ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2009 թվականի N 120 -Ն
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել բուսական աշխարհի մոնիթորինգի վարման մեթոդական ուղեցույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի մոնիթորինգի իրականացման նպատակը, խնդիրները, օբյեկտներն ու բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման (վարման) կարգը:
2. Բուսական աշխարհի մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) կազմակերպվում է բույսերի աճելավայրերի և էկոհամակարգի վիճակի վերաբերյալ: Մոնիթորինգը բուսական աշխարհի օբյեկտների որակական և քանակական ցուցանիշների, տարածվածության գնահատման, արագ արձագանքման և զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է:
3. Մոնիթորինգը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
4. Մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար հիմք են հանդիսանում բուսական աշխարհի գույքագրման ու պետական հաշվառման տվյալները: Պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում այն կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
II. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Մոնիթորինգն իրականացվում է բուսական աշխարհի պահպանության և շարունակական օգտագործման նպատակով` մշտապես գնահատելով բույսերի տեսակների և դրանց աճելավայրերի վիճակի փոփոխությունները, կանխատեսելով բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը, բարելավելով բուսական աշխարհի շարունակական կայուն կառավարումը` ներառյալ պահպանությունը և ռեսուրսի օգտագործումը:
6. Մոնիթորինգի խնդիրներն են`
1) բուսական աշխարհի կառավարումն իրականացնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումներ ընդունելու համար.
2) բույսերի տարածվածության, տեսակային կազմի, քանակի, աճելավայրերի առկա վիճակի բացահայտումը.
3) համակեցությունների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը.
4) բուսական աշխարհին ու նրա առանձին տեսակներին սպառնացող բնական, մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը, դրանց կանխարգելման միջոցառումների մշակումը և վերացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
5) բուսական ռեսուրսների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների.
6) բուսական աշխարհի մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու իրազեկմանը նպաստելը:
III. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
7. Մոնիթորինգի օբյեկտներն են`
1) բույսերի տեսակների աճելավայրերը, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը.
2) բույսերի բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով`
ա. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ),
բ. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվադեպ են հանդիպում (ռելիկտներ),
գ. Հայաստանի բուսական աշխարհի համար օտարածին և տեղածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը բնական էկոհամակարգեր և արագ բազմացումն սպառնում է էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ և էքսպանսիվ տեսակներ).
3) Կարմիր գրքում ընդգրկված բույսերի տեսակները, ինչպես նաև դրանց համակեցություններն ու պոպուլյացիաները.
4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները.
5) բուսական համակեցություններն ու պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները.
6) բուսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը:
IV. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
8. Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):
(8-րդ կետը խմբ. 10.10.19 N 1442-Ն)
9. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է`
1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով.
2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը.
3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը.
4) մոնիթորինգի տվյալների հիման վրա լիազորված պետական մարմնի կողմից անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն):
10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են`
1) միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը.
2) տեղական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը.
3) բնության հատուկ պահպանվող տարածքներից, անտառներից և անտառային հողերից դուրս` լիազորված պետական մարմնի պատվերով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:
12. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախատեսվում է` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը:
13. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում են սույն կարգի 8-րդ կետում նշված համապատասխան մարմինների ու կազմակերպությունների կողմից և հաստատվում են լիազորված պետական մարմնի պատվերով:
14. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունն ապահովում է տվյալ տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը` համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով:
15. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները:
16. Մոնիթորինգի արդյունքում ստացված ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը:
17. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով ստեղծվում է միասնական համապարփակ տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները:
18. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբ-կայքում:
19. Անտառների բուսական աշխարհի վերաբերյալ ստացված տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 120-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|