Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.18/72(1525).1 Հոդ.930.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական 
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/2992/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/2992/05/17
2019թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Մաթևոսյան

Դատավորներ՝

Կ. Բաղդասարյան

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում քննելով Հասմիկ Մնացականյանի ներկայացուցիչ Արկադյա Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Մնացականյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 01.03.2017 թվականի թիվ 1705783737 որոշումը (այսուհետ՝ Որոշում) վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հասմիկ Մնացականյանը պահանջել է վերացնել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.07.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, և Հասմիկ Մնացականյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Մնացականյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ որոշման հիմքում դրված դիրքորոշումը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «խաչմերուկ» հասկացությունը՝ դրան տալով ՀՀ օրենսդրությունից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից տարբերվող մեկնաբանություն: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն իր մեկնաբանությամբ անհիմն կերպով ընդարձակել է «խաչմերուկ» հասկացությունը՝ այնտեղ ընդգրկելով նաև ճանապարհի կորացմամբ ընդարձակված երթևեկելի մասի երևակայական սահմաններից դուրս գտնվող հատվածները:

Վերաքննիչ դատարանի եզրակացությունն առ այն, որ մեքենայի կայանման վայրը հանդիսանում է կանոնավոր խաչմերուկ, իսկ մեքենան կայանված է ճանապարհի կորացմամբ ընդարձակված երթևեկելի մասում, որևէ ապացույցով հիմնավորված չէ և չի բխում գործով հետազոտված ապացույցներից, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը։

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով ֆիզիկական անձն ազատված է պետական տուրքի վճարումից` անկախ դատաքննության ելքից: Հետևաբար տվյալ դեպքում Հասմիկ Մնացականյանի վրա չէր կարող դրվել Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականություն, քանի որ Հասմիկ Մնացականյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Վերաքննիչ դատարանը, բավարարելով պատասխանող վարչական մարմնի ներկայացրած վերաքննիչ բողոքը և վերաքննիչ բողոք բերելու համար վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցման պարտականություն դնելով հայցվորի վրա, նրան ծանրաբեռնել է ավելորդ ֆինանսական բեռով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.07.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)   Ծառայության Որոշման համաձայն՝ Հասմիկ Մնացականյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «NISSAN» մակնիշի 34ZC057 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, Երևան քաղաքի Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկի հատվածում կանգառ կատարելով, խախտել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման 1-ին հավելվածի 84-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջը (գ.թ. 4).

2)   Որոշմամբ Հասմիկ Մնացականյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութում երևում է, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, կայանված է միևնույն մակարդակի վրա գտնվող ճանապարհների հատման տիրույթում առկա կորացումների՝ համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով պայմանականորեն սահմանազատված տարածքում (էլեկտրոնային կրիչ, գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

 

1) Վճռաբեկ բողոքի առաջին հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.

Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տեսանյութում ամրագրված արարքը կարո՞ղ է արդյոք հիմք հանդիսանալ Հասմիկ Մնացականյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 84-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` կանգառն արգելվում է խաչմերուկներում (...):

Վկայակոչված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով օրենսդիրը տրանսպորտային միջոցների վարորդների համար վարչական պատասխանատվություն է նախատեսել հետևյալ արարքների՝ կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար։ Ընդ որում, նշված զանցանքների համար օրենսդիրը որպես վարչական տույժի միջոց է ընտրել տուգանքը՝ 5.000 ՀՀ դրամի չափով:

Կանգառի կանոններից մեկը սահմանված է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 84-րդ կետի 6-րդ ենթակետով, որի համաձայն` կանգառն արգելվում է խաչմերուկներում:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքն է, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում անդրադարձել է «խաչմերուկ» հասկացությանը՝ արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ կանոնավոր խաչմերուկում սովորաբար մայթերն ընդհատվում են, և մայթերի ընդհատման հատվածում, որպես կանոն, ճանապարհը կորացվում է երթևեկելի մասն ընդարձակելու և ավտոմեքենաների մանևրը հեշտացնելու համար: Խաչմերուկի բնութագրում օգտագործվող հակադիր մայթերի այդ կորացումով էլ, հաշվի առնելով խաչմերուկի կենտրոնից ընկած ամենամեծ հեռավորությունը, որոշվում է խաչմերուկի սահմանը: Սակայն որոշ անկանոն խաչմերուկներում (օրինակ T-աձև, Y-աձև) հնարավոր է մայթեզրի ընդհատման և հետևաբար նաև՝ կորացման բացակայություն: Այս դեպքում խաչմերուկի սահմանը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որոշել՝ հաշվի առնելով ճանապարհի երթևեկելի մասի հատման սահմանները (տե´ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների քննարկվող խախտումը հաճախ հայտնաբերվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (...) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):

Հաշվի առնելով վերոգրյալ իրավադրույթների մեկնաբանության վերաբերյալ Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով 30.04.2015 թվականին և Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով 27.11.2015 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկում կանգառ կատարելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այսինքն՝ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկում կանգառ կատարելու փաստը հայտնաբերվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ այդ արարքի կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկում կանգառ կատարելու փաստի առկայությունը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում կարող է կասկած չհարուցել միայն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պարունակում է միանշանակ տվյալներ այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը կանգառ է կատարել խաչմերուկում: Այլ կերպ ասած՝ քննարկվող իրավիճակում վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պետք է բովանդակի այնպիսի տեղեկություններ, որոնք անառարկելիորեն վկայում են այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը կանգառ է կատարել խաչմերուկում:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում խաչմերուկում կանգառ կատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտ ընդունելու իրավական նախադրյալն այն է, որ այդ վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հասմիկ Մնացականյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Ծառայության Որոշումը։ Նշված վարչական ակտով Հասմիկ Մնացականյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «NISSAN» մակնիշի 34ZC057 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, Երևանի Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել խաչմերուկում:

Դատարանը բավարարել է Հասմիկ Մնացականյանի հայցը՝ վերը նշված որոշումը ճանաչելով անվավեր։ Դատարանը պատճառաբանել է, որ հայցվորին պատկանող «NISSAN» մակնիշի 34ZC057 համարանիշի տրանսպորտային միջոցը 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, գտնվել է ոչ թե Երևան քաղաքի Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկում, այլ՝ նշված խաչմերուկի տարածքից դուրս: Մասնավորապես, այն հատվածը, որտեղ կանգառ է կատարել հայցվորը, չի գտնվում Արշակունյաց-Գ.Նժդեհ փողոցների կորացումների հակադիր սկզբնակետերը միացնող գծերից ներս։ Այսինքն՝ հայցվորը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման համար:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը մերժել է։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ խաչմերուկի տարածք է համարվում, ի թիվս այլնի, ճանապարհների հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը: Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սահմանել խաչմերուկի տարածքը, անհրաժեշտ է երևակայական գծերով միմյանց միացնել այդ ճանապարհները, որպիսի գծերի միացմամբ առաջացած տարածքները համարվում են խաչմերուկ: Ընդ որում, որևէ էական նշանակություն չունի, թե այդ գծերի հատումից առաջացած տարածքը գտնվում է գծերից ներս, թե դուրս, քանի որ այդ հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքները համարվում են խաչմերուկ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է, որ «NISSAN» մակնիշի 34ZC057 համարանիշի տրանսպորտային միջոցը կայանված է խաչմերուկում: Ընդ որում, մեքենայի կայանման վայրը հանդիսանում է կանոնավոր խաչմերուկ, իսկ մեքենան կայանված է ճանապարհի կորացմամբ ընդարձակված երթևեկելի մասում, որը վերոնշյալ դիտարկումների պայմաններում ևս հանդիսանում է խաչմերուկի տարածք:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության հարցը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված տեսանյութով ամրագրված արարքի և իրավախախտման, այսինքն՝ խաչմերուկում կանգառ կատարելու, հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցում է, թե՝ ոչ։ Սույն գործի փաստերից հետևում է, որ Որոշմամբ Հասմիկ Մնացականյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութը, որն առանձին էլեկտրոնային կրիչով ներկայացվել է Ծառայության կողմից, պարունակում է այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ապացուցել, որ Հասմիկ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, կայանված է միևնույն մակարդակի վրա գտնվող ճանապարհների հատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով պայմանականորեն սահմանազատված տարածքում: Այսինքն՝ նշված տեսանյութից երևում է, որ 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցի կայանման վայրը հանդիսանում է կանոնավոր խաչմերուկ, իսկ մեքենան կայանված է ճանապարհի կորացմամբ ընդարձակված երթևեկելի մասում, որը ևս հանդիսանում է խաչմերուկի տարածք: Փաստորեն, ներկայացված տեսանյութից ակնհայտ է, որ Հասմիկ Մնացականյանին պատկանող «NISSAN» մակնիշի 34ZC057 համարանիշի տրանսպորտային միջոցը 20.02.2017 թվականին՝ ժամը 12:20-ին, կայանված է եղել Երևան քաղաքի Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկում: Հետևաբար հայցվորը վիճարկվող Որոշմամբ իրավացիորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման համար։

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տեսանյութում ամրագրված արարքի և Հասմիկ Մնացականյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, և Որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

 

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.

արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության՝ դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հասմիկ Մնացականյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է Որոշման՝ որպես անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի, վիճարկման հայցով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:

Դատարանը, ինչպես նշվեց, բավարարել է Հասմիկ Մնացականյանի հայցը՝ Որոշումը ճանաչելով անվավեր:

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Սակայն Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը՝ հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ Հասմիկ Մնացականյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի՝ Հասմիկ Մնացականյանի վրա:

Մինչդեռ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Հասմիկ Մնացականյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Հասմիկ Մնացականյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Հասմիկ Մնացականյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հասմիկ Մնացականյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության ուժով ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հասմիկ Մնացականյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.06.2018 թվականի որոշման՝ վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան