Գլխավոր տեղեկություն
Համար
N 639-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.581
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 639-Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 18-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 639-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման, օպերատիվ տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման, հաշվետվությունների գրանցման, ինչպես նաև պետական լիազորված մարմինների կողմից նշված գործառույթների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը ներառում է՝

ա) մոնիտորինգի իրականացման առաջադրանք,

բ) կանխատեսումներ,

գ) իրականացում,

դ) օպերատիվ տվյալների մշակում և ամփոփում,

ե) հաշվետվությունների կազմում և հրատարակում,

զ) ջրերի պետական կադաստրում համապարփակ տվյալների գրանցում:

3. Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքը ձևավորում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ ելնելով ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների և ջրի ազգային ծրագրի իրականացման պահանջներից:

Մոնիտորինգի իրականացման առաջադրանքը բովանդակում է`

ա) քանակական ցուցանիշներ`

ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական դիտարկումները և պաշարների գնահատումը,

հիդրոլոգիական դիտակետերի, հիդրոերկրաբանական դիտահորերի ցանկը և տեղաբաշխման սխեման,

դիտակետերում և հիդրոերկրաբանական դիտահորերում ջրային ռեսուրսների չափման մեթոդները և չափման հաճախականությունը,

քանակական մոնիտորինգի մասին հաշվետվությանը ներկայացվող պահանջները.

բ) որակական ցուցանիշներ`

ջրային ռեսուրսների հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական դիտարկումները, ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների գնահատումը,

նմուշառման կետերի ցանկը (տեղաբաշխման սխեման),

ըստ դիտակետերի և հիդրոերկրաբանական դիտահորերի պարտադիր ու յուրահատուկ ուսումնասիրման ենթակա վնասակար նյութերի ցանկը, աղտոտվածության աստիճանը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունների հաճախականությունը և իրականացման մեթոդները,

որակական մոնիտորինգի մասին հաշվետվությանը ներկայացվող պահանջները.

գ) կանխատեսումներ`

ջրային ռեսուրսների վիճակի կայունության,

ջրային համակարգերի անվտանգության,

մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,

ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության և ռիսկի տարածքների:

Մոնիտորինգի իրականացման առաջադրանքը ներառում է նաև այլ պահանջներ` պայմանավորված ջրային ռեսուրսների վերականգնման, կառավարման, ջրաէկոհամակարգերի պահպանման խնդիրներով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի տարածաշրջանային (տարածաշրջանային ցանցի միջոցով) և լոկալ (հանքավայրերի շահագործման պաշարների մոնիտորինգի կապտաժային դիտակետերի միջոցով) մոնիտորինգի առանձնահատկություններով:

Հայաստանի Հանրապետության մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտակետերի ցանկը հաստատում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազորված մարմինը:

(3-րդ կետը լրաց. 18.07.19 N 898-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

4. Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության առանձնացված համապատասխան ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը,

բ) սույն կարգի 3-րդ կետով սահմանված մակերևութային ջրերի մասով՝ ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի կատարումը,

գ) մակերևութային ջրերի քանակական և որակական մոնիտորինգի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և կանխատեսումների կազմումը,

դ) վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար կանխատեսումների կազմումը,

ե) հիդրոլոգիական դիտակետերում չափումների իրականացումը, օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումն ու ամփոփումը,

զ) ամփոփ տվյալների հիման վրա հաշվետվությունների կազմումը և դրանք ջրային պետական կադաստր ներկայացնելը։

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության առանձնացված համապատասխան ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը,

բ) սույն կարգի 3-րդ կետով սահմանված ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով՝ մոնիտորինգի իրականացման առաջադրանքի կատարումը,

գ) ստորերկրյա ջրերի բնական ու խախտված ռեժիմների և դրանց ձևավորման օրինաչափությունների ուսումնասիրությունները,

դ) ստորերկրյա ջրերի ռեժիմի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և կանխատեսումների կազմումը,

ե) ստորերկրյա ջրերի աղտոտման և սպառման աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը,

զ) ստորերկրյա ջրերի որակի փոփոխման կանխատեսումների կազմումը,

է) հիդրոերկրաբանական դիտահորերում հիդրոերկրաբանական, հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական չափումների իրականացման, ստորերկրյա ջրերի պաշարների գնահատման մասին օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումն ու ամփոփումը,

ը) ամփոփ տվյալների հիման վրա հիդրոերկրաբանական հաշվետվությունների ու քարտեզների կազմումը և դրանք ջրային պետական կադաստր ներկայացնելը։

(5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

6. Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման մասին հաշվետվությունները գրանցվում են ջրային պետական կադաստրում` փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:

7. Ջրային պետական կադաստրում գրանցված մոնիտորինգային տվյալները հայտատուներին տրամադրվում են ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման, տեղեկատվության տրամադրման կարգի համաձայն։

8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ջրային ռեսուրսների մոնիտորինգի շրջանակներից դուրս մնացած ջրային ռեսուրսներից ջրօգտագործման հայտի դեպքում տվյալ ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի դիտարկումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից՝ հայտատուի դիմումի համաձայն` նրա միջոցների հաշվին:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

(հավելվածը լրաց. 18.07.19 N 898-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ