Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.265
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 340-Ն

 

ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` առաջարկել համայնքների ղեկավարներին ջրօգտագործման թույլտվություն ստացած, սակայն մինչև այժմ դեռևս չհորատված հորատանցքերի մասով չտրամադրել շինարարության թույլտվություն:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով չտրամադրել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություններ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում բոլոր ջրօգտագործողներին տեղեկացնել սույն որոշմամբ սահմանված կարգի պահանջների մասին:

4. Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի հաստատման վերջնաժամկետ սահմանել 2015 թվականի դեկտեմբերի 25-ը:

(4-րդ կետը փոփ. 31.08.15 N 994-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 340-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմին ներկայացված հայտերի գնահատման ջրօգտագործման թույլտվությունների տրման, ինչպես նաև այդ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հորատանցքերի կոնսերվացումն ու լուծարումն իրականացվում է սույն կարգի 3-րդ գլխի դրույթների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման N 4 հավելվածի 8-րդ կետով սահմանված ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգման հայտերին ներկայացվող պայմանները չեն տարածվում սույն կարգով ամրագրված դրույթների վրա:

4. Սույն կարգի իմաստով`

1) լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը.

2) ապօրինի շահագործվող են հանդիսանում այն հորատանցքերը, որոնցից ջրօգտագործումն իրականացվում է առանց սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ժամկետանց ջրօգտագործման թույլտվությամբ կամ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավելի ջրօգտագործմամբ.

3) չշահագործվող են հանդիսանում այն հորատանցքերը, որոնք ժամանակավորապես չունեն շահագործող` ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման համար.

4) լուծարման ենթակա են համարվում այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն և համապատասխանում են նշված պայմաններից որևիցե մեկին`

ա. հորատանցքերի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով և հորի վերականգնումը հնարավոր չէ,

բ. ջրերը որակական առումով խմելու, տնտեսական օգտագործման և ոռոգման համար պիտանի չեն,

գ. ինքնահոս շատրվանող հորատանցքերը, որոնց ջրերը չեն օգտագործվում, հանգեցնում են շրջապատի ճահճացմանը, գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը և հողային ռեսուրսների աղակալմանը,

դ. արտախողովակային հոսքի առկայության դեպքում, եթե վերանորոգումը հնարավոր չէ.

5) կոնսերվացման ենթակա են համարվում այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից չի իրականացվում ջրօգտագործում.

6) պատասխանատու անձ է համարվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում է գտնվում տվյալ ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման կամ կոնսերվացման ենթակա հորատանցքը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվության հիման վրա շահագործվող հորատանցքերի կոնսերվացման ու լուծարման դեպքերում այդ հորատանցքերի համար պատասխանատու անձ են հանդիսանում դրանք շահագործող անձինք.

 8) լուծարում` հորատանցքի խցակալում, ցեմենտախծուծում.

 9) կոնսերվացում` հորատանցքի խցափակում:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

II. ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Ապօրինի շահագործվող կամ չշահագործվող հորատանցքերից ջրօգտագործման համար պատասխանատու անձն անկախ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից սույն կարգի պահանջների վերաբերյալ տեղեկություն ստանալու կամ չստանալու հանգամանքից սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում ջրօգտագործման թույլտվության հայտ:

Ջրօգտագործման թույլտվության հայտը համարվում է ներկայացված, եթե առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշմամբ պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

(5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն) 

6. Ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման կամ տրամադրման հայտերը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից գնահատվում են դրական` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստեղծված` ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման և կոնսերվացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) դրական եզրակացության առկայության դեպքում:

(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

7. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

8. Հանձնաժողովը քննարկում է սույն կարգին համապատասխան ներկայացված ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերը, ինչպես նաև լուծարման և կոնսերվացման առնչվող խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

9. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակ մոնիթորինգ է իրականացնում սույն որոշմամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության տրամադրման պայմանների պահպանման նկատմամբ:

(9-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

10. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս`

1) ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերից ջրօգտագործման օրինականացման նպատակահարմարության վերաբերյալ.

2) ապօրինի ջրօգտագործման կամ ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի վերջնական գնահատման կամ մերժման վերաբերյալ.

3) ձկնաբուծական տնտեսությունում ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգի ներդրման, ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման նպատակով արդի սարքավորումներով ջրամատակարարման համակարգի կահավորման վերաբերյալ.

4) առանձին դեպքերում հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների կատարման և դրանց ֆինանսական գնահատման վերաբերյալ.

5) ջրօգտագործման պայմանների կատարման մասին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության և հաճախականության վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

11. Հանձնաժողովի կողմից դրական գնահատված ջրօգտագործման թույլտվությունների հայտերի վերաբերյալ եզրակացությունը պետք է ներառի` ջրօգտագործման թույլտվության ժամկետը, ջրօգտագործման ծավալը, ռեժիմը, ջրօգտագործումը դադարեցնելու դեպքում իր հաշվին հորատանցքի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման, ձկնաբուծական տնտեսությունում ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգի ներդրման, ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման նպատակով արդի սարքավորումներով ջրամատակարարման համակարգի կահավորման, ինչպես նաև ցամաքուրդադրենաժային համակարգից օգտվելու վերաբերյալ պայմանագրային պայմանները, միավոր ձկան արտադրության համար ջրօգտագործման նորմաները:

12. Լիազոր մարմինն ընդունում է որոշում հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը:

 

III. ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՈՒՄԸ

 

13. Հորատանցքի լուծարումը և կոնսերվացումն իրականացվում է պատասխանատու անձի կողմից լիազոր մարմին ներկայացված հայտի կամ դրա բացակայության դեպքում վերջինիս նախաձեռնության հիման վրա:

14. Եթե պատասխանատու անձի կողմից սույն կարգի 5-րդ կետի համաձայն հայտ չի ներկայացվել կամ հայտը գնահատվել է բացասական, ապա հորատանցքը ենթակա է կոնսերվացման կամ լուծարման հայտատուի միջոցների հաշվին:

15. Պետական և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի վրա առկա հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են պատասխանատու անձանց միջոցներով, լիազոր մարմնի համապատասխան մասնագիտացված կառույցի կողմից:

16. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առկա հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

IV. ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Լիազոր մարմին ներկայացված Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերից` ձկնաբուծության նպատակով, բոլոր ջրօգտագործման թույլտվություններում ամրագրում են սույն կարգի 10-րդ կետի համաձայն հանձաժողովի կողմից իր եզրակացության մեջ նշված ջրօգտագործման պայմանները:

18. Եթե ջրօգտագործողն ունի նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություն, սակայն չի հորատել կամ հորատել է ոչ բոլորը և ջրօգտագործման թույլտվությունով շահագործում է նաև գոյություն ունեցող հորատանցքեր, որոնց փաստացի ջրօգտագործման գումարային ծավալը մոտ է ջրօգտագործման թույլտվություններով (և գոյություն ունեցող և հորատման ենթակա հորատանցքերի համար) սահմանված ջրօգտագործման ծավալների չափաքանակին (0.8-1.0 գործակից), ապա լիազոր մարմինը կարող է կասեցնել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունը` չհորատված հորատանցքերի մասով: Միևնույն ժամանակ, լիազոր մարմինը փաստացի ջրօգտագործման ծավալների չափով տվյալ անձին տալիս է ջրօգտագործման թույլտվություն:

19. Եթե ջրօգտագործողն ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտի փաթեթին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև իր կողմից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը փաստացի ջրօգտագործման ծավալները մինչև 1/3 չափի հասցնելու միջոցառումների ծրագիր և պարտավորություն դրա իրականացման վերաբերյալ, ապա լիազոր մարմինը ջրօգտագործման ծավալների կրճատումը փաստագրելուց հետո կարող է տվյալ հայտը գնահատել դրական` առանց հանձնաժողովի եզրակացության:

Հայտատուի կողմից հայտին կից ներկայացված փաստացի ջրօգտագործման ծավալները մինչև 1/3 չափի հասցնելու միջոցառումների ծրագրի աշխատանքները չկատարելու դեպքում այդ հորատանցքերն առանց հանձնաժողովի կողմից լրացուցիչ քննարկման, ենթակա են լուծարման:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան