Գլխավոր տեղեկություն
Համար
N 1156-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 11.09.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1156-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

     

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

1) Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ արարքը պատժվում է «.... կալանքով`երեքից վեց ամիս ժամկետով, ....», մինչդեռ նման պատժաչափ օբյեկտիվորեն չի կարող սահմանվել: Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կալանքը կարող է նշանակվել տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով: Այսինքն՝ նախագծով առաջարկվող պատժաչափը չի կարող սահմանվել, քանի որ այն հակասում է կալանքը և դրա կիրառման պայմանները սահմանող` օրենսգրքի 57-րդ հոդվածին: Նման պայմաններում չի կարող նպատակահարմար համարվել օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափի փոփոխությունը, քանի որ այդպիսով հնարավոր չի լինի ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելու համար պատասխանատվության համաչափ խստացումը:

1.1 Նախագծով առաջարկվում է նաև ազատազրկման ձևով պատիժ սահմանել օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ 2-րդ մասով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը սահմանել հինգ տարի: Անհրաժեշտ է արձանագրել, որ օրենսգրքի հատուկ մասում նախատեսված արարքների համար պատժաչափերը պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության դրսևորումներ են և նույնական՝ այլ արարքների, ինչպես նաև այլ հարաբերությունների նկատմամբ ոտնձգող արարքների համար սահմանված պատժաչափերն ընտրված են՝ ելնելով կոնկրետ իրականացվող պատժողական քաղաքականությունից:

Վերը նշվածի հիման վրա գնահատվում է կոնկրետ արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, որից հետո դրա կատարման համար սահմանվում է համապատասխան պատիժ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը ոչ միայն կարող է անհամաչափ խիստ դիտվել քննարկվող արարքի համար պատասխանատվության ենթարկելիս, այլ նաև կխաթարի օրենսգրքի տվյալ գլխի պատժողական համակարգը: Բացի այդ, ներկայացված հիմնավորումներով ամբողջությամբ չեն ընդգծվում, թե ինչով է անհրաժեշտ նման անհամաչափ խստացումը։ Ի վերջո, պատժի խստացումն ինքնին չի ենթադրում հետագայում նման հանցագործության կատարման բացառում, և արարքի համար պատասխանատվությունը խստացնելիս անհրաժեշտ է հստակ հիմնավորել դրա անհրաժեշտությունը, ինչը նախագծի հիմնավորմամբ չի կատարվել։

Այսպիսով՝ նախագծի 1-ին և 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների ընդունումը նպատակահարմար չէ` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ներկայացված հիմնավորումները ամբողջական չեն անդրադառնում նման խստացումներին: Հիմնավորման մեջ նշված հանգամանքները առավելապես ենթակա են գնահատման ոչ թե օրենսդրական փոփոխություններ կատարելիս, այլ կոնկրետ փաստի առթիվ իրականացվող վարույթի շրջանակներում: Հետևաբար, առաջարկում ենք նաև լրամշակել ներկայացված հիմնավորումները:

2) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 265-րդ հոդվածի երկրորդ մասում որպես արարքի կատարման ծանրացնող հանգամանք նախատեսել հանցագործությունը կրկին անգամ կատարելը: Նման կարգավորումն ամբողջությամբ համընկնում է ժամանակին քրեաիրավական օրենսդրության մաս կազմող կրկնակիության ինստիտուտի հետ: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչելով կրկնակիության ինստիտուտի բոլոր դրույթները ՀՀ քրեական օրենսգրքում` օրենսդիրը հրաժարվել է այս ինստիտուտից:

Կրկնակիության ինստիտուտի մերժման հիմքում դրված հիմնական գաղափարը քրեական իրավունքում անկյունաքարային նշանակություն ունեցող արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի արգելքներն են` սահմանված օրենսգրքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով սահմանված կրկին դատվելու արգելքը:

Անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը կարող է հաշվի առնվել դատարանի կողմից որպես անձին բնութագրող հատկանիշ կամ օրենսգրքի ընդհանուր մասի այլ նորմերով սահմանված դեպքերում, օրինակ` արարքում ռեցիդիվի առկայությունը գնահատելիս։ Միևնույն ժամանակ, անձի կողմից նախկինում հանցանք կատարելը չի կարող կրկին գնահատվել նրա կողմից կատարված նոր հանցագործության որակման ժամանակ։

Հետևաբար, նման ծանրացնող հանգամանքի սահմանումը չի կարող նպատակահարմար համարվել, քանի որ այն ուղղակի հակասության մեջ է գտնվում ինչպես քրեական օրենսդրության սկզբունքների, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի հետ:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։