Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0126/06/18

ԵԴ/0126/06/18

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

       Ս. Օհանյանի
   
 

քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սահակ Յուրիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի մարտի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11167118 քրեական գործը:

Նույն օրը Սահակ Վարդանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ս.Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ս.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

3. Պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրյալ Ս.Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և այն գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2018 թվականի մարտի 30-ին1:

6. Մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 4-ին ներկայացրել է չստորագրված վերաքննիչ բողոք2:

7. Պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 7-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` հայտնելով, որ. «(...) ժամանակի սուղ լինելու և շտապողականության պատճառով տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ` բողոքը ներկայացվել է անստորագիր: (...) Սույն դիմումով ներկայացնում եմ բողոքի համապատասխան էջն իմ ստորագրությամբ»3:

8. Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և 2-րդ մասին, առանց քննության է թողել պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ նշելով, որ. «(…) մեղադրյալ Ս.Վարդանյանի շահերի պաշտպանի կողմից չի պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը` կոնկրետ դեպքում (վերաքննիչ բողոքարկման համար նախատեսված ժամկետում) ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրված չէ, այսինքն` վերաքննիչ բողոքում առկա չէ բողոք ներկայացնող անձի ստորագրությունը, ինչը հիմք է այն առանց քննության թողնելու։

Ինչ վերաբերում է մեղադրյալ Ս.Վարդանյանի շահերի պաշտպանի կողմից, այնուհետև` արդեն իսկ 2018 թվականի ապրիլի 7-ի թվագրմամբ (վերաքննիչ բողոքարկման համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո) ներկայացված դիմումին և դրան կից ներկայացված առանձին (բողոքի համապատասխան էջն իր ստորագրությամբ) ստորագրությանը, ինչպես նաև դրանում տեղ գտած պատճառաբանություններին` տեխնիկական վրիպակի և այլնի վերաբերյալ, ապա նշված հանգամանքն ինքնին այն (...) վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջներին համապատասխան ներկայացված դիտարկելու առնչությամբ որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Պաշտպան Կ.Ղազարյանի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածների պահանջները՝ կայացնելով ոչ իրավաչափ դատական ակտ:

Ի հիմնավորումը վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը, վերլուծելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ թիվ ՍԴՈ-1290, Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0016/11/15 և թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել Ս.Վարդանյանի խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ դատական պաշտպանությունը: Բողոքաբերի կարծիքով՝ վերաքննիչ բողոքում իր ստորագրության բացակայությունը տեխնիկական վրիպակ է, և թույլ տրված ձևական սխալը վերացրած լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն անհամաչափ և ձևական մոտեցում է: Վերաքննիչ դատարանի գործողությունները, ըստ բողոք բերած անձի, խաթարում են բողոքարկման և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները:

9.1 Բողոքաբերը գտել է նաև, որ իրավաչափ չեն բողոքարկման ժամկետների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները, քանի որ կալանավորման միջնորդությունը բավարարելու հետ մեկտեղ գրավի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում:

10. Վերոնշյալի հիման վրա պաշտպան Կ.Ղազարյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ստորագրված չլինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելն արդյո՞ք հանգեցրել է մեղադրյալ Ս.Վարդանյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի` բողոք ներկայացնող անձի ստորագրությունը»:

13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով5,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն7,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա8: Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի9:

14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատական մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները10:

15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ նաև՝ Սահմանադրական դատարան) 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով, սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին։

(...)

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը՝ վերաքննիչ բողոքի ներկայացման շրջանակներում չի կարող ընկալվել և կիրառվել որպես բողոքը դատարանի կողմից վերադարձնելու իրավական հիմք, եթե առկա է հիշյալ նորմում մատնանշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն (…)»11։

15.1. Վերոգրյալի hիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին12։

15.2. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև փաստել, որ թեև Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող, դրա ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, միևնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է հաշվի առնվի իր կողմից կայացված որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը13:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

ա) մեղադրյալ Ս.Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և այն գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 30-ի որոշումը նույն օրը հանձնվել է պաշտպանության կողմին14,

բ) մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 4-ին ներկայացրել է չստորագրված վերաքննիչ բողոք15,

գ) պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 7-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` հայտնելով, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ` բողոքը բերվել է չստորագրված՝ միաժամանակ ներկայացնելով բողոքի համապատասխան էջն իր ստորագրությամբ16,

դ) Վերաքննիչ դատարանը 2018 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ առանց քննության է թողել պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ստորագրված չլինելու պատճառաբանությամբ: Անդրադառնալով պաշտպանի կողմից ներկայացված դիմումին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմումը ներկայացվել է վերաքննիչ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո և որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող17:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է մեղադրյալի դատական մատչելիության իրավունքը:

Մասնավորապես, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող՝ բողոքի ստորագրման իր բնույթով ձևական պահանջը չպահպանելու հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը մեղադրյալին զրկել է դատական բողոքարկման իր իրավունքից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պաշտպանի կողմից թույլ տրված ձևական սխալն ուղղվել է, և բողոքի համապատասխան էջն իր ստորագրությամբ ներկայացվել է Վերաքննիչ դատարան: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, թե ներկայացված դիմումը որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող հիմնավոր չէ՝ հաշվի առնելով նաև, որ Վերաքննիչ դատարանը ներկայացված դիմումը ժամկետանց համարելիս ուշադրության չի արժանացրել այն, որ դիմումը ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և գրավի կիրառումը մերժելու վերաբերյալ մեկ միասնական դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված տասնօրյա ժամկետում18:

 Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ստորագրված չլինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելը հանգեցրել է մեղադրյալ Ս.Վարդանյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործի ելքի վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սահակ Յուրիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 51, 53:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 60-72:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 76-77:

4 Տե՛ս նյութեր, թերթեր 81-82:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

6 Տե՛ս նույն տեղում:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

11 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.3-4.5-րդ կետերը:

12 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետը:

13 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

18 ՏեԲս Դավիթ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՏԴ/0004/06/16 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան