարել գրավոր պահանջի հիման վրա՝ առանց ներքոստորագրյալ անձի համաձայնության, և որ նման պահանջ ներկայացնելուց հետո [երկրի անվանումը]-ի իրավասու մարմինները պետք է համագործակցեն լիազորված կողմի հետ` այդ գործողությունները շուտափույթ ավարտելու համար:

Սույն փաստաթղթով հաստատված լիազորված կողմի իրավունքները չեն կարող հետ վերցվել ներքոստորագրյալ անձի կողմից` առանց լիազորված կողմի գրավոր համաձայնության:

Խնդրում եմ հաստատել ձեր համաձայնությունը սույն հարցմանը և դրա պայմաններին` ստորև հատկացված տեղում համապատասխան գրառում կատարելով և սույն փաստաթուղթը [գրանցման մարմնի անվանումը] –ին փոխանցելով:

 

 

 [շահագործողի/սեփականատիրոջ անվանումը]

_______________________________________

 

Համաձայնեցված և փոխանցված է                

[օրը, ամիսը, տարին]

 

_________________________________________

[համապատասխան գրառման մանրամասները]

[ստորագրողի անուն, ազգանուն]

 

[ստորագրողի պաշտոն]