«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 օգոստոսի 2017 թ. |
թիվ 176-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին
(վերնագիրը խմբ. 11.10.19 թիվ 162-Ն)
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությունը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1 հոդվածի 3-րդ պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով,
նպատակ ունենալով կանոնակարգել երաշխավորների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործարար վարվելակերպի կիրարկման եղանակներն ու ընթացակարգերը, բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում երաշխավորության ինստիտուտի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
(1-ին կետը խմբ. 11.10.19 թիվ 162-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2017 թ. օգոստոսի 10 Երևան |
Հավելված |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ
(վերնագիրը խմբ. 11.10.19 թիվ 162-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է երաշխավորների հետ բանկերի ու վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից գործարար վարվելակերպի կանոնների կիրառման եղանակների և ընթացակարգերի պահանջները:
2. Սույն կանոնակարգով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերը Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է անվճար:
3. Սույն կանոնակարգի իմաստով երաշխավոր է համարվում ֆիզիկական անձը:
2. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
4. Կազմակերպությունները պետք է ունենան երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ, որոնց կիրառման եղանակներն ու ընթացակարգերը սահմանվում են սույն կանոնակարգին համապատասխան:
5. Երաշխավորի պահանջով Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված կանոնների պատճենը:
3. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
6. Կազմակերպությունը պետք է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ այլ պայմանագիր (վարկային կամ այլ պրոդուկտի վերաբերյալ պայմանագիր) կնքելուց առաջ երաշխավորին ծանոթացնի երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմաններին, վարկառուի (համավարկառուի, պարտապանի) կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատթարացման, երաշխավորի պարտավորության, դրա չափի, երաշխավորի վերաբերյալ վարկային ռեգիստր և վարկային բյուրո տեղեկատվության տրամադրման և վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ:
7. Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության պայմանագրի օրինակը, ինչպես նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) բնօրինակը կամ պատճենը՝ «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրմամբ:
8. Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:
9. Երաշխավորության պայմանագրում կամ առանձին փաստաթղթով երաշխավորը ձեռագրով (էլեկտրոնային եղանակով երաշխավորության պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով) նշում է, «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում) երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում) ----- --- գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ վերջինիս կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»: Ընդ որում, վերոնշյալ ձեռագրով նշումը երաշխավորը կարող է կատարել միայն այն լեզվով, որով վերջինիս տրամադրվել է երաշխավորության պայմանագիրը:
10. Այն դեպքում, երբ երաշխավորը սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված ձեռագրով նշումն իրականացնում է առանձին փաստաթղթում, ապա փաստաթղթի բնօրինակը մնում է Կազմակերպության մոտ, պատճենը տրամադրվում է երաշխավորին, իսկ երաշխավորության պայմանագրում իրականացնելու դեպքում՝ երաշխավորը ձեռագրով նշումը կատարում է երաշխավորության պայմանագրի բոլոր օրինակների վրա:
11. Այն դեպքում, երբ երաշխավորը ի վիճակի չէ ապահովել սույն կանոնակարգի 9-րդ մասով նախատեսված ձեռագրով նշում կատարելու պահանջը, ապա կազմակերպությունը պարտավոր է ապահովել այդ պահանջի կատարումը այլ եղանակներով՝ (օրինակ՝ տեսաձայնագրություն) պահպանելով փաստն արձանագրող հիմքերը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո առնվազն հինգ տարի:
12. Կազմակերպությունը երաշխավորի հետ հաղորդակցվում է հետևյալ կարգով.
1) Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձևով:
2) Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է գրավոր հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում՝ Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը: Իսկ սույն կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունը Կազմակերպությունը երաշխավորին հայտնում է վերջինիս կողմից ընտրված հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ կարճ հաղորդագրության (sms) և (կամ) էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:
3) Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին:
4) Կազմակերպությունը երաշխավորին ուղարկում է առաջարկ կամ ծանուցում երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմանների փոփոխությունների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, վարկի չափ և այլն) մասին, որը պարունակում է տեղեկատվություն էական փոփոխությունների, տվյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետների, իսկ օրենսդրությամբ երաշխավորի կողմից համաձայնության ստացման անհրաժեշտության դեպքում նաև՝ համաձայնեցման ձևաչափերի, ինչպես նաև չհամաձայնվելու հետևանքների մասին: Ընդ որում՝
ա) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը ցանկանում է փոփոխել պայմանագրերի այն էական պայմանները, որոնց արդյունքում վատթարանում են պայմանագրի պայմանները, և (կամ) ավելանում է պարտավորությունը, և երաշխավորը նախապես չի տրամադրել դրանց փոփոխության վերաբերյալ համաձայնություն, ապա Կազմակերպությունը առնվազն 7 աշխատանքային օր առաջ երաշխավորին տրամադրում է այդ փոփոխության վերաբերյալ առաջարկ:
Ներկայացուցչական օրինակ 1՝ «Հարգելի երաշխավոր, Կազմակերպության և վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ 15.04.2019թ-ից նախատեսվում է փոփոխել երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնում է 16%) և ժամկետը (երկարացվում է երկու ամսով, մարման ավարտը՝ 20.01.2020-ի փոխարեն 20.03.2020): Եթե Դուք համաձայն եք, անհրաժեշտ է մինչև 14.04.2019թ-ը ներկայանալ կազմակերպություն և գրավոր եղանակով՝ տալ Ձեր համաձայնությունը: Եթե Դուք համաձայն չեք այդ փոփոխությանը և փոփոխությունը տեղի է ունեցել, ապա օրենսդրության համաձայն փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո Ձեր կողմից տրամադրված երաշխավորությունը դադարում է, իսկ եթե Դուք համաձայն չեք, և փոփոխությունը չի իրականացվել պայմանագրում, ապա շարունակվում է գործել Ձեր երաշխավորությամբ ապահովված պայմանագրի դրույթները»:
բ) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը նախատեսում է փոփոխել պայմանագրի այն էական պայմանները, որոնք չեն նախատեսում պայմանագրի պայմանների վատթարացում և (կամ) պարտավորության ավելացում, ապա Կազմակերպությունը փոփոխության վերաբերյալ ծանուցում է երաշխավորին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացուցչական օրինակ 2՝ «Հարգելի երաշխավոր, Կազմակերպության և վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ 15.04.2019թ-ից փոխվելու է Ձեր երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնալու է 12%)»:
գ) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը նախատեսում է փոփոխել պայմանագրերի այն էական պայմանները (այդ թվում՝ երբ նախապես տրամադրված երաշխավորության պայմանագրի շրջանակում կնքվում են լրացուցիչ համաձայնագրեր), որոնց երաշխավորը նախապես տրամադրել է համաձայնություն, Կազմակերպությունը յուրաքանչյուր անգամ երաշխավորին ծանուցում է այդ փոփոխությունների մասին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացուցչական օրինակ 3` «Հարգելի երաշխավոր, Ձեր կողմից տրամադրված երաշխավորության պայմանագրի շրջանակներում և պայմանների համաձայն՝ Կազմակերպության կողմից 15.04.2019թ-ից փոխվելու է Ձեր երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնալու է 16%)»:
5) Այն դեպքում, երբ տեխնիկածրագրային սահմանափակումներից ելնելով (օրինակ՝ կարճ հաղորդագրության նիշերի սահմանափակում) անհնար է ներկայացնել սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ներկայացուցչական օրինակները, ապա կազմակերպությունը երաշխավորին տեղեկացնում է փոփոխությունների, հետագա գործողությունների մասին՝ նշելով, թե ինչ հեռախոսահամարով կամ կապի այլ միջոցներով կարելի է իմանալ մանրամասների և հետագա գործողությունների մասին:
6) Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
7) Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երաշխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության մնացորդի չափը և դրա բացվածքը՝ առանձին պարտավորության մայր գումարը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում):
13. Կազմակերպության կողմից երաշխավորին իր պարտավորությունը կատարելու համար պահանջ ներկայացնելու դեպքում պահանջը պետք է նախատեսի այն ժամկետը, որի ընթացքում երաշխավորը պարտավոր է վճարել երաշխավորված գումարը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող 7 աշխատանքային օրից պակաս լինել:
(հավելվածը խմբ. 11.10.19 թիվ 162-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.10.2019, թիվ 162-Ն | 06.12.2019, թիվ 176-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|