Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1479
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/69(1522) Հոդ.898
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 հոկտեմբերի 2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 10-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2005 թվականի հուլիսի 8-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2005 թվականի օգոստոսի 13-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի սեպտեմբերի 3-ից:

Օրենքի՝ «Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումները» վերտառությամբ 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝

«Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում»:

Նույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետը սահմանում է՝

«Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը մերժվում է, եթե`

2) ներկայացված չեն օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.»:

Օրենքի ընդունումից հետո 13-րդ հոդվածը փոփոխվել և լրացվել է 21.02.2007 ՀՕ-72-Ն, 08.04.2010 ՀՕ-36-Ն, 08.12.2011 ՀՕ-332-Ն, 19.10.2016 ՀՕ-186-Ն, 21.12.2017 ՀՕ-281-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՎԴ/12584/05/18 գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենքի և այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումը

Դիմողը գտնում է, որ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 10-րդ մասի 2-րդ կետը, սահմանափակում են անձի սեփականության իրավունքը և, այնքանով, որքանով չեն տարանջատում վարչական ակտի հիման վրա կատարված գործարքները և չեն սահմանում դրանց չգրանցման հետևանքները, չեն բավարարում Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության պահանջներին:

Ըստ դիմողի՝ Օրենքի քննարկվող դրույթները վերաբերում են տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցմանը, մինչդեռ հանրային և մասնավոր իրավունքի ոլորտներում կնքված գործարքները տարբեր իրավական նախադրյալներ ունեն և առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ:

Դիմողը պնդում է, որ վարչական ակտի հիման վրա կնքված պայմանագիրն Օրենքով սահմանված ժամկետում պետական գրանցման չներկայացնելու դեպքում առաջանում է իրավական որոշակիությունից զուրկ վիճակ, երբ մի կողմից վարչական ակտի հիման վրա կնքված գործարքն առ ոչինչ է և ենթակա չէ պետական գրանցման, մյուս կողմից՝ վարչական ակտն ուժի մեջ է, և առկա է սեփականության իրավունքի հանդեպ իրավաչափ ակնկալիք (բացառությամբ պայմանով ակտերի):

Բացի դրանից, դիմողը նշում է, որ Օրենքի վիճարկվող դրույթները՝ սահմանելով իրավունքը պետական գրանցման ներկայացնելու 15-օրյա ժամկետ, չեն նախատեսում այն վերականգնելու որևէ հնարավորություն: Նման հնարավորություն սահմանված չէ նաև վարչական վարույթը կանոնակարգող ընդհանուր՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Դիմողի կարծիքով՝ ժամկետը բաց թողնելու դեպքում այն վերականգնելու հնարավորության բացակայությունը խախտում է «սեփականության իրավունքի անարգել իրագործման մարդկանց սահմանադրական իրավունքը»։

Ըստ դիմողի՝ թեև վարչական մարմնին դիմելու ժամկետն ապահովում է իրավական կանխատեսելիություն և իրավահարաբերությունների կայունություն ու հուսալիություն, այն չի կարող լինել անվերականգնելի: Օրենսդիրը վարչական մարմնին, իսկ դատական բողոքարկման դեպքում՝ նաև դատարաններին պետք է հնարավորություն տա վերականգնելու դիմելու ժամկետը, եթե այն բաց է թողնվել հարգելի պատճառներով:

Վերոգրյալի արդյունքում դիմողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցում առկա է հիմնավոր կասկած և խնդրում է որոշել դրանց համապատասխանությունը Սահմանադրության 60-րդ և 79-րդ հոդվածներին։

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերի դրույթների վերլուծության արդյունքում պնդում է, որ «….օրենսդիրը, հիմնվելով սեփականության և գույքային իրավունքների, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի, անձի լեգիտիմ ակնկալիքի ու կանխատեսելիության սկզբունքի վրա, սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթներով հստակ ամրագրել և կանոնակարգել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման, պետական հաշվառման և վերջիններիս սահմանափակումների վերաբերյալ իրավահարաբերությունները»:

Ըստ պատասխանողի՝ շարժական գույքի պետական գրանցման ներկայացնելու համապատասխան ընթացակարգերով, մասնավորապես՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված է շարժական գույքի պետական գրանցման ժամկետի երկարաձգման ինստիտուտը, ուստի վիճարկվող նորմերը թե' իրավական որոշակիության ու կանխատեսելիության, թե' իրավաչափ ակնկալիքի տեսանկյունից բացառում են սեփականության իրավունքի որևէ խախտման հնարավորություն:

Պատասխանողը գտնում է, որ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 10-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Դիմողը վիճարկվող դրույթների համատեքստում բարձրացնում է, ըստ էության, տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում այն վերականգնելու անհնարինության հարց, որին Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ սեփականության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրման, իրավունքի սահմանափակման համաչափության և որոշակիության սկզբունքների երաշխավորվածության, ինչպես նաև պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման համատեքստում (համապատասխանաբար՝ Սահմանադրության 60, 75, 78, 79 և 50-րդ հոդվածներ): Այդ առումով սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է պարզել.

- արդյո՞ք տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը պետական գրանցման ներկայացնելու ժամկետային սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ և արդյո՞ք այն խոչընդոտում է անձի սեփականության իրավունքի իրագործմանը։

- արդյո՞ք տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու դեպքում, առանց այդ ժամկետի վերականգնման հնարավորության, գործարքն անվավեր ճանաչելը համաչափ է հետապնդվող նպատակին։

- արդյո՞ք գործող իրավակարգավորումների պայմաններում հնարավոր է ապահովել այն անձանց սեփականության իրավունքի իրագործումը, ովքեր օրենքով սահմանված ժամկետը բաց են թողել հարգելի պատճառներով՝ անկախ իրենց կամքից։

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Օրենքի վիճարկվող իրավադրույթները փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք), «Հրապարակային սակարկությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան դրույթների հետ, ուստի դրանց սահմանադրականությունը հարկ է դիտարկել վերջիններիս հաշվառմամբ:

Օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը և դրանց գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:

Համաձայն Օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` Օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում, իսկ պետական գրանցման կարգը և գրանցումից հրաժարվելու հիմքերը սահմանվում են օրենքով:

Ըստ Օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ շարժական գույք են նաև տրանսպորտային միջոցները:

Տրանսպորտային միջոցների պետական գրանցման, պետական հաշվառման և սահմանափակումներին առնչվող հարցերին է նվիրված Օրենքի 13-րդ հոդվածը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի՝ ճանապարհային ոստիկանությունում կողմերի գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում պետական գրանցման պահանջ, իսկ տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումը պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկությունն է, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը՝ կատարողական թերթին համապատասխան, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք: Նույն հոդվածի 6-րդ մասը նախատեսում է դրույթ, համաձայն որի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:

Նշված օրենքի 35.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Հոդվածի 7-րդ մասն ամրագրում է դրույթ ըստ որի՝ հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր, իսկ 8-րդ մասի համապատասխան՝ լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:

Սույն գործի նախապատմությունը վկայում է այն մասին, որ կատարողական վարույթի շրջանակներում տեղի ունեցած աճուրդի արդյունքում անձը հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել ավտոմեքենա: Նշված պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ավտոմեքենայի գնորդը խախտել է սահմանված ժամկետում տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանություն պետական գրանցման ներկայացնելու պահանջը:

Սույն գործով` քաղաքացիական իրավունքի տեսանկյունից (Օրենսգրքի 176-րդ հոդված), քաղաքացին սեփականության իրավունք ձեռք չի բերել, քանզի տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ենթակա էր գրանցման, բայց չի գրանցվել: Այնուհանդերձ, առկա է վարչական ակտ, որի հիման վրա ձեռք է բերվել տրանսպորտային միջոցը:

Սահմանադրության, ինչպես և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) առումով, սեփականության իրավունքն ինքնավար հասկացություն է։ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականություն է ինչպես օրինական հիմքով ձեռք բերվածը, այնպես էլ` իրավաչափ ակնկալիքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքից հետևում է, որ «սեփականություն» եզրույթը նշանակում է ոչ միայն «գոյություն ունեցող գույքը», այլև այն գույքը (իրավունքներն ու շահերը), որոնց նկատմամբ դիմումատուն առնվազն ողջամիտ կամ իրավաչափ սպասումներ կարող է դրսևորել (Van der Mussele v. Belgium, judgment of 23 November 1983, Series A no. 70, p. 23, para. 48; Pine Valley Developments LTD and Others v. Ireland, judgment of 29 November 1991, Series A no. 222, p. 23, § 51, and Pressos Compania Naviera S.A. and Others v. Belgium, judgment of 20 November 1995, Series A no. 332, p. 21, para. 31):

Իրավաչափ ակնկալիքի առումով ՄԻԵԴ-ը գտել է, որ այն հիմնովին արդարացված է իրավական ակտի առկայությամբ (Kopecky v. Slovakia, no. 44912/98, § 47, ECHR 2004-IX): Սույն գործով տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել օրինական հիմքով՝ վարչական մարմնի կողմից անցկացված աճուրդի արդյունքում կազմված արձանագրության հիման վրա, ինչը հիմնովին արդարացնում է քաղաքացու իրավաչափ ակնկալիքը։

4.2. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումները բավարար չափով որոշակի են. անձի համար լիովին կանխատեսելի են իր կողմից դրսևորվելիք վարքագծի հետևանքները, ուստի շահագրգիռ անձը պետք է ինքնուրույն նախաձեռնի բոլոր այն գործողությունները և կատարի այն պահանջները, որոնք անհրաժեշտ են իրավունքի պետական գրանցման գործընթացն ավարտին հասցնելու համար:

Ըստ ՄԻԵԴ-ի` «Սեփականության պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, և որոշակի պայմանների առկայության դեպքում, պետություններին վերապահված է սեփականության իրավունքին միջամտության հնարավորություն, այդ թվում նաև` սեփականությունից զրկելու հնարավորություն: Սեփականության իրավունքին միջամտությունը կարող է համատեղելի լինել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունում ամրագրված ընդհանուր նորմի հետ, միայն եթե ապահովված է «արդարացի հավասարակշռություն» հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: «Արդարացի հավասարակշռությունն» ապահովված է «միայն, երբ հաստատվում է, որ տվյալ միջամտությունը բավարարում է օրինականության պահանջը և կամայական չէ» (Iatridis v. Greece [GC], 25.03.1999; app. no. 31107/96, para. 58):

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՄԻԵԴ-ն արդարացի հավասարակշռության առկայության հարցը քննարկելիս պարզում է թե հասարակական շահից բխող ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում այդ միջոցառման կիրառումը: Սեփականության իրավունքին ցանկացած միջամտություն պետք է լինի «պատշաճ` իր նպատակին հասնելու համար և համարժեք այդ նպատակին»: Համամասնության ողջամիտ հարաբերակցությունը բացակայում է, սեփականության իրավունքի պաշտպանության և ընդհանուր շահի պահանջների միջև անհրաժեշտ հավասարակշռությունը խախտվում է ի վնաս անհատի իրավունքների պաշտպանության, եթե սեփականության իրավունքը սահմանափակող միջոցառման կիրառման արդյունքում տվյալ անձն ստիպված է կրել «անհատական և չափից ավելի ծանր բեռ» (J.A. Pye (Oxford) Land LTD v. UK, G.C. 30/08/2007; app. No 44302/02 ):

Պետությունը կարող է սեփականության նկատմամբ վերահսկողություն իրականացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձին պարտավորեցնելով կատարել որոշակի գործողություններ: ՄԻԵԴ-ն այդպիսի թույլատրելի սահմանափակում է դիտարկել ավտոմեքենաների գրանցման պահանջը (Yaroslavtsev v. Russia, judgment 02/12/2004, app. no. 42138/02, Sildedzis v. Poland, judgment 24/05/2005, no. 45214/99)։

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացումն ունի իր առանձնահատկությունները, քանի որ այն վերաբերում է այնպիսի գույքի, որն առավել վտանգի աղբյուր է և շահագործման ընթացքում կարող է վտանգի ենթարկել մարդկանց կյանքը և առողջությունը: Այդ իսկ պատճառով անձի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի օգտագործումն առկախված է ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցումից և հաշվառումից:

4.3. Սահմանադրական դատարանի 19.03.2019 թ. ՍԴՈ-1448 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ՝ «….անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պարտականություն սահմանելով և պետական գրանցման ենթակա իրավունքների ծագումն այդպիսի գրանցմամբ պայմանավորելով ու գրանցման ժամկետ սահմանելով, օրենսդիրն ունեցել է իրավաչափ նպատակ» վերաբերում է նաև շարժական գույքի՝ մասնավորապես, տրանսպորտային միջոցների հետ կատարվող գործարքներին: Տվյալ դեպքում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ուղղված է հատկապես տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացման և պաշտպանության անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը:

Ելնելով տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ինստիտուտի իրավական բովանդակությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման, դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև գրանցումն օրենքով սահմանված որոշակի ժամկետում կատարելու պահանջները հետապնդում են իրավաչափ նպատակ: Դրանք ուղղված են տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող անձի որոշակիացմանը՝ ապահովելով, ի թիվս այլնի, գույքային իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը:

Սահմանելով տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պարտադիր պահանջ` օրենսդիրը նախատեսել է նաև այդ գործարքներից ծագող իրավունքների գրանցման պահանջը չկատարելու իրավական հետևանքները: Մասնավորապես, Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերությանը (նման գործարքն առոչինչ է), որպիսի դրույթը, սակայն, դիմողի կողմից չի վիճարկվել:

Իրավաչափ նպատակ հետապնդելով հանդերձ` իրավակարգավորումը պետք է համահունչ լինի Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Վիճարկվող դրույթները պիտանի միջոց են վերը նշված նպատակին հասնելու համար և համարժեք լինելով սեփականության իրավունքի նշանակությանը՝ նվազագույնն են միջամտում անձի սեփականության իրավունքին։

4.4. Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Վարչական մարմնի կողմից գործի արդարացի քննությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ անձը չպետք է զրկվի իր իրավունքից այն դեպքերում, երբ օրենքի ձևական պահանջը չի կատարվել իրենից անկախ պատճառներով:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1448 որոշմամբ քննության առնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համանման կարգավորումների սահմանադրականությունը՝ անդրադարձել է նաև վարչական ակտերի հիման վրա գույքի օտարմանը և գտնելով, որ պետության պարտականությունն է սահմանել սեփականության օտարման այնպիսի արդյունավետ կառուցակարգեր և կարգավորումներ, որոնք նվազագույնս կծանրաբեռնեն գույքը ձեռքբերողներին՝ կապված գործարքների կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ, նշել է, որ վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքի ամրագրումը կարող է իրականացվել «….գործառույթների համատեղման եղանակով, երբ մեկ մարմինը կստանձնի անձին վարչական ակտի տրամադրմանն ուղղված բոլոր գործողությունների կատարումը»,1 որպիսի դիրքորոշումը վերահաստատում է սույն որոշմամբ: 

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման համար սահմանված ժամկետում օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքերում բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն Օրենքով նախատեսված չէ։

Սույն գործով վիճարկվող դրույթները փոխկապակցված են ՍԴՈ-1448 որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենսդրական կարգավորումների հետ, որոնց ուժով պետական գրանցման համար դիմելու ժամկետային սահմանափակման հիմքով անձի սեփականության իրավունքը չէր գրանցվում և չէր ճանաչվում պետության կողմից: Սակայն, ի տարբերություն անշարժ գույքի գրանցման վերաբերյալ իրավակարգավորումների, որոնց դեպքում ժամկետը բաց թողնելը սահմանված էր որպես գրանցումը մերժելու ուղղակի հիմք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մաս և 30-րդ հոդվածի 1-ին մաս), այսինքն՝ առկա էր ժամկետն անգամ հարգելի, անձի կամքից անկախ պատճառով բաց թողնելու դեպքում գործարքի գրանցումն արգելող նորմ, սույն գործով վիճարկվող դրույթները տրանսպորտային միջոցին առնչվող գործարքի գրանցման համար նման ուղղակի արգելք չեն սահմանում և իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան՝ անձի սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար, հարգելի պատճառների առկայության դեպքում բաց թողնված ժամկետը կարող է վերականգնվել:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքներից ծագող սեփականության իրավունքը՝ գործարքը ստորագրելու օրվանից՝ 15-օրյա ժամկետում գրանցման ներկայացնելու մասով, համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, որ անձի սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցի պետական գրանցման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնված լինելու դեպքում ենթակա է վերականգնման:

2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

______________

1 Սահմանադրական դատարանի 2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1448 որոշում:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

1 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1479

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան