ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5334/02/16 Դատավորներ՝
Քաղաքացիական գործ
2019թ.
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Մ. Հարթենյան
Գ. Խանդանյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան |
զեկուցող |
Գ. հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
ե. խունդկարյան | |
|
Ս. Միքայելյան |
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
2019 թվականի
հունիսի 07-ինգրավոր ընթացակարգով քննելով Աննա Հունանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հովիկ Հովհաննիսյանի ընդդեմ Աննա և Գայանե Հունանյանների՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հովիկ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Աննա Հունանյանի 16.06.2016 թվականին կնքած Երևան քաղաքի Գ. Արծրունու փողոցի 90-րդ շենքի թիվ 53 բնակարանի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ. Նախշքարյան) (այսուհետ՝ Դատարան) 15.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.02.2018 թվականի որոշմամբ Աննա Հունանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Հունանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ, 149.8-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, մասնավորապես՝ որևէ եզրահանգում չի արել վերաքննիչ բողոքի այն հիմքերի հիմնավորվածության վերաբերյալ, որոնք վերաբերում են Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը սխալ բաշխելուն, հայցի հիմքի և առարկայի շրջանակից դուրս գալուն, առանց պատճառաբանությունների գործարքի կեղծ լինելու փաստը հաստատելուն, գույքի նկատմամբ արգելանք կիրառելու նորմերի սխալ մեկնաբանությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2018 թվականի որոշումը և «գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Աննա Հունանյանի կողմից 16.10.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
- Դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի և 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի խախտում, այն է` սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը,
- Դատարանը դուրս է եկել հայցի հիմքի և առարկայի շրջանակներից և կիրառել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ,
- Դատարանը չի հիմնավորել կեղծ գործարքի փաստը և միայն արձանագրել է, որ վիճարկվող գործարքը կնքվել է Աննա Հունանյանի` Հովիկ Հովհաննիսյանի հանդեպ ունեցած պարտավորության առկայության պայմաններում,
- Դատարանը սխալ է մեկնաբանել հայցի ապահովման ինստիտուտին վերաբերող նորմերը (հատոր 1-ին, գ.թ. 84-88):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը և հիմնավորումներն ըստ էության քննության առարկա դարձնելու պարտականությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին՝ արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ եզրահանգումներ կատարելով բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավորվածության վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում նշված դրույթը կկրեր հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանի ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «քաղաքացիական գործով վիճարկվող գործարքի առկայության պարագայում հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը կատարելուց խուսափելու նպատակով է կնքվել նվիրատվության գործարքը, ինչն ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ գործի քննությամբ Աննա Հունանյանը որևէ կերպ չի հիմնավորել գույքի օտարման գործարք կնքելու դրդապատճառները, այն դեպքում, երբ Հովիկ Հովհաննիսյանը գումարի բռնագանձման հայցադիմում է ներկայացրել 20.05.2016 թվականին, իսկ Գայանե Հունանյանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ գրանցվել է միայն 22.06.2016 թվականին, այսինքն` գործը դատարանում քննության ժամանակ»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ պարագայում Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը, դուրս է եկել հայցի հիմքի և առարկայի շրջանակներից և կիրառել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, չի հիմնավորել կեղծ գործարքի փաստը և միայն արձանագրել է, որ վիճարկվող գործարքը կնքվել է Աննա Հունանյանի` Հովիկ Հովհաննիսյանի հանդեպ ունեցած պարտավորության առկայության պայմաններում, սխալ է մեկնաբանել հայցի ապահովման ինստիտուտին վերաբերող նորմերը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ գործառույթը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը, մասնավորապես` չի իրականացրել բողոքում առկա հիմքերի և հիմնավորումների ըստ էության քննություն, որևէ կերպ չի անդրադարձել վիճարկվող գործարքի կեղծ լինելու իրավական և փաստական հիմքերի բովանդակությանը, այլ` բավարարվել է միայն գործի փաստական հանգամանքների վերաբերյալ որոշակի դատողություններ ներկայացնելով: Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն, հետևաբար առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն՝ վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|