Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 21.08.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2019 թվականի N 1035-Լ

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-234-19.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 19

Երևան

     

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-234-19.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ     

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի հրավիրման և վարման հետ կապված հարաբերությունները: Վերջինիս 12-րդ մասի համաձայն՝ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա, օրակարգի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին ուղարկելիս, նշվում է դրա մասին: Տվյալ հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման և զեկուցման, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներից որևէ մեկը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում դրան չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:

Ինչպես բխում է օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումից, օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման իմպերատիվության ապահովումն է:

 Կարծում ենք, որ նման բովանդակությամբ օրենքի նախագիծ ներկայացնելը պետք է բխի գործնականում առաջացած հրամայականից: Այսինքն՝ ճիշտ կլիներ, որ օրենքի նախագծի հեղինակները ներկայացնեին, թե, արդյոք, պրակտիկայում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու համար պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերին քննարկման հնարավորություն չընձեռելու կոնկրետ դեպքեր, ինչն օրենքի նախագծի ընդունումն առավել հիմնավոր կդարձներ:

Օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը պարզելու համար անհրաժեշտ է վերլուծել ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտերի վերաբերելի դրույթներ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ:

Նշված օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ խմբակցությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ 67-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ աշխատակազմի միջոցով: Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են աշխատակարգով:

Գտնում ենք, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է՝ հետևյալ հիմնավորումներով.

1. Արդյոք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում չքննարկումը կարող է էականորեն ազդել այդ նախագծի ընդունման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետագա ընթացքի վրա:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 31-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների, ինչպես նաև օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դնում՝ ուղարկելով գլխադասային հանձնաժողով և աշխատակազմ, իսկ պատգամավորի, խմբակցության կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 Օրենքի նախագծի վերաբերյալ աշխատակազմի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և գլխադասային հանձնաժողով է ներկայացվում օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո երեքշաբաթյա ժամկետում: Եզրակացությունը ներառում է՝

1) օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և այլ օրենքների պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները.

2) օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքը:

Աշխատակազմն իր եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գլխադասային հանձնաժողով և տեղադրում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Այնուհետև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկները, ինչպես նաև օրենքի նախագծի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկները գլխադասային հանձնաժողովի նիստում դրվում են քվեարկության:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգում կամ դրանում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխան բաժնում:

Այստեղից հետևում է, որ, անկախ նրանից, թե քննարկմամբ, թե առանց քննարկման է օրենքի նախագիծը քվեարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այն ստանում է իր շրջանառության հետագա ընթացքը:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող հարցեր:

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝

1) օրենքների նախագծեր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման համաձայն՝ իրավական ակտերի նախագծերի փաթեթն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, բացառությամբ օրենքով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող նախագծերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվում մեկ օրինակից` հարցը ներկայացնողի ուղեկցող գրությամբ: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի բացակայության դեպքում, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող նախագծերի դեպքում նշված փաթեթը թղթային տարբերակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացված իրավական ակտերի նախագծերը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գլխադասային ստորաբաժանմանը մակագրելու համար:

 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացված իրավական ակտերի նախագծերը քննության է առնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը` յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Իրավական ակտի նախագիծը մակագրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի՝ տվյալ ոլորտի կամ քաղաքականության ուղղությունների իրավական ակտերը փորձաքննության ենթարկող կամ տվյալ ոլորտի կամ քաղաքականության ուղղություններն ուսումնասիրող, վերլուծող, ամփոփող ստորաբաժանմանը՝ գլխադասային ստորաբաժանմանը: Գլխադասային ստորաբաժանումը նախագիծը քննության է առնում երեք աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնում է այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ, որոնք նախագիծը քննության են առնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Դրանից հետո այն համաձայնեցվում է իրավաբանական ստորաբաժանման հետ, որը նախագիծը քննության է առնում երեք աշխատանքային օրվա ընթացքում: Համաձայնեցումներից հետո գլխադասային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող անձն իրավական ակտերի նախագծերը ներկայացնում է նախանիստի՝ հարցը նախարարական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրակարգերում ներառելու կամ գրավոր քվեարկություն կազմակերպելու նպատակահարմարությունը որոշելու կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ստորագրմանը ներկայացնելու համար:

Իրավական ակտերի նախագծերը մինչև նախարարական կոմիտեների, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկվելը կամ գրավոր քվեարկություն կազմակերպելը, որպես կանոն, քննարկվում են նախանիստերում, որոնք, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, վարում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներից մեկը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Տվյալ նախանիստը վարողը նախանիստում քննարկված հարցերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի, համապատասխան նախարարական կոմիտեի օրակարգում ընդգրկելու կամ գրավոր քվեարկություն կազմակերպելու նպատակով: Բացի դրանից, նախարարական կոմիտեներում օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու և կարծիք հայտնելու համար հրավիրվում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման 70-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգի նախագիծը ձևավորվում է, որպես կանոն, նախարարական կոմիտեում դրական դիրքորոշում ստացած հարցերից և նախանիստի արդյունքում նիստի օրակարգում ներառվող հարցերից: Օրակարգի նախագիծը կազմում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժինը, և համապատասխան փոխվարչապետի միջոցով այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման: Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգի նախագիծը հաստատում է նիստի անցկացումից առնվազն երկու օր առաջ:

 Այսինքն՝ ինչպես երևում է նշված կարգավորումներից, օրենքի նախագիծը մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քվեարկվելը բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստերում:

 Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քվեարկվելը նախնական դիրքորոշում է կազմվում տվյալ օրենքի նախագծի կապակցությամբ: Եթե այդ դիրքորոշումը դրական է, ապա այդ օրենքի նախագիծը զեկուցելը և քննարկելը կարող են նպատակահարմար չլինել: Ինչ վերաբերում է նախնական բացասական դիրքորոշմանը, ապա, ինչպես նշեցինք վերում, այն քննարկվում է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի անցկացումը՝ տարբեր շրջանակներում:

 3. Գտնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի հետագա ընթացքի կազմակերպման կարգը: Այս տեսանկյունից պատգամավորական կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության կողմից ներկայացված նախագծերին հատուկ կարգավիճակ տալը և դրանց կապակցությամբ իմպերատիվ նորմեր նախատեսելը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների գործունեության երաշխիքները, արդարացված համարվել չի կարող:

Կարծում ենք, որ նման տվյալների վկայակոչումն օրենքի նախագիծն առավել հիմնավոր կդարձներ:

 Հաշվի առնելով շարադրվածը՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: