Գլխավոր տեղեկություն
Համար
N 243-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.301
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2003 թվականի N 243-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 49-րդ, 55-րդ հոդվածների և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 4-րդ կետի պահանջներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը` համաձայն հավելվածի:

11. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու այլ կարգ:

(11-ին կետը լրաց. 17.03.05 N 658-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 15.01.04 N 9-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


 2003 թ. մարտի 10
Երևան

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 30-ի N 243-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կամ դրանց մասերի օգտագործման իրավունքի՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` անձ) վարձակալությամբ փոխանցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով վարձակալության օբյեկտ են հանդիսանում ջրային համակարգերը կամ դրանց մասերը (այսուհետ` ջրային համակարգ):

3. Վարձակալությամբ փոխանցման է ենթակա այն ջրային համակարգը, որի վարձակալության արդյունքում վարձավճարի հաշվին պետության համար կապահովվի վերջին տարվա ընթացքում այդ ջրային համակարգից ստացված միջին ամսականից ավելի մեծ՝ ամսական ֆինանսական օգուտների գումար:

4. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցումն իրականացվում է մրցույթների կամ աճուրդների ձևով:

5. Սույն կարգի համաձայն ջրային համակարգը վարձակալությամբ է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ, որը ստանձնում է նաև վարձատուի լիազորությունները (այսուհետ` վարձատու): Յուրաքանչյուր ջրային համակարգի համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի՝

ա) ջրային համակարգի օգտագործման իրավունքի՝ վարձակալությամբ փոխանցման եղանակը,

բ) սույն կարգին համապատասխան հաշվարկված վարձավճարի նվազագույն չափը,

գ) մրցույթով փոխանցման ենթակա ջրային համակարգի համար` վարձակալի կողմից վարձակալության ընթացքում իրագործման ենթակա արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված առաջադրանքները,

դ) մրցույթի կամ աճուրդի հաղթողի հետ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի կնքման ժամկետը,

ե) վարձակալության ժամկետը,

զ) այլ անհրաժեշտ դրույթներ:

6. Համայնքային և պետական սեփականություն համարվող ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցումը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

7. Վարձակալի կողմից վարձակալվող ջրային համակարգի նվազագույն ամսական վարձավճարի չափը որոշվում է հետևյալ կարգով`

 

Ներմուծեք նկարագրությունը_15682

որտեղ`

 

R-ը ջրային համակարգի նվազագույն ամսական վարձավճարն է (եթե վարձակալության պայմանագիրը կնքվել է ոչ ամսվա սկզբին, ապա որպես ամիս ընդունվում է 30 օր ժամանակահատվածը).

N-ը տվյալ ջրային համակարգի նպատակային շահագործմամբ պայմանավորված բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ վճարն է, որը սահմանվում է ջրի ազգային ծրագրով: Մինչև ջրի ազգային ծրագրի ընդունումն այս վճարը հաշվարկվում է բնապահպանական միջոցառումների իրականացման (որոնք պայմանավորված են տվյալ ջրային համակարգի նպատակային շահագործմամբ) համար անհրաժեշտ տարեկան նորմատիվային ծախսերի 1/12-ի չափով.

Ci-ը գույքի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ շենքի և շինության տարածքի) համար հաշվարկված վարձավճարն է.

i-ը գույքի միավորների ինդեքսն է (հերթական համարը).

n-ը գույքի միավորների ընդհանուր քանակն է.

Ci -ը հաշվարկվում է հետևյալ ձևով՝

 

Ci = Ai + Gi, որտեղ՝

 

Ai-ն որոշվում է գույքի հաշվեկշռային սկզբնական (ձեռքբերման) արժեքի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետի հարաբերությունը բաժանելով 12-ի,

Gi-ն i-րդ գույքի միավորի համար «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված գույքահարկի տարեկան գումարի 1/12-ն է: Այս գումարելիի հաշվարկը չի կիրառվում վարձակալության տրամադրվող այն հիմնական միջոցների դեպքում, որոնք «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գույքահարկով հարկման օբյեկտ չեն կամ գույքահարկով հարկման օբյեկտ են, սակայն դրանց համար սահմանված է գույքահարկի զրոյական դրույքաչափ: Այս դեպքում Gi գումարելին պետք է դիտվի որպես այդպիսի հիմնական միջոցի պահպանման համար անհրաժեշտ տարեկան նորմատիվային ծախսերի 1/12-ը:

Rj-ն j-րդ շենքի, շենքային տարածքի (այսուհետ՝ տարածք) ամսական վարձավճարի նվազագույն չափն է.

j-ն տարածքի ինդեքսն է (հերթական համարը),

m-ը տարածքների ընդհանուր քանակն է:

Rj-ն հաշվարկվում է հետևյալ ձևով՝

ա) երկաթբետոնե շինությունների դեպքում՝

Rj = 467 x Գտ x Գու x Գհ x Տ

բ) քարե շինությունների դեպքում՝

Rj = 560 x Գտ x Գու x Գհ x Տ

Գտ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցն է.

Գու-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի N 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիների նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցն է՝

I գոտի՝ 1

II գոտի՝ 0,9

III գոտի՝ 0,8

IV գոտի՝ 0,7

V գոտի՝ 0,6

VI –XV գոտիներ՝ 0,5.

Գհ-ն հարկայնության գործակիցն է՝

1-ին հարկի համար՝ 1,1

2-5-րդ հարկերի համար՝ 1,0

նկուղային հարկի համար՝ 0,7

6-րդ և ավելի հարկերի համար՝ 0,8

կիսանկուղային հարկի համար՝ 0,9.

S-ն վարձակալության տրամադրված տարածքն է՝ քառակուսի մետրերով:

8. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն սահմանված՝ վարձակալությամբ տրվող ջրային համակարգի ամսական վարձավճարի նվազագույն մեծությունը կարող է կախված լինել ջրօգտագործման սեզոնայնությունից:

Վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի հաշվարկային չափը պետք է հնարավորություն ստեղծի տվյալ բնագավառում իրականացնելու շահութաբեր տնտեսական գործունեություն:

 

II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՓՈԽԱՆՑԵԼԸ

 

9. Վարձակալության իրավունքը փոխանցվում է աճուրդով, եթե վարձակալից, բացի վարձավճար կատարելուց, չի պահանջվում կատարել որևէ այլ ուղղակի և ջրի ազգային ծրագրով տվյալ ջրային համակարգի կայուն նպատակային շահագործման ու դրանից բխող բնապահպանական միջոցառումների արդյունավետ իրականացման պայման: Աճուրդի քննարկման առարկա է հանդիսանում վարձավճարի չափը:

10. Աճուրդ անցկացնելու նպատակով ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է 7 անդամից բաղկացած աճուրդային հանձնաժողով:

11. Աճուրդային հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունելու, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Ջրային համակարգն աճուրդով վարձակալությամբ տրամադրելու դեպքում աճուրդային հանձնաժողովն աճուրդից առնվազն 30 օր առաջ առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ապահովում է աճուրդի մասին հայտարարության հրապարակումը:

13. Աճուրդի մասին հայտարարությունը պետք է բովանդակի տեղեկություններ աճուրդով վարձակալությամբ տրվող ջրային համակարգի (տեխնիկական ցուցանիշները, վիճակը, ջրային համակարգի միջոցով ապահովվող ծառայությունների և կատարվող աշխատանքների բնույթն ու ծավալը և այլն), վարձակալության ժամկետի, աճուրդի մասնակցության վճարի չափի, աճուրդի անցկացման ամսաթվի (օր, ամիս, տարի), ժամի և տեղի, աճուրդին մասնակցության համար հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, մասնակցության համար անհրաժեշտ տվյալների և հայտը ներկայացնելու վերջին ժամկետի մասին, ինչպես նաև այլ տեղեկություններ` աճուրդային հանձնաժողովի որոշմամբ:

(13-րդ կետը փոփ. 23.07.15 N 832-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 23.07.15 N 832-Ն)

15. Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանում է աճուրդային հանձնաժողովը՝ աճուրդի կազմակերպման ծախսերի փոխհատուցման համար:

16. Աճուրդի մասնակցության հայտում պետք է լրացվի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), ինչպես նաև անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հաշվառման հասցեն, պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատերերի համար): Աճուրդի մասնակցության հայտին կից ներկայացվում են`

ա) աճուրդի մասնակցության վճարի՝ աճուրդային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.

բ) աճուրդի մասնակցի կողմից լիազորված անձանց համար` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

(16-րդ կետը խմբ. 23.07.15 N 832-Ն)

17. Աճուրդային հանձնաժողովն աճուրդի անցկացման օրը հրավիրված նիստում ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 16-րդ կետի պահանջներին և համապատասխանության դեպքում դիմողին տրվում է աճուրդի մասնակցի քարտ:

18. Աճուրդն իրականացնում է աճուրդավարը, որը հայտարարում է վարձակալության ներկայացվող ջրային համակարգի տվյալները, վարձակալության ժամկետը և վարձավճարի նվազագույն չափը:

19. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է վարձավճարի ամենաբարձր չափը:

20. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդին մասնակցելու ոչ մի հայտ չի ներկայացվել,

բ) աճուրդում հաղթող չի ճանաչվել,

գ) աճուրդի հաղթողը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը:

Աճուրդը չկայացած պետք է համարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու և ճշտելու պահից:

21. Աճուրդային հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել, այդ թվում՝ դատական կարգով:

22. Աճուրդում չհաղթելու կամ աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ աճուրդը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով:

(22-րդ կետը խմբ. 23.07.15 N 832-Ն)

 

III. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

23. Ջրային համակարգի վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով, եթե վարձակալից պահանջվում է իրականացնել նաև ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված որոշակի պայմաններ:

Այս դեպքում ջրային համակարգի վարձակալության իրավունքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովների կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում` ջրային համակարգերի կառավարման մարմնի հրամանով ստեղծված՝ 7 անդամից բաղկացած մրցութային հանձնաժողովների կողմից:

24. Մրցույթները բաց են մրցույթի պայմանները բավարարող բոլոր անձանց համար:

25. Մրցութային հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ջրային համակարգերի կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության և պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:

(25-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

26. Ջրային համակարգի վարձակալության իրավունքը տրամադրելիս մրցույթի պայմանների մշակման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում, մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել համապատասխան ոլորտի խորհրդատուների և փորձագետների:

27. Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվում են առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` մրցույթի օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ:

Հայտարարությունում պետք է նշված լինեն տեղեկություններ մրցույթին մասնակցելու պայմանների, այդ թվում` վարձակալությամբ տրվող ջրային համակարգի (տեխնիկական ցուցանիշները, վիճակը, ջրային համակարգի միջոցով ապահովվող ծառայությունների և կատարվող աշխատանքների բնույթն ու ծավալը և այլն), վարձակալության ժամկետի, վարձակալի կողմից վարձակալության ընթացքում կատարման ենթակա պայմանների, վարձավճարի նվազագույն չափի, մրցույթին մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերի, մրցույթին մասնակցելու վճարի, մրցույթի անցկացման ամսաթվի (օր, ամիս, տարի), ժամի ու տեղի, մրցույթին մասնակցության համար հայտը ներկայացնելու վերջին ժամկետի, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին որոշելու մրցույթը դադարեցնելու կարգի մասին, ինչպես նաև այն վայրը, որտեղից կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

Մրցույթին մասնակցության վճարի չափը, մուծման ժամկետներն ու կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը:

Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է՝ ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից: Մրցույթում չհաղթելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով:

(պարբերությունն ուժը կորցրել է 23.07.15 N 832-Ն)

(27-րդ կետը փոփ., խմբ. 23.07.15 N 832-Ն)

28. Մրցույթին մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողով է ներկայացնում փակ ծրարով գրավոր հայտ, որը պետք է բովանդակի հետևյալ տվյալները՝

ա) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝

կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը՝ մասնակցության մասնաբաժնի նշումով, կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև կցվի օտարերկրյա իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և (կամ) կանոնադրությունը, վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունը, որը պետք է ներառի նաև նշված ժամանակաշրջանի ֆինանսական տվյալները՝ աուդիտի եզրակացությամբ,

մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը,

ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված մրցույթով առաջադրված պայմանների կատարման վերաբերյալ հայտատուի առաջարկությունները, այդ թվում` հայտատուի կողմից առաջարկվող վարձավճարի չափը.

բ) եթե հայտատուն ֆիզիկական անձ է՝

անձնագրի տվյալները (անունը, ազգանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաև ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը,

ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված՝ մրցույթով առաջադրված պայմանների կատարման վերաբերյալ հայտատուի առաջարկությունները, այդ թվում` հայտատուի կողմից առաջարկվող վարձավճարի չափը:

Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:

(28-րդ կետը խմբ. 23.07.15 N 832-Ն)

29. Մրցույթի մասնակիցներից ստացված տվյալները հրապարակման ենթակա չեն:

30. Մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը չի կարող լինել 30 օրվանից պակաս և 40 օրվանից ավելի` հայտերի ընդունման օրվանից հաշված:

Հայտի ընդունման մերժումն արգելվում է, եթե պահպանվել են սույն կարգով սահմանված պայմանները:

31. (կետն ուժը կորցրել է 23.07.15 N 832-Ն)

32. Մրցույթն անցկացվում է ոչ ուշ, քան հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

33. Մրցույթի օրը մրցութային հանձնաժողովը բացում է բոլոր ներկայացված ծրարները, ստուգում հայտերի համապատասխանությունը ներկայացված պահանջներին և գնահատում առաջարկները:
Հաղթողի մասին որոշումն ընդունում է մրցութային հանձնաժողովը: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն հայտատուն, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: Հավասար լավագույն պայմաններ առաջարկած մրցույթի մասնակիցներից հաղթող է ճանաչվում ավելի մեծ մասնագիտական գործունեության փորձ և գիտելիքներ ունեցող անձը:

34. Եթե մրցույթին մասնակցելու համար ստացվել է մեկ հայտ և այն բավարարում է մրցույթի պայմանները, ապա հայտատուի հետ կնքվում է պայմանագիր:

Եթե մրցույթն առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին որոշելու, ապա մրցույթը համարվում է չկայացած, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում տվյալ ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման մասին նոր որոշում է ընդունում:

35. Մրցույթի արդյունքների մասին հայտարարությունը հրապարակվում է վարձակալության պայմանագիրը կնքելուց հինգ օր առաջ: Արդյունքների մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթի մասին հայտարարություն տված օրաթերթում:

 

IV. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

36. Վարձակալի և վարձատուի միջև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետում կնքվում է ջրային համակարգի վարձակալության պայմանագիր:

Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել ջրային համակարգը:

37. Վարձակալը ջրային համակարգի վարձակալության իրավունքն ստանում է վարձակալությամբ հանձնելու մասին երկկողմ արձանագրության ստորագրման և վարձակալության պայմանագրի սահմանված կարգով կնքման ու օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական գրանցման պահից:

38. Վարձատուն ջրային համակարգը վարձակալին է փոխանցում վարձակալության պայմանագրի պայմաններին և ջրային համակարգի նշանակությանը համապատասխանող վիճակում: Ընդ որում, ջրային համակարգը վարձակալության է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

39. Ջրային համակարգի վարձակալն իրավունք չունի վարձակալած գույքը հանձնելու ենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցելու այլ անձի, վարձակալած գույքը հանձնելու անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքը գրավ դնելու կամ որպես ավանդ ներդնելու տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում:

40. Պայմանագրի գործողությունը դադարելու պահից, բայց ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարձատուի և վարձակալի միջև կնքվում է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մասին երկկողմ արձանագրություն, որից հետո վարձատուն հետ է ստանում վարձակալությամբ հանձնված ջրային համակարգը: Ընդ որում, վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել ջրային համակարգն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:

(հավելվածը փոփ., խմբ. 23.07.15 N 832-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան