ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1108-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով: Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը, դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստր) տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական «www.moh.am» կայքում:».
2) 2.1-ին և 2.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարիքների համար, հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:
2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին:».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դեղերի գնման ընթացակարգերի հրավերներում գնման առարկա հանդիսացող դեղերի գնման տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող դեղերին ներկայացվող հետևյալ պահանջները՝».
4) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դեղի անվանումը նշելիս՝ գրվում են դեղի միջազգային համընդհանուր (գեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձևը, դեղաչափը: Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) առկա են նույն բաղադրատարրերով դեղի այլ գրանցված տարբերակներ, ապա դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի որևէ գրանցված տարբերակի՝ մրցույթին չմասնակցելու հավանականությունը, և հնարավոր մասնակիցների համար ապահովվեն մրցակցության հավասար պայմաններ (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).».
5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը.
6) 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) դեղի պիտանիության ժամկետները դեղը գնորդին հանձնելու պահին պետք է լինեն հետևյալը`
ա. 2,5 տարի և ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնելու պահին պետք է ունենան առնվազն 24 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ,
բ. մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնելու պահին պետք է ունենան առնվազն 12 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ,
գ. առանձին դեպքերում, այն է` հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը կամ դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետը, հանձնելու պահին դեղի մնացորդային պիտանիության ժամկետը սահմանվում է պատվիրատուի կողմից, բայց ոչ պակաս, քան 3 ամիս: Սույն կետը գործում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարիքների համար ձեռք բերվող դեղերի համար.».
7) 4.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) դեղերը մատակարարելիս՝ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և որոշմամբ սահմանվող դրույթները տարածվելու են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագող իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|