ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 241-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 241-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները:
2. Մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչներն են`
1) տարածքում կրողները ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ.
2) տարածքն ավանդական բնօգտագործման վառ օրինակ է.
3) տարածքում առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ, որոնք ժողովրդական պատմականորեն ձևավորված ընկալումների արդյունքում ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն.
4) տարածքը հանդիսանում է պատմության, մշակույթի և բնության հուշարձանների բացառիկ միաձուլում, ինչի արդյունքում ձեռք է բերել գիտական, մշակութային, զբոսաշրջային նշանակություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 241-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Տարածքի անվանումը, գտնվելու վայրը |
Մշակութային բնութագիրը (նկարագրությունը) |
Տարածքի նկարագիրը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Արենի, գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում |
Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերն ու խաղողի մնացորդները, ինչպես նաև այն, որ տեղի բնակչությունը շարունակում է զբաղվել գինեգործությամբ, հիմք են տալիս Արենին դիտարկել որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք: Հայտնաբերված գինու արտադրամասն աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին գինեգործարանն է, թվագրվում է Ք. ա. 4000 թթ. սահմաններում: Գյուղում գինեգործությունն այսօր էլ ոչ նյութական մշակութային ժառանգության գերիշխող բնագավառ է, որը ոչ միայն կենսունակ է, այլև զարգացման միտումներ է դրսևորում: Արենիում ստեղծվել են յուրատեսակ գինեգործական տնտեսություններ` տնական և գործարանային: Գինեգործության գործում ներգրավված է գյուղի ամբողջ բնակչությունը: Գինին պատրաստում են բացառապես խաղողի «Արենի» տեսակից, որի ողկույզն արտաքինից նման է ոչխարի գլխի: Քաղցրությունը (սպիրտի) 19-23 տոկոս է: Հատկապես միջազգային ճանաչում են ձեռք բերել Արենի գինու նոր տեսակները` «Արենի Մառանը» և «Արենի Գեդեոնը»: Գյուղում գործում է նաև երկու գինու գործարան: |
Արենի գյուղը (վարչական տարածք) 980 մ բարձր է ծովի մակարդակից: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի |
2. |
Գյումրի, քաղաք |
Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները` մետաղամշակությունը` ներառյալ գեղարվեստական, փայտամշակությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը, միակն է, որտեղ մինչ այսօր կիրառվում է պղնձագործությունը: Հատկապես մեծ համբավ է ձեռք բերել մուշարբայագործությունը (կլկլան բաժակի պատրաստումը): Մուշուրբան կամ «կլկլանն» այսօր Գյումրու խորհրդանիշներից մեկն է: Պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակի ձայնային էֆեկտի` կլկլոցի գաղտնիքը հայտնի է միայն գյումրեցի վարպետներին: Արհեստագործության ներկա վիճակը և դրանցից շատերի ցուցաբերած զարգացման միտումները հիմք են Գյումրին որպես ավանդական արհեստագործության տարածք դիտարկելու համար: Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվում էր Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմում էր ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն: Հատկապես արվեստի մակարդակի էր բարձրացված գեղարվեստական մետաղամշակությունն ու քարի փորագրությունը: Գործում էին գարեջրի, օճառի և կաշվի ձեռնարկություններ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ արհեստագործների մեծ մասը շարունակում էր զբաղվել իր գործով: Սա բխում էր արհեստների մեծ մասի բնույթից, քանի որ դրանց համար արհեստանոցի առկայությունն անհրաժեշտություն չէր (ի սկզբանե շրջիկ արհեստներ էին): Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի հարուստ մնացորդներով և այլ արժեքավոր նյութերով: Գտնվել են բրոնզե իրեր (Ք. ա. 3-րդ հազարամյակ), երկաթե ապարանջաններ և դանակներ Ներկայումս Գյումրի քաղաքի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 1023 հուշարձաններ` XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային և այլ նշանակության շենքեր ու շինություններ: |
Գյումրին (բնակավայր) մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում։ Ըստ 2001 թ. անցկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների` քաղաքում մշտական բնակչության թիվը կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչության թիվը` 140.318: |
3. |
Մեղրի քաղաք, Մեղրի համայնք, |
Չրագործությունն ավանդաբար եղել և շարունակում է մնալ Մեղրու տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական բնագավառը, որը գնալով զարգացման նոր միտումներ է դրսևորում: Մերձարևադարձային չոր կլիմայի և աշխարհագրական դիրքի, ինչպես նաև բնակչության սերնդեսերունդ փոխանցված ժողովրդական հմտության շնորհիվ՝ Մեղրիում աճող բազմատեսակ մրգերն առանձնանում են յուրահատուկ համային հատկանիշներով: Դրանցից պատրաստվող չրերը, հատկապես թուզն ու արքայանարինջը, վերամշակումից հետո պատվում են մրգի քաղցրությունից առաջացած բնական շղարշով: Յուրահատուկ համի ու շուկայական տեսքի շնորհիվ՝ Մեղրիում պատրաստված չրերն ամենուրեք մեծ պահանջարկ ունեն: Չրագործությունը եղել ու մնում է Մեղրու բնակիչների ավանդական զբաղմունքներից: Դրանով զբաղվում է տնտեսությունների մեծ մասը: Աշնանը արքայանարնջի 2-3 մետրանոց շարանները վարագույրի նման կախվում են գրեթե բոլոր մեղրեցիների բակերում, իսկ մյուս բոլոր մրգերը չորացվում են ուռենուց հյուսված խսիրների վրա: Արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, հավելումներից զերծ: Չրերը և բազմատեսակ անուշեղենը՝ ալանին, սուջուխը, մուրաբաները եղել են մեղրեցու ավանդական ուտեստի անբաժանելի մասը: Սպառողների շրջանում մեծ պահանջարկ ունեն 1930 թ. գործող Մեղրու պահածոների և 1955 թ. գործող գինու գործարանների արտադրանքները: Տասնամյակներ առաջ ոսկե մեդալի արժանացած «Արևիք», «Մեղրաձոր», «Նեկտարենի» խաղողի գինիներին վերջին տարիներին ավելացել են նռան, մոշի, մուշմուլայի տեսականիները: |
Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրին երկու կողմից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, իսկ մեկ կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը, որից բաժանվում է Արաքս գետով: Մեղրի համայնքը զբաղեցնում է 664 քառ. մ. տարածք, որն իր մեջ ընդգրկում է բնակլիմայական վեց հիմնական գոտիներ՝ անապատ, կիսաանապատայինից մինչև լեռնաձնային տարածքներ՝ ծովի մակերևույթից 320-ից մինչև 3735 մ բարձրություն: Մեղրի համայնքում են գտնվում Մեղրի և Ագարակ քաղաքները և 11 գյուղական բնակավայրեր: Հնամենի Մեղրի քաղաքը բաղկացած է 2 թաղից՝ Մեծ թաղ և Փոքր թաղ: Վերջինս հարուստ է ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող ժողովրդական տներով: Մեղրու տները հիմնականում կառուցվել են լեռների ստորոտներում՝ խնայելով բարեբեր հողը: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, մի մասը ընդգրկված է հանքարդյունաբերության ոլորտում: Մեղրիով է անցնում Իրան-Հայաստան ավտոմայրուղին: |
4. |
Աշնակ գյուղ, ՀՀ Արագածոտնի մարզ |
Պատմական Աշնակ գյուղը եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի խոշոր բնակավայրերից (նախկինում՝ նույնպես Աշնակ): Աշնակի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին: Պատմիչ Եղիշեն հիշատակում է, որ այն եղել է մեծ բնակավայր, արքունի ձմեռանոց և զորակայան: Գյուղում կա 4-5-րդ դարերի եկեղեցի, որը նորոգվել է վերջին տարիներին: Գյուղից հարավ գտնվում է մ. թ. ա. 2-1 հազարամյակի ամրոցը: Գյուղի տարածքում պահպանվել են հայոց Արշակ 2-րդ արքայի ամրոց-ամառանոցի բեկորները և բազմաթիվ այլ հնավայրեր: Աշնակում հայտնաբերվել են վաղ քարեդարյան գործիքներ, որոնք հնագետների կարծիքով շուրջ 15-17 հազար տարեկան են: |
Աշնակ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1420 մ բարձրության վրա՝ Արագած լեռան ստորոտին, մայրաքաղաքից մոտ 60 կմ հեռու: 2016 թ. տվյալներով Աշնակն ունի շուրջ 3000 բնակիչ: Աշնակում են ծնվել մշակույթի և պետական շատ գործիչներ, գիտնականներ, գրողներ: Գյուղն ունի շուրջ 4000 հա հողատարածք, որից 400-ը վարելահող է, 120 հեկտարը՝ տնամերձ, իսկ մնացածը՝ արոտավայրեր: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ: Աշնակի տնտեսության հեռանկարային ու գերակա ճյուղը ծիրանի մշակությունն է: Գյուղը բարեկարգ է, գազաֆիկացված, ունի ոռոգման և խմելու ջրի նորոգված ցանց: |
5. |
Քաղաք Գորիս, ՀՀ Սյունիքի մարզ |
Գորիսի հին անվանումներից են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքում ընկած են հնդեվրոպական նախալեզվի «գուոռ»՝ «ժայռ» և «էս»՝ «լինել» բառերը, այսինքն՝ Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղանք: Քաղաքի տեղում հնագույն ժամանակներից բնակավայր է եղել: Գորիսի մասին հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական թագավորության ժամանակաշրջանից: Ռուսա I թագավորը մ. թ. ա. 8-րդ դարում թողել է մի սեպագիր, որտեղ իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես II թագավորի (189-160 մ. թ. ա.) արամեերեն արձանագրության սահմանաքար: |
Գորիս քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1250-1520 մ բարձրության վրա։ Նոր Գորիս քաղաքը կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին գերմանացի ճարտարապետի նախագծով՝ գավառապետ, գեներալ Ստարացկու հանձնարարությամբ: Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք, որը տեղացիներն անվանում են «Լաստի Խութ»: Քաղաքը հյուսիսից հարավ հատում է Վարարակն գետը: Գետահովտի աջակողմյան հատվածում բարձրանում է «Քարե անտառը», որը գտնվում է անտառապատ հովտում և շրջապատված է քարայրների շարքերով։ Տարածքում առանձնահատուկ են քարանձավները, որոնցում ներկայում իրականացվող մշակութային փոխակերպումները նպաստավոր խթան են մշակութային զբոսաշրջության զարգացման համար: |
6. |
Խաչիկ գյուղ, ՀՀ Վայոց ձորի մարզ |
Խաչիկ գյուղը Վայոց ձորում առանձնանում է գյուղի ավանդական տնտեսական զբաղմունքների պահպանվածությամբ: Միակ գյուղն է ողջ տարածաշրջանում և շատ եզակիներից ամբողջ Հայաստանում, որտեղ դեռևս կարելի է հանդիպել ճախարակով թել մանելուց մինչև գորգ գործելու տեխնոլոգիական ողջ շղթայի իրականացմանը: Խաչիկցի Սոնա Մակարյանը այսօր էլ իր տանը պահպանում և բանեցնում է ավանդական սանդերքը, ճախարակը, գորգագործական տորքը և մնացած բոլոր անհրաժեշտ գործիքները: Գյուղում պահպանված են նաև ավանդական հայկական գլխատան նմուշներ, որոնք նույնպես հազվադեպ հանդիպող մշակութային արժեքներ են ողջ Հայաստանի տարածքում: Կենցաղավարում են ավանդական երգային և նվագարանային մշակույթի տարբեր ժանրեր՝ աշխատանքային երգեր, օրորներ, տոնական ծիսական երգեր և այլն: Պահպանվել է նաև թոնրում ավանդական եղանակով գաթա թխելու սովորույթը: Գյուղը հայտնի է իր գաթայի փառատոնով, որը նշվում է որպես համահայկական միջոցառում, որի ժամանակ թխվում և ներկաներին է մատուցվում Հայաստանի ամենամեծ գաթան (տրամագիծը շուրջ 2 մետր): Գյուղում պահպանվել են նաև ավանդական հայկական գինեգործության, մրգօղիների պատրաստման, մեղվապահության, այգեգործության, պանրագործության ավանդույթները: |
Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 40 կմ դեպի արևմուտք, ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա գտնվող բարձր լեռնային գոտում: Հարավ-արևելքից և արևմուտքից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջևանին: |
7. |
Վերին Դվին գյուղ, ՀՀ Արարատի մարզ |
Արարատի մարզում գտնվող Վերին Դվին գյուղը մոտ 200 տարվա պատմություն ունի: Այն հիմնադրվել է 1831 թ.` Ռուսաստանի և Իրանի միջև 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկահայքի Խոյ քաղաքից Արևելյան Հայաստան ներգաղթած ասորի բնակչության կողմից: Վերին Դվին գյուղում այժմ ապրում է 2000 ասորի և շուրջ 700 հայ: Շատ են խառն ամուսնությունները: Գյուղի դպրոցում, ընտանիքներում և բնակավայրի ներսում գործող լեզուն գլխավորապես ասորերենն է: |
Վերին Դվինը գտնվում է Արարատ մարզկենտրոնից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից` 925 մ: Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվում է հայկական հինավուրց մայրաքաղաք Դվինի մոտ, ոչ հեռու հայաբնակ Ներքին Դվին գյուղից: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակույթների մշակությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղում մշակվող ամենահայտնի բանջարեղենը լոլիկն է, որին հատկացվում է 300 հեկտարից ավելի տարածք: Վերին Դվինում աճեցված լոլիկը հայտնի է իր որակով, որը գնելու համար հարևան հանրապետությունից՝ Վրաստանից Վերին Դվին են հասնում։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |