ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1079-Լ
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-239-25.07.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 28 Երևան
|
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-239-25.07.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի առանձնահատկությունները, վարչական վարույթի արդյունքների մասին վերջիններիս տեղեկացնելու, ինչպես նաև իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցման անթույլատրելիության վերաբերյալ իրավահարաբերությունները:
Ընդունելի համարելով նախագծով նախատեսված կարգավորումները՝ այդուհանդերձ, նախագծային դրույթների կիրառման ընթացքում իրավական խնդիրներից խուսափելու, ինչպես նաև նախագծով հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար ստորև ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ: Այսպես՝
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենքի 1-ին /Օրենքի գործողության ոլորտը/ հոդվածում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ սույն օրենքով են կարգավորվում նաև ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներով տեսանկարահանված կամ լուսանկարահանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները:
Հարկ է նշել, որ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:
Այս առումով օրենքի կառուցվածքային տրամաբանությունը պահպանելու նպատակով առաջարկում ենք օրենքի 1-ին հոդվածը նոր 1.1-ին մասով լրացնելու փոխարեն նախագծով նախատեսված կարգավորումները սահմանել նույն հոդվածի 1-ին մասում՝ դրանում կատարելով համապատասխան փոփոխություններ:
2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1.1-ին մասում և նախագծի ամբողջ տեքստում «բջջային հեռախոսով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «տեխնիկական միջոցով» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեսանյութեր ամրագրելու հնարավորությամբ են ընձեռված ոչ միայն բջջային հեռախոսները, այլև համանման հնարավորություններ ունեցող այլ տեխնիկական միջոցներ, որոնցում գործնականում հնարավոր կլինի ներբեռնել տվյալ բջջային հավելվածը:
3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1.1-ին մասում և նախագծի ամբողջ տեքստում «տեսանկարահանված կամ լուսանկարահանված» բառերն առաջարկում ենք փոխարինել «տեսանկարահանված» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուսանկարները նվազեցնում են արարքը որպես իրավախախտում գնահատելու չափելիության և պիտանելիության երաշխիքները։
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 7.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում:
4․ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 7.3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «ֆիզիկական անձին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հավելվածում գրանցված անձին» բառերով, իսկ «համակարգչային ծրագրի» բառերը՝ «համակարգի» բառով.
2) նույն կետից անհրաժեշտ է հանել «մեխանիկական» բառը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ մոպեդները և հեծանիվները մեխանիկական տրանսպորտային միջոցներ չեն հանդիսանում, մինչդեռ տվյալ տրանսպորտային միջոցներով ևս կատարվում են վթարածին վարչական իրավախախտումներ:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում.
3) 1-ին մասի 2-րդ կետում «օնլայն» բառն անհրաժեշտ է փոխարինել «առցանց» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջները.
4) 2-րդ մասը «(նկարագրությունը)» բառից հետո լրացնել «, ինտերֆեյսը» բառով.
5) 3-րդ մասը «ֆիզիկական անձանց համար» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «և հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող» բառերով՝ բջջային հավելվածում ֆիզիկական անձի նույնականացումն ապահովելու նպատակով:
5. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 7.4-րդ հոդվածում «բջջային հեռախոսին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «բջջային հավելվածի միջոցով՝» բառերով։
6․ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել կարգավորում օրենքի ընդունումից հետո այն 6 ամիս հետո ուժի մեջ մտնելու մասին՝ պայմանավորված դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ, ինչպես նաև անհրաժեշտ ծրագրատեխնիկական ապահովում իրականացնելու համար։
7. Նախագծում անհրաժեշտ է նախատեսել դրույթներ՝ ֆիզիկական անձանց կողմից տրամադրված տեսանյութերը միանգամից ոչնչացնելու վերաբերյալ, որոնց հիմքով որոշումներ չեն կայացվում:
8. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 7.5-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ենթարկված» բառն անհրաժեշտ է փոխարինել «ենթակա» բառով, քանի որ էլեկտրոնային հաղորդում տված անձի տվյալները պետք է հասանելի չլինեն ոչ միայն վարչական ակտ կայացնելուց հետո, այլ նաև վարչական վարույթի ընթացքում.
2) 1-ին մասից անհրաժեշտ է հանել «այլ» բառը.
3) 2-րդ մասն անհրաժեշտ է հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որևէ այլ անձ չի կարող տիրապետել էլեկտրոնային հաղորդում տված անձի անձնական տվյալներին, հետևաբար չի կարող ներկայացնել այդ անձի կողմից տրված գրավոր համաձայնությունը։
9. Հարկ է նաև նշել, որ նախագծի ընդունմամբ կանխատեսվում է ֆինանսական ծախսերի էական ավելացում, քանի որ անհրաժեշտություն է առաջանալու ձեռք բերել՝
1) Սերվեր իր պահոցով (տեսանյութերի պահպանման համար), որի ծավալը նախնական հաշվարկներով պետք է կազմի առնվազն 250 տբ: Հաշվարկն իրականացվել է RAID տեխնոլոգիաների կիրառմամբ պահպանելու պարագայում մեկ տեսանյութի ծավալը (միջինը 100 մբ) բազմապատկած 2018 թվականի ընթացքում ստատիկ տեղադրված սարքերով արձանագրված խախտումների տեսանյութերի թվով (544 000 հատ): Սերվերի արժեքը մոտավոր կազմում է 150 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի.
2) Android և iOS համակարգերի համար բջջային հավելվածներ մշակելու ծառայություն՝ արժեքը 25 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի.
3) ավելացնել ՃՈ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների թիվը՝ նախնական հաշվարկով մինչև 35 քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակից, միջինը 200 հազ. դրամ աշխատավարձով:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագիծն ունի լրամշակման կարիք` եզրակացությամբ բարձրացված խնդիրների համատեքստում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի 2019 թվականի օգոստոսի 12-ի 2202-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ճանապարհային երթևեկության ոլորտի հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների մշակման նպատակով, որի կազմում ընդգրկված է նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակը, ուստիև բարձրացված հարցերը կարող են քննարկվել աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակներում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|