Գլխավոր տեղեկություն
Համար
N 1472-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2019 թվականի N 1472-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերի պահանջները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը ԵՎ աշխատակարգը հաստատելու մասին».

2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. Հաստատել Թվայնացման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:».

4) «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) հավելվածը «Ա. Անափիոսյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Վ. Տերտերյան-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.

6) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը թվայնացման ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին (այսուհետ՝ փոխվարչապետ)՝ թվայնացման ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 25-ը:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 15-ի N 1472-Ա

որոշման

    

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 1-ի N 1026-Ա

որոշման

       

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

   

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Թվայնացման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խորհրդի գործառույթները սահմանվում են սույն աշխատակարգով:

4. Խորհրդի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ աշխատանքային խմբի անհատական կազմը՝ փոխվարչապետի որոշմամբ:

  

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

5. Խորհրդի գործունեության նպատակն է պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական գերատեսչությունների աշխատանքների ներդաշնակեցումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագիրը։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց առաջ՝ թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը ներկայացվում են խորհրդի կարծիքին։

7. Խորհրդի խնդիրներն են՝

1) թվայնացման ոլորտի բարեփոխումներին վերաբերող ռազմավարական գերակայությունների և ուղղությունների, ծրագրի նախագծերի, փաստաթղթերի նախագծերի քննարկումը, ներդաշնակեցումը և կարծիքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) թվայնացման ոլորտին վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցումը.

3) թվայնացման ոլորտում ներգրավված միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ներդաշնակեցումը։

  

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

8. Խորհրդի գործառույթներն են՝

1) խորհրդի գործունեության հետ կապված առանձին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը.

2) խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ տեղեկանքների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) աշխատանքային խմբի գործունեության համակարգումը.

4) աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը և հաստատումը։

IV. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

   

9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է փոխվարչապետի գրասենյակին՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգողի գրասենյակի։

10. Քարտուղարության գործառույթներն են՝

1) գլխավոր տեղեկատվական համակարգողի համակարգման և ներդաշնակեցման գործառույթների իրականացմանն աջակցությունը.

2) խորհրդի աշխատանքների կազմակերպումը և սպասարկումը.

3) զարգացման գործընկերների հետ համագործակցության կազմակերպումը.

4) աշխատանքային խմբի աշխատանքների վերաբերյալ խորհրդին պարբերական հաշվետվողականության ապահովումը.

5) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

  

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարին առնվազն երկու անգամ:

12. Խորհրդի տարեկան նիստերից մեկը նվիրված է լինում միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի քննարկմանը։

13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

14. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:

15. Խորհրդի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։

17. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ խորհրդի կազմում չընդգրկված անդամները։

18. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պետական գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:

19. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերին մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել փորձագետներ:

20. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

21. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

22. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։

23. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:

24. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և աշխատանքային խմբի ղեկավարին:

25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են փոխվարչապետի գրասենյակում։

  

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  

26. Խորհրդի նախագահը՝

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

27. Խորհրդի անդամը՝

1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստին մասնակցում է խորհրդի անդամի կողմից մատնանշված այլ անձ.

2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:»:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան