Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0058/01/17

ՍԴ/0058/01/17

Նախագահող դատավոր՝ Ա. Մնացականյան

Դատավորներ՝

Կ. Մարդանյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

       Ս. Օհանյանի
   
 

քարտուղարությամբ`
      մասնակցությամբ`

Մ. Ավագյանի

 

          դատախազ
                 պաշտպան

Գ. Ամիրյանի
       Ա. Ֆանյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Էդիկ Մուշեղի Ավետիսյանի պաշտպան Արմինե Ֆանյանի և տուժող Մարտուն Ավետիսյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 51101117 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 12-ի որոշմամբ Էդիկ Ավետիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Է.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, 2017 թվականի հունիսի 30-ի դատավճռով Է.Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Հ.Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի դատավճիռը` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել է, Է.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ վերացրել: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Արղամանյանը հատուկ կարծիք է ներկայացրել, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը` մերժել:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Է.Ավետիսյանի պաշտպան Արմինե Ֆանյանը և տուժող Մարտուն Ավետիսյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։  

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինն Էդիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) նա 2017թ. մայիսի 6-ին` ժամը 11-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 3-րդ շենքի 3-րդ հասցեի իրենց բնակարանի խոհանոցում վիճաբանել է օրգանական աֆեկտիվ խանգարում հիվանդությամբ տառապող որդու` Մարտուն Ավետիսյանի հետ` վերջինիս կողմից իրեն ամուսնացնելու պահանջ դնելու շուրջ, որի ընթացքում իրար ձեռքերով փոխադարձ հարվածներից ընկել են հատակին, Էդիկ Ավետիսյանը որդու ձեռքին նկատել է խոհանոցային դանակ, այն վերցրել և դիտավորությամբ 2 անգամ հարվածել է Մարտուն Ավետիսյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով երկրորդ միջկողային տարածության ծակված-կտրված, կրծքավանդակի խոռոչ չթափանցող և հինգերորդ միջկողային տարածության ծակված-կտրված, կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցված վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որից հետո Մարտուն Ավետիսյանը վազելով դուրս է եկել շենքի բակ և պատահական մեքենայով տեղափոխվել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վիրահատվել է»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, առաջին անգամ հանցանք կատարելը:

Ամբաստանյալը նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, կենսաթոշակառու է, վատառողջ` երրորդ խմբի հաշմանդամ: Տուժողը հայտնել է, որ հաշտվել է հոր հետ և խնդրել նրա նկատմամբ մեղմ վերաբերվել` չենթարկել քրեական պատասխանատվության:

(...)

Դատարանը վերլուծելով և գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով Էդիկ Ավետիսյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են ամբաստանյալի կողմից կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում դրանով կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: (...)»2։ 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությանը (ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները, բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

(...)

Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: Այլ կերպ ասած` Առաջին ատյանի դատարանն այդ մասով ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն է` ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի մասով կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի պաշտպան Արմինե Ֆանյանն իր բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ՝ կայացնելով ապօրինի և անհիմն դատական ակտ:

Բողոքաբերը փաստարկել է, որ տուժող Մարտուն Ավետիսյանը գտնվում է հոր՝ գործով ամբաստանյալ, 67-ամյա Էդիկ Ավետիսյանի խնամքին, նրանց հետ այլ անձ չի բնակվում, և վերջինիս ազատազրկման դատապարտելու դեպքում Մ.Ավետիսյանը կմնա առանց որևէ խնամքի և հսկողության:

Պաշտպան Ա.Ֆանյանը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ,  61-րդ, 62-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի դատավճռին:

10. Տուժող Մարտուն Ավետիսյանն իր բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն:

Բողոք բերած անձը հայտնել է, որ դեպքի ժամանակ առողջական վիճակի սրացման պատճառով գտնվել է նոպայի մեջ, և հայրը՝ Է.Ավետիսյանը, արարքը կատարել է իր հարձակումից պաշտպանվելու համար: Ինքը ներողություն է խնդրել հորից ու իրենք հաշտվել են: Բողոք բերած անձը նաև նշել է, որ հայրն է խնամում իրեն, ժամանակին ապահովում դեղորայքի ստացումն ու բուժումը, և եթե հայրը ազատազրկվի՝ ինքը կհայտնվի անելանելի վիճակում:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Է.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա4` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն5:

Անդրադառնալով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցավորի անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու կարևորությանը` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն): Մասնավորապես Վճռաբեկ դատարանը փաստել է հանցավորի ընտանեկան դրությունը, վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա նշանակված պատժի ազդեցությունը, նրա խնամքին այլ անձանց առկայությունը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղն ու դիրքը, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագիրը և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները գնահատման ենթարկելու անհրաժեշտությունը6:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել՝ հաշվի առնելով՝

ա) ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը,

բ) ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ տուժողի վարքագծի հակաօրինականությունը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, անկեղծորեն զղջալը, առաջին անգամ հանցանք կատարելը,

գ) ամբաստանյալի՝ նախկինում դատապարտված չլինելը, ֆիզիկապես վատառողջ՝ երրորդ խմբի հաշմանդամ, կենսաթոշակառու լինելը, ինչպես նաև տուժողի խնդրանքը՝ նրան քրեական պատասխանատվության չենթարկելու վերաբերյալ7:

Վերաքննիչ դատարանը վերացնելով ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու, քանի որ տվյալ դեպքում ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջներից8:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել իր որոշումը։

Մասնավորապես, թեև Վերաքննիչ դատարանն արձանագրել է որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու, սակայն չի պատճառաբանել իր այդ դիրքորոշումը:

Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, համակցության մեջ պատշաճ ստուգման և իրավական գնահատականի արժանացնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգել է իրավաչափ հետևության, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել։

Այսպես, Առաջին ատյանի դատարանն իր հետևությունն իրավաչափորեն պայմանավորել է ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու, անկեղծորեն զղջալու, տուժողի վարքագծի հակաօրինականության, ամբաստանյալի անձը բնութագրող` նախկինում դատապարտված չլինելու, երրորդ խմբի հաշմանդամ, կենսաթոշակառու լինելու հանգամանքներով։

Ինչ վերաբերում է առաջին անգամ հանցանք կատարելն Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելուն, ապա այն՝ նախկինում դատապարտված չլինելու՝ ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքի ձևով արդեն իսկ հաշվի է առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև այն, որ տուժողը տառապում է օրգանական աֆեկտիվ խանգարում հիվանդությամբ և նրան խնամում է ամբաստանյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Էդիկ Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Է.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

17. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` (…) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել (…)»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (…) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (…)»։

Վերոնշյալ իրավադրույթների հաշվառմամբ, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Է.Ավետիսյանին պետք է ազատել նշանակված պատիժը կրելուց։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Ամբաստանյալ Էդիկ Մուշեղի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի դատավճռին։

2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Էդիկ Մուշեղի Ավետիսյանին ազատել նշանակված պատժից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 160-161:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 62-67:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 26-36:

4 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Ջոն Շիրվանյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան