ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԷԴ/0028/01/17 |
ԵԷԴ/0028/01/17 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան |
Դատավորներ՝ |
Ա. Մնացականյան |
Կ. Մարդանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ' դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի դեկտեմբերի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 15-ի որոշման դեմ Հակոբ Թելմանի Երանոսյանի պաշտպան Ա.Ջուվանովայի և Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանի պաշտպան Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 12129716 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Հակոբ Թելմանի Երանոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մարտի 22-ի որոշմամբ Վ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2017 թվականի ապրիլի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Վ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով նախատեսված հանցանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով` ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3–րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Միևնույն ժամանակ Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում թմրամոլությունից, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ, և պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 23–ից:
Առաջին ատյանի դատարանի նույն դատավճռով Հ.Երանոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Հ.Երանոսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Է.Բեգլարյանի և ամբաստանյալ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մարտի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքը՝ բավարարվել մասնակի: Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճիռն ամբաստանյալ Հ.Երանոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանվել և փոփոխվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Հ.Երանոսյանի՝ արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Դավթյանը և Հ.Երանոսյանի պաշտպան Ա.Ջուվանովան:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Վ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ. «(…) Արագածոտնի մարզի Կոշ գյուղում գտնվող դաշտավայրերից մեկից քաղելով կանեփի բույսեր, դրանք իրացնելու նպատակով չորացրել է, փաթեթավորել առանձին փաթեթներում և պահել իր վարձակալած Երևան քաղաքի Իսակովի պողոտա 4 շենք թիվ 25 բնակարանում: Այնուհետև, Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանը Արմեն Մայիսի Ալամշարյանին և քննությամբ չպարզված այլ անձանց թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ իր ծանոթ Հակոբ Թելմանի Երանոսյանին է փոխանցել ութ փաթեթ՝ ընդհանուր խոշոր չափերի՝ 10.54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից երկու փաթեթը՝ ընդհանուր զգալի չափերի՝ 2.53 գրամ քաշով թմրամիջոցը 2016 թվականի հունիսի 23-ին Հ.Երանոսյանը փոխադրել և Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց հանձնել է Ա.Ալամշարյանին: Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված թմրամիջոցը, իսկ Վարդան Հովհաննիսյանի ապօրինի իրացրած մյուս՝ խոշոր չափերի՝ 8.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» թմրամիջոցը նույն օրը հայտնաբերվել է Հակոբ Երանոսյանի կողմից վարած «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի 34 RT 887 համարանիշի ավտոմեքենայի զննությամբ:
(…)
Բացի այդ, նույն վայրից և հանգամանքներում Վարդան Հովհաննիսյանն առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի կերպով ձեռք է բերել խոշոր չափերով՝ ընդհանուր 17.73 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը՝ թվով 5 պոլիէթիլենային փաթեթների մեջ փաթեթավորված 6.35 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը Վ.Հովհաննիսյանն ապօրինի պահել է տաբատի գրպանում, որը 2016թ. հունիսի 23–ին հայտնաբերվել է ոստիկանության Էրեբունու բաժնում Վ.Հովհաննիսյանի անձնական խուզարկությամբ, իսկ մյուս մասը՝ 8 պոլիէթիլենային փաթեթների մեջ փաթեթավորված՝ ընդհանուր 11.38 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը Վ.Հովհաննիսյանն ապօրինի պահել է իր վարձակալած՝ Երևան քաղաքի Իսակովի 4 շենքի թիվ 25 բնակարանում, որը 2016 թվականին հունիսի 23–ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է վերոնշյալ տանից: (…)»1:
5.1 Նախաքննության մարմնի կողմից Հ.Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա. «(…) [Խ]ոչընդոտները վերացնելով՝ օժանդակել է իր ծանոթ Վարդան Հովհաննիսյանին խոշոր չափերի՝ 10,54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացմանը:
Այսպես.
Թմրամիջոցների իրացմամբ զբաղվող Վարդան Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ Հակոբ Երանոսյանն իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 RT 887 համարանիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություն է մատուցում, վերջինիս առաջարկել է թմրամիջոցների իրացման հարցում օժանդակել իրեն, այն է՝ իրենից վերցնել համապատասխան խմբաքանակով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, փոխադրել ու հանձնել այլ անձանց, վերջիններիցս վերցնել համապատասխան գումարն ու հանձնել իրեն՝ խոստանալով վարձատրել մատուցած ծառայությունների դիմաց, որին Հ.Երանոսյանը համաձայնել է: Նյութական շահ հետապնդելով և Վ.Հովհաննիսյանի խոշոր չափերի հասնող թմրամիջոց իրացնելուն օժանդակելու ուղղակի դիտավորությամբ և այդ կերպ խոչընդոտները վերացնելով՝ 2016 թվականի հունիսի 22-ին Հ.Երանոսյանը Վ.Հովհաննիսյանից վերցրել է առանձին փաթեթներում փաթեթավորված ընդհանուր՝ 10.54 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: Հեռախոսազանգի միջոցով թմրամիջոցի քաշի և գնի շուրջ արդեն իսկ համաձայնության գալով՝ Հ.Երանոսյանը հունիսի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց հանդիպել է Արմեն Ալամշարյանին, նրան է փոխանցել երկու փաթեթներով փաթեթավորված, զգալի չափերի՝ 2.53 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց` դրա դիմաց վերցնելով 26.000 ՀՀ դրամ գումար: Իսկ Վարդան Հովհաննիսյանի ապօրինի իրացրած մյուս` խոշոր չափի` 8.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նույն օրը հայտնաբերվել է Հակոբ Երանոսյանի կողմից վարած «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 RT 887 համարանիշի ավտոմեքենայի զննությամբ: (…)»2:
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Դատարանն արագացված կարգով իրականացված դատական քննության ընթացքում ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքների հետ ամբաստանյալներ Վ.Հովհաննիսյանի, Հ.Երանոսյանի և Ա.Ալամշարյանի համաձայն լինելու փաստը, գտնում է, որ ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանը կատարել է հանցանքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով, ամբաստանյալ Հ.Երանոսյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով (…)»3:
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Հ.Երանոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժ նշանակելով 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկում` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի արդարացիության հարցում ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք են ամբաստանյալ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքը՝ իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժի մեղմացման մասով բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելու ու փոփոխելու համար: (…)
(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ պետք է մերժել, իսկ ամբաստանյալ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքը` բավարարել մասնակի: Այն է` ամբաստանյալ Հ.Երանոսյանի պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է բեկանել և ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Հ.Երանոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, այդ պատժին հաշվակցելով Հ.Երանոսյանի՝ սույն գործով արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, իսկ մնացած մասով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ (…)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Դավթյանը նշել է, որ ստորադաս դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:
Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող՝ անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը:
8.1 Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի` Ս.Դավթյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, գտել է, որ այն կիրառելի է նաև Վ.Հովհաննիսյանի նկատմամբ:
8.2 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, Վ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ նշանակելով նվազագույն պատիժ կամ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
9. Ամբաստանյալ Հ.Երանոսյանի պաշտպան Ա.Ջուվանովան, գնահատելով ամբաստանյալ Հ.Երանոսյանի անձը բնութագրող և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին, գտել է, որ Վերաքննիչ դատարանը խիստ մոտեցում է ցուցաբերել Հ.Երանոսյանի կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու անհրաժեշտության հարցում:
9.1 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 2018 թվականի մարտի 15-ի որոշումը և Հ.Երանոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերների կողմից բարձրացված իրավական հարցերը վերաբերում են ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Սակայն հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները5՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից։
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը կիրառելի է ամբաստանյալներ Վ.Հովհաննիսյանի և Հ.Երանոսյանի նկատմամբ:
12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն6:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
(…)
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(…)
2) խոշոր չափերով, (…):
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) (…)
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (…)»:
15. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Հովհաննիսյանին, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով՝ 10.54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու համար, իսկ Հ.Երանոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38–266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով՝ խոշոր չափերով՝ 10.54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացմանն օժանդակելու համար7:
Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Վ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով, իսկ Հ.Երանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38–266-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով նախատեսված հանցանքների կատարման համար8:
Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Հ.Երանոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ՝ Հ.Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման9:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Վ.Հովհաննիսյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Հ.Երանոսյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության։
Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 10.54 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Հովհաննիսյանի և Հ.Երանոսյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջիններիս վիճակը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնում Վ.Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:
18. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը կիրառելի է ամբաստանյալներ Վ.Հովհաննիսյանի և Հ.Երանոսյանի նկատմամբ:
19. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 15-ի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը սույն որոշման 15-րդ և 17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո պետք է անդրադառնա թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ամբաստանյալների արարքների որակմանը՝ միաժամանակ քննության առարկա դարձնելով բողոքաբերների՝ սույն որոշման 8-8.1-րդ և 9-րդ կետերում նշված փաստարկները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Հակոբ Թելմանի Երանոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Հակոբ Թելմանի Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ:
3. Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` կալանավորումը, թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________
[1] Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 192-193:
[2] Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 193-194:
[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 202-207:
[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 96-109:
[5] Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։
[6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
[7] Տե՛ս սույն որոշման 5-րդ և 5.1-րդ կետերը:
[8] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
[9] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|