Գլխավոր տեղեկություն
Համար
N 1052-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 23.08.2019թ.
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2019 թվականի N 1052-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-226-15.07.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 22

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-226-15.07.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների նկատմամբ ամենամյա լրացուցիչ արձակուրդ սահմանելու կարգավորման նախատեսման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:

Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ`

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

«1. Աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության տեսակ է:»:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

«1) Աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի համաձայն`

«2. Աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են կանոնակարգով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:»:

Նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն`

«1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց և միջոցառումների ծրագիր` սույն օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու համար:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները:(…):

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքին համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, (…):

5. Պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` առանց մրցույթի նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի վրա տարածվելու է համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:

Վերոգրյալ հոդվածների բովանդակային և համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունն ընդգրկվում է հանրային ծառայության մեջ: Այն պետական ծառայության տեսակ է, որն իրականացնում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն:

Տվյալ դեպքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և դրանից բխող Հայաստանի Հանրապետության վարչապետի վերոհիշյալ որոշմամբ նախատեսված կարգավորումներից բխում է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայության մյուս օրենքները, այդ թվում՝ նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքը, համապատասխանեցվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին, որի գործողության ոլորտն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո տարածվելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի վրա:

Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն պատրաստել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որն այժմ գտնվում է քննարկումների փուլում և շուտով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Վերոհիշյալ փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ և օգտվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից և երաշխիքներից, այդ թվում՝ տվյալ օրենքով սահմանված լրացուցիչ արձակուրդի իրավունքից: