ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունվարի 2020 թ. |
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 26-ին Երևանում` հանցագործության կանխման գործում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև արդյունավետ համագործակցությունը խթանելու նպատակով` հիմնված ինքնիշխանության, հավասարության, փոխադարձ հարգման և շահի վրա:
2. Պայմանագրի 1-ին հոդվածով Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է Հայցող Կողմի պահանջով մյուս Կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերված և Հայցող Կողմի կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու կամ նշանակված պատիժն ի կատար ածելու նպատակով:
3. Պայմանագրի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք երկու Կողմերի օրենքներով, և եթե առկա է նույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պայմաններից որևէ մեկը:
4. Պայմանագրով, միաժամանակ, նախատեսված են հանձնման մերժման պարտադիր հիմքերը (հոդվ. 3), հանձնման մերժման հայեցողական հիմքերը (հոդվ. 4), Կողմերից յուրաքանչյուրի կողմից իր քաղաքացիների հանձնումը մերժելը (հոդվ. 5):
5. Հայաստանի Հանրապետությունը Պայմանագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) որպես Հայցվող Կողմ, հանձնման մասին հարցումը բավարարել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք հայկական և չինական կողմերի օրենքներով, և եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը. հանձնման մասին հարցումը կատարվել է այնպիսի հանցանքի համար քրեական վարույթ իրականացնելու նպատակով, որը երկու կողմերի օրենքներով պատժելի է ազատազրկմամբ նվազագույնը մեկ տարի ժամկետով կամ ցանկացած ավելի խիստ պատժով, կամ հանձնման մասին հարցումը կատարվել է ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածելու նպատակով, եթե պատժի մնացած ժամկետը, որը հետախուզման մեջ գտնվող անձը պետք է կրի, հանձնման մասին հարցում ներկայացնելու պահին առնվազն վեց ամիս է (հոդվ. 2, կետ 1),
բ) իր հայեցողությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանձնումը մերժելիս, որպես Հայցվող Կողմ, չինական կողմի պահանջով գործը հանձնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ այդ անձի դեմ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, քրեական վարույթ հարուցելու նպատակով, իսկ նույն հանգամանքներում, սակայն, արդեն որպես Հայցող Կողմ, չինական կողմին տրամադրել գործին առնչվող փաստաթղթերն ու ապացույցները (հոդվ. 5, կետ 2),
գ) որպես Հայցվող Կողմ՝ անհապաղ տեղեկացնել Հայցող Կողմին հարցման ընթացքի արդյունքների մասին, իսկ հետախուզման մեջ գտնվող անձի կալանավորումից հետո երեսնօրյա ժամկետում Հայցող Կողմից հանձնման մասին պաշտոնական հարցում չստանալու դեպքում ժամանակավոր կալանավորումը դադարեցնել (հոդվ. 10, կետեր 3 և 4),
դ) որպես Հայցվող Կողմ՝ հանձնման մասին հարցումը քննարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան և իր որոշման մասին անհապաղ տեղեկացնել Հայցող Կողմին։ Միաժամանակ, հանձնման մասին հարցումը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու դեպքում մերժման պատճառների մասին ծանուցել Հայցող Կողմին (հոդվ. 11),
ե) որպես Հայցվող Կողմ՝ հանձնման հարցումը բավարարելու դեպքում, առանց անհարկի ուշացման, Հայցող Կողմի հետ պայմանավորվել հանձնումն իրականացնելու ժամանակի, տեղի և հանձնմանն առնչվող այլ համապատասխան հարցերի մասին։ Միևնույն ժամանակ տեղեկացնել Հայցող Կողմին, թե նախքան հանձնումը հանձնման ենթակա անձը որքան ժամանակ է պահվել կալանքի տակ ( հոդվ. 12, կետ 1),
զ) որպես Հայցվող Կողմ՝ հանձնման ենթակա անձին անհապաղ ազատել, եթե Հայցող Կողմը հանձնումն իրականացնելու համար պայմանավորված ժամկետից հետո՝ տասնհինգ օրվա ընթացքում, չի տեղափոխում հանձնման ենթակա անձին (հոդվ. 12, կետ 2),
է) մի քանի պետություններից ստացված հանձնման մասին հարցումների առկայության դեպքում ապահովել Պայմանագրի 15-րդ հոդվածի դրույթների կատարումը,
ը) որպես Հայցող Կողմ՝ Պայմանագրի դրույթներին համապատասխան հանձնված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում չիրականացնել կամ պատիժն ի կատար չածել մինչև նրան հանձնելն այդ անձի կողմից կատարված այն հանցանքի համար, որով հանձնելու հարցում չի ներկայացվել, ինչպես նաև այդ անձին չհանձնել որևէ երրորդ պետության, եթե միայն Հայցվող Կողմը նախապես չի տվել իր համաձայնությունը, կամ երբ այդ անձը երեսուն օրվա ընթացքում չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից դրա հնարավորությունը ունենալուց հետո, կամ երբ հեռանալուց հետո այդ անձն ինքնակամ չի վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածք (հոդվ. 16) և այլն:
6. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության բարելավմանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից
Նախագահող` |
Հ. Թովմասյան |
21 հունվարի 2020 թվականի ՍԴՈ-1500 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|