Գլխավոր տեղեկություն
Համար
N 1027-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.08.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1027-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-216-03.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-216-03.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. օգոստոսի 16

Երևան

 

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-216-03.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

        

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածով նախատեսել նույն օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի՝ մինչև դատական կարգով բողոքարկելը վարչական կարգով բողոքարկելու պարտադիրություն:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումների տիրույթում վարչական ակտերի կամ դատական, կամ վարչական կարգով բողոքարկման հնարավորության առկայության պայմաններում առաջացել են անձի իրավունքների ոչ արդյունավետ պաշտպանության, ողջամիտ ժամկետում իրավունքների պաշտպանության, ինչպես նաև դատարանների անհարկի ծանրաբեռնվածության խնդիրներ, իսկ նախագծերի ընդունման արդյունքում' դատարանում կվիճարկվեն բացառապես վերադասութան կարգով չվերացված վարչական ակտերը, որոնք վարչական մարմնի կողմից ճիշտ, օբյեկտիվ, բազմակողմանի վարչարարություն իրականացնելու, նախկինում նմանատիպ գործերով արդեն իսկ դատական պրակտիկան հաշվի առնելու պարագայում, կհանգեցնեն վարչական դատարանի ծանրաբեռնվածության առնվազն 30 տոկոսի չափով նվազեցման:

Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել վկայակոչել ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, «(…), որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case օf Kհalfaօսi v. Fraոce, applicatiօո ոօ. 34791/97, 14/03/2000): Իսկ մեկ այլ՝ 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. « (…) դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (...)»:

Շարադրվածի համատեքստում գտնում ենք, որ նախատեսված կարգավորումների և դրանով հետապնդվող նպատակների միջև առկա է ողջամիտ հարաբերակցությունը, այդուհանդերձ, նախագծային դրույթների կիրառման ընթացքում իրավական խնդիրներից խուսափելու, ինչպես նաև նախագծով հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար ստորև ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ: Այսպես՝

1.1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով՝ միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Այս առումով հարկ է նշել, որ միայն երկաստիճան բողոքարկման համակարգի նախատեսումը բավարար չէ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Անհրաժեշտ է նաև նախատեսել պետական տուրք վարչական պատասխանատվություն սահմանող ակտերի դատական բողոքարկման համար: Մասնավորապես, առաջարկում ենք գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքի գումարը նախատեսել հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ՝ նախատեսել 4000 դրամի չափով պետական տուրքի գումար:

Պետական տուրքի նախատեսումը հատկապես կարևորվում է տուգանային միավորների համակարգի ներդրմանն ուղղված օրինագծերի ընդունման համատեքստում, քանի որ, ըստ կանխատեսումների, տուգանային միավորով պատժված վարորդները, դրա բացասական հետևանքների վրա հասնելը հետաձգելու նկատառումներով պայմանավորված, բողոքարկելու են վարչական ակտերը՝ անկախ դրանց հետ համաձայն լինելու կամ չլինելու հանգամանքից:

1.2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված է ընդհանուր կարգավորում, որի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Այս առումով հարկ է նկատի ունենալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, որոնց համաձայն, եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:

Առաջարկում ենք պրակտիկայում նման իրավիճակներից խուսափելու համար համանման կարգավորում նախատեսել նաև նախագծում:

1.3. Հարկ է նշել, որ վարչական բողոքարկումը չպետք է հանգեցնի դատական պաշտպանության ոչ ողջամիտ ուշացումների: Այս առումով գտնում ենք, որ վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկումը պարտադիր դարձնելու դեպքում բողոքարկման վարույթի համար անհրաժեշտ է նախատեսել ավելի կարճ ժամկետներ, ուստի, առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 291-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոքները քննվում են դրանց ստացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:»:

2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ մասով.

«1.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով՝ միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:»:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածը սահմանում է այն անձանց շրջանակը (դեպքերը), ովքեր օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն դիմելու վարչական դատարան: Մինչդեռ նախագծով նախատեսված կարգավորումն ըստ էության նախատեսում է բացառություն ընդհանուր կանոնից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի միայն 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի առումով:

Այս առումով գտնում ենք, որ նախագծով նախատեսված կարգավորումը դուրս է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի կարգավորման առարկայից, ուստի, առաջարկում ենք համապատասխան լրացումը նախատեսել ոչ թե նշված հոդվածում, այլ գործերի ընդհատության կամ հայցադիմումը վարույթ ընդունելը, վերադարձնելը, վերահասցեագրելը, հայցադիմումն ընդունելը մերժելու վերաբերյալ գլուխներում:

3. Նախագծերում առկա են նաև խմբագրման և հստակեցման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝

Նախագծերում միաժամանակ կիրառվում են «բողոքարկել», «վիճարկել» և «գանգատ» եզրույթները: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս՝ կիրառվում են միևնույն բառերը, եզրույթները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձրացված խնդիրների համատեքստում նախագծերն ունեն լրամշակման կարիք: