ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 սեպտեմբերի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մարտի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրից ոչ ավել տևողությամբ ծրագրված այցի համար Դանիայի Թագավորության տարածքում և Շենգենյան գոտու այլ անդամ պետության տարածքում գտնվելու համար վիզաների տրամադրումը դյուրացնելու նպատակով:
2. Համաձայնագիրը կնքվել է նկատի ունենալով, որ 2013 թվականի հունվարի 10-ից Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) բոլոր քաղաքացիները՝ 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով, Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցմամբ անցնելիս ազատվում են վիզայի պահանջից: Այնուամենայնիվ, եթե Հայաստանի Հանրապետությունը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նույն դյուրացումները, որոնք քննության առարկա Համաձայնագրով տրամադրված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության հիման վրա կիրառել Դանիայի Թագավորության քաղաքացիների նկատմամբ (հոդված 1, կետ 2):
3. Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, որը կարող է վերանայվել` Համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան (հոդված 6, կետ 1):
4. Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա երաշխավորում է, որ Դանիայի Թագավորության այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում կորցրել են իրենց անձը հաստատող փաստաթղթերը, կամ որոնցից այդ փաստաթղթերը գողացել են, կարող են դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից Դանիայի Թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված` անձը հաստատող՝ սահմանը հատելու իրավունք տվող վավեր փաստաթղթերի հիման վրա` առանց որևէ վիզայի կամ այլ թույլտվության (հոդված 8):
5. Հայաստանի Հանրապետությունը և Դանիայի Թագավորությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ դիվանագիտական անձնագրերին առնչվող Համաձայնագրի 10-րդ հոդվածի վերաբերյալ, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ Դանիայի Թագավորությունը կարող են մասնակիորեն կասեցնել Համաձայնագրի գործողությունը, մասնավորապես` դրա 10-րդ հոդվածը, Համաձայնագրի 13-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, եթե 10-րդ հոդվածի իրականացման մասով չարաշահումներ են տեղի ունենում մյուս Կողմի կողմից, կամ դրա իրականացումը հանգեցնում է սպառնալիքի՝ ուղղված հանրային անվտանգությանը և Համաձայնագրի 10-րդ հոդվածի իրականացումը կասեցնելու դեպքում, Համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն երկու Կողմերը պետք է նախաձեռնեն խորհրդակցություններ` նպատակ ունենալով լուծելու այն խնդիրները, որոնք հանգեցրել են կասեցման և որպես առաջնահերթություն՝ երկու Կողմերը հռչակում են իրենց հանձնառությունն ապահովել դիվանագիտական անձնագրերի բարձր մակարդակի փաստաթղթային անվտանգություն, մասնավորապես, դրանցում կենսաչափական տվյալների ներդրմամբ:
6. Համաձայնագրում հղում է կատարվում հետևյալ միջազգային պայմանագրերին.
- 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-090-Ն որոշմամբ (ՍԴՈ-1110),
- 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113):
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի մարտի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
24 սեպտեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1478 |