Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.05.15/14(617) Հոդ.606.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 457-Ն

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ստեղծել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա կազմն ու գործունեության կարգը.

2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ պակաս, քան 11 անդամ՝ հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների հեղինակավոր մասնագետների.

3) ապահովել հանձնաժողովի գործունեության կարգի, ինչպես նաև դրանում կատարվող հետագա փոփոխությունների և լրացումների համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

4) ապահովել հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի, հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում՝ դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 03.10.19 N 1363-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 457-Ն որոշման

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:

(2-րդ կետը փոփ. 03.10.19 N 1363-Ն)

3. Սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում քաղաքացու գործունեությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների առնվազն երկու հեղինակավոր գործիչների (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ) երաշխավորագրեր, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված մրցույթների, մրցանակաբաշխությունների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետում նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ են վերադարձվում դիմումատուին՝ նշելով դիմումը հետ վերադարձնելու հիմքը: Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 03.10.19 N 1363-Ն)

4. Սույն կարգի համաձայն ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում՝ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև մայիսի 15-ը) ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան տվյալ տարվա մայիսի 15-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 25-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում են, հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև նիստն սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար՝ նշելով դիմումի մերժման հիմքերը: Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Հանձնաժողովի եզրակացությունների ձևերը սահմանվում են հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ քաղաքացին կարող է առարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 08.06.18 N 635-Ն, 03.10.19 N 1363-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության կարող են դրվել ոչ ուշ, քան տվյալ տարվա հունիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հուլիսի 10-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նախատեսված՝ համապատասխան մրցույթները, մրցանակաբաշխությունները, փառատոները, ցուցահանդեսները, համերգները տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 6-րդ կետում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցելու օրվանից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:

(5-րդ կետը լրաց. 08.06.18 N 635-Ն, փոփ. 03.10.19 N 1363-Ն)

 

II. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.

3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

7. Սույն կարգի 6-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

(7-րդ կետը լրաց. 03.10.19 N 1363-Ն)

8. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները, բացառությամբ մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ունենալու պայմանի:

(հավելվածը փոփ., լրաց. 08.06.18 N 635-Ն, փոփ., լրաց. 03.10.19 N 1363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2019, N 1363-Ն 12.10.2019, N 457-Ն
08.06.2018, N 635-Ն 14.06.2018, N 457-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան