Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.255
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 162-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությունը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1 հոդվածի 3-րդ պարբերությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով,

հաշվի առնելով, որ գործնականում առաջանում են հաղորդակցման հետ կապված խնդիրներ հատկապես ֆիզիկական անձ երաշխավորների մոտ, և

նպատակ ունենալով կանոնակարգել ֆիզիկական անձ երաշխավորների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործարար վարվելակերպի կիրառման եղանակներն ու ընթացակարգերը, բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում երաշխավորության ինստիտուտի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 4-ի ««Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին» թիվ 176-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին»,

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել ««Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»,

3) Որոշմամբ հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի։

3. Սույն որոշման Հավելվածով հաստատված կանոնակարգի 2-րդ և 8-րդ կետերը տարածվում են նաև մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված և գործող երաշխավորության պայմանագրերի վրա։

4. Սույն որոշման Հավելվածով հաստատված կանոնակարգի 12-րդ և 13-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը և տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը կնքված և գործող երաշխավորության պայմանագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 23

ք. Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2019 թվականի հոկտեմբերի 11-ի
թիվ 162-Ն որոշմամբ

 

«Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի օգոստոսի 4-ի
թիվ 176-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է երաշխավորների հետ բանկերի ու վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից գործարար վարվելակերպի կանոնների կիրառման եղանակների և ընթացակարգերի պահանջները:

2. Սույն կանոնակարգով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերը Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է անվճար:

3. Սույն կանոնակարգի իմաստով երաշխավոր է համարվում ֆիզիկական անձը:

 

2. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

4. Կազմակերպությունները պետք է ունենան երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ, որոնց կիրառման եղանակներն ու ընթացակարգերը սահմանվում են սույն կանոնակարգին համապատասխան:

5. Երաշխավորի պահանջով Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված կանոնների պատճենը:

 

3. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

6. Կազմակերպությունը պետք է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ այլ պայմանագիր (վարկային կամ այլ պրոդուկտի վերաբերյալ պայմանագիր) կնքելուց առաջ երաշխավորին ծանոթացնի երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմաններին, վարկառուի (համավարկառուի, պարտապանի) կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատթարացման, երաշխավորի պարտավորության, դրա չափի, երաշխավորի վերաբերյալ վարկային ռեգիստր և վարկային բյուրո տեղեկատվության տրամադրման և վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ:

7. Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության պայմանագրի օրինակը, ինչպես նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) բնօրինակը կամ պատճենը՝ «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրմամբ:

8. Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:

9. Երաշխավորության պայմանագրում կամ առանձին փաստաթղթով երաշխավորը ձեռագրով (էլեկտրոնային եղանակով երաշխավորության պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով) նշում է, «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում) երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում) ----- --- գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ վերջինիս կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»: Ընդ որում, վերոնշյալ ձեռագրով նշումը երաշխավորը կարող է կատարել միայն այն լեզվով, որով վերջինիս տրամադրվել է երաշխավորության պայմանագիրը:

10. Այն դեպքում, երբ երաշխավորը սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված ձեռագրով նշումն իրականացնում է առանձին փաստաթղթում, ապա փաստաթղթի բնօրինակը մնում է Կազմակերպության մոտ, պատճենը տրամադրվում է երաշխավորին, իսկ երաշխավորության պայմանագրում իրականացնելու դեպքում՝ երաշխավորը ձեռագրով նշումը կատարում է երաշխավորության պայմանագրի բոլոր օրինակների վրա:

11. Այն դեպքում, երբ երաշխավորը ի վիճակի չէ ապահովել սույն կանոնակարգի 9-րդ մասով նախատեսված ձեռագրով նշում կատարելու պահանջը, ապա կազմակերպությունը պարտավոր է ապահովել այդ պահանջի կատարումը այլ եղանակներով՝ (օրինակ՝ տեսաձայնագրություն) պահպանելով փաստն արձանագրող հիմքերը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո առնվազն հինգ տարի:

12. Կազմակերպությունը երաշխավորի հետ հաղորդակցվում է հետևյալ կարգով.

1) Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձևով:

2) Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է գրավոր հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում՝ Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը: Իսկ սույն կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունը Կազմակերպությունը երաշխավորին հայտնում է վերջինիս կողմից ընտրված հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ կարճ հաղորդագրության (sms) և (կամ) էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:

3) Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին:

4) Կազմակերպությունը երաշխավորին ուղարկում է առաջարկ կամ ծանուցում երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմանների փոփոխությունների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, վարկի չափ և այլն) մասին, որը պարունակում է տեղեկատվություն էական փոփոխությունների, տվյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետների, իսկ օրենսդրությամբ երաշխավորի կողմից համաձայնության ստացման անհրաժեշտության դեպքում նաև՝ համաձայնեցման ձևաչափերի, ինչպես նաև չհամաձայնվելու հետևանքների մասին: Ընդ որում՝

ա) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը ցանկանում է փոփոխել պայմանագրերի այն էական պայմանները, որոնց արդյունքում վատթարանում են պայմանագրի պայմանները, և (կամ) ավելանում է պարտավորությունը, և երաշխավորը նախապես չի տրամադրել դրանց փոփոխության վերաբերյալ համաձայնություն, ապա Կազմակերպությունը առնվազն 7 աշխատանքային օր առաջ երաշխավորին տրամադրում է այդ փոփոխության վերաբերյալ առաջարկ:

Ներկայացուցչական օրինակ 1՝ «Հարգելի երաշխավոր, Կազմակերպության և վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ 15.04.2019թ-ից նախատեսվում է փոփոխել երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնում է 16%) և ժամկետը (երկարացվում է երկու ամսով, մարման ավարտը՝ 20.01.2020-ի փոխարեն 20.03.2020): Եթե Դուք համաձայն եք, անհրաժեշտ է մինչև 14.04.2019թ-ը ներկայանալ կազմակերպություն և գրավոր եղանակով՝ տալ Ձեր համաձայնությունը: Եթե Դուք համաձայն չեք այդ փոփոխությանը և փոփոխությունը տեղի է ունեցել, ապա օրենսդրության համաձայն փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո Ձեր կողմից տրամադրված երաշխավորությունը դադարում է, իսկ եթե Դուք համաձայն չեք, և փոփոխությունը չի իրականացվել պայմանագրում, ապա շարունակվում է գործել Ձեր երաշխավորությամբ ապահովված պայմանագրի դրույթները»:

բ) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը նախատեսում է փոփոխել պայմանագրի այն էական պայմանները, որոնք չեն նախատեսում պայմանագրի պայմանների վատթարացում և (կամ) պարտավորության ավելացում, ապա Կազմակերպությունը փոփոխության վերաբերյալ ծանուցում է երաշխավորին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացուցչական օրինակ 2՝ «Հարգելի երաշխավոր, Կազմակերպության և վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ 15.04.2019թ-ից փոխվելու է Ձեր երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնալու է 12%)»:

գ) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը նախատեսում է փոփոխել պայմանագրերի այն էական պայմանները (այդ թվում՝ երբ նախապես տրամադրված երաշխավորության պայմանագրի շրջանակում կնքվում են լրացուցիչ համաձայնագրեր), որոնց երաշխավորը նախապես տրամադրել է համաձայնություն, Կազմակերպությունը յուրաքանչյուր անգամ երաշխավորին ծանուցում է այդ փոփոխությունների մասին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացուցչական օրինակ 3` «Հարգելի երաշխավոր, Ձեր կողմից տրամադրված երաշխավորության պայմանագրի շրջանակներում և պայմանների համաձայն՝ Կազմակերպության կողմից 15.04.2019թ-ից փոխվելու է Ձեր երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնալու է 16%)»:

5) Այն դեպքում, երբ տեխնիկածրագրային սահմանափակումներից ելնելով (օրինակ՝ կարճ հաղորդագրության նիշերի սահմանափակում) անհնար է ներկայացնել սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ներկայացուցչական օրինակները, ապա կազմակերպությունը երաշխավորին տեղեկացնում է փոփոխությունների, հետագա գործողությունների մասին՝ նշելով, թե ինչ հեռախոսահամարով կամ կապի այլ միջոցներով կարելի է իմանալ մանրամասների և հետագա գործողությունների մասին:

6) Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

7) Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երաշխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության մնացորդի չափը և դրա բացվածքը՝ առանձին պարտավորության մայր գումարը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում):

13. Կազմակերպության կողմից երաշխավորին իր պարտավորությունը կատարելու համար պահանջ ներկայացնելու դեպքում պահանջը պետք է նախատեսի այն ժամկետը, որի ընթացքում երաշխավորը պարտավոր է վճարել երաշխավորված գումարը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող 7 աշխատանքային օրից պակաս լինել:»: