Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-181
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.1995-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/4(1008)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
09.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության տրանսպորտային ուղիների տևական ու ամբողջական շրջափակման, դրանով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի աննախադեպ սրման հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, տեղական իշխանության գործադիր մարմինների, էներգահամակարգի, սննդարդյունաբերության և բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը կազմակերպել արտակարգ իրավիճակին համապատասխան` սահմանելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և խստացված վերահսկողություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

անհապաղ միջոցներ ձեռնարկել հանրապետություն մուտք գործող գազի չափաքանակները միջպետական պայմանագրերով սահմանված մակարդակին հասցնելու և մազութի լրացուցիչ պաշարներ ներկրելու ուղղությամբ.

եռօրյա ժամկետում մշակել գործողությունների հստակ ծրագիր` էներգահամակարգը միայն ներքին հնարավորություններով աշխատելու պայմաններում հանրապետությունում իրավիճակի կառավարման և բնակչության կենսագործունեության ապահովման խնդիրները լուծելու նպատակով.

նման ռեժիմի հնարավոր անցման պայմաններում, յուրաքանչյուր շրջանի ու քաղաքի առանձնահատկությունից ելնելով, հատկացնել պատգամավորների տեղական խորհուրդների, գործադիր կոմիտեների, օպերատիվ կառավարման տարածքային շտաբների անելիքները, սահմանել օպերատիվ որոշումների կայացման, աշխատանքների փոխհամաձայնեցված իրականացման կարգը.

էներգասպառման բոլոր օբյեկտներում ապահովել խնայողության խստագույն ռեժիմը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գրաֆիկների պարտադիր կատարումը.

կենսապահովման օբյեկտների պահպանության հատուկ ռեժիմը առաջին հերթին տարածել ալրաղաց կոմբինատների, հացի գործարանների, էլեկտրակայանների, էլեկտրասպասարկման կազմակերպությունների, նավթամթերքների պահեստարանների, երկաթուղով, օդային և ավտոմոբիլային տրանսպորտով նավթամթերքների փոխադրումների, ջրամատակարարման ցանցերի, առողջապահական օբյեկտների վրա.

պահպանության հատուկ ռեժիմ իրականացնելու նպատակով կենսապահովման օբյեկտներում կազմակերպել պետական կառավարման համապատասխան մարմնի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության պետական վարչության պատասխանատու աշխատողների շուրջօրյա հերթապահություն: Այս աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վ. Սիրադեղյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վերանայել և համալրել բնակչության կենսագործունեության և տնտեսության կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կազմը: Շտաբի գործունեության ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա: Շտաբի կողմից ձեռնարկվող միջոցառումները ոչ ուշ, քան շաբաթը մեկ անգամ, քննության առնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդում:

(3-րդ կետը խմբ. 14.04.95 ՆՀ-431)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ձմռան ամիսներին հանրապետության ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու, սահմանամերձ շրջանների ազգաբնակչության առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու և համապատասխան ռեզերվներ ստեղծելու ուղղությամբ: Հատուկ քննության առնել և ապահովել հանրապետության պաշտպանական համակարգի անխափան ու հուսալի գործունեությունը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության ուժերով` Երևան քաղաքում, իսկ հանրապետական ենթակայության մյուս քաղաքներում ու շրջկենտրոններում` միայն իրավապահ մարմինների ուժերով, մտցնել գիշերային պարեկություն` ուժեղացնելով հսկողությունը ազգաբնակչության անվտանգության ապահովման և քաղաքացիների պետական ունեցվածքի հուսալի պահպանության ուղղությամբ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ հնգօրյա ժամկետում, ճշտել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ազգաբնակչության ցանկը և հատուկ միջոցառումներ մշակել ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության այդ խավին աջակցելու համար: Հատուկ միջոցառումներ ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը լրացուցիչ հումանիտար օգնություն ցույց տալու ուղղությամբ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ անհապաղ մշակել և իրականացնել միջոցառումներ քաղաքի սանիտարական վիճակը լրջորեն բարելավելու, այդ գործի նկատմամբ պատշաճ պատասխանատվություն ապահովելու ուղղությամբ:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել հսկողությունը ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում էլեկտրաէներգիայի, նավթամթերքների և հացամթերքների մատակարարման ոլորտում տեղ գտած չարաշահումների և իրավախախտումների կանխման և սույն հրամանագրով նախատեսվող միջոցառումների իրականացման ընթացքում օրինականության պահպանման նկատմամբ:

9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

9 դեկտեմբերի 1992 թ.

ՆՀ-181

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆՀ-226-Ն 09.04.2018, ՆՀ-181
14.04.1995, ՆՀ-431 14.04.1995, ՆՀ-181
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան