Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.16/71(1524).1 Հոդ.925.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.08.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3578/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3578/02/17
2019թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

2019 թվականի օգոստոսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տարոն Մելիքյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Տարոն Մելիքյանի ընդդեմ Արմինե Պողոսյանի, Արմեն և Գեղամ Կուրղինյանների, երրորդ անձինք Նազիկ և Քնարիկ Մելիքյանների՝ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տարոն Մելիքյանը պահանջել է վերացնել իր իրավունքի խախտումը՝ հարկադրելով Գեղամ և Արմեն Կուրղինյաններին քանդել թիթեղյա ծածկը և հորիզոնական ձողերը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2018 թվականի որոշմամբ Արմինե Պողոսյանի, Արմեն և Գեղամ Կուրղինյանների ներկայացուցչի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու մասին, բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2018 թվականի որոշմամբ Տարոն Մելիքյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տարոն Մելիքյանի ներկայացուցիչը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Պողոսյանի, Արմեն և Գեղամ Կուրղինյանների ներկայացուցիչ Վահագն Բաղրամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի «Գործի վարույթը կասեցնելու մասին» 24.09.2018 թվականի որոշումը բողոք բերած անձը ստացել է 16.10.2018 թվականին և այն ստանալուց հետո երկօրյա ժամկետում վերաքննիչ բողոք է ներկայացրել նշված որոշման դեմ՝ պահպանելով օրենքով սահմանված ժամկետը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «բողոք բերած անձը 24.09.2018 թվականին կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դրա կայացման պահից ավելի, քան մեկ ամիս հետո միայն` չնշելով, թե երբ է ստացել բողոքարկված որոշման օրինակը և բողոքին չկցելով համապատասխան փաստը հաստատող որևէ ապացույց, որպիսի պարագայում վիճելի է մնում բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետում բերված լինելու փաստը»:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ օրենսդրությամբ վերաքննիչ բողոք ներկայացնող սուբյեկտների վրա դրված չէ պարտականություն ապացուցելու, թե երբ են ստացել վիճարկվելիք դատական ակտը, արդյոք բաց են թողել այն ներկայացնելու ժամկետը, թե՝ ոչ: Ավելին, վերը նշված հանգամանքը պարզելու համար Վերաքննիչ դատարանն իրավասու էր ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը և պարզել` արդյոք վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բաց է թողել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը, թե՝ ոչ:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի վրա դրել է օրենքով չսահմանված պարտականություն՝ լրացուցիչ կերպով խոչընդոտներ հարուցելով միջանկյալ դատական ակտի՝ վերադասության կարգով բողոքարկման համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում, ինչպես նաև չի խախտվել հայցվորի որևէ իրավունք։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ հայցվորը չի զրկվել դատական պաշտպանության իրավունքից։ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում ոչ թե մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, այլ վերադարձրել է այն՝ հայցվորին տրամադրելով ժամկետ՝ բողոքն օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու հանգամանքը հավաստող հիմնավորումներ ներկայացնելու համար։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չէր կարող դատական ակտը ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.   

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք գործում Դատարանի կայացրած որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկելու և այն նրանց կողմից ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձի վրա կարող է դրվել տվյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու փաստի ապացուցման պարտականությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը: (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե'ս, Pérez de Rada Cavanilles v. Spain, գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36):

 ՀՀ սահմանադրական դատարանը 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ նույնպես արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համակցության մեջ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասը և 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և  նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները՝ գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սպառիչ սահմանելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը, որոնցից է, ի թիվս այլնի, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, միաժամանակ սահմանել է այդ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ժամկետները: Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրվել է, որ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը դատարանը պետք է ուղարկի գործին մասնակցող անձանց այն կայացնելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ գործին մասնակցող անձինք իրավասու են վերաքննության կարգով այն բողոքարկել որոշումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանի դատական ակտն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը (տե′ս,Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի «Գործի վարույթը կասեցնելու մասին» 24.09.2018 թվականի որոշմամբ Արմինե Պողոսյանի, Արմեն և Գեղամ Կուրղինյանների ներկայացուցչի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու մասին, բավարարվել է (գ.թ. 133-134): Գործում առկա է միայն Դատարանի 08.10.2018 թվականի թիվ ԴԴ9.1/Ե-186790/18 ուղեկցական գրությունը՝ «Գործի վարույթը կասեցնելու մասին» 24.09.2018 թվականի որոշումը Տարոն Մելիքյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանին ուղարկելու մասին (գ.թ. 135), սակայն առկա չէ վերը նշված գրությամբ ուղարկված որոշումը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչպես նաև Դատարանի որոշումը Տարոն Մելիքյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանի կողմից ստանալու փաստը հաստատող փոստային հետադարձ ծանուցագիր։ 18.10.2018 թվականին փոստային առաքմամբ Տարոն Մելիքյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք (հիմք` փոստային ծրարի պատճենը, հավելված գ.թ. 13-22, 24-25)։

 

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.10.2018 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի 24.09.2018 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքին, հանգել է այն հետևության, որ «բողոք բերած անձը 24.09.2018 թվականին կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դրա կայացման պահից ավելի, քան մեկ ամիս հետո միայն` չնշելով, թե ե՞րբ է ստացել բողոքարկված որոշման օրինակը և բողոքին չկցելով համապատասխան փաստը հաստատող որևէ ապացույց, որպիսի պարագայում վիճելի է մնում բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետում բերված լինելու փաստը»։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի պահպանված լինելու համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտը (տվյալ դեպքում որոշումը) բողոք բերած անձին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ որոշման հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ բողոքարկվող դատական ակտը հայցվոր կողմը ստացել է: Ավելին, գործում առկա չէ նաև ապացույց այն մասին, թե Դատարանը «Գործի վարույթը կասեցնելու մասին» 24.09.2018 թվականի որոշումը երբ է ուղարկել վերաքննիչ բողոք բերած անձին՝ փոստային ծառայությանը հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի 08.10.2018 թվականի թիվ ԴԴ9.1/Ե-186790/18 ուղեկցական գրությունը՝ «Գործի վարույթը կասեցնելու մասին» 24.09.2018 թվականի որոշումը Տարոն Մելիքյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանին ուղարկելու մասին:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «բողոք բերած անձը 24.09.2018 թվականին կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դրա կայացման պահից ավելի, քան մեկ ամիս հետո միայն», անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի 24.09.2018 թվականին կայացված որոշումը բողոք բերած անձին ուղարկելու վերաբերյալ ուղեկցական գրությունը կազմվել է 08.10.2018 թվականին, որպիսի հանգամանքը ողջամտորեն բացառում է Դատարանի 24.09.2018 թվականի որոշումը բողոք բերած անձին մինչև 08.10.2018 թվականն ուղարկելու համար փոստին հանձնված լինելու հանգամանքը: Ըստ այդմ՝ ողջամտորեն գործում է այն կանխավարկածը, որ Դատարանի 24.09.2018 թվականի որոշումը բողոք բերած անձին կարող էր ուղարկվել 08.10.2018 թվականին կամ դրան հաջորդող ժամանակահատվածում: Վճռաբեկ դատարանը, կարևորելով անձի դատական պաշտպանության իրավունքի, այդ թվում նաև՝ բողոքարկման իրավունքի իրացումը հնարավորինս արդյունավետ միջոցներով երաշխավորելու անհրաժեշտությունը՝ հարկ է համարում գնահատման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք սույն գործում առկա՝ վերոնշյալ ելակետային տվյալները կարող էին բավարար լինել՝ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը պահպանված լինելու հարցը պարզելու համար: Վճռաբեկ դատարանը գործում` Դատարանի կողմից դատական ակտը Տարոն Մելիքյանին ուղարկելու և այն նրա կողմից ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում որպես վերաքննիչ բողոքարկման ժամկետի ելակետ ընդունելով Դատարանի որոշումը փոստին հանձնելու առաջին իսկ հնարավոր օրը՝ 08.10.2018 թվականը (պայմանականորեն այն դիտարկելով նաև որպես բողոքաբերի կողմից որոշման ստացման առաջին հնարավոր օր), արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետը կարող էր ավարտվել 19.10.2018 թվականին (11.10.2018թ. և 12.10.2018թ. աշխատանքային օրերը ՀՀ կառավարության 10.10.2018թ. թիվ 1101-Ն որոշմամբ տեղափոխվել են 2018թ. համապատասխանաբար հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, իսկ 13.10.2018թ. և 14.10.2018թ. հանդիսացել են հանգստյան օրեր), հետևաբար Տարոն Մելիքյանի ներկայացուցչի կողմից փոստային առաքմամբ 18.10.2018 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացված լինելու պայմաններում բողոքաբերի կողմից պահպանվել է օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետը: Այլ կերպ ասած՝ սույն գործում առկա փաստական տվյալները հնարավորություն են տալիս որոշել վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման հնարավոր ժամանակահատվածը, ընդ որում՝ Դատարանի որոշումը փոստին հանձնելու և այն բողոքաբերի կողմից ստանալու առաջին իսկ հնարավոր օրը հիմք ընդունելու պարագայում անգամ բողոք բերած անձը պահպանել է վերաքննիչ բողոքը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նախևառաջ անտեսել է, որ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության կրողը դատարանն է, ուստի տվյալ դատական ակտը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու մասին ապացույցները պետք է առկա լինեին գործի նյութերում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ դատական ակտը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից այն ստանալու ապացույցների բացակայության պայմաններում ևս սույն գործի փաստական հանգամանքները հնարավորություն էին ընձեռում որոշել վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման հնարավոր ժամանակահատվածը և ըստ այդմ՝ գնահատել այն պահպանված լինելու հարցը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ անհիմն կերպով է վերադարձրել Տարոն Մելիքյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 24.09.2018 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, արդյունքում նաև սահմանափակելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 31.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան