Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական 
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0040/01/16

ԵԷԴ/0040/01/16
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան  

Դատավորներ՝

Ա. Ազատյան

 

Ռ. Մխիթարյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

  

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

մասնակցությամբ`
դատախազ

Վ. Հարությունյանի

 

ամբաստանյալներ

Ա. Այվազյանի

   

Ք. Ջամալյանի

 

 

Է. Ջամալյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին                                                                                      ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Ալեքսանդր Արտեմի Այվազյանի, Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանի և Էդգար Ռաֆայելի Ջամալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90150215 քրեական գործը։

2015 թվականի փետրվարի 18-ին Ալեքսանդր Արտեմի Այվազյանը և Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Ք.Ջամալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մարտի 15-ի որոշմամբ Էդգար Ռաֆայելի Ջամալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2016 թվականի մարտի 21-ի որոշմամբ թիվ 90150215 քրեական գործից Ա.Այվազյանի, Ք.Ջամալյանի և Է.Ջամալյանի մասով անջատվել և առանձին վարույթում է առանձնացվել թիվ 90151116 քրեական գործը:

2016 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի դատավճռով Ա.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով և դատապարտվել տուգանքի՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ հաշվակցվել է Ա.Այվազյանին կալանքի տակ պահելու 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օրը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ք. Ջամալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել տուգանքի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ հաշվակցվել է Ք.Ջամալյանին կալանքի տակ պահելու 9 (ինը) ամիս 24 (քսանչորս) օրը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Ք.Ջամալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի է բռնագանձվել 220.000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ գումար՝ որպես հանցագործության կատարման արդյունքում ստացված օգուտ:

Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է Է.Ջամալյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

3. Ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Մ.Գրիգորյանի և մեղադրող Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Ա.Մելքոնյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքի կապակցությամբ պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Այվազյանը՝ փաստելով, որ վճռաբեկ բողոքն անհիմն է:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշումով ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Ա.Մելքոնյանի բողոքը վերադարձվել է՝ բողոքի ձևական սխալները շտկելու և կրկին ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Ա.Մելքոնյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ:

Վճռաբեկ դատարանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ալեքսանդր Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` «(…) զբաղեցնելով Երևանի բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնը և ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի՝ թիվ 1112-Ն որոշմամբ ընդգրկված լինելով կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, հանդիսանալով պաշտոնատար անձ, Աշտարակի տարածքային զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Գրիգոր Դավթի Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ նրա վերաբերյալ ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հիմք հանդիսացող եզրակացություն տալու համար, 2014 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին Գրիգոր Դավթյանի ազգական, «Էրեբունի» ԲԿ-ի բուժքույր Գայանե Ղուկասյանից, վերջինիս աշխատասենյակում, պահանջել է խոշոր չափի՝ 688.950 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք (…)»1:

5.1. Քրիստինա Ջամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` «(…) աշխատելով «Էրեբունի» բժշկական կենտրոնում որպես ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ 19.09.2014թ. թիվ 321 հրամանով ընդգրկված լինելով 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զինապարտների հետազոտություն և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի կազմում, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառված և նույն զինկոմիսարիատի կողմից «Էրեբունի» ԲԿ ստուգիչ հետազոտման ուղեգրված զորակոչիկ Մերուժան Սամսոնի Խաչատրյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու՝ նրա վերաբերյալ տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հերթական գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ 2014թ. դեկտեմբերի սկզբին իր աշխատասենյակում տեղի ունեցած զրույցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերել միջնորդ Ալեն Գագիկի Բաբայանի հետ և նրա միջոցով պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 1.331.490 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև պայմանավորվել է Ալեն Բաբայանի հետ կաշառքի գումարն իր եղբորը՝ Էդգար Ռաֆայելի Ջամալյանին, հանձնելու վերաբերյալ և 2014թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս օժանդակությամբ ստացել այդ գումարից 220.000 ՀՀ դրամը, որն Ալեն Բաբայանը ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի հարակից տարածքում տվել է Էդգար Ջամալյանին (…)»2:

5.2. Էդգար Ջամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի  2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` «(…) օժանդակել է իր քրոջը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական կենտրոնի զինապարտների հետազոտություն և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի անդամ Քրիստինա Ջամալյանին, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, այն է՝ տեղյակ լինելով, որ Քրիստինա Ջամալյանը համաձայնություն է ձեռք բերել միջնորդ Ալեն Գագիկի Բաբայանի հետ 1.331.490 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց «Էրեբունի» ԲԿ ստուգիչ հետազոտման ուղեգրված զորակոչիկ Մերուժան Սամսոնի Խաչատրյանի վերաբերյալ տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ, պայմանավորվածության համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի հարակից տարածքում հանդիպել է Ալեն Բաբայանին և նրանից ստացել կաշառքի գումարից 500 ԱՄՆ դոլարին համարժեք 220.000 ՀՀ դրամը (…)3»:

5.3. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ի՝ «2014 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված՝ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասին» N 2164-Ա հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումն իրականացնողներին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ՀՀ առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել բժշկական փորձաքննություն և հետազոտում իրականացնող հանձնաժողովների կազմում ընդգրկվող թեկնածու բժիշկ-մասնագետների անվանացանկը4:

Վերը նշված հրամանի հիման վրա տրված՝ «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի՝ «2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննությունն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասին» թիվ 321 հրամանին կից ներկայացված ցանկի 5-րդ կետի համաձայն՝ 2014 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննությունն և բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահ նշված է գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանը, իսկ ալերգոլոգիական հիվանդությունների գծով հանձնաժողովի անդամների կազմում ընդգրկված է Ք.Ռ.Ջամալյանը5:

5.4. Ք.Ջամալյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2001 թվականից աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ում որպես ալերգոլոգիական բաժանմունքի վարիչ, ծառայության ղեկավար։ Ք.Ջամալյանն իր ցուցմունքներում նշել է, որ զորակոչային տարիքի հասած անձանց փորձաքննության հետ կապված իր գործունեությունը ներառել է բաժանմունք դիմած զինակոչիկների փաստաթղթերը զննելը, գանգատները լսելը, վերջիններիս հիվանդության պատմության տվյալների հիման վրա հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանձնաժողովի նախագահին ներկայացնելը, ում որոշմամբ էլ դրանք ուղարկվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողով6։ 

5.5. Ք.Ջամալյանի, Է.Ջամալյանի և Ա.Բաբայանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունների համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին` ժամը 10:35-ին, Է.Ջամալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս Ք.Ջամալյանին հայտնում է, որ պայմանավորվել է հանդիպել Ա.Բաբայանի հետ: Նույն օրը` ժամը 19:21-ին, Է.Ջամալյանը Ք.Ջամալյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնում է, որ Ա.Բաբայանն իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ է կանչել, միաժամանակ մտահոգություն հայտնում, թե կարող է իրեն ոստիկանությանը հանձնի, ապա շարունակում, որ կասի` Ա.Բաբայանը գումարը պարտքով է տալիս: Հանդիպումից հետո` ժամը 19:30-ին, Ա.Բաբայանն Է.Ջամալյանի հեռախոսով Ք.Ջամալյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցնում է, թե որքան գումար պետք է փոխանցի, իսկ Ք.Ջամալյանը պատասխանում է` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) և 500 (հինգ հարյուր): Սակայն Ա.Բաբայանը համաձայնում է տալ միայն հինգ հարյուրը` պայմանավորվելով, որ մյուս մասով կհանդիպեն ու լրացուցիչ կխոսեն: Նշված հեռախոսազրույցից անմիջապես հետո՝ նույն օրը՝ ժամը 19:33-ին, Է.Ջամալյանի և Ք.Ջամալյանի միջև հեռախոսազրույցի ժամանակ Ք.Ջամալյանը կշտամբում է Է.Ջամալյանին հեռախոսով նման հարցեր քննարկելու համար: Հաջորդ օրը՝ ժամը 14:48-ին, Ք.Ջամալյանը Է.Ջամալյանին հայտնում է, որ Ա.Բաբայանը գնացել է իր մոտ, և ինքը նրանից պահանջել է տալ նաև գումարի մյուս մասը, սակայն նա չի համաձայնել` ասելով, որ անձամբ է ուզում դա անել7:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) [Քրիստինա Ջամալյանի] [մ]եղադրանքի հիմքում դրված` 19.09.2014թ. «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի՝ թիվ 321 հրամանն ուսումնասիրելով՝ [Առաջին ատյանի դատարանը] պարզեց, որ այն վերնագրված է` «2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննությունն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասին», այսինքն, ըստ էության, պետք է վերաբերի հանձնաժողովների նախագահներ նշանակելուն, և նրա բովանդակությունում Քրիստինա Ջամալյանին վերաբերելի որևէ դրույթ կամ նշում առկա չէ։ Ավելին, նշված հրամանով առհասարակ որևէ հանձնաժողովի կազմ հաստատված չէ, ուստի մեղադրանքի այն մասը, որ Քրիստինա Ջամալյանն ընդգրկված է եղել «բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի 19.09.2014թ. թիվ 321 հրամանով 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զինապարտների հետազոտություն և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի կազմում», հիմնավորված չէ։

(…) [Առաջին ատյանի դատարանը] հանգում է հետևության, որ [թիվ 321 հրամանն] անհատական իրավական ակտ է, հետևաբար պարտադիր կերպով ենթակա է ծանոթացման։ Եթե նախաքննության մարմինը գտել է, որ հրամանը վերաբերելի է եղել Քրիստինա Ջամալյանին, ապա քրեական գործում պետք է առկա լիներ նաև ապացույց` վերջինիս կողմից այդ հրամանին ծանոթացված լինելու մասին։ Քրեական գործում նման ապացույցի բացակայությունը փաստում է, որ նշված հրամանը միանշանակորեն Քրիստինա Ջամալյանի համար պարտադիր կատարման ենթակա լինել չէր կարող։ Նման հանգամանքների առկայությամբ, նշված հրամանը Ք.Ջամալյանի համար պարտադիր լինել չէր կարող նույնիսկ այն դեպքում, եթե նրա անունը որևէ կերպ նշված լիներ հրամանի տեքստում (…)։

19.09.2014թ. «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի թիվ 321 հրամանի ուսումնասիրությամբ [Առաջին ատյանի դատարանը] պարզեց նաև, որ հրամանի հիմքում դրվել է ՀՀ ԱՆ 16.09.2014թ. հմ. 2164-Ա հրամանը։ Նշված հրաման[ի] (…) անբաժանելի մասը կազմող հավելվածում, ալերգոլոգիական հիվանդությունների մասով, «Էրեբունի» ԲԿ-ից ընդգրկվել և հաստատվել է միայն Ա.Ա.Ռոստոմյանը։ Նշված հրամանում և դրան կից հավելվածում Քրիստինա Ջամալյանի անվանական տվյալները ևս բացակայում են։

(…) [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ բժշկական հանձնաժողովի նախագահի և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի գոյության պայմաններում, զորակոչային գործընթացում սահմանված որևէ հատուկ լիազորություն չունեցող` ոչ պետական մարմնի, տվյալ դեպքում` «Էրեբունի» ԲԿ փակ բաժնետիրական ընկերությունում աշխատող Քրիստինա Ջամալյանը չէր կարող կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձ հանդիսանալ (…)։

(…) Ըստ գործով հաստատված փաստական տվյալների, զորակոչիկ Մերուժան Խաչատրյանի հիվանդությունների վերաբերյալ Քրիստինա Ջամալյանը նախապես տեղեկացել է Ալեն Բաբայանից։ (…) [Զ]որակոչիկ Մ.Խաչատրյանն «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտման է ենթարկվել 04.12.2014թ-ին, ինչը հիմնավորում է, որ մինչև գումարը ստանալը Քրիստինա Ջամալյանին արդեն հայտնի է եղել զորակոչիկի առողջական վիճակի մասին տվյալը, և նա համոզված է եղել զորակոչիկի հիվանդության և տարկետում ստանալու հնարավորության մասին։ Գործով ձեռք բերված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ևս հաստատվեց, որ զորակոչիկի ախտորոշված հիվանդությունը ճիշտ է եղել, այսինքն` վերջինս իրականում տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը նրան զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք է վերապահում։

Այսինքն՝ դատաքննությամբ ձեռք բերված` բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտության ենթարկված ապացույցները և սույն գործի փաստական հանգամանքները թույլ են տալիս հանգել հետևության, որ Քրիստինա Ջամալյանը, գիտակցելով իր կողմից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացի կազմակերպումն իրագործելու լիազորություններ չունենալու հանգամանքը, բժշկական փաստաթղթերով համոզմունք ձեռք բերելով, այնուհետև բժշկական հետազոտության արդյունքում լիովին համոզվելով զորակոչիկ Մ.Խաչատրյանին տարկետման հնարավորություն տվող հիվանդության առկայության մասին, օգտագործել է այդ հանգամանքը և խաբեության միջոցով ցանկացել է իրեն դիմած Ալեն Բաբայանի միջոցով հափշտակել զորակոչիկ Մերուժան Խաչատրյանի հոր` Սամսոն Խաչատրյանի ԱՄՆ 3000 դոլարին համարժեք ՀՀ 1.301.070 դրամը, որից ԱՄՆ 500 դոլարին համարժեք ՀՀ 220.000 դրամը հաջողվել է ստանալ, իսկ մնացածը չի հաջողվել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ալեն Բաբայանը չի տվել։

(…) «2014 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության 16.10.2014թ. թիվ 1112-Ն որոշման 3-րդ կետով որոշվել և թիվ 3 հավելվածով հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, որի կազմում հաստատվել է նաև թերապևտ Ալեքսանդր Այվազյանը։

(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ Ալեքսանդր Այվազյանը (…) [ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված] հանցագործության կատարման համար կարող է «պաշտոնատար անձ» դիտարկվել, հետևաբար հանցագործության պատշաճ սուբյեկտ է հանդիսանում։

(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը, լինելով ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, թեև ձևական առումով զորակոչիկների վերաբերյալ եզրակացություններ տալու իրավասություն ունեցել է, սակայն կոնկրետ զորակոչիկ Գրիգոր Դավթյանի վերաբերյալ, որևէ` իր լիազորությունների սահմաններում և դրանից բխող գործառույթ չի իրականացրել։ Բացի այդ, [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ ըստ գործի փաստական տվյալների, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ զորակոչիկն իրականում տառապել է այնպիսի հիվանդություններով, որոնք իրեն զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք են վերապահել։

Վկա Գայանե Ղուկասյանի կողմից տրված ցուցմունքները գործի մյուս ապացույցների և փաստական հանգամանքների հետ համադրելու արդյունքում հիմնավորվեց, որ Ա.Այվազյանի և Գ.Ղուկասյանի միջև ԱՄՆ 1500 դոլար կաշառք պահանջելու շուրջ խոսակցությունը տեղի է ունեցել զորակոչիկ Գրիգոր Դավթյանին հետազոտելուց և նրան զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազոր հաշվառելու եզրակացությունը տալուց օրեր անց։

(…) Այսինքն, թեև ամբաստանյալ Ա.Այվազյանը հանդիսանում է իրեն մեղսագրվող հանցակազմի սուբյեկտ, սակայն զինակոչիկ Գ.Դավթյանի օգտին որևէ գործողություն չկատարելու փաստի ուժով հիմնավորվում է հանցակազմում տարրերից մեկի` հանցագործության օբյեկտիվ կողմի բացակայությունը, իսկ հանցակազմի տարրերից թեկուզ մեկի բացակայության պայմաններում հանցագործության բացառման կանոնի համաձայն, [Առաջին ատյանի դատարանը] փաստում է, որ վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը։

(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ Ալեքսանդր Այվազյանի արարքում առկա են կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու չավարտված հանցակազմը (…)։

(…) 2014թ. դեկտեմբերի սկզբին, Քրիստինա Ջամալյանի և Ալեն Բաբայանի միջև կայացած համաձայնության կայացման և կաշառք պահանջելու պահից, Քրիստինա Ջամալյանի հանցավոր արարքն ավարտված է համարվել` ձևական հանցակազմով հանցագործության ավարտման պահի կանոնի համաձայն, և հանցանքն ավարտված համարելու համար ոչ միայն պարտադիր, այլև էական չէ կաշառքի առարկան ստանալու պահի ավարտն արձանագրելը։ Ինչպես արդեն [Առաջին ատյանի դատարանն] արձանագրել է, Էդգար Ջամալյանը «կաշառքի առարկան» ստացել է 08.12.2014թ-ին, այսինքն` հանցանքն արդեն ավարտված լինելու պայմաններում։ Փաստորեն, նախաքննության մարմինն Էդգար Ջամալյանին մեղադրանք է առաջադրել արդեն ավարտված հանցագործությանն օժանդակելու համար։ 

(…) Դատաքննությամբ որևէ` ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք բերված վերաբերելի, թույլատրելի և հավաստի ուղղակի ապացույց ձեռք չբերվեց, որը կհիմնավորեր, որ ամբաստանյալ Էդգար Ջամալյանը տեղեկացված է եղել նախապատրաստվող հանցագործության մասին, կամ նախապես խոստացել է օժանդակել հանցագործությանը, այսինքն` բացակայում է վերջինիս կողմից կատարված հանցագործությանն օժանդակելու հիմնավոր կասկածը։ Որևէ փաստական տվյալով չի հաստատվում, որ Ալեն Բաբայանի ու Քրիստինա Ջամալյանի խոսակցության մասին Էդգար Ջամալյանը տեղյակ է եղել, որ վերջինս իմացել է այն մասին, որ փոխանցվող գումարը զինակոչիկ Մերուժան Խաչատրյանի հետազոտության հետ կապ ունի։

(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ գաղտնալսումների վերծանումներում առկա տեղեկությունը բավարար չէ` կատարված հանցագործության մեջ Էդգար Ջամալյանի մեղավորությունը հաստատելու համար։ Հատկապես, որ այդ հանգամանքը չհիմնավորվեց նաև ամբաստանյալների կողմից տրված ցուցմունքներով ևս։

(…) [Առաջին ատյանի դատարանը] հանգում է այն հետևության, որ [ապացույցները] բավարար չեն ամբաստանյալ Էդգար Ջամալյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, նաև հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունը, հաշվի առնելով նաև այն, որ վերջինիս առաջադրվել է արդեն ավարտված հանցակազմով հանցագործությանը օժանդակելու մեղադրանք։ (…)։

(…) Էդգար Ջամալյանի գործողություններում բացակայում են նաև որևէ այլ հանցագործության կամ դրան օժանդակելու հատկանիշները, այդ թվում` խարդախության։ (…)»8:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ք.Ջամալյանի արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրավական գնահատական տալն օրինական է և հիմնավորված, իսկ դրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են, ուստի մեղադրող Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի պահանջն` ամբաստանյալ Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքին նույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ կետով իրավական գնահատական տալու վերաբերյալ, անհիմն է և չի բխում սույն որոշման մեջ արտացոլված փաստական տվյալների բովանդակությունից:

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Ա.Այվազյանի արարքին իրավական գնահատական պետք է տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ և 5-րդ կետերով, ինչի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը ևս հանգել է իրավաչափ հետևության: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրող Վ.Հարությունյանի և ամբաստանյալ Ա.Այվազյանի վերաքննիչ բողոքների պահանջներին, գտնում է, որ նշված պահանջներն անհիմն են և չեն բխում [որոշմամբ] նշված փաստական տվյալների բովանդակությունից:

(…) Սույն գործի հանգամանքները վկայում են [այն] մասին, [որ] Էդ.Ջամալյանը (…) Ա.Բաբայանից 220.000 ՀՀ դրամ գումարը վերցնելու գործընթացին ներգրավվել է գիտակցելով թե վերջինս իրեն տալու է քրոջ պարտք մնացած գումարը, այլ ոչ թե հանցավոր ճանապարհով ձեռք բերվածը: Այսինքն` նման պարագայում (…) բացակայում է հանցակցության դիտավորությունը, իսկ առանց հանցակիցներից յուրաքանչյուրի՝ կատարվող հանցանքին դիտավորյալ մասնակցության (…) հանցակցության մասին խոսք չի կարող լինել:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) ամբաստանյալ Է.Ջամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում անպարտ ճանաչելու և արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն օրինական են և հիմնավոր, իսկ մեղադրող Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի պահանջն` ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անհիմն է և չի բխում վերը նշված պատճառաբանությունների տրամաբանությունից (…)»9:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով ստորադաս դատարանները, վերաորակելով ամբաստանյալներ Ա.Այվազյանի, Ք.Ջամալյանի արարքներն ու արդարացնելով Է.Ջամալյանին, թույլ են տվել նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են ամբաստանյալներին մեղսագրվող արարքների քրեաիրավական որակման և համապատասխան հանցակազմերի հատկանիշների առկայության վերաբերյալ սխալ հետևությունների:

8.1. Մասնավորապես, բողոքի հեղինակը վկայակոչել է զինապարտների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի հրամանները և փաստել, որ անհիմն են Ք.Ջամալյանի՝ զորակոչային գործընթացում լիազորություն չունեցող ոչ պետական մարմնի՝ փակ բաժնետիրական ընկերության աշխատակից լինելու և տվյալ ընկերության տնօրենի հրամանով որպես պաշտոնատար անձ հանդես գալու անհնարինության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Ինչ վերաբերում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի հրամանին Ք.Ջամալյանի ծանոթացված լինելու վերաբերյալ ապացույցների բացակայությանը, ապա այս պնդումը, ըստ բողոք բերած անձի, հերքվում է գործի դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, այդ թվում՝ հենց Ք.Ջամալյանի ցուցմունքներով:

Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0002/01/13 և թիվ ՏԴ/0053/01/12 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները և համադրելով դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ, արձանագրել է, որ հիմնազուրկ են Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից նույն օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով վերաորակելու մասին Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատողությունները: Բողոքի հեղինակը նշել է, որ Ք.Ջամալյանի արարքում կաշառք ստանալու հանցակազմի առկայության պարզումը և զորակոչիկի օգտին համապատասխան գործողությունների կատարման հնարավորության ու հավանականության աստիճանը միմյանց հետ կապված չեն:

8.2. Բողոք բերած անձի կարծիքով վերը նշված պատճառաբանությունները վերաբերելի են նաև ամբաստանյալ Ա.Այվազյանին, քանի որ նրա պարագայում ևս ստորադաս դատարանները սխալ են որոշել կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմը՝ առանց վերլուծելու ու գնահատելու գործում առկա ապացույցները:

8.3. Անդրադառնալով ամբաստանյալ Է.Ջամալյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելուն՝ բողոքի հեղինակը մեջբերել է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերլուծել գործի նյութերը և եզրահանգել, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն անտեսել են այն բոլոր փաստական տվյալները, որոնք հիմնավորում են Է.Ջամալյանին մեղսագրվող արարքը: Մասնավորապես, բողոքաբերը վկայակոչել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումներն ու դրանց վերծանման նպատակով նշանակված դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությունը՝ գտնելով, որ այդ ապացույցներն ունեն բարձր արժանահավատություն, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

9. Վերոգրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է ամբաստանյալներ Ա.Այվազյանի, Ք.Ջամալյանի և Է.Ջամալյանի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո±ր են արդյոք ամբաստանյալներ Ք.Ջամալյանին և Ա.Այվազյանին առաջադրված մեղադրանքները վերաորակելու, իսկ ամբաստանյալ Է.Ջամալյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝

պատժվում է (…):

(…) 3. Նույն արարքը, որը կատարվել է՝

3) խոշոր չափերով`

պատժվում է (…):

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

 (…) 2) առանձնապես խոշոր չափերով,

պատժվում են (…)»։

I. Հիմնավո՞ր են արդյոք Ք.Ջամալյանին մեղսագրված արարքում կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները.

13. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասից ուղղակիորեն բխում է, որ կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտ կարող է լինել բացառապես պաշտոնատար անձը։

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…) [Պ]աշտոնատար անձինք են՝

 1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Հ.Սահակյանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«(…) Կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող են համարվում այն պետական ծառայողները, ովքեր ղեկավարում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայողների գործունեությունը: Այս առումով պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր պետական ծառայող, ով իր ենթակայության տակ այլ ծառայողներ ունի, ղեկավարում է նրանց գործունեությունը:

(…) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ դիտելու համար էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք օժտված են իրավական նշանակություն ունեցող, իրավահարաբերություններ առաջացնող, դադարեցնող կամ փոփոխող գործողություններ կատարելու լիազորությամբ: Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ է այն պետական ծառայողը, ով իրավունք ունի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, հիմնարկության, կազմակերպության կամ ձեռնարկության անունից պաշտոնական փաստաթուղթ տրամադրել քաղաքացիներին և դրանով կարգավորել նրանց վարքագիծը:

Զուտ մասնագիտական գործառույթներ իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ չեն հանդիսանում: Սակայն, եթե նշված անձինք օժտված են նաև կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական լիազորություններով, ապա, այդ լիազորություններն իրականացնելիս հանդիսանում են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ (…)»10:

14. Վերոշարադրյալ իրավական կարգավորումների և դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք բժշկական գործունեության ոլորտի աշխատողը (բուժաշխատողը) կարող է համարվել պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես՝ կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերջինս զուտ իր մասնագիտական գործառույթներն իրականացնելիս պաշտոնատար անձի կարգավիճակ չունի: Սակայն բժշկական գործունեության ոլորտում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք կարող են քննարկվող կարգավիճակն ունենալ։

Բժշկական գործունեության ոլորտում կազմակերպական-տնօրինչական գործառույթները մասնավորապես ներառում են պետական մարմնի, պետական կամ տեղական հիմնարկի (դրա կառուցվածքային ստորաբաժանման) աշխատանքային կոլեկտիվի կամ իր ծառայողական ենթակայության ներքո գտնվող անձանց ղեկավարումը, կադրային կազմի ձևավորման կամ աշխատանքային գործառույթների, ծառայություն անցնելու կարգի սահմանումը, խրախուսման և պարգևատրման միջոցների, կարգապահական տույժերի կիրառումը, ինչպես նաև իրավական նշանակություն ունեցող կամ իրավական հետևանքներ առաջացնող որոշումների ընդունումը (oրինակ՝ անձի աշխատունակության, առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ տալը, փորձագիտական հանձնաժողովի կամ զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հետ կապված լիազորություններ իրականացնելը):

15. Այսպիսով, բժշկական գործունեության ոլորտում նույն սուբյեկտը կարող է իրականացնել թե´ մասնագիտական և թե´ կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական լիազորությունների հետ կապված գործառույթներ, ուստի կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտի քննարկվող հատկանիշի առկայությունը փաստելիս կարևոր է պարզել, թե արդյոք տվյալ անձը կոնկրետ դեպքում պաշտոնական, թե բացառապես մասնագիտական գործառույթներ է իրականացրել, որն էլ կարող է հիմք հանդիսանալ բուժաշխատողին պաշտոնատար անձ դիտարկելու կամ չդիտարկելու համար: Ընդ որում, կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտի այս հատկանիշի առկայությունը փաստելու համար բավարար կարող է լինել ոչ միայն մշտապես կամ ժամանակավորապես, այլ նաև հատուկ լիազորությամբ կազմակերպատնօրինչական լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ իրավական նշանակություն ունեցող կամ իրավական հետևանքներ առաջացնող կոնկրետ որոշման ընդունման կամ դրա ընդունմանը մասնակցելու առանձին դեպքը:

16. Սույն գործի նյութերի համաձայն` Առաջին ատյանի դատարանը, փաստելով Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքում կաշառք ստանալու սուբյեկտի հատկանիշների բացակայությունը, իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ՀՀ առողջապահության նախարարի N 2164-Ա հրամանում և «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի թիվ 321 հրամանում Ք.Ջամալյանի վերաբերյալ որևէ նշում չկա, և որ նախարարի հրամանով հաստատված՝ բժշկական հանձնաժողովի նախագահի և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի գոյության պայմաններում, զորակոչային գործընթացում սահմանված որևէ հատուկ լիազորություն չունեցող, ոչ պետական մարմնում՝ «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ում աշխատող Ք.Ջամալյանը չէր կարող կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձ համարվել։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ք.Ջամալյանը պաշտոնական դրության ուժով իրեն մեղսագրվող արարքը՝ զորակոչիկի օգտին տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու լիազորություն չի ունեցել11:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը, իր համաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ12:

16.1. Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ի N 2164-Ա հրամանում Ք.Ջամալյանի վերաբերյալ նշումների բացակայության մասին ստորադաս դատարանների հետևություններին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հրամանի ուսումնասիրությունից բխում է, որ դրանով ոչ միայն հաստատվել է 2014 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում ձևավորված հանձնաժողովների նախագահների ցանկը, այլև նախատեսվել է, որ հրամանի ուժի մեջ մտնելուց հնգօրյա ժամկետում ՀՀ առողջապահության նախարարի հաստատմանը պետք է ներկայացվեն նաև բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների կազմում ընդգրկվող թեկնածու բժիշկ-մասնագետների ցանկը: Ի կատարումն նշված հրամանի՝ «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 19-ին արձակվել է թիվ 321 հրամանը, որին, չնայած դրա վերտառությանը, կցվել է ոչ միայն համապատասխան հանձնաժողովների նախագահի, այլ նաև դրանց անդամների ցանկը։ Նշված ցանկում որպես հանձնաժողովների նախագահ է նշվել «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանը, ինչպես նաև սահմանվել են հանձնաժողովների անդամները` ըստ բժշկական ոլորտների։ Մասնավորապես, այդ ցանկի 5-րդ կետը վերաբերում է ալերգոլոգիական հիվանդությունների գծով հանձնաժողովին, որի կազմում ուղղակիորեն նշված է Ք.Ջամալյանի անունը13:

16.2. Անդրադառնալով զորակոչային գործընթացում լիազորություն չունեցող ոչ պետական մարմնի՝ փակ բաժնետիրական ընկերության աշխատակից լինելու և տվյալ ընկերության տնօրենի հրամանով որպես պաշտոնատար անձ հանդես գալու անհնարինության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ի կողմից բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների կազմում ընդգրկվող թեկնածու բժիշկ-մասնագետների ցանկը սահմանելու լիազորությունը բխում է ՀՀ առողջապահության նախարարի արդեն իսկ հիշատակված հրամանից։ Բացի այդ, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի և դրա կազմում ընդգրկված բժիշկ-մասնագետների՝ զորակոչային գործընթացում որոշակի գործառույթներ իրականացնելու լիազորությունն ուղղակիորեն բխում է նաև  «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 37-րդ կետից, համաձայն որի՝ երբ զորակոչային հանձնաժողովի բժիշկները դժվարանում են վերջնականորեն որոշել զորակոչիկի առողջական վիճակը, նա հետազոտման է ուղարկվում քաղաքացիական բուժհիմնարկ. ուղեգրում նշվում է նրա նախնական ախտորոշումը և հատկապես՝ ինչ պետք է ճշտել հետազոտության ժամանակ, ուղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման ակտը: Բուժհիմնարկում հետազոտությունից հետո լրացվում է զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը, որը ստորագրվում է տվյալ բուժհիմնարկում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմած փորձաքննական հանձնաժողովի կողմից և հաստատվում բուժհիմնարկի կնիքով: Ակտը ներկայացվում է զինկոմիսարիատ, որի հիման վրա տրվում է եզրակացություն` զորակոչիկի պիտանիության մասին:

16.3. Ինչ վերաբերում է քննարկվող հրամանի մասին պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների փաստարկներին14, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ք.Ջամալյանը դատաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում նշել է, որ զորակոչային տարիքի հասած անձանց փորձաքննության հետ կապված իր գործունեությունը ներառել է իրենց բաժանմունք դիմած զինակոչիկների փաստաթղթերը զննելը, գանգատները լսելը, վերջիններիս հիվանդության պատմության տվյալների հիման վրա հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանձնաժողովի նախագահին ներկայացնելը, ում որոշմամբ էլ դրանք ուղարկվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողով15։

17. Այսպիսով, սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման 16-16.3-րդ կետերում ներկայացված գործի փաստերը և դրանց տրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ք.Ջամալյանին մեղսագրված արարքում կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

II. Հիմնավո±ր են արդյոք Ք.Ջամալյանին և Ա.Այվազյանին մեղսագրված արարքներում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները.

18. Կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Է.Զաքարյանի ու այլոց գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ. «(…) [Օ]բյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն

ա) ստանալով կամ,

բ) պահանջելով կամ,

գ) ստանալու խոստմամբ կամ,

դ) առաջարկն ընդունելով:

(…) [Հ]անցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից պահանջ ներկայացնելով, որը հանդիսանում է կաշառք տվողի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու անվերապահ պայման: (…):

Քննարկվող հանցագործությունը ձևական է և ավարտված է համարվում պահանջ ներկայացնելու պահից` անկախ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության ձեռքբերման, կաշառքի առարկան հետագայում ստանալու կամ չստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները կատարելու կամ չկատարելու հանգամանքից: (…):

(…) [Հ]անցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվող պահանջը լինի կոնկրետ, առկա և իրական, իսկ այս չափանիշներին չհամապատասխանող, զուտ անձի դիտավորությունը բացահայտող պահանջ ներկայացնելը չի կարող հանցագործություն համարվել: Կաշառք տալու միայն կոնկրետ և իրական պահանջի դեպքում է խոսք գնում հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային այնպիսի արարքի (գործողության) կատարման մասին, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի` պետական ապարատի բնականոն գործունեության դեմ, այդ հարաբերություններում առաջացնում է բացասական փոփոխություններ, հեղինակազրկում է պետական իշխանությունը, վտանգում դրա նորմալ գործունեությունը (…)»16:

19. Վերահաստատելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը և անդրադառնալով կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի մյուս հատկանիշներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանցակազմն առկա է նաև որոշակի գույքային առավելության դիմաց պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու դեպքում, այլ կերպ՝ պաշտոնատար անձի կողմից թեկուզև օրինական գործողություն կատարելու համար գումար պահանջելը կամ ստանալը նույնպես կարող է որակվել որպես կաշառք ստանալ: Ինչ վերաբերում է ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, ապա որպես քննարկվող հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք՝ այն նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասում:

19.1. Պաշտոնատար անձի կողմից իր իրավասության շրջանակում որոշակի գույքային առավելության դիմաց օրինական գործողության կատարման համար ևս քրեական պատասխանատվություն սահմանելու գաղափարն ամրագրված է նաև Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայում17 (այսուհետ՝ նաև Կոնվենցիա)։ Կոնվենցիայով նախատեսված՝ կաշառակերության (ակտիվ կամ պասիվ) համար քրեական պատասխանատվություն նախատեսելու պահանջի տեսանկյունից, այդ նույն Կոնվենցիայի բացատրական զեկույցի համաձայն, անհրաժեշտ չի համարվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունները խախտելու լրացուցիչ տարրի նախատեսումը։ Նշված զեկույցի համաձայն՝ այս իրավախախտման հիմնական տարրը ոչ թե պաշտոնատար անձի՝ այս կամ այն կերպ գործելու լիազորության առկայությունը կամ բացակայությունն է, այլ այն, որ դրա համար պաշտոնատար անձը ստացել, կամ վերջինիս առաջարկվել կամ խոստացվել է կաշառք։ Ընդ որում, բացատրական զեկույցից բխում է, որ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է վերը հիշատակված լրացուցիչ տարրը, այնուամենայնիվ, պետք է ապահովվի Կոնվենցիայի 2-րդ հոդվածում տրված՝ կաշառակերության բնորոշման իմպլեմենտացումն այն հաշվով, որ չվտանգվի դրա քրեականացման նպատակը18։

19.2. Կաշառք ստանալու հանցակազմն առկա է նաև այն դեպքում, երբ պաշտոնատար անձը, առանց նախնական պայմանավորվածության, որպես նվեր գույքային առավելություն է ստանում իր լիազորությունների մեջ մտնող արդեն իսկ կատարված գործողության (անգործության) համար:

Կառավարման հանրային ապարատի նորմալ գործունեության բովանդակությունը կազմող հասարակական հարաբերությունների բաղկացուցիչ տարրերից մեկը պաշտոնատար անձանց ծառայողական գործունեության վարձատրման հանրային-իրավական բնույթն է, այսինքն՝ վարձատրությունը միայն օրենքով սահմանված կարգով ու չափով: Եթե պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստանում՝ հասկանալով, որ այն տրվում է իրեն իր որոշակի ծառայողական գործունեության համար, ապա դրանով իսկ նա խախտում է վերը նշված հասարակական հարաբերությունները, ինչը կարող է պատասխանատվություն առաջացնել կաշառք ստանալու համար, որի էությունը հենց պաշտոնատար անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալն է:

20. Սույն գործի նյութերի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայությունը հիմնավորել է նրանով, որ բժշկական փաստաթղթերով համոզմունք ձեռք բերելով, այնուհետև բժշկական հետազոտության արդյունքում լիովին համոզվելով զորակոչիկ Մ.Խաչատրյանին տարկետման հնարավորություն ընձեռող հիվանդության առկայության մասին, Ք.Ջամալյանն օգտագործել է այդ հանգամանքը և խաբեության միջոցով ցանկացել է իրեն դիմած Ա.Բաբայանի միջոցով հափշտակել զորակոչիկ Մ.Խաչատրյանի հոր` Ս.Խաչատրյանի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.301.070 ՀՀ դրամը, որից 500 ԱՄՆ դոլարին համարժեք 220.000 ՀՀ դրամը հաջողվել է ստանալ, իսկ մնացածը չի հաջողվել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ա.Բաբայանն այն չի տվել: Առաջին ատյանի դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ Մ.Խաչատրյանի հիվանդ լինելու հանգամանքը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ, և որ այդ հիվանդության ախտորոշման կապակցությամբ իրականացվող հետազոտությունների ու դրանց արդյունքների ամրագրման կարգը գրեթե բացառել է փոփոխման (կեղծման) հավանականությունը19:

Վերաքննիչ դատարանն էլ իր համաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի այս դիրքորոշման հետ20։

21. Սույն որոշման 19-19.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով սույն գործի՝ նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Ք.Ջամալյանի կողմից տարկետման իրավունք վերապահող հիվանդության ախտորոշմամբ հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու համար 3000 ԱՄՆ դոլար պահանջելը և  հետագայում համապատասխան ակտ տրամադրելու համար պահանջած գումարից 500 ԱՄՆ դոլարին համարժեք 220.000 ՀՀ դրամ ստանալը, անկախ այդ գործողությունների օրինական կամ անօրինական բնույթից, կազմում է կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմը։

Այն հանգամանքը, որ Մ.Խաչատրյանի հիվանդ լինելու հանգամանքը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ, և որ այդ հիվանդության ախտորոշման կապակցությամբ իրականացվող հետազոտությունների ու դրանց արդյունքների ամրագրման կարգը գրեթե բացառել է փոփոխման (կեղծման) հավանականությունը, վկայում է համապատասխան հիվանդությամբ հետազոտման ակտ տրամադրելու իրավաչափության մասին, ինչը, սակայն, չի բացառում այդ գործողության համար գումար պահանջելը՝ որպես կաշառք ստանալ դիտարկելը։ Բացի այդ, կաշառքի առարկան ստանալու պահանջ ներկայացնելու պահից հանցակազմը համարվում է ավարտված` անկախ այն գործողությունների կատարման կամ չկատարման հանգամանքից, որոնց համար պահանջվում է կաշառքը։

22. Սույն գործի նյութերի համաձայն՝ ստորադաս դատարանները Ա.Այվազյանին մեղսագրվող արարքում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայությունը հիմնավորել են նրանով, որ Ա.Այվազյանը, լինելով ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, թեև ձևական առումով զորակոչիկների վերաբերյալ եզրակացություններ տալու իրավասություն ունեցել է, սակայն կոնկրետ զորակոչիկ Գ.Դավթյանի վերաբերյալ, որևէ` իր լիազորությունների սահմաններում և դրանից բխող գործառույթ չի իրականացրել, դրա անհրաժեշտությունը նաև չի եղել, քանի որ զորակոչիկն իրականում տառապել է այնպիսի հիվանդություններով, որոնք իրեն զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք են վերապահել։ Ստորադաս դատարանները հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ Ա.Այվազյանի և Գ.Ղուկասյանի միջև 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու շուրջ խոսակցությունը տեղի է ունեցել զորակոչիկ Գ.Դավթյանին հետազոտելուց և նրան զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազոր հաշվառելու եզրակացությունը տալուց օրեր անց21։

23. Սույն որոշման 18-րդ և 19.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի՝ նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով Ա.Այվազյանի կողմից 1500 ԱՄՆ դոլար պահանջելու, այսինքն՝ կոնկրետ և իրական պահանջի առկայությունը, ինչն արդեն իսկ բավարար է կաշառք ստանալու հանցակազմն ավարտված համարելու համար՝ անկախ որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու հանգամանքից, միևնույն ժամանակ ոչ իրավաչափ եզրահանգում են արել Ա.Այվազյանի արարքում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայության մասին։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ զորակոչիկն իրականում տառապել է այնպիսի հիվանդություններով, որոնք իրեն զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք են վերապահել, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրինական գործողության համար որոշակի գույքային առավելություն պահանջելը չի բացառում կաշառք ստանալու հանցակազմի առկայությունը և չի կարող դիտարկվել որպես անձի օգտին որևէ գործողության չկատարում։

24. Այսպիսով, հաշվի առնելով սույն որոշման 18-19.2-րդ կետերում արտահայտված դիրքորոշումները և 20-23-րդ կետերում ներկայացված՝ գործի փաստերն ու դրանց վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Ք.Ջամալյանին և Ա.Այվազյանին մեղսագրված արարքներում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները։

III. Հիմնավո՞ր են արդյոք Է.Ջամալյանին մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները։

25. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, ով մասնակցել է այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է պատասխանատվություն կրել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող»:

26. Վերոշարադրյալ իրավական նորմերից բխում է, որ այն դեպքում, երբ հատուկ սուբյեկտի հատկանիշներ չունեցող անձը մասնակցում է նման սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողության կատարմանը, ապա վերջինիս արարքը ենթակա է որակման հանցակցության կանոններով։

27. Սույն գործի նյութերի համաձայն՝ Է.Ջամալյանին մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության մասին դիրքորոշումն Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է նրանով, որ Է.Ջամալյանը «կաշառքի առարկան» ստացել է 2014 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ք.Ջամալյանի և Ա.Բաբայանի միջև համաձայնության կայացման և կաշառք պահանջելու պահից հետո, այսինքն՝ հանցանքն արդեն ավարտված լինելու պայմաններում։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ քրեական գործում առկա ապացույցները, այդ թվում՝ գաղտնալսումների վերծանումներում առկա տեղեկությունը, բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունը։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Է.Ջամալյանի գործողություններում բացակայում են նաև որևէ այլ հանցագործության կամ դրան օժանդակելու հատկանիշները, այդ թվում` խարդախության22։

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ23։

28. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև կաշառք ստանալու հանցակազմն ավարտված է համարվում համապատասխան պահանջ ներկայացնելու պահից, այդուհանդերձ, քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել նաև կաշառքի առարկան փաստացի ստանալով։ Մինչդեռ սույն գործով ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն հանցակազմի օբյեկտիվ կողմից դուրս են թողել կաշառքի ստացման բուն գործողությունը: Ստորադաս դատարանների դիրքորոշումից բխում է, որ եթե անգամ հաստատված համարվեր, որ Է.Ջամալյանը կաշառքի առարկան ստացել է, այդուհանդերձ նրա արարքում բացակայելու էին համապատասխան հանցագործության օժանդակության հատկանիշները՝ կաշառքի առարկան պահանջելու պահից հանցանքն ավարտված լինելու պատճառաբանությամբ։

29. Ինչ վերաբերում է ապացույցների անբավարարության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապացույցների գնահատման քրեադատավարական կանոններին։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «1.Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

30. Անդրադառնալով ապացույցների բավարարության պահանջին՝ Վճռաբեկ դատարանը Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Ա]պացույցների բավարարությունը որոշելու չափանիշները սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար պայմանավորում են միմյանց։ Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում։ (…)»24։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցի արժանահավատության և առանձին ապացույցների ապացուցողական նշանակության վերաբերյալ հարցերին և զարգացնելով Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով որոշմամբ դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, Ա.Հակոբյանի գործով նշել է, որ. «(...) [Ա]պացույցի առանձին տեսակներ, պայմանավորված ապացուցողական տեղեկատվության ձեռք բերման միջոցներով և դրանց արդյունքների` տեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրված լինելու հանգամանքով (օրինակ՝ տեսանկարահանումների, լուսանկարահանումների, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները և այլն), օժտված են բարձր արժանահավատություն ունեցող ապացույց համարվելու համար անհրաժեշտ չափանիշներով և կարող են այս կամ այն փաստական հանգամանքի հաստատման կամ հերքման առումով անփոխարինելի նշանակություն ունենալ: Հետևաբար, այդպիսի ապացույցների արժանահավատությունը չի կարող կասկածի տակ դրվել այնպիսի ապացույցով, որն իր ապացուցողական արժեքի տեսանկյունից ունի դրանցից պակաս նշանակություն: Այլ կերպ` քննարկման առարկա ապացույցներով հաստատվող փաստական տվյալները կարող են հերքվել ոչ այլ կերպ, քան այդ ապացույցներին արժանահավատությամբ չզիջող ապացույցով կամ ապացույցների համակցությամբ (…)25»:

Անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր նախադեպային իրավունքում ձևավորած մոտեցումներն առ այն, որ. «(…) [Դ]ատարանը պարտավոր է դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները։ Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ և կհանգեցնեն կամայականության: Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (…)»26:

31. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Է.Ջամալյանի և Ք.Ջամալյանի հեռախոսային խոսակցություններին, ընդհանրական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ գաղտնալսումների վերծանումներում առկա տեղեկությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Է.Ջամալյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը27։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի հանգամանքները վկայում են, որ Է.Ջամալյանը մտածել է, թե վերցնում է քրոջ պարտքի գումարը28:

32. Սույն որոշման 29-30-րդ կետերում ներկայացված կարգավորումների և իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել Ք.Ջամալյանի, Է.Ջամալյանի և Ա.Բաբայանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունները, իսկ դրանց՝ գործի լուծման տեսանկյունից ոչ բավարար լինելու հանգամանքը չեն հիմնավորել հստակ, որոշակի և համոզիչ հետևություններով։ Այսպես՝ ստորադաս դատարանները պատշաճ չեն վերլուծել Ք.Ջամալյանի և Է.Ջամալյանի հեռախոսազրույցների բովանդակությունը, մասնավորապես Է.Ջամալյանի հայտնած մտահոգությունն առ այն, որ Ա.Բաբայանի հետ հանդիպելու է ոստիկանության բաժանմունքի մոտ, ապա դրան հաջորդած նրան այն հայտարարությունը, թե կասի, որ Ա.Բաբայանը գումարը պարտքով է տալիս, Է.Ջամալյանի հեռախոսով Ք.Ջամալյանի և Ա.Բաբայանի միջև փոխանցվելիք գումարի շուրջ խոսակցությունից անմիջապես հետո Ք.Ջամալյանի կողմից Է.Ջամալյանին նախատելն իր հետ հեռախոսով այդ հարցը քննարկելու համար, Ա.Բաբայանի հետ կրկին հանդիպելու և գումարի չփոխանցված մասի շուրջ խոսակցություն ունենալու մասին Ք.Ջամալյանի կողմից Է.Ջամալյանին տեղեկացնելը29։

33. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավորված չեն Է.Ջամալյանին մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները։

34. Հաշվի առնելով սույն որոշման 17-րդ, 24-րդ և 33-րդ կետերում արված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն ամբաստանյալներ Ք.Ջամալյանին և Ա.Այվազյանին առաջադրված մեղադրանքները վերաորակելու, իսկ ամբաստանյալ Է.Ջամալյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

35. Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը, Ք.Ջամալյանի և Ա.Այվազյանի արարքները վերաորակելով, Է.Ջամալյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։ Մասնավորապես, ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և քրեադատավարական օրենքի էական խախտում են, ուստի հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ պետք է հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Ալեքսանդր Արտեմի Այվազյանի, Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանի և Էդգար Ռաֆայելի Ջամալյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 1-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Ալեքսանդր Արտեմի Այվազյանի և Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ:

3. Ամբաստանյալ Էդգար Ռաֆայելի Ջամալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 


1 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 106-126։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 106-126։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 106-126։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 9-10։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 227-228:

6 Տե´ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 35:

7 Տե´ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 119-121:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 32-51։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 40-95։

10 Տե´ս Համլետ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԼԴ/0207/01/12 որոշման 16-րդ կետը:

11 Տե´ս սույն որոշման 6-րդ կետը։

12 Տե´ս սույն որոշման 7-րդ կետը։

13 Տե´ս սույն որոշման 5.3-րդ կետը։

14 Տե´ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը։

15 Տե´ս սույն որոշման 5.4-րդ կետը։

16 Տե´ս Էդուարդ Զաքարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0002/01/13 որոշման 20-22-րդ կետերը:

17 Տե´ս Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիա (ընդունվել է 27.01.1999թ., ուժի մեջ է մտել 01.07.2002թ., Հայաստանի Հանրապետության հա­մար կոնվենցիան ուժի մեջ է մտել 01.05.2006թ.), ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկագիր 2006.12.28/8(16)2:

18 Տե´ս Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի բացատրական զեկույցի 39-րդ կետը։

19 Տե´ս սույն որոշման 6-րդ կետը:

20 Տե´ս սույն որոշման 7-րդ կետը:

21 Տե´ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

22 Տե´ս սույն որոշման 6-րդ կետը:

23 Տե´ս սույն որոշման 7-րդ կետը:

24 Տե´ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը։

25 Տե´ս Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 16-րդ կետը։

26 Տե´ս Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` վերը հիշատակված որոշման 17.1-րդ կետը, mutatis mutandis, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված որոշման 32-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը։

27 Տե´ս սույն որոշման 6-րդ կետը։

28 Տե´ս սույն որոշման 7-րդ կետը։

29 Տե´ս սույն որոշման 5.5-րդ կետ

 

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

 

Ե. Դանիելյան

 

  

Ա. Պողոսյան

 

 

Ս. Օհանյան