Գլխավոր տեղեկություն
Համար
N 1176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.18/61(1514) Հոդ.812
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1176-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1110-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը:».

2) 2-րդ կետում «սահմանային թույլատրելի» բառերը փոխարինել «թույլատրելի սահմանային արտահոսքի» բառերով, իսկ «ժամանակահատվածից» բառից հետո լրացնել «ինչպես նաև ջրային ռեսուրսի օգտագործման ծավալից» բառերով.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգի իմաստով՝

1) աղտոտող նյութերի քանակությունը` ջրային ռեսուրս աղտոտող նյութերի արտահոսքի քանակությունն է.

2) վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակը` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատված՝ արտահոսքում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային քանակությունն է.

3) ջրային ռեսուրսի օգտագործման ծավալը (ջրառի ծավալը)՝ առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավելի և (կամ) անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային ջրառի ծավալն է.

4) ջրի անտնտեսվար օգտագործումը ջրային ռեսուրսների հյուծում կամ ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) ջրառի իրականացումն է.

5) ազդեցության ժամանակահատվածը՝ աղտոտող նյութերի քանակի, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակի կամ ջրային ռեսուրսի օգտագործման ծավալի սկզբից մինչև ավարտն ընկած ազդեցության ժամանակահատվածն է։».

4) 4-րդ կետը «անմիջապես արտահոսքով» բառերից հետո լրացնել «կամ ջրային ռեսուրսի օգտագործման ծավալով» բառերով.

5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հիմքում ընկած են աղտոտող նյութերի ուղղակի կամ անուղղակի ներգործությունը, աղտոտող նյութերի քանակությունը, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակը, ազդեցության ժամանակահատվածը, վնասակար նյութերի ազդեցության կանխարգելման և վերացման ծախսերը, ինչպես նաև ջրային ռեսուրսի օգտագործման ծավալը։».

6) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը ներառում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, ջրային ռեսուրսի օգտագործված ծավալով պայմանավորված՝ աղտոտված և (կամ) հյուծված ջրային ռեսուրսի վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) աշխատանքի վերականգնման, հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի վերականգնման փոխհատուցման ծախսերը:».

7) 19-րդ կետից հանել երկրորդ պարբերությունը.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.

«19.1. Ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

ՎՋԾ = Ծ x ԱԳ, որտեղ՝

 

«ՎՋԾ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով շրջակա միջավայրին (պետությանը) պատճառված վնասն է,

«Ծ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով օգտագործված ջրի ծավալն է՝ արտահայտված խորանարդ մետրով,

«ԱԳ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում կիրառվող 1 խորանարդ մետր ստորերկրյա կամ մակերևութային ջրի 1 խորանարդ մետրի համար սույն կարգի 19-րդ կետով սահմանված արժեքն է:».

9) 19-րդ կետում «15» և «5» թվերը փոխարինել «9» և «2» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. սեպտեմբերի 10

Երևան