Գլխավոր տեղեկություն
Համար
N 1503-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.11.29/28(664).1 Հոդ.977
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2019 թվականի N 1503-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից հանել «, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու» բառերը.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցները (այսուհետ՝ հաստատություն) ֆինանսավորել հետևյալ բանաձևերով՝

1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163 սովորող ունեցող հիմնական, մինչև 208 սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները՝

 

 Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ,

 

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,

ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում՝ մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը.

1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները՝

 

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

 

որտեղ՝

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում՝ մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը:».

 

3) որոշման 2-րդ կետում՝

ա. «ֆինանսների» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

բ. հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ» և «սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը» բառերը, ինչպես նաև «ավագ մակարդակներում» բառերից հետո կետը լրացնել «լրիվ համալրված դպրոցների մասով» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 1

Երևան