Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.25/74(1527) Հոդ.901
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1302-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» N 241-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել 3-7-րդ կետերով.

«

3.

Մեղրի քաղաք, Մեղրի համայնք,
ՀՀ Սյունիքի մարզ, նախկին անվանումը՝ Արևիք գավառ

Չրագործությունն ավանդաբար եղել և շարունակում է մնալ Մեղրու տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական բնագավառը, որը գնալով զարգացման նոր միտումներ է դրսևորում: Մերձարևադարձային չոր կլիմայի և աշխարհագրական դիրքի, ինչպես նաև բնակչության սերնդեսերունդ փոխանցված ժողովրդական հմտության շնորհիվ՝ Մեղրիում աճող բազմատեսակ մրգերն առանձնանում են յուրահատուկ համային հատկանիշներով: Դրանցից պատրաստվող չրերը, հատկապես թուզն ու արքայանարինջը, վերամշակումից հետո պատվում են մրգի քաղցրությունից առաջացած բնական շղարշով: Յուրահատուկ համի ու շուկայական տեսքի շնորհիվ՝ Մեղրիում պատրաստված չրերն ամենուրեք մեծ պահանջարկ ունեն: Չրագործությունը եղել ու մնում է Մեղրու բնակիչների ավանդական զբաղմունքներից: Դրանով զբաղվում է տնտեսությունների մեծ մասը: Աշնանը արքայանարնջի 2-3 մետրանոց շարանները վարագույրի նման կախվում են գրեթե բոլոր մեղրեցիների բակերում, իսկ մյուս բոլոր մրգերը չորացվում են ուռենուց հյուսված խսիրների վրա: Արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, հավելումներից զերծ: Չրերը և բազմատեսակ անուշեղենը՝ ալանին, սուջուխը, մուրաբաները եղել են մեղրեցու ավանդական ուտեստի անբաժանելի մասը: Սպառողների շրջանում մեծ պահանջարկ ունեն 1930 թ. գործող Մեղրու պահածոների և 1955 թ. գործող գինու գործարանների արտադրանքները: Տասնամյակներ առաջ ոսկե մեդալի արժանացած «Արևիք», «Մեղրաձոր», «Նեկտարենի» խաղողի գինիներին վերջին տարիներին ավելացել են նռան, մոշի, մուշմուլայի տեսականիները:
Մեղրու տարածքում կա պատմամշակութային շուրջ 100 հուշարձան՝ եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր, ջրանցույցներ (քյահրիզ), ժողովրդական ճարտարապետության եզակի նմուշներ հանդիսացող բնակելի տներ:
Մետաքսի ճանապարհին գտնվող Մեղրին ի վերուստ հայտնի է եղել նաև որպես կրթության կենտրոն: 1881 թ. Մեղրիում բացվել է երկսեռ դպրոց, որտեղ ֆրանսերեն է դասավանդվել: 1882 թ. բացվել է հանրային առաջին գրադարանը, որը ամսագրեր է ստացել Պետերբուրգից: 1901 թ. արտերկրում ուսանող մեղրեցիների ջանքերով Մեղրիում բացվել է Հայաստանում առաջին առևտրի սպառողական կոոպերացիան:

 Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրին երկու կողմից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, իսկ մեկ կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը, որից բաժանվում է Արաքս գետով: Մեղրի համայնքը զբաղեցնում է 664 քառ. մ. տարածք, որն իր մեջ ընդգրկում է բնակլիմայական վեց հիմնական գոտիներ՝ անապատ, կիսանաապատայինից մինչև լեռնաձնային տարածքներ՝ ծովի մակերևույթից 320-ից մինչև 3735 մ բարձրություն:
Մեղրի համայնքում են գտնվում Մեղրի և Ագարակ քաղաքները և 11 գյուղական բնակավայրեր: Հնամենի Մեղրի քաղաքը բաղկացած է 2 թաղից՝ Մեծ թաղ և Փոքր թաղ: Վերջինս հարուստ է ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող ժողովրդական տներով: Մեղրու տները հիմնականում կառուցվել են լեռների ստորոտներում՝ խնայելով բարեբեր հողը: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, մի մասը ընդգրկված է հանքարդյունաբերության ոլորտում: Մեղրիով է անցնում Իրան-Հայաստան ավտոմայրուղին:

4.

Աշնակ գյուղ, ՀՀ Արագածոտնի մարզ

Պատմական Աշնակ գյուղը եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի խոշոր բնակավայրերից (նախկինում՝ նույնպես Աշնակ): Աշնակի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին: Պատմիչ Եղիշեն հիշատակում է, որ այն եղել է մեծ բնակավայր, արքունի ձմեռանոց և զորակայան: Գյուղում կա 4-5-րդ դարերի եկեղեցի, որը նորոգվել է վերջին տարիներին: Գյուղից հարավ գտնվում է մ. թ. ա. 2-1 հազարամյակի ամրոցը: Գյուղի տարածքում պահպանվել են հայոց Արշակ 2-րդ արքայի ամրոց-ամառանոցի բեկորները և բազմաթիվ այլ հնավայրեր: Աշնակում հայտնաբերվել են վաղ քարեդարյան գործիքներ, որոնք հնագետների կարծիքով շուրջ 15-17 հազար տարեկան են:
1918-1920 թթ. Աշնակը վերաբնակեցվել է Մեծ եղեռնից փրկված՝ Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի տասնյակ գյուղերի գաղթականներով (հիմնականում Փիրշենք, Մշգեղ, Մկտենք, Ճրթնիկ, Խաբլջոզ, Բալոենք, Հոսնուտ, Տալհոր, Գոմք, Գոշակ, Քաճռենք և այլ բնակավայրերից): Վերաբնակներն իրենց հետ Աշնակ բերեցին Տարոն աշխարհի մշակույթը՝ հատկապես Սասնո և Մշո պարերն ու երգերը, որոնք ստեղծվել են դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում: «Աշնակցիների պարը» հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ արժեքներից է: 1926 թ. Աշնակում կազմավորվել է «Սասուն» ազգագրական պարախումբը, որը 1957 թ. ճանաչվել է Մոսկվայում տեղի ունեցած երիտասարդական միջազգային փառատոնի հաղթող և արժանացել ոսկե մեդալի:
Աշնակցիները ոչ միայն ավանդական երգ ու պարի, այլև էպոսասացության, բարբառի, ավանդական նյութական և հոգևոր մշակույթի կրողներն են: Աշնակցի ասացողների պատումները տեղ են գտել «Սասնա ծռեր» էպոսում:
Աշնակում գործում է Գևորգ Չաուշի տուն-թանգարանը, ուր ամեն տարի մայիսի 27-ին մեծ շուքով նշվում է հայդուկապետ Գևորգ Չաուշի նահատակության օրը:
Գտնվելով նախալեռնային գոտում և ունենալով Արագածի կենարար ջուրը՝ Աշնակում աճում է աշխարհի լավագույն ծիրանը, որի մասին ողջ հայությունը գիտի Գևորգ Էմինի «Աշնակցիների պարը» հայտնի բանաստեղծությունից:

Աշնակ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1420 մ բարձրության վրա՝ Արագած լեռան ստորոտին, մայրաքաղաքից մոտ 60 կմ հեռու: 2016 թ. տվյալներով Աշնակն ունի շուրջ 3000 բնակիչ: Աշնակում են ծնվել մշակույթի և պետական շատ գործիչներ, գիտնականներ, գրողներ: Գյուղն ունի շուրջ 4000 հա հողատարածք, որից 400-ը վարելահող է, 120 հեկտարը՝ տնամերձ, իսկ մնացածը՝ արոտավայրեր: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ: Աշնակի տնտեսության հեռանկարային ու գերակա ճյուղը ծիրանի մշակությունն է: Գյուղը բարեկարգ է, գազաֆիկացված, ունի ոռոգման և խմելու ջրի նորոգված ցանց:
Աշնակում գործում է ավագ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, բուժկետ և նորակառույց մատուռ:

5.

Քաղաք Գորիս, ՀՀ Սյունիքի մարզ

Գորիսի հին անվանումներից են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքում ընկած են հնդեվրոպական նախալեզվի «գուոռ»՝ «ժայռ» և «էս»՝ «լինել» բառերը, այսինքն՝ Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղանք: Քաղաքի տեղում հնագույն ժամանակներից բնակավայր է եղել: Գորիսի մասին հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական թագավորության ժամանակաշրջանից: Ռուսա I թագավորը մ. թ. ա. 8-րդ դարում թողել է մի սեպագիր, որտեղ իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես II թագավորի (189-160 մ. թ. ա.) արամեերեն արձանագրության սահմանաքար:
Բնակավայրը միջին դարերում գտնվել է ներկայիս Գորիսից արևելք՝ համանուն գետի ձախ ափին, կոչվել է հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի հիշատակած (13-րդ դ.) Գորու և Գորայք գյուղերից մեկին:
Գորիսն առանձնահատուկ է ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներ հանդիսացող բնակելի տներով։ Դարերի ընթացքում տեղացիները հմտացել են քարերը շարելու յուրովի ոճով՝ իրար մեջ ագուցված, ծեփիչով (մալա) քաշել են շաղախը և այդպես խճանկարի տեսք տվել պատերին (տեղի բարբառով ասում են բարքաշ)։ Այդ տները առանձնահատուկ են նաև պատշգամբներով, դարպասներով, ճաղապատ պատուհանների զարդանախշ հորինվածքներով, որոնք յուրահատուկ հմայք են տալիս քաղաքին։ Հայկական ավանդական այնպիսի արհեստների կենցաղավարումը, ինչպիսիք են՝ մետաղագործությունը, բրդի մշակումը, կարպետագործությունը, ինքնատիպություն են հաղորդում Գորիս քաղաքին, ինչպես նաև՝ Գորիսում ավանդաբար նշվող «Բակունցյան օրեր» համաքաղաքային տոնակատարությունը, Սյունյաց ավանդույթների և թթի փառատոները:
Գորիսի մշակութային կառույցներից են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը, Երկրագիտական թանգարանը, քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը,
Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա. Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը, Ս. Խանզադյանի տուն-թանգարանը:
Գորիսը հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող շուրջ 290 հուշարձաններով, այդ թվում են բնակելի տներ ու բնակելի քարայրներ, եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, արհեստագործական արտադրության վայրեր՝ ձիթհան (սրանոց) և բրուտանոց, ջրաղացներ, հին գյուղատեղիներ, քարավանատուն, ամրոց և այլն:

 Գորիս քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1250-1520 մ բարձրության վրա։ Նոր Գորիս քաղաքը կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին գերմանացի ճարտարապետի նախագծով՝ գավառապետ, գեներալ Ստարացկու հանձնարարությամբ: Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք, որը տեղացիներն անվանում են «Լաստի Խութ»: Քաղաքը հյուսիսից հարավ հատում է Վարարակն գետը: Գետահովտի աջակողմյան հատվածում բարձրանում է «Քարե անտառը», որը գտնվում է անտառապատ հովտում և շրջապատված է քարայրների շարքերով։ Տարածքում առանձնահատուկ են քարանձավները, որոնցում ներկայում իրականացվող մշակութային փոխակերպումները նպաստավոր խթան են մշակութային զբոսաշրջության զարգացման համար:

6.

Խաչիկ գյուղ, ՀՀ Վայոց ձորի մարզ

Խաչիկ գյուղը Վայոց ձորում առանձնանում է գյուղի ավանդական տնտեսական զբաղմունքների պահպանվածությամբ: Միակ գյուղն է ողջ տարածաշրջանում և շատ եզակիներից ամբողջ Հայաստանում, որտեղ դեռևս կարելի է հանդիպել ճախարակով թել մանելուց մինչև գորգ գործելու տեխնոլոգիական ողջ շղթայի իրականացմանը: Խաչիկցի Սոնա Մակարյանը այսօր էլ իր տանը պահպանում և բանեցնում է ավանդական սանդերքը, ճախարակը, գորգագործական տորքը և մնացած բոլոր անհրաժեշտ գործիքները: Գյուղում պահպանված են նաև ավանդական հայկական գլխատան նմուշներ, որոնք նույնպես հազվադեպ հանդիպող մշակութային արժեքներ են ողջ Հայաստանի տարածքում: Կենցաղավարում են ավանդական երգային և նվագարանային մշակույթի տարբեր ժանրեր՝ աշխատանքային երգեր, օրորներ, տոնական ծիսական երգեր և այլն: Պահպանվել է նաև թոնրում ավանդական եղանակով գաթա թխելու սովորույթը: Գյուղը հայտնի է իր գաթայի փառատոնով, որը նշվում է որպես համահայկական միջոցառում, որի ժամանակ թխվում և ներկաներին է մատուցվում Հայաստանի ամենամեծ գաթան (տրամագիծը շուրջ 2 մետր): Գյուղում պահպանվել են նաև ավանդական հայկական գինեգործության, մրգօղիների պատրաստման, մեղվապահության, այգեգործության, պանրագործության ավանդույթները:
Խաչիկ գյուղի տարածքում և շրջակայքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 22 հուշարձաններ՝ խաչքարեր, հնավայրեր, հին գյուղատեղիներ, այդ թվում՝ նաև նշանավոր պատմական Ամաղու գյուղատեղին, միջնադարյան եկեղեցիներ ու մատուռներ:
Գտնվել է գյուղի կառուցումը վկայող միջնադարյան արձանագրություն, ինչը փաստում է գյուղի շատ հին լինելը: Այստեղ է գտնվում միջնադարյան նշանավոր վանական համալիրներից մեկը՝ Քարկոփի Ս. Աստվածածին վանքը՝ կառուցված 910 թվականին: Գյուղից վանք տանող հին ճանապարհով կարելի հասնել նշանավոր Նորավանք վանական համալիր:

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 40 կմ դեպի արևմուտք, ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա գտնվող բարձր լեռնային գոտում: Հարավ-արևելքից և արևմուտքից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջևանին:
Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր և հացահատիկային մշակույթներ:
Բնակչությունը զբաղվում է հացահատիկային, կերային մշակույթների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ:
Ներկայում գյուղն ունի մոտ 250 ընտանիք:

7.

Վերին Դվին գյուղ, ՀՀ Արարատի մարզ

Արարատի մարզում գտնվող Վերին Դվին գյուղը մոտ 200 տարվա պատմություն ունի: Այն հիմնադրվել է 1831 թ.` Ռուսաստանի և Իրանի միջև 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկահայքի Խոյ քաղաքից Արևելյան Հայաստան ներգաղթած ասորի բնակչության կողմից: Վերին Դվին գյուղում այժմ ապրում է 2000 ասորի և շուրջ 700 հայ: Շատ են խառն ամուսնությունները: Գյուղի դպրոցում, ընտանիքներում և բնակավայրի ներսում գործող լեզուն գխավորապես ասորերենն է:
Վերին Դվինը համարվում է Հայաստանի ասորի ազգային փոքրամասնության էթնիկ մշակութային նկարագիր ունեցող բնակավայր: Ասորիների մշակույթի ցայտուն դրսևորումներ են նրանց ազգային խոհանոցը, տոնական արարողությունները, պարերը, հարսանեկան և կրոնական ծեսերը: Այստեղի՝ Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցին կառուցվել է 1831-1840 թթ. ընթացքում և կրում է Առաքյալ Մար Թումայի անունը: Գյուղում եկեղեցին անվանում են նաև Շառա: Եկեղեցու քահանան Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևն է՝ ծնունդով Վերին Դվին գյուղից: Սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, ապա՝ Իրաքում, որտեղ էլ քահանա է ձեռնադրվել: Եկեղեցական ժամերգության և ծեսերի լեզուն ասորերենն է: Եկեղեցի այցելելը ոչ միայն հոգևոր-կրոնական, այլև էթնիկ ինքնահաստատման գործառույթ ունի: Այնուամենայնիվ, Մար Թումայի անունը կրող ասորական եկեղեցի այցելում են նաև Վերին Դվինի և հարևանությամբ գտնվող Ներքին Դվին գյուղի հայերը:
Եկեղեցու մոտ՝ ասորի Լյուսյա Եդիգարովայի տան բակում, կա նաև «Մարեզ» անունով հայտնի մատուռ-սրբատեղի: Այս մատուռն աշխարհի տարբեր անկյուններից շատ ասորիներ են այցելում, մոմ վառում, աղոթում, հաճախ նաև մի բուռ հող տանում իրենց հետ: Ըստ ավանդության՝ Մարեզը հիմնադրել է Իրաքից Հայաստան ներգաղթած ասորիների մի ընտանիք, որն իր հետ հայրենիքից հող է բերել. «Էդ հողից մի կտոր ընկնում է հենց այստեղ, որտեղ էլ կառուցում են Մարեզը, ինչը նշանակում է Մարիամ Աստվածածին: Ով գալիս է, ինձ ասում է. «Մայրիկ ջան, մի կտոր հող տանենք սրբից հետներս»,-ասում է այդ ընտանիքի ժառանգ Լյուսյա Եդիգարովան: Մարեզի տոնակատարության օրը հունիսի 14-ն է, որին համայնքը պատրաստվում է հանգանակությամբ: Գլխավոր արարողությունը այդ գիշեր երաժշտության տակ մեծ կաթսաներում յուղով, ալյուրով, կաթով և ձվով հալվա՝ (մորթուխան) եփելն է: Գիշերը եփված մորթուխան առավոտյան փոքր չափաբաժիններով փաթաթում են լավաշի մեջ ու բաժանում համայնքի բոլոր անդամներին, որը զոհաբերություն՝ (մատաղ) է համարվում:
Վերին Դվինի բնակիչները օրացուցային Նոր տարուց զատ` ապրիլի 1-ին նշում են նաև ասորական Նոր տարին, որի ընթացքում ընտանեկան տոնական խնջույքից զատ` նաև համայնքային մեծ մատաղ և ազգային երգ ու պարի մեծ միջոցառում է տեղի ունենում: Վերին Դվին գյուղում երկու ասորական պարային խմբեր են գործում` մեծահասակների «Նինևիա» և դպրոցական` «Արբելա»: Տոներին, սովորաբար, լուսնի լույսի ներքո ու շարականների կատարմամբ՝ ցուլ է մորթվում, որի միսը բաժանվում գյուղացիներին: Վերին Դվին գյուղը էթնիկ մշակույթի պահպանվածության և զարգացման, ինչպես նաև տարբեր մշակույթների դրական սինթեզի լավ օրինակ է: Գյուղի երկու՝ ասորական և հայկական համայնքները միասնական են և բոլոր՝ նույնիսկ էթնիկ համարվող ծեսերն ընդունվում և համահավասար են կատարվում։ Թե՛ ասորիների և թե՛ հայերի համար հավասարապես սիրելի է ասորական բյուշալան՝ հայկական թանապուրի մի տարբերակը:

Վերին Դվինը գտնվում է Արարատ մարզկենտրոնից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից` 925 մ: Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվում է հայկական հինավուրց մայրաքաղաք Դվինի մոտ, ոչ հեռու հայաբնակ Ներքին Դվին գյուղից: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակույթների մշակությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղում մշակվող ամենահայտնի բանջարեղենը լոլիկն է, որին հատկացվում է 300 հեկտարից ավելի տարածք: Վերին Դվինում աճեցված լոլիկը հայտնի է իր որակով, որը գնելու համար հարևան հանրապետությունից՝ Վրաստանից Վերին Դվին են հասնում։

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան